Ըստ օրենքի նախագծի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնպես կրոնական կազմակերպություն է. պարզաբանում է Արդարադատության նախարարությունը

Հունիսի 1-ին ՀՀ արդարադատության նախարարությունը www.e-draft.am կայքի միջոցով հանրային քննարկման էր ներկայացրել Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագծից սակայն պարզ չէր արդյո՞ք այն բոլոր իրավունքները, պարտականություններն ու սահմանափակումները, որոնք այն նախատեսում է  հավասար կերպով տարածվում են բոլոր կրոնական կազմակերպությունների վրա, ներառյալ՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը: ԵՀՀ հարցմանն ի պատասխան Նախարարությունը հայտնել է, որ նախագծի իմաստով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին  կրոնական կազմակերպություն է և, որ օրենքի նախագիծը գործում է նաև իր պարագայում (նամակը կցված է գրառմանը՝ հայերեն և ոչ պաշտոնական անգլերեն թարգմանությամբ): Նախարարության կողմից տրամադրած նման հստակեցումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում մտքի, խղճի ու կրոնի ազատության հիմնարար իրավունքի հավասար պայմաններով իրացման հարցում: Տվյալ օրենքի նախագիծն ու իր հետ փոխկապակցված այլ օրենքների նախագծերը դեռ հանրային քննարկման փուլում են և յուրաքանչյուր անձ կարող է ծանոթանալ դրանց և ուղարկել իր առաջարկները Նախարարությանը մինչև 2017թ.-ի հուլիսի 31-ը հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/246:

 

 

Print Friendly