Ինչպե՞ս կառուցել պատմություն ՀԿ-ի գործունեության մասին. Մաս 1-ին (Jam Session 13)

Գևորգ Տեր-Գաբրիելյանի դասախոսությունը ԵՀՀ աշխատակազմի համար, ապրիլի 8, 2016թ․։

Տեսանյութի սղագրությունը

Բարի լույս կրկին։ Էսօր խոսում ենք պատմության նարատիվի, ոչ թե միայն նարատիվի, որովհետև ամեն ինչն է նարատիվ։ Խոսելու ենք պատմություն պատմելու մասին՝ էն, ինչը անգլերեն կոչվում է story-telling: Աշխարհի բոլոր գրավոր տեքստերը հստակորեն բաժանվում են երկու մասի։ Մեկը պրոյեկտի նկարագրություն է, մյուսը՝ պատմության պատմություն է, թե ինչ է եղել, և այլն, և այլն։ Մեկը կարող է կոչվի պրոյեկտ, երազանք, ուտոպիա։

Դահլիճ 1։11 Շարադրանք

Գևորգ 1։17  Չէ, հենց էդ է։ Էս էլ է շարադրանք, էն էլ է շարադրանք։ Նարատիվը ու շարադրանքը երկուսին էլ վերաբերվում են։  Կա նաև պրոժեկտ բառը՝ անիրականանալի պրոյեկտ։ Երազանք, ուտոպիա, հակաուտոպիա՝ էդ բոլորը մի կատեգորիայի մեջ են։

Մյուսը կոչվում է պատմություն։ Սա կարող է լինի երևակայած պատմություն, բայց ինքը պատմում է մի բանի մասին, որը արդեն եղել է։ Իբր թե արդեն եղել է, կամ իրականում արդեն եղել է։ Կարող է կոչվի արկած։

Դահլիճ 1։56 Հոդված

Գևորգ 1։58 Չէ, հոդվածը ժանրն է։ Ճիշտ ես ասում այն իմաստով, որ դժվար է պատկերացնել, որ պրոյեկտը գրված լինի հոդվածի տեսքով, բայց սկզբունքորեն հնարավոր է։ Պատմություն, արկած, գործողությունների մասին վկայություն, նկարագրություն։ Սա հստակ բաժանում է։ Եթե խոսում ենք գրավոր տեքստերի մասին, ապա երկուսն էլ անպայմանորեն շատ հաճախ արտահայտվում են «շարադրանք» կամ «նարատիվ» բառերի միջոցով և ժանրերը, որով նրանք արտահայտվում են, կարող են շատ տարբեր լինել։ Եթե խոսենք ժանրերի մասին, ապա դա կարող է լինել պաշտոնական փաստաթուղթ, կամ՝ բանավոր, որի դեպքում (միջոցով) կարող է և՛ պրոյեկտը նկարագրվի, և՛ պատմությունը։ Խոսքը լեզվով արտահայտված տեքստերի մասին է։ Ես ասացի գրավոր, ինչը լրիվ ճիշտ չի։ Խոսքը լեզվով արտահայտվածի մասին է, ոչ թե նկարով կամ հոլովակով։ Այնտեղ մի քիչ ուրիշ է։ Կարող է լինել պատմվածք, և բոլոր գրական ժանրերը։ Կարող է լինել հաշվետվություն։

Դահլիճ  03։43 Ռազմավարությու՞ն։

Գևորգ 03։45 Ռազմավարությունը ավելի շուտ պրոյեկտների մեջ է, որովհետև էլի ապագային ուղղված գործողություն է իրենից ներկայացնում։ Մեր անցյալ՝ Դեպոյի դպրոցի ժամանակ խոսում էինք հատկապես պրոյեկտների մասին։ Եվ հիշում եք, որ կա Logframe, տրամաբանական աղյուսակ, և ինչպես է դա ձևակերպվում, և այլն։ Այսօր պիտի խոսենք պատմության մասին, որովհետև և՛ մեր հաշվետվություններում, և՛ բացատրելու համար, թե ինչ ենք մենք արել, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մոտ ամենադժվար խնդիրներից մեկը բացատրելն է, թե ինչ են իրենք արել, ինչի են իրենք հասել, որովհետև, ինչպես հիշում եք իմ օրինակը, իրենք կամուրջ չեն կառուցում, այլ անշոշափելի կամուրջ են կառուցում։ Իրանք փորձում են ազդել մարդկանց մտքի վրա, կարծիքի փոփոխության վրա և այլն։ Ուրեմն, թե ինչ ենք մենք արել, շատ կարևոր հանգամանք է և պիտի ճիշտ ձևակերպվի։

Խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ մեկը մյուսի փոխարեն է ներկայացվում։ Երբ ասում է, ինչ ես ուզում անել, մարդիկ սկսում են պատմել, թե ինչ են իրենք արել։ Կամ փոխանակ ասեն, թե ինչ են իրենք արել, սկսում են պատմել, թե ինչ են ուզում անել։ Դա ցույց է տալիս մարդու ուղեղի սինկրետիզմը՝ մոտեցումների չտարբերակվածությունը։ Մենք, երբ սովորեցնում ենք մարդկանց  պրոյեկտ գրել, մենք ասում ենք, որ այնպես գրեն, որ հետո կարողանան ասել, որ հենց դա՛ արեցին, ինչ գրել են։ Սրանով է պրոյեկտը տարբերվում ուտոպիայից։ Երազանքի դեպքում դա չի պահանջվում, չնայած, եթե գրենք vision և ռազմավարություն, արդեն vision-ի համար արվող գործերն արդեն քիչ թե շատ սկսում են էդ vision-ը շատ ավելի շատ իրագործել կյանքում։

Հիմա։ Ի՞նչ բաղկացուցիչ մասերից է կազմված պատմությունը։ Կարո՞ղ է մեկնումեկը օրինակ բերել։

Դահլիճ  07։33 Վերնագիր։

Գևորգ  07։35 Հա, բայց դա շատ փոքր բաղկացուցիչ մաս է։ Ավելի կառուցվածքային եմ հարցնում։ Գրենք։ Վերնագիր, փաստեր, նախաբան, բովանդակություն, աղբյուր, հերոս։ Այո։ Հիմա ես ձեզ ասեմ հետևյալը։ Որպեսզի մարդ չշեղվի, նա ստեղծում է իր համար հարմար ինչ-որ հանգրվաններ աշխարհը հասկանալու։ Քանի որ ես նախկինում լեզվաբան էի, ես քերականությունն եմ օգտագործում, որպեսզի բացատրեմ, թե պատմությունը ինչի մասին է և ինչպիսին պիտի լինի։ Ուրեմն քերականությունը բաղկացած է հետևյալից. ո՞վ, ի՞նչ արեց։ Էստեղ սկսվում է մի ամբողջ խումբ՝ պարագաներ՝ երբ, որտեղ, և այլն։ Խնդիրներ… ում համարում միջոցով, և այլն, և այլն։ Մի շատ կարևոր հանգամանք կա էս պարագաների մեջ, որը հստակորեն տարբերակվում է՝ նպատակի պարագան և արդյունքը։ Այսինքն, թե ի՛նչ փոփոխություն տեղի ունեցավ։ Սա էլ է շատ կարևոր հանգամանք, մանավանդ պրոյեկտ-ծրագիր իրագործողների համար։ Հիմա տեսե՛ք, թե ինչ հետաքրքիր բան է:

Ինչո՞վ է տարբերվում գիտնականը քաղաքացիական հասարակության աշխատակցից, որը փորձում է ինչ-որ կերպ փոխել իրեն շրջապատող աշխարհը։ Այս սխեմայի մեջ՝ հատկապես մի բանով, մի շատ պրիմիտիվ բանով։ Գիտնականը նպատակը դիտարկում է որպես պատճառ։ Եթե դու նպատակը որպես պատճառ ես դիտարկում, դու կարծես ո՞վ-ի` գործ անողի՝ ռազմավարական ով-ի դերակատարությունը փոքրացնում ես, նսեմացնում ես։ Քանզի պարզ է, որ ով-ը նպատակ է դնում ինչ-որ հարց լուծելու, դրա համար ինչ-որ գործողություն է անում, ինչ -որ տեղ, ինչ-որ ժամանակ, ինչ-որ մարդկանց հետ և այլն, և այլն, որպեսզի արդյունք ստանա։ Եթե ով-ն ասում է, որ ուզում է աջակցել ժողովրդավարության ձևավորմանը՝ ասում է «դրա համար ես աշխատում եմ ընտրական օրենսգրքի վրա։ Եթե ասում են, որ «ՀԿ-ները հավաքվեցին ժողովրդավարությունը զարգացնելու կարիքի պատճառով»՝ այդ ով-ից, ՀԿ-ներից մի քիչ վերցվում է նրանց կամքը։ Եթե ասում են, որ «ժողովրդավարությունը զարգացնելու նպատակով», պարզ է, որ այստեղ կամային պահն ավելի ուժեղ է։

