Խաղաղարարություն. Գևորգ Տեր-Գաբրիելյան (Jam Session 1)

Հաշվի առնելով խաղաղարարության կարևորությունը և այդ թեմայի շուրջ խոսակցությունների վերսկսման անհրաժեշտությունը, ձեզ ենք ներկայացնում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից պատրաստված տեսանյութն իր սղագրության հետ։

Տեսանյութի սղագրություն

(Թեմա.) նոր պայմաններում` ապրիլյան իրադարձություններից հետո, «խաղարարարություն» հասկացության վերաիմաստավորումը: Ընդ որում պետք է ասեմ, որ մինչև նոր պայմաններն էլ այս հասկացությունը այդքան էլ հաճախ չէր իմաստավորվում կամ վերաիմաստավորվում: Բայց մարդիկ, որ սովորում են ինչ-որ ասպարեզում աշխատել կամ գործ անել, իրենց հաճախ հարց չեն տալիս, թե ինչու՞ են այդ գործն անում կամ ինչու՞ են իրենք գտնվում տվյալ ասպարեզում: Մյուս կողմից, իհարկե, կա խաղաղարարության մասին շատ գրականություն, հետազոտություններ, մենք այստեղ ունենք մարդիկ, ովքեր մասնագետ են այդ ասպարեզում: Չնայած դրան` ես երբ փորձում եմ այս հարցերի մասին խոսել, մանավանդ հիմա, կամ նույնիսկ եթե այս նոր իրադրությունը չլիներ, մի քիչ զգում եմ այն անեկդոտի պես. հոգեբանը հարցնում է, եթե դու մորուք ունես, գիշերը ո՞նց ես քնում, մորուքը վերմակի վրա ես դնում, թե վերմակի տակ: Ու այդ մարդը դադարում է գիշերը քնել կարողանալ: Կամ այն անեկդոտը, որում քառասունոտնուկին հարց տվեցին, թե դու ո՞ր ոտքից ես սկսում քայլել, որից հետո նա այլևս չկարողացավ քայլել, որովհետև սկսեց մտածել, թե ո՛ր ոտքից է սկսում քայլել: Այսինքն` ինձ թվում է այդ խաղաղարարության ասպարեզում, իհարկե, ոչ միայն մեզ մոտ, բայց ես մեր շրջապատի մասին եմ խոսում, մեր գործընկերները, շատ-շատերը, ես նույնպես, մեծ մասամբ գործել ենք բնազդով, որովհետև գիր-գրականությունն առանձնապես չի օգնում, երբ դու պիտի կոնկրետ ինչ-որ գործունեության մեջ մտնես: Հիմա այդ բնազդը փորձել ձևակերպել ինչ-որ չափով բավական դժվար առաջադրանք է, և ես ինձ վստահ չեմ զգում: Սա ևս խաղաղարարների ինչ-որ բնութագիր է: Եթե հիշում եք Մարտին Հոնիվելի հետ խոսակցությունը՝ խաղաղարարները մեծ մասամբ իրենց վստահ չեն զգում: Նրանք միշտ ասում են, «մենք ավելի շատ սովորեցինք, ավելի շատ ստացանք պրոցեսում աշխատելիս, քան տվեցինք, օգնեցինք»: Շահառուներին ասում են` «ձեր ձեռքում է հարցերի լուծումը», և այլն:

Սկսեմ այս առաջաբանից հետո: Ամբողջ ելույթն ունի մոտավորապես տասը խոշոր կետ կամ գլուխ: Գլուխ առ գլուխ առաջ շարժվենք: Կրկին հարց է առաջանում, թե ո՞ր հարցից կարելի է սկսել: Հաճախ սկսում են այն հարցից, թե ո՛րն է խաղաղությունը: Ես ուզում եմ դրանից չսկսել: Սկսում են այն հարցից, թե ո՛վ է խաղարարը։ Դա ինձ մոտ բավական մոտիկ է, երկրորդ հարցն է։ Առաջին հարցը, որից ես ուզում եմ սկսել, այն է, թե ինչու՞ պաշտոնական բանակցային պրոցեսը չի հաջողվում:

