Հանդուրժողականությու՞ն, թե անտեղյակություն

Յոս Դումա, Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան

Հանդուրժողականության միջազգային օր. Բաց դասախոսություններ, նոյեմբերի 16, 2016: Դասախոսություների ամբողջական սղագրությունը և տեսանյութը հասանելի են այստեղ

 Տեսանյութի սղագրություն

Սղագրությունը նաև հասանելի է անգլերեն հետևյալ հղումով:

Վերապահում

Վերնագրում ես օգտագործել եմ «անտեղյակություն» բառը՝ այն զուգորդելով «հանդուրժողականություն» բառի հետ: Մտադրություն չեմ ունեցել հակասություն ստեղծել այս երկու բառերի միջև, պարզապես ցանկացել եմ նշել համապատասխան հասկացությունները:

Կարող եք ինքնուրույն եզրակացնել, թե արդյոք դա ճիշտ ընտրությունն էր:

Համատեքստ

 Այս ուղերձում ես չեմ անդրադառնալու ԱՄՆ-ի ընտրություններին, թեև իմ պատրաստած տեքստի մի մասը բխում է այդ ընտրություններին առնչվող քննարկումներից կամ ոգեշնչված է դրանցից: Եկեք ուսումնասիրենք որոշ համատեքստային հայեցակետեր.

Անցած հանգստյան օրերին հոլանդական թերթում հարցազրույց կարդացի մի գործարարի հետ, ով տարբեր ընկերություններում մի շարք երկրներում աշխատելուց հետո վերջերս վերադարձել էր Նիդերլանդներ: Ահա երկու մեջբերում.

  • «2000 թվականին ես մեկնեցի մի երկրից, որը համարում էի առաջադեմ և հանդուրժող: Երկիր, որտեղ քաղաքական գործիչները կրոնական նկատառումներով չէին պախարակում ազգաբնակչության մի ամբողջ խումբ:[i] Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր, չէ՞ որ խոսքը գնում է հոլանդական անձնագիր ունեցող մեկ միլիոն մարդու մասին: Ահա թե ինչն է ինձ անհանգստացնում»:
  • «Նկատում եմ, որ մենք աղքատացել ենք: Փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ հին մեքենաներ, մարդիկ կորցրել են իրենց աշխատատեղերը»:

Մեկ այլ մեջբերում, որը վերցրել եմ համացանցում մի մարզչին նվիրված հոդվածից.

  • «Կորչե՛ք դուք և Ձեր հանդուրժողականությունը: Ես հրաժարվում եմ, որ ինձ հանդուրժեն: Հանդուրժում են առարկաներ, այլ ոչ թե մարդկանց: Մարդկանց կամ ընդունում են ինչպիսին նրանք կան, կամ՝ ոչ: Իսկ այդ դեպքում մենք խոսելու բան չունենք:

Ընդ որում, խոսքիս հիմքում Սահմանադրության 1-ին հոդվածն է, որտեղ ասվում է՝

  • Նիդերլանդներում բոլոր անձինք պետք է արժանանան հավասար վերաբերմունքի հավասար հանգամանքներում: Խտրականությունը կրոնի, հավատքի, քաղաքական հայացքների, ռասայական պատկանելության, սեռի կամ որևէ այլ հատկանիշով չի թույլատրվում:

Կայուն, կանխատեսելի և կանոնավոր

Հանդուրժողականությունը Նիդերլանդներում: Մենք հայտնի ենք դրանով, սակայն արդյո՞ք դա ճիշտ կերպար է:

Իսկապես, 16-րդ դարում մենք անկախության պատերազմ ենք մղել հանդուրժողականության, կրոնի և խոսքի ազատության, ինչպես նաև մեր ժամանակներում արդեն պակաս արդիական ազատությունների համար:

Մենք հյուրընկալել ենք հարևան երկրներից եկած բողոքականների, հրեաների եւ կաթոլիկների:

Մենք ընդունել ենք նաև ագնոստիկ Սպինոզային:

Այդուհանդերձ, մեր հյուրընկալությունն ու հանդուրժողականությունը սահմանափակ է եղել, ինչն իրենց մաշկի վրա են զգացել Դեկարտն ու Գրոտիոսը:

Խարույկի վրա այրելը՝ որպես ենթադրյալ վհուկների միջնադարյան պատժամիջոց, բավականին արագ վերացվել էր մեզանում, սակայն միասեռականությունը մեր ոսկեդարում դեռևս պատժելի արարք էր, ինչպես և Եվրոպայի այլ երկրներում: Կարելի էր մեզ ազատամիտ անվանել, սակայն եվրոպական այլ մշակույթների օրինակով՝ մենք ոգեշնչված ենք եղել նույն աստվածաշնչյան և ավանդական արժեքներից:

16-ից մինչև 18-րդ դարը մեզ ճանաչում էին որպես ծովագնաց երկիր, իսկ մեր ոսկեդարի տարիներին մենք եղել ենք նաև համաշխարհային կայսրություն: Բազմաթիվ երկրների ու մարդկանց հետ առնչվելու բերումով մենք դարձել ենք հանդուրժող՝ ընդունելով այլոց այնպես, ինչպես նրանք կան և չփորձելով իրականում հասկանալ նրանց, քանի որ դրա կարիքն ուղղակի չի զգացվել: Չկար նաև հասկանալու որևէ ուղղակի կամք:

19-րդ դարում մեր առաջին թագավորը սահմանափակեց ազատությունները՝ ճնշում գործադրելով հիմնական բողոքական խմբերի համեմատ ավելի խստաբարո հայացքների տեր բողոքականների վրա, քանի որ նրանք չէին համապատասխանում միասնական բողոքական եկեղեցով հասարակության գաղափարին: Կաթոլիկները լիարժեք ազատություն ստացան միայն նույն դարի երկրորդ կեսին:

Սյունավորում

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մենք ստացանք լիարժեք ազատություն ամեն ինչում, սակայն մի եղանակով, որը մեզ բերեց դեպի «սյունավորման» գաղափարը: Մենք մեզ հանգիստ էինք զգում մի հասարակությունում, որը բաժանված էր ըստ կրոնական և քաղաքական ուղղությունների, այսպես կոչված «սյուների», որոնցում էլ ընդգրկված էին (տարբեր երանգների) բողոքականներ, կաթոլիկներ և սոցիալիստներ:

Որպես օրինակ վերցնենք իմ դեպքը: Ես զտարյուն կալվինիստ եմ և հարում եմ բողոքականության առավել ուղղափառ ճյուղին: Ծնվել են բողոքական հիվանդանոցի ծննդատանը, գնացել բողոքական մանկապարտեզ, տարրական և միջնակարգ դպրոցներ, եղել եմ և կամ կալվինիստական եկեղեցու անդամ: Երբ վաթսունականներին ծնողներիս աճող ընտանիքը պետք է նոր տուն տեղափոխվեր, նրանք տուն գտան կաթոլիկ թաղամասում, և ես ստիպված եղա ընտելանալ կաթոլիկ ընկերներիս՝ միաժամանակ մնալով բողոքական սյան շրջանակներում:

Այս բաժանումը, երբ սյուների վերնախավը որոշումներ էր կայացնում բոլոր ազգային հարցերի շուրջ և երաշխավորում բոլոր սյուների անդամների խաղաղ համակեցությունը, իր ծայրահեղ դրսևորումը ստացավ 20-րդ դարի առաջին կեսին:

Ձեզանից պահպանողականներին այս գաղափարը կարող է գրավիչ թվալ:

Սակայն պատկերացրեք, որ դուք ազատական եք, բայց ոչ թե քաղաքական իմաստով, այլ բնավորությամբ, այն է՝ «ազատամիտ» անձնավորություն եք, ով չի տեղավորվում առկա սյուներից ոչ մեկի շրջանակներում: Վաղ թե ուշ դուք կարող եք հայտնվել վտարանդու կարգավիճակում:

Անշուշտ, այս երևույթը չէր կրում համատարած բնույթ: Բողոքականներով բնակեցված երկրի հյուսիսային շրջաններում կարելի էր գտնել գյուղեր, որոնք ամբողջովին բնակեցված էին կաթոլիկներով, իսկ երկրի հարավային՝ կաթոլիկ շրջաններում հյուսիսաբնակներն աշխատանք էին գտնում, օրինակ՝ քարածխահանքերում: Այդ քարածխահանքերն այնքան աշխատողների կարիք ունեին, որ Իտալիայից, Հարավսլավիայից և Իսպանիայից ամբողջ ընտանիքներ ուղևորվում էին դեպի հյուսիս: Սակայն այդ բոլոր ընտանիքները նույնպես կաթոլիկ էին:

2-րդ համաշխարհային պատերազմից հետո և ավելի մեծ չափով վաթսունականներին այս մոդելն անխուսափելիորեն լուրջ փորձության ենթարկվեց: Ավանդական հասարակությունը քայքայվում էր, և պետության աշխարհականացումը փորձություն դարձավ երկար ժամանակ որպես ինքնըստինքյան հասկանալի դիտարկվող հասարակական կապերի համար: Ավանդական հասարակական մոտեցումներն ու հայացքները հարցականի տակ առնվեցին ոչ միայն աշխարհականացման, այլև սկիզբ առնող գլոբալացման պատճառով:

Կանխատեսելիության փորձություն

Մենք ունեցանք փախստականներ, ովքեր մեր նախկին գաղութ Ինդոնեզիան լքած առաջին մարդիկ էին: Նրանց թվում կային սպիտակներ, խառնածիններ և շատ զանազան ծագում ունեցող մարդիկ: Սակայն նրանք բոլորը խոսում էին հոլանդերեն: Ավելի ուշ եկան հունգարացի, չեխ և հույն քաղաքական փախստականները: Մենք կարողացանք ամեն բանի հետ համակերպվել, քանի որ եկվորների թիվը համեմատաբար փոքր էր, իսկ մեր տնտեսությունը, սնվելով բնական գազի պաշարներից, արագ աճում էր հետպատերազմյան վերելքի պայմաններում: Կար նաև մեկ այլ պատճառ՝ նրանք բոլորը քրիստոնյա եվրոպացիներ էին:

Իսկապես տարաբնույթ ծագում ունեցող մարդկանց ներհոսքը գնալով ավելի մեծ փորձություն էր դառնում մեզ համար: Առաջիններից էին այսպես կոչված «գաստարբայտերները»` գաղթյալ բանվորները, ովքեր սկզբնական շրջանում ապրում էին գործարանների ու ջրաղացների մոտակայքում գտնվող համեստ կացարաններում: Սուրինամից կամ Անտիլյան կղզիներից իրենց նախկին գաղութային տերությունում բարեկեցություն փնտրողներից շատերի ինտեգրումը հեշտ անցավ:

Այս երևույթը տարածված էր Եվրոպայի բոլոր նախկին գաղութային տերություններում, իսկ տնտեսական նկատառումներով՝ նաև Գերմանիայում:

Փորձությունները սրվեցին: Յոթանասունականների համեստ, միայնակ և համակրելի գաղթյալ բանվորները վերամիավորվեցին իրենց ընտանիքների հետ և շարունակեցին ապրել իրենց կյանքով՝ արդեն որպես մահմեդականներ, ովքեր հագնվում էին ըստ իրենց ավանդույթների և սովորությունների, բերել էին իրենց գլխաշոր կրող կանանց և այլն:

Ութսունականներին մենք վերապրեցինք տնտեսական ճգնաժամ: Փոխվեց տնտեսության բնույթը՝ գյուղատնտեսականից և արդյունաբերականից անցնելով բարձր տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտ: Գործազրկությունը խոցեց երկիրը՝ առ ոչինչ դարձնելով տեղաբնիկ հոլանդացիների և բազմաթիվ ներգաղթյալների հեռանկարները: Դա առաջին փորձությունը դարձավ մեր պատկերացրած հանդուրժողականության համար: Մեկ այլ փորձություն դարձան գաղթյալ բանվորների 2-րդ և 3-րդ սերունդները, ովքեր արդեն ծնվել և մեծացել էին Նիդերլանդներում, խոսում էին ինչպես հոլանդերեն, այնպես էլ իրենց ծնողների լեզվով և սկզբնական շրջանում հավատարմորեն դավանում էին իրենց ծնողների կրոնը: Նրանց ընտանիքներն իրենց հանգիստն անցկացնում էին հայրենիքում, իսկ երբեմն էլ վերադառնում էին այնտեղ: Անգամ Թուրքիայի գյուղական վայրերում կամ Մարոկկոյի լեռնային շրջաններում վերադարձողները դեռ իրավունք ունեին օգտվել սոցիալական աջակցությունից:

Փորձությունը շարունակվում էր: Իննսունականների սկզբին գոյացավ փախստականների մի նոր հոսք, որն ավելի զանգվածային էր, քան նախկինում: Նախ` եկան հարավսլավցիները, այնուհետև մեծ թվով մարդիկ աշխարհի տարբեր մասերից:

Մենք նկատեցինք, որ մշակել ենք բազմամշակութային հասարակության գաղափարը՝ նույնիսկ չքննարկելով դրա բոլոր հայեցակետերը, ինչն էլ որոշ մտավորականներին դրդեց հարցականի տակ առնել բազմամշակութային հասարակության ողջ գաղափարը: Արդյո՞ք այդ գաղափարը մնայուն էր: Եվ արդյո՞ք մենք առհասարակ իրավացի էինք այդ առումով:

Վերջապես բանավեճ բացվեց, քաղաքական դաշտը կարգավորվեց

Արդյո՞ք մեզ իրականում հաջողվել էր ինտեգրել ներգաղթյալներին, և արդյո՞ք մենք հարմարեցրել էինք նրանց տեղի կացության պայմաններին:

Մեր հասարակության սյունավորման շնորհիվ մեր դպրոցական համակարգը ճանաչում է ընտրության ազատությունը: Վիճակագրությունը վկայում է, որ «սպիտակ» երեխաներին ուղարկում են «սպիտակ» դպրոցներ, օրինակ` կաթոլիկ կամ բողոքական, նույնիսկ եթե նրանց ծնողները չեն կիսում այդ հայացքները, միայն որպես հանրային դպրոց չհաճախելու միջոց, քանի որ դրանցում վերջերս մեծամասնություն են կազմում սևամորթները:

Մենք քարոզում էինք հանդուրժողականություն ու ազատամտություն, սակայն գործնականում կիրառում էինք տարբեր հասարակական խմբերի տարանջատումը:

Մենք քարոզում էինք բազմամշակութայնություն, սակայն գործնականում տարանջատում էինք մշակույթները:

Անհրաժեշտ էր լուծում գտնել, որն այդ պահի դրությամբ դեռևս չէր առաջարկվել:

Խոսքը գնում է 1998 թվականի մասին, երբ մի քաղաքական գործիչ դատապարտվեց հետևյալ կարգախոսն ընտրելու համար՝ «Երբ մենք իշխանության գանք, կվերացնենք բազմամշակութային հասարակությունը»: Նա «միայնակ գայլ» էր, ով արհամարհված էր պետական ապարատի կողմից և մեկուսացված խորհրդարանում:

2001 թվականից ի վեր այս առճակատումը սրվեց: Տեղի ունեցան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները: Հստակ պոպուլիստական դիրքորոշում ստանձնած մի գործիչ, ով ավելի մեծ վճռականությամբ բարձրաձայնում էր խնդիրները և իր ուղերձը ձևակերպում որպես մտավորական, սկսեց մեծ ժողովրդականություն վայելել խորհրդարանական ընտրություններից հետո: Նա փորձում էր մերկացնել քաղաքական վերնախավի «բլեֆը»: Իսկ 2002 թվականի խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ նա սպանվեց:[ii] Նրա կուսակցությունը խորհրդարան մտավ և նույնիսկ ներկայացվեց կառավարությունում: Մեկ տարի անց Ամստերդամի փողոցներից մեկում սպանվեց մահմեդականների հասցեին քննադատություն հնչեցրած մի ռեժիսոր:

Հեքիաթն ավարտված էր, ինչն արտացոլվեց վիճակագրական տվյալներում: Տարիների ընթացքում հոլանդացիները դեռևս դրսևորում են որոշակի հյուրընկալություն ներգաղթյալների նկատմամբ, սակայն պակաս չափով, քան նախկինում` զիջելով այդ առումով սկանդինավներին: Ընդհանուր առմամբ, մահմեդական ներգաղթյալները նույնպես արժանանում են սիրալիր ընդունելության: Հոլանդացիները դրական են տրամադրված և վստահում են համապատասխան ինստիտուտներին, դատական համակարգին և խորհրդարանին, սակայն պակաս չափով` քաղաքական գործիչներին: Այդուհանդերձ, միշտ չէ, որ գործնականում արտացոլվում է ընդհանուր պատկերը: Ներգաղթյալների սիրալիր ընդունելությունը նվազել է շարքային քաղաքացիների, ընտանիքների և թաղամասերի մակարդակով:

Պոպուլիստական հայացքները մնայուն տեղ են զբաղեցրել, իսկ պոպուլիստական ուղերձներն ընդգրկվել են հիմնական բանախոսությունում: Ասվածը նույնիսկ վերաբերում է այն կարգախոսին, որի համար քաղաքական գործիչը դատապարտվել էր 1998 թվականին:

Այդ գործիչը հանդես էր գալիս «այլևս ոչ մի ներգաղթյալ» կարգախոսով, իսկ այժմ մեծ ժողովրդականություն վայելող (պոպուլիստական) քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը կանգնել է դատարանի առջև «Արդյո՞ք դուք ցանկանում եք, որ եկվոր մարոկացիների թիվը նվազի» հարցադրման համար:

Մեզ հարկավոր են նոր պատասխաններ, քաղաքականությունների մեկ այլ կազմ և մարդկանց տրամադրությունների ավելի լավ ընկալում:

Հարմարեցված կիրառում

Վերջին տարիներին ներգաղթային քաղաքականություններն ավելի են խստացել, իսկ նախնական զննումն ու տեղավորումը կացարաններում դարձել է գործունեության մի առանձին ոլորտ:

Ոստիկանությունը մշակել է իր սեփական քաղաքականությունները: Ոստիկանությունը ցավով գիտակցեց օրինախախտներին՝ ըստ էթնիկական ծագման դասակարգելու ռիսկերը և իրականացնում է ծրագրեր ներգաղթային պատմություն ունեցող ավելի շատ աշխատակիցներ ներգրավելու համար՝ կատարելագործելով համայնքային իրավապահության հին գաղափարը, որով ընդգծվում է թաղային ոստիկանների կարևորությունը, ովքեր կարող են զբաղվել անբարենպաստ թաղամասերի հնարավոր երիտասարդ օրինախախտների խնդրով:

Ջիհադիզմի և ահաբեկչության կանխարգելման առումով այս քաղաքականությունը եվրոպական այլ երկրների համեմատ կարելի է հաջողված համարել:

Միևնույն ժամանակ, հարմարվելու կարիք ունի նաև քաղաքական դաշտը: Քաղաքական գործիչները գիտակցեցին, որ պետք է առավել հստակ անդրադառնան խնդիրներին և հասարակությունում տիրող մտավախություններին: Գալիք մարտի 17-ին կրկին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, և այս անգամ ոչ ոք այլևս չի կարողանա խույս տալ հանդուրժողականության հարցը բարձրացնելուց: Իսկ հարցերն օրեցօր ավելի հստակ են դառնում:

Օրինակ՝ արդյո՞ք պետք է հանդուրժենք, որ մուեձինը հավատացյալներին աղոթքի կանչի մզկիթի մինարեթից: Իսկ ավելի կոնկրետ` արդյո՞ք առհասարակ պետք է հանդուրժենք մզկիթները՝ իրենց մինարեթներով հանդերձ կամ առանց դրանց: Պատասխանն է` այո: Սակայն հարց է ծագում նաև, թե արդյո՞ք պետք է դեռ հանդուրժենք պատարագի կանչող եկեղեցիների զանգերի ղողանջը, ինչպես եղել է դարեր շարունակ:

Արդյո՞ք մենք պետք է թույլատրենք մահմեդական դպրոցների ֆինանսավորումն օտարերկրյա աղբյուրներից: Պատասխանն է` դա կախված է կրթության տեսակից և որակից, ինչպես նաև նման ֆինանսավորման նպատակներից: Սակայն դա մեզ նաև մարտահրավեր է նետում որպես մի երկրի, որը հավակնում է համամարդկային արժեքների առաջխաղացման հարցում լինել բաց և թափանցիկ:

Այժմ Նիդերլանդների հանրությունը քննարկում է, թե որքանո՞վ է ընդունելի«Zwarte Piet» կոչվող կերպարը: Այս կերպարը,

Սևամորթ Փիթը, Զինթերկլասի, այն է` Սանտա Կլաուսի հոլանդական տարբերակի կամ բնօրինակի օգնականն է: Սովորաբար, այս կերպարը մարմնավորում է սև շպար կրող սպիտակամորթ տղամարդ կամ կին: Նախկին գաղութներից եկածներից կամ աֆրիկյան ծագում ունեցողներից շատերն այս կերպարը դիտարկում են որպես ռասիստական, մինչդեռ մնացածներն այն ընկալում են որպես առասպելական կերպար, որը մեր պատմության մաս է կազմում և որևէ կապ չունի ստրկատիրության կամ գաղութատիրության հետ: Նրանք պնդում են, որ պետք չէ երեխաներից խլել այս ավանդույթը: Մասնավոր և հանրային հեռուստաալիքներն առաջնորդել են այլընտրանքների ներկայացման գործընթացը, մինչդեռ քաղաքական դաշտը սպասում է ինքնաբուխ հասարակական բանավեճի արդյունքներին: Այդ բանավեճը մեզ բոլորիս ստիպում է առճակատվել հանդուրժողականության սահմաններին հետևյալ հարցադրումով` արդյո՞ք ես պետք է մասնակցեմ, արդյո՞ք հարցը կանգնած է իմ առջև և արդյո՞ք այն ինձ վերաբերում է: Արդյո՞ք «նրանք» կարող են բարձրացնել այդ հարցը:

Գնահատում

Արդի ժամանակները խիստ պահանջներ են ներկայացնում բոլորիս: Տարիներ շարունակ մտավորականներն ու քաղաքական գործիչները նախընտրում էին աչք փակել այս իրողության վրա: Հնարավոր է, որ նրանք բավարար չափով չէին զգում հանրության մտահոգությունը: Մենք որոշ սթափեցնող ահազանգեր ստացանք, որոնցից էին 2005 թվականին` Եվրոպական սահմանադրական համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեն, իսկ 2016 թվականին` Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագրի վերաբերյալ հանրաքվեն: Արդյո՞ք այդ ահազանգերը վկայում են այն մասին, որ երբեմնի բաց և ծովագնաց ազգը վախենում է հայտնվել անպաշտպան դիրքում:

Իմ կարծիքով գլոբալացումն ու ներգաղթը միակ երևույթները չեն, որ բացասաբար են անդրադարձել հասարակության դժգոհության վրա: Մենք պետք է նաև ընդունենք հասարակությունում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպիսիք են՝ աշխարհականացումն ու վարչարարական կառավարումը:

Վերջերս տված հարցազրույցում մի տարեց զույգ մտորում է այդ հարցի շուրջ հետևյալ կերպ.

«Համախմբվածությունն անհետացավ և փոխարինվեց վերահսկողությամբ.

Թվերին նայողները եկան փոխարինելու նրանց, ովքեր նայում էին աչքերիդ:

Եկեղեցին կենտրոնից ծայրամաս տեղափոխվեց, իսկ հնաոճ «առաջին հաղորդության ընտանեկան ճաշկերույթը» այժմ կարելի է փոխարինել Եվրադիսնեյ այցելությամբ»:

Գուցե բոլորս ցանկանում ենք բաց հասարակություն ունենալ, սակայն չենք ցանկանում այն ձեռք բերել ամեն գնով՝ հրաժարվելով դարեր շարունակ մեզ համար թանկ եղած իրողություններից:

Խոսքիս սկզբում մեջբերած գործարարն իրավացի չէր:

Նիդերլանդներում չեն պախարակում ազգաբնակչության մեկ տասնյոթերորդը: Այժմ մենք ավելի շիտակ ձևակերպումներ ենք օգտագործում և առավել խստապահանջ ենք, երբ խոսքը վերաբերում է իրավունքներին և պարտավորություններին: Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ, ընդհանուր առմամբ, դեռևս հանդուրժող են ըստ վիճակագրական տվյալների, սակայն պակաս հանդուրժող՝ առանձին իրավիճակներում: Մենք պետք է ճանաչենք այս հանգամանքը:

Մեջբերված անձը նաև իրավացի չէր մեր հարուստ կամ աղքատ լինելու հաշվով:

Մենք իրոք գիտենք, որ մեր հասարակությունում կան աղքատներ, և անվճար մթերք տրամադրող խանութները դեռ երկար կգործեն: Դա բացասական երևույթ է:

Այդուհանդերձ, մենք նաև ամենահարուստ արդյունաբերական երկրներից ենք, որտեղ կարելի է գտնել բարձր եկամուտներ, հավասարություն և գերազանց սոցիալական ապահովություն: Մենք ունենք ծաղկուն քաղաքացիական հասարակություն և կամավորության աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը, հատկապես՝ եկեղեցիներում, այնպես որ անվճար մթերք տրամադրող խանութները մնայուն երևույթ կդառնան: Իսկ դա դրական է:

Հանդուրժողականությունը՝ որպես գաղափար և մոտեցում

Նիդերլանդների քաղաքացիներն այլևս չեն կարող անտեղյակ մնալ: Նույնը վերաբերում է քաղաքական գործիչներին:

Փաստերը հստակ են. մեր հասարակությունն ունի տարբեր մշակույթներ, սակայն մենք վերջապես նախընտրեցինք չլինել բազմամշակութային հասարակություն: Այժմ մենք մեզ դիտարկում ենք որպես հոլանդական հասարակություն` հարգանք դրսևորելով տարբեր ծագում ունեցող մարդկանց ողջ բազմազանության նկատմամբ: Ստեղծված իրավիճակն ակտիվ քայլեր ձեռնարկելու կոչ է բոլոր շահագրգիռ կողմերի համար:

Մենք չենք կարող անտեսել ո՛չ փաստերը, ո՛չ էլ մարդկանց: Երկուսն էլ պարտավոր ենք ճանաչել: Այդպիսին է հասարակության պահանջը:

Սակայն մենք պետք է ընդունենք նաև այն, որ բոլորս տարբեր ենք և այլ կերպ ենք մտածում ու վարվում:

Նախկին օրերի կանխատեսելիությունն անհետացել է. մենք օրեցօր առերեսվում ենք նոր մարդկանց և կանգնում ենք նոր մարտահրավերների առջև:

Համապատասխան գաղափարը և վարվելակերպը կարելի է փորձարկել հետևյալ հարցադրումով.

Արդյո՞ք հանդուրժող լինելը նշանակում է.

  • ընդունել այն փաստը, որ որևէ այլ անձ այնպիսին է, ինչպիսին կա և գործում կամ մտածում է ուրույն կերպով,
  • հարգել մեկ ուրիշին, նույնիսկ երբ կան վարվելակերպի կամ մտածելակերպի տարբերություններ,
  • հասկանալ այլ անձի ով լինելը, նրա մտքերը, գործողությունները կամ հագ ու կապը:

Որոշ եզրափակիչ մտքեր

Նույնիսկ որոշակի կանոններով առաջնորդվող հասարակությունում մենք դեռևս ստիպված ենք ինքնուրույն որոշել, թե արդյո՞ք պետք է հանդուրժել այլոց, թե ոչ: Միաժամանակ, կառավարությունները, ընկերությունները և հասարակական կազմակերպությունները պետք է մարդ արարածին ընդունեն որպես յուրահատուկ անհատի՝ իր համոզմունքներով և ավանդույթներով հանդերձ:

Չէ որ նրանք մարդիկ են:

Ես այդ մասին կարող եմ խոսել ինչպես որպես սուբյեկտ, այնպես էլ որպես օբյեկտ.

  • Ես նշեցի, որ կալվինիստական արմատներ ունեմ, ինչը մեծապես սահմանում է իմ հայացքները:
  • Ես վառ հիշում եմ, թե ինչպես մոտավորապես 1970 թվականին մեր տուն առաջին անգամ սևամորթ այցելեց: Մայրս նրան բնութագրեց որպես «շատ կիրթ երիտասարդ»:
  • Ես նաև հիշում եմ, թե ինչպես դիվանագիտական աշխատանքին պատրաստվելու օրոք անցնում էի Սուրինամից եկած մի ընտանիքի խոհանոցի պատուհանի մոտով և զգում էի համեմունքներով լի նրանց կերակրատեսակների բուրմունքը, որը բավականին գրգռող էր` կախված իմ տրամադրությունից:

Եզրափակելով խոսքս՝ նշեմ.

Իմ առաջին նշանակման ժամանակ ես սովորեցի, թե ինչպես հասկանալ սպիտակամորթ մարդկանց զայրույթը: Նստած իրենց խնամված այգում կամ լողավազանի մոտ, որը նրանք վաստակել էին տարիների տքնաջան աշխատանքով, նրանք ստիպված եղան հանդուրժել իրենց նորեկ սևամորթ հարևաններին, ովքեր եգիպտացորեն էին ցանում այնտեղ, որտեղ ժամանակին գեղեցիկ այգի էր:

Այս մարդկանց բարկությունը միաժամանակ անտեղի էր և հասկանալի, սակայն արդյո՞ք հնարավոր էր խուսափել դրանից:

[i] Նա անդրադառնում է հիմնականում ներգաղթած մահմեդական ազգաբնակչությանը:

[ii] Նա սպանվեց մի հոլանդացու կողմից, ով այդ քաղաքական գործչի հայացքները վտանգավոր էր համարում հասարակության համար:

Print Friendly