Ուրեմն գիտնականները մարդկանց գործողությունների մեջ շատ հաճախ նպատակը որպես պատճառ են ներկայացնում՝ մարդուն դարձնելով բնական պրոցեսի մի մաս։ Այսինքն մարդու կամքը չեն դիտարկում այդ պարագայի մեջ։ Նրանք նկարագրում են աշխարհը կարծես մարդկային հասարակությունը գործող ուժերից մեկն է բնական այլ պրոցեսների համեմատ։ Դա սխալ չէ, դա ուղղակի այդպիսի մոտեցում է։

Աշխարհը փոխողները, որոնք աշխատում են պրոյեկտային պարադիգմի մեջ, պատճառը որպես նպատակ են դիտարկում։ Պետք է ինչ-որ բան փոխել։ Մենք որոշել ենք, որ ինչ-որ բան կփոխենք, և այստեղ կամային բառերն ավելի ընդգծված են դառնում։ «Մենք եկել ենք էն եզրակացության, որ պետք է ինչ-որ բան փոխել»։ «Մենք հետազոտել ենք ու պարզել ենք, որ պետք է ինչ-որ բան փոխել»։ «Մեր նպատակը դա փոխելն է, և դրա համար մենք անում ենք այսինչ գործողությունը»։ Սա շատ սկզբունքային տարբերություն է։ Վերցրե՛ք, ասենք, ցանկացած արտակարգ իրավիճակ։ Երբ դու ասում ես, որ «ինչ-որ իրադրության պատճառով ժողովրդի մեջ սկսեց տեղի ունենալ դրամահավաք», դա լրիվ այլ բան է, քան ասես, որ «հասարակությունը որոշեց դրամահավաք կազմակերպի, որպեսզի օգնի ստեղծված իրադրությունը մեղմացնելու համար»։

Լրիվ ուրիշ կամային դրսևորում և մոտեցում։ Ես սա ասում եմ այն պատճառով, որ մարդկության մեծ մասը մինչև այսօր, և հայստանյան հասարակությունը նույնպես, ապրում է ոչ ծրագրային պարադիգմի մեջ։ Այսինքն նրանք ապրում են ծրագրային պարադիգմի մեջ, բայց նրանք դեռ չգիտեն դրա մասին։ Նրանք դեռ մտածում են, վարվում են և կարծրատիպեր են արտահայտում, կարծես նրանք չեն ապրում ծրագրային պարադիգմի մեջ։

Արտահայտում են էպիկական ձևով, երբ, օրինակ, «ծնվեցին, ապրեցին, երեխա ունեցան» և այլն։ Թվում է, թե աշխարհը չի փոխվում, եթե փոխվեց էլ, ապա դա իրենց կամքի հետ կապված չէ։ Դրա համար շատ կարևոր է հասկանալ, որ երբ մենք պատմություն ենք պատմում, և լավագույն պատմությունները աշխարհի սկզբից սկսած՝ լինի դա Էդիպի պատմությունը, Արիստոֆանի պիեսները և այլն… Ինչքան  հեռու էլ գնաս՝ լինեն դրանք սեպագիր արձանագրությունները, Եգիպտոսի փարավոնների ժամանակվա հիերոգլիֆիկ նկարները… էնտեղ պատմություն է մարդու դերակատարությամբ ինչ-որ նպատակի հասնելու մասին։ Օրինակ՝ «Ես՝ Արգիշտիս, Մենուայի որդին, հիմնեցի այս քաղաքը«։ Չի ասվում՝ «Իմ ժամանակ հիմնվեց այս քաղաքը»։ Դա շատ կարևոր է հասկանալ և հիշել, որովհետև մենք գտնվում ենք պրոյեկտային պարադիգմում։ Այն պատմությունները, որոնք հիշվում են, արտահայտվել են նպատակային պարադիգմի ձևով, ոչ թե պատճառային պարադիգմի ձևով։

Հաճախ դա ստեղծում է խաղի հնարավորություն։ Արդյոք սա նպատա՞կ էր, թե՞ պատճառ։ Հենց օրինակ Էդիպի փորձերը ճակատագրի դեմ դուրս գալու կամ Պրոմեթևսի կրակի պատմությունը, և այլն, և այլն։ 

Ուրեմն, եթե պատմությունը ձևավորված է նպատակի շուրջ, շատ ավելի ազդեցիկ է: Եվ էդ դեպքում էս հերոսը կոչվում է պրոտագոնիստ, որը հենց ցույց է տալիս, որ նա կամքի ազատ ուժով ինչ-որ բան ուզում է փոխել, և հեղինակը նրան հետևում է։

Մյուս տարբերությունն այն է, որ մարդիկ դեռևս կարծում են, որ իրենք ապրում են էպիկական աշխարհում, երբ իրենցից ոչինչ կախված չէ, շատ հաճախ թույլ են տալիս իրենց այդպես կարծել։ Սա շատ հաճախ երևում է հետսովետական շրջանում արտադրված տեքստերում։  Սա գրեթե արդեն ոճական հարց է, բայց շատ կարևոր, որը մենք շատ հաճախ ուղղում ենք, երբ անգլերեն պիտի գրենք՝ կրավորականը դարձնում ենք ներգործական։ Էպիկական մտածողությանը հակված մարդը շատ է սիրում կրավորական սեռ օգտագործել։ Ընդ որում պարտադիր չի, որ զուտ քերականական իմաստով։ Օրինակ, տեղի ունեցավ պատերազմ։ Տեսե՛ք ՝ ինչ հետաքրքիր պատմություն է։ Փորձե՛ք հիմա դա ենթակայով արտահայտել։ Խոսքս Երկրորդ Համաշխարհային Պատերազմի մասին է։ Փորձե՛ք ենթակայով արտահայտել սկսվեց պատերազմը արտահայտությունը: «Рано утром на рассвете Гитлер дал войскам приказ»: Արտահայտվեց ենթակայով։ Կամ, ասենք, «Հիտլերը և Ստալինը իրենց ստեղծած ոչ ժողովրդավարական համակարգերի ագրեսորական նկրտումների պատճառով սկսեցին պատերազմ». օրինակի համար…

Մյուս օրինակը։ «Պատերազմում զոհվեց 20 միլիոն մարդ»։ Փորձեք հիմա սա ներգործականով արտահայտել։ Ինպե՞ս է դա հնարավոր։

Դահլիճ 18։15 «Թշնամին սպանեց 20 միլիոն մարդ»։

Գևորգ 18։18 Մենակ թշնամին չէ։ Իրար էլ են սպանել բոլոր կողմերից։

Դահլիճ 18։25 «Պատերազմը խլեց 20 միլիոն մարդու կյանք»։

Գևորգ 18։29 Էդ դեպքում պատերազմն է դառնում պրոտագոնիստ և իսկույն ստացվում է ոճական երանգավորում։ Այսնինք դա հարմար է այն ոճի դեպքում, եթե դու պատերազմին դեմ ես։ Եթե ասում ես՝ պատերազմում զոհվեց 20 միլիոն մարդ, ապա դա զուտ նեյտրալություն է։ Դա կոչվում է «էպիկական սուտ, խաբուսիկ նեյտրալություն»։ Իբր թե՝ «ես կապ չունեմ, ես  նայեցի՝ տեսա. моя хата с краю»: Պատասխանատվությունը հանում ես: Բայց եթե ասում ես ՝ «պատերազմը խլեց», արդեն վերաբերմունք ես արտահայտում դեպի պատերազմը։ Չես ասում, «պատերազմը մեզ նվիրեց», այլ ասում ես՝ «խլեց»։ Այսինքն սա ասում է մեկը, որը ուզում է, որ պատերազմ չլինի ըստ երևույթին։ Իսկ ինչպե՞ս կարելի է արտահայտել, եթե անցնենք անձերի։

Դահլիճ 19։29 Քսան միլիոն մարդ մահացավ պատերազմում։

Գևորգ 19։32 Մահացավ, կամ զոհ գնաց։ Իրենց զոհաբերեցին։ Տեսե՛ք, «զոհ գնացը» քիչ է։ Իրենք համաձայն էին, չնայած իրենց մի մասին պարտադրում էին, բայց իրենք համաձայն էին այդ պարտադրանքն ընդունել։ Մարդը կարող էր ընտրել, ասենք չգնալ պատերազմ (թո՛ղ իրեն գնդակահարեն), նույնիսկ եթե նա ստիպված է գնալ։ Իրենք համաձայն էին գնալ պատերազմ ու զոհաբերվել։ Այո։