Շատ տրիվիալ հարց է, որի վերաբերյալ ավելի շատ կոնսենսուս կա, քան այլ հարցերի վերաբերյալ: Բայց կրկնեմ, որ իմ ամեն ասելիքն իմ անձնական կարծիքն է: Գուցեև հաստատված է ինչ-որ հետազոտություններով, բայց սա կարծիք է: Խաղաղարարության տեսությունը շատ ուժեղ ազդվել է պարոն Ջոն Պոլ Լեդերախի կողմից և արտահայտվում է այս հանրահայտ եռանկյունու միջոցով: Հաճախ հայկական, հայ-ադրբեջանական խաղաղարարության պրոցեսը երևի առանձնապես չի տարբերվում դրանից: Փաստորեն, այստեղ՝ գագաթին, գտնվում են երկու անձ, որոնք դրանով զբաղվում են, վերևները: Իրականում, իհարկե, այս եռանկյունիները գոյություն չունեն, այսպես չեն: Եվ իրականում ասելով` ես նկատի ունեմ մի քանի իմաստով իրականում (օր. իրականում` տեսականորեն, իրականում` աշխարհի զարգացման պահի տեսանկյունից և իրականում` փաստացիորեն):

Ինչպիսի՞ն է վիճակը: Վիճակն այնպիսին է, որ պիտի պատկերացնենք, որ այստեղ գագաթին ինչ-որ մեկը գտնվում է, թեկուզ` ոչ մեկ անձ, որն իր ձեռքում ունի այն, ինչ անվանում ենք քաղաքական իշխանություն: Դրա մեջ մտնում է, եթե շատ կարճ ձևակերպենք, ուժ, որը կարողություն է ստիպել մնացած ողջ եռանկյունուն անել որոշակի քայլեր: Բայց այստեղ (մեկ այլ եռանկյունու գագաթին, եռանկյունի, որը չի համընկնում նախորդին), հավանաբար, կա մեկ այլ շեֆ կամ շեֆերի խումբ: Այստեղ կա, երևի, մեկ ուրիշ շեֆ կամ շեֆերի խումբ և այլն (եռանկյունու վրա հայտնվում են այլ փոքր եռանկյունիներ):

Այսինքն` սա շատ ավելի բազմազան եռանկյունիներից կազմված իրադրություն է: Մեկը, օրինակ, ստեղծագործականության էլիտան է իր ստեղծագործականության բազայով և իր հետնորդներով: Մյուսը, օրինակ, ինտելեկտուալիզմի էլիտան է իր ինտելեկտուալիզմի իշխանությամբ և իր հետնորդներով: Մյուսը` մարդու իրավունքների, և այլն:

Այն փաստը, որ վերևից ամբողջ եռանկյունին իշխվում է, իրականում գոյություն չունի, չնայած չի կարելի, իրականությունից ելնելով, հերքել այն փաստը, որ եթե նա (գագաթը) ուզի՝ նա շատ վնաս կարող է իրագործել: Բայց արդյո՞ք հրամանին եռանկյունին ենթարկվում է, և ի՞նչ ձևով է ենթարկվում: Եվ արդյո՞ք գագաթի ազդեցությունն ամբողջ բուրգի վրա ինչպիսին է, շատ հարցական է: Եթե վերադառնանք միայն եռանկյունային իրադրությանը, ապա կարող ենք ասել, որ պատճառներից մեկը, թե ինչու՛ չի ստացվում այս պրոցեսը, այն է, որ գագաթին շատ մոտիկ կա կտրվածություն մնացածից։

Միքայե´լ, խնդրեմ:

Միքայել 7։22  Ընթացքը հասկանալու համար ես ուզում եմ իմանալ, թե փոքրերն ինչու՞ են եռանկյունի:  