Տեսե՛ք հիմա մյուս հանգամանքը։ Նախորդ օրինակս այն էր, թե ով սկսեց պատերազմը։ Եթե մենք ասում ենք. «ով է անում ինչը», շատ հետաքրքիր իրադրություն է այստեղ առաջանում։ Դա շատ ավելի հեշտ է բողոքարկել։ Դա շատ ավելի մեծ ռիսկային արտահայտություն է։ Շատ ավելի հեշտ է բողոքարկել, որովհետև եթե ես ասում եմ. «Հիտլերը սկսեց պատերազմը», գալիս է այն հեղինակը՝ պարոն Սուվորովը, և մի հիսուն հատ գիրք է հրապարակում, որտեղ ասում է, որ «ոչ. Ստալինը նույնքան մեղավոր էր, և պատերազմը կառուցվում էր երկուսի կողմից»։

Եթե ես ասում եմ՝ «Հիտլերը և Ստալինը սկսեցին պատերազմը», գալիս է մի գիտնական և ասում, որ դա իմպերալիզմի զարգացման և նացիզմի ու տոտալիտարիզմի տրամաբանական զարգացման արդյուք էր։ Ուրեմն, երբ որ դու ասում ես, թե ով է ենթական, դու իսկույն քեզ բաց ես դնում քննադատության և անհամաձայնության առջև։ Այսինքն ենթական ասելն ավելի ռիսկային գործողություն է, այդպիսով՝ ավելի հարիր ծրագրային պարադիգմին։

Այդ է պատճառը, որ մենք հաճախ մեր տեքստերում ասում ենք, որ «թրեյնինգին մասնակցեց 20 հոգի»։ Կամ, ավելի ճիշտ օրինակ. «քսան հոգին, ովքեր եկել էին թրեյնինգին, սովորեցին այսինչ հմտությունը»։ Մենք չենք ասում, ով սովորեցրեց։ Մենք չենք ասում, ով կազմակերպեց, ինչ էր անում սովորեցնելու ժամանակ, և այլն։ Ինչու՞, որովհետև դա ավելի ռիսկային է։ Էդ դեպքում նախադասությունը կպահանջի նաև հաջորդ գաղափարը։

Իսկ արդյոք նրանք սովորեցի՞ն, որքանո՞վ սովորեցին, ինչու՞ մենք գիտենք, որ սովորեցին, թե ոչ։ Ուրեմն էսպես էպիկական, էսպես կրավորական դարձնել աշխարհը՝ դա ձև է պատասխանատվությունից խուսափել այդ աշխարհում։ Ծրագրային պարադիգմը դրա հակառակն է պահանջում՝ հստակորեն ասել, բաց գնալ և ենթարկվել քննադատության կամ անհամաձայնության, թե ով արեց ինչը, ինչպես նաև՝ հստակորեն ընդգծել նպատակը։ Սա առաջին մասն է, որ ուզում էի ասեի; Կա՞ կոմենտար դրա վերաբերյալ։

Գայանե 22։53 Էս մի նախադասությունը, որ «20 հոգի մասնակցեցին դասընթացին», պետք է ասել նաև գործիքների տեսանկյունից, թե ի՛նչ տրվեց, ու՛մ տրվեց և ի՛նչ բովանդակությամբ։ Ասենք «տրվեցին համապատասխան, գործիքներ, գիտելիքներ և ռեսուրսներ»։

Գևորգ 23։34 Բայց էլի կրավորական ես ասում։  Ուրեմն եթե կենտրոնանանք ով-ի վրա, պիտի ասենք, թե ինչու հենց նա՛ էր դա տալիս։ Այսինքն հարց է առաջանում նրանց որակի վերաբերյալ։ Ի՞նչ էր նա՛ տալիս և ինչու՞ էր որոշել, որ հենց դա՛ պիտի տրվի, ինչպե՞ս էր տալիս, որպեսզի համոզված լինի, որ դա տրվում է, և ինչպե՞ս ստուգեց, որ դա տրվեց։ Սկսենք պարել ռազմավարական ով-ից։

Մյուս հարցը։ Մյուս կարևորագույն հարցը պատմություն պատմելու ժամանակ, ինչպես նաև պրոյեկտ գրելիս, հասցեատիրոջը որոշելն է։ Քաղաքացիական հասարակության համար պատմություններ պատմելիս կարելի է երկու հասցեատեր տեսնել, իհարկե կարելի է շատ մանրացնել, բայց հիմնականում երկուսն են։ Մեկը լայն իմաստով շահառուն է, իսկ մյուսը դոնորն է՝ լայն իմաստով։ Բնականաբար սրանք կարող են բաժանվել տարբեր կատեգորիաների։ Ասենք, շահառուն կարող է լինել առանձին վերցրած քաղաքացին, կարող է լինել գործընկերը, կարող է լինել պետական աշխատողը, և այլն։ Դոնորի մեջ կարող է լինել ֆինանսական միջոցներ հատկացնողը  և կարող է լինել քաղաքականություն իրագործողը, որին պատմելիս դու ոչ թե փող ես ակնկալում, այլ երկրորդական ազդեցություն, որի արդյունքում նա կորոշի, թե ֆինանսները ինչի վրա պիտի հատկացվեն, որից հետո միայն ֆինանսական միջոցներ հատկացնողը կսկսի այդ միջոցները հատկացնել։ Սա զուտ մանրացնելու համար, բայց ի վերջո մենք ունենք երկու գլխավոր շահառու։

Հարցը հետևյալն է. այս քերականությամբ պատմություն պատմելիս դու ու՞մ ես նշանառում, և արդյոք հնարավո՞ր է մեկ պատմությամբ երկուսին էլ նշանառել։ Էստեղ կարող է լինել նաև մեդիան՝ որպես միջնորդ, որին դու պատմում ես, որը հետո շահառուին է պատմում։  Էստեղ տարբերությունը շատ հստակ է։ Մեդիան միշտ մեդիա է։ Ես օրինակ, մեդիային ով դարձնելուց միշտ զգուշանում եմ, որովհետև հակված եմ բառերի նախնական իմաստներին ուշադիր լինել։ Չնայած մենք բոլորս գիտենք, որ մեր գործընկերները մի բան էլ ավել են ով լինելուց։ Այսինքն նրանք բացարձակապես միայն միջոց չեն, բայց դա ուրիշ խնդիր է։

Ուրեմն շահառուին ուղղված տեքստը Հայաստանում 99 տոկոսով հայերեն է։ Լավ կլիներ, որ նաև եզդիերեն, ասորերեն կամ ասենք հունարեն և ռուսերեն և մեր փոքրամասնությունների համար լիներ։ Բայց քանի որ այդ տեքստն ուղղված է շահառուին, այն գրվում է շահառուի լեզվով։ Դոնորին ուղղված տեքստը շատ հաճախ գրվում է անգլերեն։ Իհարկե կախված նաև դոնորից, որովհետև, ինչպես տեսաք Վարդան Գրիգորյանի նամակից, մենք հայերեն ենք խոսելու, հայերեն ենք պատմություններ պատմելու։ Գուցե ինչ-որ տեղ անգլերենի անցնենք, բայց նա շատ լավ հայերեն խոսում է և գիտի։ Բայց շատ հաճախ անգլերեն է սա։ Նույնիսկ եթե դոնորը գերմանացի է, մենք նրան անգլերեն ենք դիմում։

Առաջացավ հետևյալ հարցը։ Արդյո՞ք նույն տեքստը պիտի պարզապես թարգմանվի, թե՞ տարբեր շահառուներ տարբեր տեքստեր պիտի ստանան, որպեսզի նրանց վրա ազդենք։ Չէ որ մեր նպատակն է ազդել նրանց և նրանց քաղաքականության և ֆինանսները տալու վրա։

Ինչպե՞ս են ազդում պատմությամբ։ Պատմելով, թե ինչպիսի լավ աշխատանք ես դու կատարել։ Շահառուի վրա կարելի է ազդել՝ ասելով, որ մենք էսքան մարդու համար էս գործը արել ենք։ Ձեզ հետ չենք արել, բայց եթե դուք էլ մասնակցած լինեինք, այ էսպիսի փոփոխություն կապրեիք։ Եկե՛ք դուք՝ առանց էս թրեյնինգին մասնակցած լինելու, ընդունեք այն արժեքները, որ ինքը առաջ է տանում։ Մենք ուզում ենք ազդել մարդկանց վրա մեր հաղորդագրություններով, մեր տեքստերով, մեր պատմություններով։

Ուրեմն հարց է առաջանում, թե արդյոք նույն տեքստը պիտի գրվի, թե դա ենթարկվի փոքրիկ մոդիֆիկացիաների։ Մեր փորձը ցույց է տալիս, որ մենք բոլոր տարբերակներն արել ենք, բայց մենք գերադասում ենք մի քիչ լղոզված, բայց մի տեքստ գրել երկուսի համար էլ։

Այսինքն մեջն ունենալ համոզիչ արգումենտներ երկու հասցեատերերի տեսակետից։ Դրա մեջ կա էլի մեր ՀԿ-ական առաքելությունը, որովհետև մենք ուզում ենք, որ նրանք (քաղաքականություն իրագործողն ու շահառուն) սկսեն մտածել իրար նման։ Դրա համար մենք հաճախ, երբ գրում ենք մեր մեկ էջանոցները, հաջողության պատմությունները, և այլն, մենք օգտագործում ենք երկու արգումենտնեերը միանգամից երկու հասցեատերերի համար էլ։ Քանզի մենք ուզում ենք նրանց մեզ հետ միավորել քաղաքացիական հասարակության մեջ և ստեղծել մի ընդհանրություն, երբ մեր գործը և արժեքները հասկանալի կլինեն բոլորին՝ վերացնելով նրանց միջև անջրպետը։ Այս անջրպետը հաճախ բացասական դեր է կատարում, որովհետև, եթե պետք չի Հայաստանում այսինչ բանով զբաղվել, իսկ դոնորը եկել և ասում է, որ զբաղվենք, շատ ՀԿ-ներ կարող է փողի համար համաձայնեն զբաղվել։ Հետո, սակայն, նրանք դժվարություն կունենան համոզելու շահառուին, որ ոչ թե գրանտակերությամբ են զբաղված, այլ կարևոր գործով։ Դրա համար, երբ սկսում ես այս անջրպետը լրացնել, համոզում ես դոնորին, որ նա կարևոր գործով է քեզ ֆինանսավորում և դու կարևոր գործ ես անում։ Համոզում ես նրան նաև, որ շահառուն այս գործն այսպես է հասկանում։ Ուրեմն եկեք ճշտենք մեր քաղաքականությունները և ավելի հարմարեցնենք շահառուին։ Դրա համար, չնայած երբեմն պետք է լինում տարբեր ուղերձներ տալ, բայց մեր մտքին պետք է անընդհատ լինի փորձել ճիշտը և լավը միավորել։

Մյուսը։ Մենք կարող ենք հատուկ ժամանակ հատկացնել հետազոտելու համար մի ասպարեզ, օրինակ՝ մասնագետ դառնալ միջազգային որևէ կազմակերպության քաղաքականության մեջ, դառնալ գիտնական և նպատակը պատճառով փոխարինել։ Դա նշանակում է կարդալ գրքեր, հետևել ինտերնետով եկող տեղեկություններին, ունենալ կապեր էքսպերտների հետ, կարծիքներ հայտնել, որ դու էլ արդեն որպես էքսպերտ դիտարկվես, և այլն, և այլն։

Դա հաղորդակցության մի տեսակ է, բայց եթե մարդը պիտի հաղորդագրություն-պատմություն ստեղծի իր արածի վերաբերյալ, բավական ուրիշ իրադրություն է ստեղծվում։ Անգամ, եթե դա դիսերտացիա է։

Այստեղ իրադրությունը հետևյալն է։ Դու ունենում ես ադրենալինի հոսք քո մարմնի մեջ, ստեղծվում է սթրեսային իրադրություն, և դու սկսում ես օգտագործել ցանկացած միջոց քո պատմությունը ստեղծելու համար։ Բնականաբար միջոցները սահմանափակ են։ Այսինքն քար գցելն իմաստ չի ունենա, չնայած կարող է որոշես մի քիչ ֆիզիկական կազդուրվել։ Եթե ֆիզիկական պետք է, ապա ֆիզիկականով ես քեզ հանգստություն տալիս, որ հետո նորից ուղեղդ լարես։ Հիշում ես քո իմացած աշխարհի ամբողջ կոնտեքստը։ Գրում ես ոնց պատահի՝ մոռանալով նախկինում ասածներս։

Առաջին փուլում, երբ սկսում ես մտածել և տեքստը դուրս հանել, օգտագործում ես ցանկացած նյութ։ Cut and paste ես ասնում, «պլագիատ» ես անում, հետո կփոխես։ Այսինքն դու ընկնում ես սթրեսի մեջ և սկսում ես կառուցել նախնական տեքստը, որն անգլերեն կոչվում է blurb։ Խառը-խշտիկ մի ամպամածային ինչ-որ երևույթ։

Դա շատ կարևոր ժամանակ է, որովհետև այդ ընթացքում, երբ դա ես անում, մեջն ամեն տեսակ ավելորդության հետ նաև ապագայի, վերջնական պատմության մարգարիտներն են արդեն գոնե պոտենցիալ կերպով ընդգրկվում։ Դա կարող է ֆիզիկական փուլ չլինել, այսինքն միգուցե դու ոչ թե նստած գրում ես, այլ միգուցե մտածում ես դրա մասին։ Բայց ինչքան դու ազատ եղար այդ փուլում, էնքան կարելի է հույս ունենալ, որ ապագայի մագարիտներն արդեն մտել են այդ blurb-ի մեջ։

Blurb-ն էսպես աձև մի մասսա է։ Էստեղ ընդգծվում է այն, որ ճիշտ ու լավ տեքստ ստեղծելու համար ազատությունը շատ կարևոր է։ Ուրեմն մենք պիտի սովորենք ազատագրվել, մեր ուղեղն ազատենք կարծրատիպերից, ինչ-որ  արգելակներից և այլն, և այլն։ Տեսե՛ք՝ ինչ հետաքրքիր է։ Եթե գրելու ձև կա, ինչպես օրինակ պրոյեկտի դեպքում տրամաբանական աղյուսակն է, դա արդեն դիսցիպլինա է, և արդեն քեզ սահմանափակում է։ Խոսքս պատմության մասին է։ Եթե նախօրոք ես այս ամենը որոշել, դա արդեն սկսում է սահմանափակել։ Այսինքն բացարձակ ազատություն հնարավոր չէ։ Բայց եթե մի պահ քննարկենք, արդյոք այս դեպքում ճիշտ չի՞ լինի պատճառը գրել նպատակի փոխարեն և կամ կրավորականը գրել ով-ի  փոխարեն, կօգնի։ Չնայած որ մենք մեր վերջնական տեսքստն  ուզում ենք ինչ-որ տեսքի ունենալ, բայց սկզբանական շրջանում որքան ավելի ազատ եղար, այնքան լավ, որովհետև դու պիտի ուրվագծես բովանդակային սահմաններն այն պատմության, որը դու ուզում ես վերարտադրել։

Իհարկե, մենք հիմա պիտի խոսենք մարդու ուղեղից, որը դժվար բան է, բայց էստեղ ստեղծվում է հետևյալ իրադրությունը։

Մենք ուննենք կոնտեքստներ։ Այս բառերը, երբ ասվում են, սրանք տարբեր կոնտեքսներից են։ Օրինակ «փաստեր» և «աղբյուրներ» տերմինները մի կոնտեքստ են,  իսկ «վերնագիր» և «նախաբան»՝ մեկ այլ կոնտեքստ է։ Իսկ  «հերոս»՝ երրորդ կոնտեքստը։ Մենք մեր գլխում ունենք հասկացությունների կոնտեքստներ և մենք հասկացությունները հանում ենք այդ կոնտեքստներից։ Ինչպես ասացի, բոլորը միանգամից սկսում են աշխատել, և էսպիսի անտեսանելի և հաճախ անստուգելի պրոցես է տեղի ունենում մեր մեջ։ Մենք սկսում ենք մի կոնտեքստից մի հասկացությունն օգտագործել, մյուս տեղից մյուս հասկացությունը,  և էդպես շարունակ՝ փորձելով ստեղծել մեր նախնական պատմությունը՝ նարատիվը,  գործողությունը։ Հետո կսկսենք մշակել, մտածել, և այլն, և այլն։ Կոնտեսքտների մեջ արդեն դրված են մեր ֆիլտրացիաները, որովհետև ի վերջո ամեն մարդու ամեն կոնտեքստը սահմանափակ է։

Վերջնական պատմությունն ունենալու է մի էնպիսի տեսք, որից երևա, որ տարբեր կոնտեքսներից վերցված մասնիկներ իրար են միացվել։  Սա է լինելու վերջնական արդյունքը։

Կոնտեքստների համադրումը շատ կարևոր է ազդեցիկությունն ավելացնելու համար։ Հիշու՞մ եք մեր հին, շատ պարզունակ բանաձևը. ստեղծագործունեությունը ամենահեռավոր բաներն իրար մոտեցնելն է։ Նախնականը՝ պրոտոկրեացիան։ Կոշիկ և գրիչ, տրամադրություն և փոս։ Ցանկացած երկու, իրարից որքան կարելի է հեռավոր բան իրար միացնելը կոչվում է «պրոտոկրեացիա»։ Այսինքն աբսուրդը, պրովոկացիան, օքսիմոռոնը՝ «սառը տաքություն», դրանք բոլորն արդեն պրոտոկրեացիաներ են։ Այս կոնտեքստների մեջ դա աչք զարնող է։ Եթե ուզում ես պատմությունդ աչք զարնող լինի, դու պիտի տարբեր կոնտեքստներից տարբեր էլեմենտներ վերցնես ու միավորես մի պարզ համակարգի մեջ։ Մի պարզ օրինակ բերեմ մեր գործունեությունից։

ՀԿ Դեպո՝ առաջին օրինակը։ Մեր ծրագիրը կոչվում է Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների Դեպո։ Անգլերեն դա իմաստ ունի՝ Development Program-ից դարձրինք DePo։ Անգլերենում այն (դեպո բառի օրիգինալը) նաև իր վերջում ունի T, իսկ հայերենում «դեպո» բառը ռուսերենից վերցրած է՝ միջազգայինից վերցրած ռուսերենի միջոցով։ Ի վերջո այն ունի նույն ասոցիացիան։ Եթե անծանոթ մարդն է լսում այդ բառակապակցությունը, ի՞նչ արձագանք է նրա մոտ առաջանալու։ Եթե նա այսօրվա Հայաստանի տիպական քաղաքացի է, ապա ՀԿ-ների մասին շատ բան չգիտի։ Դեպոյի մասին լսելիս էլ հիշում է տրամվայի դեպոն։ Կամ առևտուր է արել Դեպո խանութներում Եվրոպայում և այլուր։ Այսինքն «դեպո» բառի իմաստը քիչ թե շատ պատկերացնում է, որ դա միաժամանակ և՛ պահեստ է, և՛ վերանորոգման տարածք։ Միավորելով այս երկու բառերը՝ մենք անում ենք հենց այդ կոշիկի ու գրիչի միավորումը։ Մենք անում ենք հենց այդ տարբեր երկու կոնտեքստների միավորումը։ Մարդու համար ստեղծում ենք կոգնիտիվ ստրես, որ նա սկսի մտածել, թե սա ինչ կարող է նշանակել և որ նրա ուշադրությունը գրավվի և չկարողանա կողքով հենց այնպես անցնել։ Նա կարող է սխալ հասկանալ։ Պետք է գուցե նրան բացատրել, մանրամասները տալ, բայց տարբեր կոնտեքստների միավորման առաջին պահն արդեն այստեղ առկա է։

Վերցնենք մեկ այլ օրինակ նույնպես մեր ծրագրից. ՀԿ Դպրոց։ Մեկ այլ բառակապակցություն, որ մենք օգտագործում ենք ՀԿ Դեպո ծրագրում։ Այստեղ գործում է նույն սկզբունքը։ Չէ, որ պատահական չէ, որ մենք ընտրել ենք ոչ թե «թրեյինգներ», կամ որևէ այլ buzz word։ Դա նշանակում է մի տերմին որևէ ասպարեզից, որը շատ են սկսել օգտագործել  մոդայիկության պատճառով, որի պատճառով այն դարձել է կարծրատիպ և թույլ չի տալիս հասկանալ իրական պատմությունը, թույլ չի տալիս հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։

Ուրեմն «թրեյնինգ» բառը հայերեն ասում են ուսուցում, դասընթաց։ Էլի լավն են հայերեն բառերը, քան անգլերեն «թրեյնինգն» էսօրվա օրով, որովհետև «մարզում»-«թրեյնինգ» բառը շատ կարծրատիպացած վիճակում է։ Ես՝ որպես դոնոր, և  շատ ուրիշ դոնորներ, որոնց ես ճանաչում եմ, տհաճություն կզգան «թրեյնինգ» բառը լսելուց։ «Կրկի՞ն թրեյնինգներ, ուրիշ բան չե՞ք կարողանում անել»։ «Սեմինար» բառը նույնպես։ Չափից դուրս շահարկված հասկացություն է։ Արդեն բազում-բազում տարիներ, ամբողջ աշխարհով մեկ բոլոր ՀԿ-ների կողմից արվել են սեմինարներ, և ունեն էն պրոբլեմը, որ այլևս այդ բառի հետ արդյունքը չի ասոցացվում։ Իսկ արդյոք դրանից ինչ-որ բան փոխվե՞ց, թե ո՞չ. – դա այդ բառի մեջ չկա։

Մենք գրեցինք «ՀԿ Դպրոց» և դրա համար փող ստանալը դժվար էր, երբ ստեղծագործական ես մոտենում։ Որովհետև սա էլ ավելի հնոտի էր հնչում շատերի ականջին։ Շատերն ասում են, որ «դպրոցը դա պետության կամ մասնավոր սեկտորի ինստիտուցիոնալ ուսուցման ձև է, և ինչու՞ եք դուք էս փոքրիկ միջոցներով դա անվանում դպրոց, ո՞րն է դրա դպրոցը»։

Բայց այս ամենի մեջ կա ռացիոնալ հատիկ, որը ցույց է տալիս այս աշխատանքի մեջ մեր հաջողությունը։ Առայժմս։ Գոնե մարդկանց վերաբերմունքի փոփոխության վերաբերյալ, որովհետև «դպրոց» բառը ավելի մտածված, ավելի ռազմավարական ուղղության հասկացություն է տալիս, իսկ ՀԿ-ն՝ արդեն ժամանակակից, մոդեռն, buzz word-ային հասկացությունն է տալիս։ ՀԿ-ն դեռ  buzz word չի դարձել, բայց NGO-ն աշխարհում  buzz word է։ Ուրեմն, նրանց միավորումից ստեղծվում է այդ կոգնիտիվ դիսոնանսը մարդու՝ հաղորդակցությունը ստացողի ուղեղում, որ նրա ուշադրությունը գրավի։

Սա փոքրիկ օրինակներ են նրա, որ մենք ուզում ենք ուշադրությունը գրավել այս քերականության պատմությունը ապտմելիս։ Ուշադրությունը գրավելու միջոցով է կատարվում կարծրատիպերից մարդկանց դուրս բերելը և հաղորդակցության մեջ կարծրատիպից խուսափելը։ Այնքան օտարոտի բան չգրելը, որ մարդը պարզապես չհասկանա կամ ընկնի փակուղու մեջ, փորձելով հասկանալ։ Չենք գրում անիմաստություն, ասենք՝ աբլառաբա, բայց նաև չենք գրում «ՀԿ-ի թրեյնինգին մասնակցեց, պրոյեկտներ արեց և այդպիսով զարգացրեց Հայաստանի քաղաքացիական հասարակությունը»։ Սա բավականին նյարդայնացնող տեքստ կլինի, եթե մենք այս բառերն օգտագործենք, որովհետև բան չի ասում։ Եվ մենք ընտրում ենք բառեր, միավորում ենք իրար բառեր, որոնք կարող են ինչ-որ բան ասել։

Եթե հիշում եք, blurb-ում ամեն ինչ կար, և կային նաև մարգարիտների էմբրիոններ, սաղմեր։ Դեռ մարգարիտները չկան։ Այդ պահին դու գուցե չես էլ մտածում, բայց եթե դու ուղեղդ բացում ես, այսպիսի սաղմեր, ինչպես օրինակ «ՀԿ-դպրոց» և այլն, նման մարգարիտներ այնտեղ կլինեն, բայց դրա համար այս քերականության մասին պետք է մտածել կոլեկտիվ ձևով՝ մտագրոհների միջոցով։

Իսկական մտագրոհի կանոններից մեկն այն է, որ արտահայտված մտքերից ոչ մեկի վերաբերյալ սկզբում քննադատություն չպիտի է լինի։ Մտագրոհի առաջին մասում յուրաքանչյուրն ասում է գաղափար առանց քննադատական մոտեցման։ Հետո են սկսում ֆիլտրել, մարգարիտները բաժանել ու առանձնացնել։

Երբ մենք ստեղծում էինք Դեպոյի հասկացությունը, ՀԿ դպրոցի հասկացությունը, մեր կոլեգաների հետ ՀԱՄԱՏԵՂ ծրագրի հասկացությունը, «Ինֆոտուն», «Մարդամեջ», – դրանք բոլորը մտագրոհի հետզհետե ֆիլտրված հասկացություններ են։ Ստեղծել ենք նաև «Գործիք» բառը։ Տեսե՛ք՝ ինչ հետաքրքիր է։ Դա հպարտանալու բան է։ Եթե մենք մի բառ ենք մտցնում, մի տերմին, մի հասկացություն, մի պատմություն (որովհետև այդ բառերը միշտ պատմության հետ են ասոցացվում, որոնք ազդում են մեր հասարակության վրա), և ուրիշ մարդիկ են սկսում օգտագործել՝ ապա դա հպարտանալու բան է։

Դրա համար միշտ պետք է ուշադիր լինել, թե աշխարհում ինչ նոր բառեր են ատեղծվում։ Մի տասնհինգ տարի առաջ ստեղծվեց  crowd-sourcing բառը, որից հետո առաջացավ crowd-funding-ը։ Crowd-sourcing-ը իր հերթին ստեղծվեց կոմպյուտերային մասնագետների համակարգերում, որոնք աշխարհի տարբեր տեղերում էին նստած և սկսեցին միասին աշխատել։ Իրենք իրենց անվանեցին  crowd-sourcing։ Դրանից հետո ստեղվեց crowd-funding հասկացությունը։ Դրանք աշխարհը փոխող հասկացություններ են։

Մենք էլ մեր փոքրիկ դերով՝ տեսնելով, որ ինչ-որ ժամանակ մեր իռլանդացի գործընկերները ստեղծեցին «երիտասարդական բանկ» հասկացությունը՝ մենք այն փոխառեցինք: Ընդ որում «բանկն» այստեղ ոչ թե փողի մասին է, այլ գաղափարի։ Մենք էլ ստեղծեցինք «ինֆոտուն» հասկացությունը։ Շատ գեղեցիկ, ինչ-որ չափով աշխատում է, հեշտ հասկանալի է։ Նույն այս համակարգին է վերաբերում (հաղորդելի գաղափարի). ավելի  թեթև, ավելի սիրելի, ավելի ընկալելի։ Ինֆո-ն ավելի ավանդական բառ է, քան ՀԿ-ն։ Հասկանալի է, որ երևի թե ինչ-որ տեղ է, որ ասենք… Պատկերացրեք, թե իմ հայրիկն ինչպես դա կընկալեր։ Նա կպատկերացներ մի փոքրիկ սենյակ սովետական ֆիլմերից պատերազմի մասին, մի землянка, որտեղ  радист-ներ են նստած և հաղորդագրություններ են ստանում, ուղարկում. «ինֆոտուն»։ Շատ ավելի գեղեցիկ բառ, քան «ռեսուրս կենտրոն»։

Ընդ որում, չնայած ես քննադատական եմ ասում, պետք է սակայն հաշվի առնել, որ սրանք (ասենք «ռեսուրս կենտրոնը») հսկայական գիտական նշանակություն ունեցող բառեր են։ Միջազգային կամզակերպություններն այդ բառերը ստեղծել են ոչ թե հենց այնպես։ Այսինքն իրենց կոնտեքստում դա շատ կարևոր է, բայց եթե մենք սկսենք ասել «ռեսուրս կենտրոն», նորմալ մարդը չի հասկանա, թե դա ինչ է։ Պատմության մեջ օգտագործելուց պետք է խուսափել։ Նման տերմիններ կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ դու այս տերմինաբանության վերաբերյալ ուզում ես ուսուցանել հաղորդագրության հասցեատիրոջը, սովորեցնել նրան, որ նա հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Այլապես պետք է պատմել այնպես, որպեսզի հասցեատիրոջ համար հեշտ ընկալելի ու հասկանալի տեքստ լինի։

Ի միջի այլոց, այս բառերից խուսափելն ունի երկու նպատակ։ Մեկն այն է, որ դրանք չի հասկանա մեր առաջին խումբը՝ շահառուները, լայն իմաստով։ Մյուսն այն է, որ մեր երկրորդ խումբն արդեն տեղյակ է, նրանք գիտեն դրանց նշանակությունը։ Իրենք էլ արդեն հոգնած են այդ կարծրատիպերից։ Երկու դեպքում էլ դրանցից պետք է և կարելի է խուսափել։

Գայանե 0։52։15 resource-center բառն էլ, որ ստեղծվել է, հենց էդպես է ստեղծվել։

Գևորգ 0։52։23 Դա հայտնագործություն է եղել։ Բերել գյուղում, դնել մի տեղ, որտեղ կա կոմպյուտեր, ինտերնետային կապ, գրադարաններ, որոնք կործանվել էին ասենք, ինչ-որ երկրի փլվելուց հետո, հավաքել մնացած գրքերը ու բերել մի տեղ, իրավաբան նստեցնել, և այլն, և այլն։ Իսկական ռեսուրս կենտրոն ստեղծելը ժամանակին եղել է շատ կարևոր բան միջազգային զարգացման համար։

Անցնենք մյուս մասին։ Ինչպես տեսնում եք, սկսում ենք կամաց-կամաց տեքստի բաղադրիչների մասին խոսել, հետո դրանք պիտի միավորենք։ Մենք շատ ենք խոսում երկրորդ մտածողության[1] մասին։ Հենց այն պահից, երբ որ այս blurb-ը պիտի ենթարկվի քննադատական վերլուծության, միայն այդ պահից է ներս մտնում երկրորդ մտածողությունը։ Մինչ այդ պետք չէ, որովհետև մենք ուզում ենք, որ մեր պատմությունն ունենա հուզականության էլեմենտներ։ Մինչ այդ պետք է ազատություն տալ։ Երկրորդ մտածողությունը միշտ կապված է անազատության հետ, դիսցիպլինայի, շատ ուժեղ զսպելու ու շատ ծանր աշխատանքի հետ։ Համեմատել՝ ո՛ր գաղափարն է ավելի լավը։ Ա՞յս մեկը, թե՞ այն մեկը։ Երկրորդ մտածողության միջոցով նյութը ֆիլտրացիա անելիս սկսում ես որոշումներ կայացնել, թե ինչը ինչպես դասավորել և որտեղ դասավորել։  Այստեղ քեզ մոտ ընտրության ժամանակ հաճախ աշխատում է այն սկզբունքը, որ դու պիտի ցույց տաս, թե նպատակը և արդյունքը ո՛րն է։

Դիսցիպլինայի մեկ այլ հանգամանքն այն է, որ blurb-ը սահմանափակում չունի։ Իսկ վերջնական պատմությունը, լինի դա հաշվետվություն, թե մեկ այլ բան, դու գիտես, թեպետ դրսից դրված սահմանափակում չի դրված, բայց դու պիտի աշխատես սահմանափակել և դարձնես ամենաէֆեկտիվը։ Քիչ միջոցներով, քիչ բառերով, քիչ հասկացություններով շատ բան արտահայտես, բայց ոչ թե որպես ինքնանպատակ, այլ արտահայտես հենց այն, ինչ պետք է։

Դրա մեջ նաև երբեմն մտնում է քչով քիչը արտահայտել։ Նույնիսկ երբեմն կարող է մտնել շատով քիչն արտահայտելը: Օրինակ երբ դու ուզում ես մեկ անգամ ևս արտահայտել, թե ինչի մասին է խոսքը. կրկնում ես նույն միտքը։ Դա նաև անվանում են протопт, протоптать։ Այսինքն արահետով մեկն անցավ, մյուսն անցավ, ոտնահետքերը խորացան և դարձավ արահետ։ Ուրեմն էդ հարաբերակցությունն ընդհանուր առումով, ամբողջ պատմության տեսակետից տնտեսական գործոնը պիտի գործի։ Այսինքն դու պիտի տնտեսես միջոցները, աշխատես քիչ միջոցներով շատ բան արտահայտել, բայց ներսում արդեն կարող է լինել դեպք, երբ քչով շատ ես արտահայտում, շատով քիչ ես արտահայտում, շատով՝ շատ, քչով՝ քիչ։ Այդ ամեն ինչն արվում ա երկրորդ մտածողության ընթացքում։

Գայանե 56։19 Իսկ պարզության և բարդության տեսակի՞ց։

Գևորգ 56։22 Այ դա ավաղ, նույնպես, մեր խորհրդային ինտելիգենցիայի ստացած մեսիջներից մեկն էր, որ «եկեք հասկանալի չլինենք»։ Մեր իդեալը եղել է Ջեյմս Ջոյսը, և ընդ որում ոչ թե նրա «Ուլիսը», այլ «Ֆիննեգանի հուղարկավորությունն» անավարտ գործը՝ աշխարհի ամենադժվար ընթեռնելի գործը։ Եվ մինչև հիմա մենք՝ հայերս և ետխորհրդային ինտելիգենցիան, սիրում ենք բարդությունը և նույնիսկ ափսոսում ենք, որ «ինտերնետի և կլիպային մտածողության պատճառով մարդիկ վեպ չեն կարդում, գրքեր չեն կարդում» և այլն, և այլն։

Իհարկե, ինչքան մարդ շատ բարդություն կարողացավ ընկալել, անհատապես նա շատ ավելի զարգացած անձնավորություն կլինի։ Այդտեղ հարց չկա: Բայց եթե դու հաղորդագրություն ես տալիս և շատ քիչ միջոցով ուզում ես շատ բան արտահայտել, այդ բարդությունը շատ հաճախ դառնում է անընկալելի։ Հիշում ե՞ք  այն վրացական անեկդոտը, որ մեկը տխուր ասում է, որ իր տղան հեռագիր է ուղարկել Մոսկվայից։ Մյուսը հարցնում է, թե ինչ է գրել։ Ասում է՝ գրել է՝ «Հայրիկ, փո՛ղ ուղարկիր»։ Ասում է՝ «Բա ինչի՞ ես տխրել, երևի տղադ փող չունի, ուղարկի՛ր մի քիչ փող»։ Պատասխանում է. «Չէ՞ր կարող գրել՝ հայրի՜կ, փո՜ղ ուղարկիր»։ Իմաստը կորում է, եթե ինտոնացիան սխալ է դրվում։

Ուրեմն ճիշտ հարաբերակցությունը (ձևի, ոճի և բովանդակության միջև) շատ կարևոր հանգամանք է։

Իհարկե մենք պիտի սովորենք, մենք շատ պատմություններ ենք պատմելու: Մենք անընդհատ պատմություններ ենք պատմում։

Մենք միշտ սկսում ենք մի պահից, երբ պատմություն պատմելը գիտենք մեր կյանքից։ Այսինքն մենք պիտի վերացնենք թերությունները։ Եթե մենք կրավորականն ենք օգտագործում, պիտի դա վերցնենք։ Պիտի վերացնենք նաև ավելորդ բառերը։ Երբ տեքստը պատրաստ է, նայում ես և ինչքան հնարավոր է կրճատում ավելորդ բառերը։ Նույնիսկ մեկ-երկու հատ ոչ ավելորդ բառ կարելի է կրճատել, և նայել արդյոք իմաստը փոխվեց, թե՞ ոչ։ Դա Յուլիան Սեմյոնովն էր խորհուրդ տալիս։ Ասում էր՝ «Ամեն էջդ գրելուց հետո անպայման մի նախադասություն կրճատի»։ Կապ չունի՝ կարևոր էր, կարևոր չէր, պետք էր, պետք չէր։ Ու շատ լավ էր ստացվում։ Նա պրոֆեսիոնալ ժուռնալիստ էր։

Բացի դրանից, մեր դեպքում այդ ճիշտ հարաբերակցությունը գտնելը շատ կարևոր է, քանի որ մենք պատմություններ ենք պատմում և ուզում ենք դրանք անվանել «հաջողության պատմություններ»։ Չնայած սրա մեջ էլ կա որոշակի երեսպաշտություն, որովհետև ինչու պիտի լինեն միայն հաջողության պատմություններ, իսկ ուր մնացին անհաջողության պատմությունները։ Մենք ավելի շուտ ոչ թե ուզում ենք հաջողության պատմություններ պատմել, այլ «ազդեցության պատմություններ» պատմել։

Որպեսզի լավ ազդեցության պատմություններ կարողանանք պատմել, մենք պիտի լավ գործ ունենանք արած, կարողանանք լավ գործ անել և կարողանանք այդ ազդեցությունն ընկալել, գտնել, տեսնել, նկատել, վերցնել։ Այլապես, եթե չենք կարողանա, սուտ կլինի մեր պատմածը։ Կդառնա սուտ ազդեցության պատմություն։

Շատ հաճախ, շատ ծրագիր անողներ, որոնք այդ հարցով չեն զբաղվել, հանդիպում են այդ խնդրին։ Նրանք արեցին տասը հատ թրեյնինգ, թվում է, թե բոլորը մասնակցեցին, սակայն Հայաստանում բան չփոխվեց։ Երկրորդ սերունդն արեց, էլի բան չփովխեց։ Բոլորը զեկուցում էին հաջողության պատմություններ։ Թրեյնինգները շատ լավ են արվել, բայց ոչինչ չի փոխվում։ Ինչու՞մն է բանը։ Երևի ինչ-որ բան սխալ է արվել ծրագրավորելիս, իրագործելիս։ Չես մտածել, իսկ ինչու՞մն է քո հաջողությունը։ Բայց ավելի լավ է մտածել, թե ո՛րն է ազդեցությունը, այլ ոչ թե հաջողությունը, որովհետև եթե դու քեզ տրամադրում ես հաջողության, ինչը վատ բան չի, դու սկզբից պիտի ունենաս սա (պլանը), հետո՝ հավաքագրես սա (դեպքեր, օրինակներ)։

Ուրեմն ազդեցության պատմություն ստեղծելիս մենք պիտի ունենանք հետևյալ կարևոր հանգամանքները մեր պատմության մեջ։ Մենք գիտենք, որ աշխարհը թերահավատներից է բաղկացած։ Այսինքն կլինեն մեր հաղորդագրությունների այնպիսի հասցեատերեր, որոնց համար մեկ կլինի, թե մենք ինչ կասենք։

Էդ մեկն էլ լինում է երկու տեսակի։  Մեկը՝ «ես սովորեցի, նայեցի, ինձ չհետաքրքրեց, ես մի կողմ դրեցի»։ Մյուսը՝ «ես հաշվետվություն ստանալու պատասխանատում եմ, ստացա, իմ մոտ նշեցի, որ ստացա, և կրկին մի կողմ դրեցի»։ Անտարբերության այդ երկու դեպքն էլ գոյություն ունի։ Մեկն այն է, որ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Մյուսը՝ ես ստանալու համար էի ուզում։

Մնացած բոլոր դեպքերում շահառուն կամ դոնորը՝ քաղաքականություն որոշողը, մեր հասցեատերերի երկու կատեգորիաներն էլ՝ շահագրգռված են կարդալ, ծանոթանալ, լսել։ Իրենք հենց այնպես չեն ապրում։ Եթե մենք նրանց համար տեքստ ենք գրում, ավելի լավ է որ այնտեղ լինի մի բան, որտեղ իրոք կարդալու բան կա, ոչ թե մի բան, որտեղ դատարկություն է, նայում ես, չես էլ ուզում ձեռքդ վերցնես։

Եկեք չմոռանանք նաև, որ պետք չէ նկարով փոխարինել պատմությունը։ Դա իհարկե շատ լավ բան է, աչք զարնող, բայց դա փաթեթավորման պահ է։ Պիտի լինի անպայման պատմություն և պիտի լինի անպայման ազդեցության պատմություն։ Ովը պետք է պարտադիր լինի, նպատակը պիտի պարտադիր լինի, արդյունքը կամ դեպի արդյունք ուղղվածությունը պիտի անպայման լինի։

Իսկ ի՞նչն է, որ մենք տեքստի մեջ պիտի անպայմանորեն արտահայտենք, բացի դրանից։ Դա արդյունքին վերաբերող թաշախուստն է։ Ապացույցը ևս շատ կարևոր է և պիտի լինի, ընդ որում մենք չենք խոսում հարյուր տոկոսանոց արդյունքի մասին: Բայց ես ասացի, որ աշխարհը թերահավատներից է բաղկացած։ Հասցեատերը պատրաստ է ընկալել քո պատմությունը, բայց նրան պետք է ապացույց, բայց ոչ թե իրական ապացույց թեորեմի, կամ էքսպերիմենտալ ֆիզիկական փորձի, այլ ոճ, որը ցույց է տալի ապացույցի ուղղությունը, այսինքն երբ դու հաղորդագրությունը տալիս ես հասցեատիրոջը, նա այստեղ ուզում է ստանալ մի ազդանշան, որն իր մոտ ասոցացվում է ճիշտ ապացույցի հետ։ Դու պարտավոր չես իրականում ապացուցել, որ փոփոխություն է տեղի ունեցել քո դասընթացն անցած շահառուների ուղեղներում  և վարվեցողությունում։ Բայց որ դու դրան էիր ձգտում՝ դու պարտավոր ես ցույց տալ։ Հիմնականում ապացույցը միշտ կիսատ է, որովհետև մեծ փոփոխությունը տեսնելու համար երկար ժամանակ պետք է անցնի։ Սա վերաբերում է ոչ միայն ծրագրերին և հաշվետվություններին կամ ծրագրերի վերաբերյալ հաղորդագրություններին։ Սա վերաբերում է ցանկացած տեքստին։

Քեզ պետք է ապացույց։ Եթե ինձ ասում են, որ, ասենք, թե Եղիշե Չարենցը, իրեն բռնելու (կալանավորելու) ժամանակ, շուռ եկավ և կնոջն ասաց՝ «Կորիր այստեղից, անպիտան», ինձ կթվա, որ ինչ-որ մեկը դա հորինել է։ Ինչքան էլ որ Չարենցը հակասական կերպար է եղել կյանքում, բայց եթե եկել են ՉԵԿԱ-ից, որ նրան տանեն գնդակահարության, (հազիվ թե նա այդպես պահած լինի իրեն)…

Պիտի հավաստիություն լինի ցանկացած պատմության մեջ։ Նույնիսկ ֆանտաստիկ երևակայական պատմության մեջ կա հավաստիության հանգամանքը։ Այդ հավաստիությունը մակաբերելու համար տեքստը պիտի ունենա որոշակի տեղ, որը կարելի է անվանել «հավաստիության ազդանշաններ» կամ «հավաստիության նշաններ», որոնք եթե իրական լինեին, կլինեին իրական ապացույց։

Հիմա մենք կարող ենք արդեն շատ մոտավորապես կազմավորել տեքստի կառուցվածքը։ Չխորանամ շատ, բայց անպայման ինչ-որ վերնագիր պիտի լինի։ Այս «քերականությունն» անցնում է ամբողջի միջով։ Ուրեմն պատմություն (իր «քերականությամբ» հանդերձ), հավաստիության նշաններ, ապացույց, ուշադրություն գրավող կոմպոնենտներ, այդ օքսիմորոնները, տարբեր կոնտեքստենրից իրար մոտեցրած հասկացությունները…

Հավաստիության նշանները սովորաբար լինում են մի քանի տեսակի։ Նշենք դրանցից ամենակարևորները՝ թիվ և օրինակ։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել նրա վրա, որ մարդկությունն այլ ձև չի հայտնաբերել, այլ ձև չի գտել որևէ բանում համոզված լինելու համար։

Տեսե՛ք. «Ես արեցի հետևյալ ֆիզիկական էքսպերիմենտը և հարյուր տոկոսով համոզվեցի, որ այսինչ ֆիզիկական պրոցեսն այսպես է տեղի ունենում։ Իմ գործընկերը Ճապոնիայում նույնպես արեց այդ ֆիզիկական փորձը և նույնպես համոզվեց։ Nature ամսագիրը հրապարակեց մեր հոդվածները և մենք ստացանք Նոբելյան մրցանակ»։

Շատ լավ։ Աշխարհի մնացած բոլոր 6-7 միլիարդ մարդկությունը պիտի հավատան։ Նույնիսկ եթե այդ էքսպերիմենտը ևս տասը-քսան հոգի կրկնի, ընդամենը այդքան մարդ է կրկնելու։ Մնում է, որ մնացած բոլորը հավատան։ Իսկ հավատալու համար պետք է, որ թվերն ու տվյալները ճիշտ լինեն մեր հրապարակման մեջ։ Գիտության համար դա է պետք, որ մյուս գիտնականը կարդա, չկրկնի ու ասի՝ «այո, եթե էսպես անեին, երևի էսպես կլիներ, որովհետև հավաստիությունը դրա մեջ մեծ է»։

Իսկ արդեն ոչ գիտական տեքստի դեպքում շատ կարևոր է օրինակը։ Մենք բոլորս, մարդիկ, բոլորն ի վերջո պատմություններ են պատմում։ Մեր ամբողջ աշխատանքը պատմություններ պատմելով է հայտնի դառնում։ Ուրիշ ոչ մի բանով։

Ուրեմն մարդը կամ հավատում է թվերին, բանաձևերին, ապացույցների ճշգրիտ տարատեսակներին, ասենք սիլոգիզմին:

(Որ եթե, ասենք, «բոլոր ագռավները սև են և այս թռչունն ագռավ է՝ ապա նա նույնպես սև է»… Բայց դա սխալ սիլոգիզմ է։ Բայց տեսքը ճիշտ է: Ու դրանից սկսվում է մանիպուլիացիան՝ երբ ճիշտ տեսքի սիլոգիզմով սխալ գաղափար ես արտահայտում։ Դա մեր մյուս դպրոցի նյութերից է՝ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի և քննադատական մտածողության։)

Բայց դու պիտի օգտագործես թիվ, բանաձև տվյալ, օրինակ, կյանքի օրինակ. որ մարդուն համոզիչ լինի։

Ուրիշ ի՞նչ ձև կա համոզելու, որ ասածը հավաստի է։ Մյուս ձևը հեղինակությունն է։ Դրա վրա է աշխարհը հիմնված։ Դրա համար մենք ասում ենք, որ «այսինչ քաղաքական նշանակալի անձը կամ գրասենյակը կարծիք հայտնեց»։ Ասենք որևէ դեսպան կարծիք հայտնեց, որ այս ծրագիրը լավն էր։ Դա ավելի նշանակալի է հնչում։ Մարդը սովոր է իր սոցիոլոգիայի մեջ, իր կյանքի մեջ հեղինակություններին հարգել, լսել, հավատալ և վստահել։

Ուրեմն աշխարհում կա երեք ձև արգումենտի։ Ուրիշ ձև չկա։ Տվյալներ, որի մեջ մտնում է թիվ, բանաձև և այլն… Թիվ-տվյալ, բանաձև և հեղինակություն։ Ուրիշ ձև ինչ-որ բան ապացուցելու համար՝ ուրիշ ձև գոյություն չունի։ Մնացած բոլոր ապացույցները, որ ասենք «այսինչ բանը հենց այդպես է եղել», երևի միայն շատ քիչ մարդկանց համար է կասկածելի, մնացած բոլորը հավատում են դրան։ Իհարկե, այս երեք ձևերն էլ շատ հաճախ օգտագործվում են մանիպուլիացիայի համար ևս։ Ասենք, հեղինակությանը վերագրում են սուտ խոսք կամ հեղինակությանը խնդրում են, որ ասի սուտ բան, որ մարդկանց համոզեն։ Օրինակը հորինում են կամ սխալ բանաձևի մեջ սուտ տվյալ են դնում՝ սխալ է ստացվում, բայց թվում է, թե ճիշտ է։

Գայանե 1։10։45 Բայց մի բան էլ կա։ Դա համեմատությունն է և փորձադաշտի առկայությունը։ Այսինքն դու կարող ես մի բան ապացուցել, եթե ցույց ես տալիս նախկինում դրա վիճակը և փոփոխված վիճակը։

Գևորգ 1։10։58 Դա պատմության ձև ես պատմում հիմա։ Շատ լավ։ Դա նույն իմ ասածի մի քիչ ձևափոխված տարբերակն է։ Փորձադաշտի առկայությունն ի վերջո վերաբերում է գիտականին և հումանիտարին։ Իմ  ասած ապացույցների ձևերը կարելի է բաժանել նաև երեք ոճերի՝ գիտական, հումանիտար և սոցիոլոգիական ոճ։ Սոցիոլոգիական ոճն ասում է. մեր պապերը միշտ այսպես են արել, ուրեմն ճիշտ է, որ մենք էլ այդպես անենք։ Հումանիտար ոճն այն է, որ դու ասում ես, ասենք թե, «մեր երկրում այս վերջերս բոլոր վարորդները սկսել են խախտել կանոնները։ Օրինակ, ես երեկ անցնում էի փողոցը, և քիչ մնաց ինձ գցեին ավտոմեքենայի տակ»։ Այսինքն դու օրինակ ես բերում՝ անելով անհարկի ընդհանրացում, բայց հասկանալի է, թե ինչու, որովհետև աչքդ վախեցած է։ Այսինքն դա հումանիտար ոճն է։ Թիվ, տվյալ, բանաձևը գիտական ոճն է։ Դա կարող է լինել փսևդոգիտական կամ իրական։ Ուրեմն ապացույցը տեքստի մեջ դնելը կամ դրա նշանը դնելը կարևորագույն  ձևերից մեկն է։ Ինձ թվում է ես գրեթե ավարտեցի։

Ուրեմն, վերնագիր, պատմության էությունը՝ առաջին մակարդակ, հավաստիության նշանները, ուշադրություն գրավող ոճը։ Սկիզբ, վերջ և ձևավորում։ Այստեղ ուշադրություն գրավողը՝ lead-ը, շատ կարևոր է, որ հենց սկզբից ուշադրություն գրավի։ Հայտնի բան է, որ ինչ տեքստ էլ լինի, եթե առաջին պարբերությունը կարդում ես և մեջդ հետո կարդալու ձգողականություն չի առաջանում, շատ մեծ հավանականություն կա, որ հետ կդնես։

Պետք է հիշել, որ սրանք պարզունակություններ չեն։ Էստեղ կա մի трюк։ Կարող է լինել մի հանճարեղ տեքստ սարքող, որը հատուկ ձանձրալի առաջին պարբերություններ է անում ու եթե դու կարդաս, դու կզգաս, որ մի բան էն չի, նա հատուկ ձանձրալի է արել, դրա համար եկեք շարունակենք։ Այսինքն էդ ամեն ինչի հետ կարելի է խաղալ, բայց գաղափարն այն է, որ դու սկզբի մեջ դնում ես lead-ը՝ ամենաքաշող պահը։ Օրինակ, «Տուն վերադառնալով՝ այսինչ ասպարեզի նախարարն ասաց իր տղային, որ հրաժարվում է իր պաշտոնից»։ Դրանով սկսվում է հաղորդագրությունը, և ոչ թե մեդիայի ինչ-որ լուր է, այլ մեր հաշվետվությունը, որովհետև մենք հավաքվեցինք, քննարկեցինք և պարզվեց, որ նրա ամբողջ քաղաքականությունը սխալ է վարվել մինչև այսօր։ Մենք՝ ՀԿ-ներս, մեր ծրագրի սահմաններում, այսքան հոգով, այսքան անգամ (նրա ուշադրությունը սևեռեցինք դրա վրա և նա վերջապես հրաժարական տվեց), և այլն, և այլն։

Այսինքն պետք է գտնել լավ սկիզբ, պետք է գտնել համոզիչ ուշադրություն գրավող տարրեր, պետք է գտնել ու ներդնել հավաստիության նշաններ, պետք է անպայման լինի նպատակը և շարժումը դեպի արդյունք։ Այսքանով ավարտեցի։

Շնորհակալություն

Սղագրությունը կատարեց Ռոբերտ Ղազինյան

Սղագրության ավարտը 18.05.2016

 

[1] Գևորգ Տեր-Գաբրիելյան, «Պրոտոկոլ երկրորդ մտածողության» (2014)

 

impact-story-telling_part-1_rev

 

 

Print Friendly