Գևորգ 7։28 Որովհետև, եթե մենք վերցնում ենք առաջնորդային խումբ և նրանց հետնորդներ տարատեսակը, միշտ կարելի է որոշակի հիերարխիայի միջոցով ցույց տալ: Ի վերջո այս եռանկյունիների քանակն այնքան պետք է լինի, որ դրանք դառնան մի ինչ-որ այլ ձևի պատկեր իր ամբողջության մեջ: Պայմանականություն է քիչ թե շատ, բայց այն փաստը, որ կա ավելի ակտիվ մարդու իրավունքների պաշտպանող, որն ավելի մեծ ազդեցություն ունի մյուս մարդու իրավունքների պաշտպանների վրա, քան նրանք, որոնք այդ մյուսն են, միշտ կա այդպիսի հիերարխիա, պաշտոնապես հստակված, թե ոչ, բայց՝ կա: Պետության մեջ դա համարվում է պաշտոնապես հստակված, բայց մենք էլ գիտենք, որ կարող է լինել մի բաժնի վարիչ մի որևէ նախարարությունում, որն ավելի մեծ հեղինակություն ունի, քան նրա ղեկավար նախարարը, բայց պաշտոնապես նախարարը նրա ղեկավարն է: Այստեղ` մեծ եռանկյան մեջ կարող է լինել պաշտոնական հիերարխիա, այստեղ` փոքր եռանկյունիներում, կարող է լինել պաշտոնական կամ ոչ պաշտոնական: Ռասուլ Գամզատովը, երբ դարձավ Խորհրդային Միության Գերագույն խորհրդի անդամ, իր մայրիկին հեռագիր ուղարկեց` мама, сижу в президиуме, а счастья нет.

Ուրեմն, այստեղ (գագաթի ու մնացածի միջև) կա կտրվածություն: Դա՛ է մեր ունեցած պատասխանը, թե ինչու՛ սա չի աշխատում: Եվ նույնիսկ, եթե այստեղ (եռանկյունու մեջտեղում) կամ այստեղ (ստորոտում) ինչ-որ մասնակի հարաբերություններ տեղի են ունենում, քանի որ այստեղ (գագաթում) կապը չկա, տեսությունն ասում է, որ մենք հիմա ունենք դժվարություններ. և´ այստեղի կապում (գագաթի ու մնացածի միջև), և՛ այստեղ (երկու գագաթների միջև) կապը, փաստորեն, բացակայում էր, դրա համար չէր ստացվում:

Եթե մենք պատկերացնում ենք, որ սրանք շատ ավելի բարդ կառուցվածքներ են, ապա ի վերջո ադրբեջանական կառուցվածքն էլ է այդպիսի բարդ կառուցվածք: Այստեղ կարելի է նաև Լեռնային Ղարաբաղը որպես առանձին քաղաքական միավոր գծել առանձին եռանկյունու պես: Այստեղ կարելի է գծել մի փոքր եռանկյունու պես Ադրբեջանի քաղաքականացված կառույցները Լեռնային Ղարաբաղից վտարված: Այս դեպքում սկսել փախստականների եռանկյունիների կամ նույնիսկ ոչ-եռանկյունիների քանակները նշմարել: Այստեղ համապատասխանաբար նույնպես և այլն:

Այստեղ արդեն պիտի գա այս կառույցից դուրս գտնվող հանրությունը, որը կապ ունի այս հարցերի հետ, օրինակ` մեր սփյուռքը: Բնականաբար կա նաև ադրբեջանական սփյուռք:

Այս դեպքում դուք կարող եք ասել, եկեք թյուրքական միություն հասկացությունն այստեղ ինչ-որ ձևի գծենք, որը կապվում է սրա հետ (Ադրբեջանի), մասնավորապես հսկայական եռանկյունի Թուրքիան: Երբ որ նայում ես, թե ու՛մ խնդիրն է, ու՛մ շահն է, ու՛մ հարցն է, տեսնում ես, որ բավական լղոզված դրություն է:

Բայց այստեղ մենք ունենք այն հստակ իրադրությունը, որ վերևները չեն կարողանում, իսկ ներքևներին հարց էլ չի տրվում, նրանք չեն էլ անում: Կա մի բարդություն:

Ասում են, որ վերևներն ունեն «Մադրիդյան սկզբունքները» կամ մեկ այլ փաստաթուղթ: Մի շարք փաստաթղթեր են եղել տարիների ընթացքում, որ իրենք պետք է ընդունեն, հետո պիտի «վաճառեն» իրենց ժողովրդին, ժողովուրդը պիտի առնի դա:

Այս եռանկյունու մեջ շատ բարդություններ կան: Այդ ժողովրդի ավելի մեծ մասն է քաղաքական էլիտային պատկանում, քան փոքրիկ վերնախավը, բայց իրենք էլ չունեն խոսք: Օրինակ ՀԿ շարքային անդամը Դիլիջանում, նույնիսկ Իջևանում կամ Նոյեմբերյանում` սահմանին մոտ գտնվող մասերում, ոչ մի ազդեցություն չունի այս որոշման կայացման վրա: Այսինքն` սա բարդ իրադրություն է:

Նրանք (գագաթները) կամ առասպելն ասում է, որ մենք պետք է ինչ-որ բանի շուրջ պայմանավորվենք, որ հետո այդ կոմպրոմիսը տանք մեր ժողովրդին: Ու զարմանում են, որ այսքան տարի չի ստացվում: Ես չգիտեմ` ինչու չի ստացվում և դրա մասին չեմ խոսում: Առասպելներից մեկն այն է, որ այս կողմի պատճառով չի ստացվում, մյուսն էլ այն է, որ այն կողմի: Երրորդ խաղարարարական առասպելն էլ այն է, որ երկու կողմի պատճառով էլ չի ստացվում: Չորրորդն էլ այն է, որ երրորդ կողմին չեն հրավիրել, դրա պատճառով է: Դա կարևոր չէ: Բայց կարևորն այն է, որ մոտեցումը դա է, որ կլինի յոթը կետ, երբ դրանք ընդունվեն կլինի ավելի համապարփակ մանրամասն փաստաթուղթ, որը հետո պետք է «վաճառվի» այս հանրություններին: Եթե սխալ «վաճառվեց», իրենց (գագաթներին) կգցեն, դրա համար պետք է այդ յոթը կետը հստակ լինի, ինչ-որ ձևի ընդունելի լինի: Դա է առասպելի կառուցվածքը:

Այդ կառուցվածքի մեջ ինչպիսի՞ ենթադրություն կա: Այն է, որ ներքին իրադրությունը գործոն է: 1994 թ. ի վեր, նույնիսկ հենց պատերազմի ընթացքում լսում էինք, որ եթե այդ կետերն ընդունելի չլինեն, կողմերը չեն ընդունի և այլն: Սրանք (եռանկյունիների մարմինները) ընդունվում են որպես անշարժ կառույց, որպես գործոն, ինչպես փոթորիկը. փոթորիկը միշտ կգա:

Եվ չի դիտվում, որ սա (եռանկյունու մարմինը) կառուցվող էություն է, անընդհատ կառուցվող, ամեն ձևի կառուցվող, իր բովանդակությամբ, իր հասկացությամբ, այստեղից նյութ վերցնելով տանելով այնտեղ, օրինակ սփյուռքահայը գալիս է, քաղաքացիություն ստանում, կամ դատարկվող, այստեղից մարդիկ են գնում:

Այնտեղ նույնպես կառուցվող էություն է, այն միությունը նույնպես:

Մեկ-մեկ մենք տեսնում ենք ավելի միութենական հարաբերություններ այս կառույցների միջև, մեկ-մեկ ավելի քիչ: Մի ասպարեզում ավելի շատ, մի ասպարեզում ավելի քիչ:

Այս մոդելն ինձ համար կառուցված է հնոտի դիվանագիտական պատկերացումների վրա: Այսինքն` 19-րդ դարում, երբ կարևոր չէ, թե ինչպիսին է քո ներքինը, քո քաղաքական կառուցվածքը, որ ես անվանում եմ քաղաքական մշակույթ, երբ հարց չկար, որ եթե դու մարդասպան ես քո երկրում, դու դառնում ես անձեռնմխելի միջազգային հանրության կողմից: Եթե դու երկրի թագավորն էիր, դու մյուս երկրի թագավորի հետ կնքում էիր հաշտության պայմանագիր, ու ձեր երկրների մտքով էլ չէր անցնում դուրս գալ այդ հաշտության դեմ: Իսկ ում մտքով էլ որ անցնում էր, ապա այս փոքր խմբերն էին:

Հիմա իրադրությունը մի քիչ փոխված է: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս էությունները (պայմանական եռանյկունիների մարմինները) կառուցման պրոցեսի մեջ են: Այս էություններն են` գագաթները, ժամանակավորապես սառեցման վիճակում:

Ամենագլխավորը` ինչու՞ հնարավոր չէ այդ առասպելն ընդունելի համարել: Որովհետև այս էությունները` գագաթները, շատ մեծ ազդեցություններ են ունենում մնացած էությունների (եռանկյունիների մարմինների) կառուցման վրա:

Կարելի է պատկերացնել այսպիսի մեխանիզմ. ամեն անգամ, երբ դու ասում ես, որ մենք պիտի այնպիսի կոմպրոմիս ունենաք, որը «վաճառելի» լինի իմ եռանկյունուն, դու (միաժամանակ) այդ եռանկյունուն այնպես ես կառուցում, որ նրա համար այդ կոմպրոմիսը «վաճառելի» չլինի:  Դու ստեղծում ես դասագրքեր, դու ստեղծում ես մեդիադաշտ, դու ստեղծում ես որոշակի քաղաքատնտեսական իրադրություն, որտեղ հակառակ գործն ես անում, ոչ թե կոմպրոմիսի ես պատրաստում: Ուրեմն, կոմպրոմիսի հնարավոր չի լինելու գալ: Որովհետև ամեն անգամ, երբ դու առաջարկես կոմպրոմիս, դու չես առաջարկելու, որովհետև դու ասելու ես` կներես, չեն ընդունի, բայց ամեն անգամ, մինչև այդ անելը, դու արդեն մերոնց այնպիսին ես ձևավորում, որ նրանք ոչ մի դեպքում չընդունեն:

Այսինքն, կարճ ասած, կողմերը տարիների ընթացքում, իրար նայելով, հայելապատ ձևով, հայելու արտացոլանքի ձևերով կամ այլ ձևերով, իրենց սեփական նկատառումներից ելնելով, իրենց պետական գաղափարախոսությունը կառուցել են ավելի ու ավելի էքստրեմիստ նացիոնալիստ:

Մենք գիտենք շատ օրինակներ. հայկական կողմի դեպքում այն տարածքները, որոնք գրավվեցին, որպեսզի հետո պայմանավորվի Ադրբեջանի հետ, թե ինչ է լինելու Ղարաբաղի ստատուսը: Սկզբում գրավյալ էին, հետո բուֆերային զոնա էին, հիմա դարձան ազատագրված տարածքներ, հետո ընդգրկվեցին քարտեզների մեջ, ընդունվեցին Լեռնային Ղարաբաղի սահմանադրության մեջ և այլն: Դա հայկական կողմից, ադրբեջանական կողմից էլ բազում օրինակներ կարելի է բերել: Ինչպես «Գյոկչա-Զանգեզուր հանրապետություն» կոչվածը, այն, որ «Էրիվանը ադրբեջանական քաղաք է» և այլն:

Այդ նացիոնալիստական դիսկուրսը կառուցվեց, ու այստեղ պարզ մի հետաքրքիր հանելուկ կա, որի պատասխանը ոչ ոք երևի չգիտի, բայց մենք ուրիշ ասպարեզներից գիտենք, որ դա այդպես է: Այն է, որ վատ լուրը ավելի հեշտ ու արագ է տարածվում, քան լավ լուրը: Նույն կերպ էլ նացիոնալիստականն ավելի հեշտ ու արագ է տարածվում և արմատավորվում, քան հականացիոնալիստական դիսկուրսը կամ խաղաղարարական դիսկուրսը կամ կոմպրոմիսային դիսկուրսը:

Այսինքն` այն փաստարկը, որ բերվում էր մի քանի տարի առաջ, որ «ադրբեջանական կողմն այնքան հզոր է պրոպագանդում, որ եթե Իլհամ Ալիևը վաղն ասի, որ եկեք հիմա խաղաղություն կնքենք հայերի հետ, որովհետև նրանք այն ժամանակ վատն էին, իսկ հիմա լավն են, ապա ժողովուրդն իր կարծիքը կփոխի»՝ շատ կասկածելի փաստարկ է: Այսինքն` երբ վատն արմատավորվում է, հետո հատուկ միջոցներ են պետք դա փոխելու համար և այլն: Եվ ընդհանրապես բացասականն ավելի հեշտ է արմատավորվում, քան դրականը:

Թե ինչու՞, դա շատ հետաքրքիր հարց է ու ես առանձին ուզում եմ դրոշակ կպցնել այդ հարցի մոտ, որ հետո գիտականորեն կամ հետազոտությամբ, քննարկումներով մենք անդրադառնանք այդ հարցին, որովհետև այդ հանելուկը մենք մինչև չբացենք, մենք չենք կարողանա լավ խաղաղարար լինել: Եվ նույնիսկ լավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, որովհետև պետք է հասկանանք, թե դա ինչից է կատարվում:

Սրանից հետևում է, որ մինիմալը, ինչ կարելի էր անել, դա բանակցությունների շրջանակային սկզբունքների մեջ ընդգրկել ներքինը (եռանկյունու մարմինը): Հենց այն պահին, որ ասվում է ռեֆերենդում պետք է անցկացվի, առաջին անգամ ներքինի մասին հնչում է: Մնացած մասը, եթե նայեք այդ շրջանակայինը, խոսքն ամբողջապես արտաքինի մասին է: Կարելի է ասել, որ փախստականների վերադառնալն էլ, ինչ-որ նշույլներ կան ներքինի ընդգրկման, բայց իրականում գիտակցումը, որ ներքինի հարցերը պետք է ընդգրկվեն շրջանակայինի մեջ՝ չկա:

Դա մի սկզբունք, որ շրջանակայինի մեջ պետք է ներքինն ընդգրկվի, և ընդհանրապես բանակցությունների այս փոխերկխոսության մեջ:

Եվ երկրորդը` հակառակը: Ներքին ցանկացած զարգացման ծրագրի մեջ պետք է ընդգրկվի կոնֆլիկտի գոյությունը և այն հաղթահարելու կարիքը, որը շատ ենք ասել:

Կատարվել է հիմնականում ճիշտ հակառակը: Օրինակ, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը փող հավաքեց, որպեսզի Սյունիք-Ստեփանակերտ մայրուղին կառուցվի, նրանք հաշվի չէին առել, թե քանի տարի կդիմանա այդ մայրուղին, որքան փող կգողացվի այդ մայրուղուց, ինչպես է նրա վերանորոգումը տեղի ունենալու և այլն: Գուցե նույնիսկ հաշվի էին առել, բայց ոչ ռեալիստորեն, ինչը մենք տեսնում ենք հիմա: Ուրեմն, ներքին զարգացման հարցերի մեջ բացարձակապես չի ներառնված ոչ միայն կոնֆլիկտի լուծման կարիքը, այլ նաև ընդհանրապես կոնֆլիկտը` հաշվի առնելով զարգացման կարիքը:

Կա, իհարկե, նաև երրորդ կետը: Ներքինի փոխակերպման մասին խոսելիս դադարել խոսել կոմպրոմիսից, այլ խոսել կառուցումից: Այսինքն` խնդիրը ոչ թե պիտի դրվի այն, որ կոմպրոմիսը «վաճառվի» ներքինին, այլ խնդիրը պիտի լինի այն, որ կառուցվի ճիշտ ներքին:

Իզաբելլա 22։44 Ինչքան ես եմ հասկանում այդ «մադրիդյան» կամ «կազանյան» փաստաթղթերը բաղկացած են սկզբունքներից ու էլեմենտներից: Եվ այդ էլեմենտների մեջ, որքան ես եմ հասկանում, շատ կարևոր դեր է կատարելու համայնքների կամ հասարակությունների միջև վստահության ամրապնդումը: Դրա մասին անընդհատ է խոսվում, մանավանդ փուլային տարբերակի հետ կապված։ Այն մասին, որ ենթադրենք ինչ-որ մի տարածք զիջվում է, ինչ որ մարդիկ վերադառնում են, այդտեղ անմիջապես պետք է լինի որոշակի այսպես կոչված trust building կամ confidence-building measures, ինչը պետք է լինի միջազգային հանրության մեծ մասնակցությամբ, ուղղորդված լինի տնտեսական ծրագրերով, համաշխարհային բանկի ներս գնալով: Այսինքն` այդ համապարփակ փաստաթուղթը, որի մասին խոսվում է, և որի ընդամենը որոշ սկզբունքների ենք ծանոթ, այդտեղ այդ ներքինին շատ մեծ անդրադարձ կա թե´ փախստականների մասով, թե´ հասարակությունների միջև վստահության կառուցման, թե´ երկաթգծերի, թե´ ինֆաստրուկտուրայի հետ կապված հարցեր կան: Դրա մասին խոսել, ըստ իս, դրա մասին ավելի շատ քննարկել է պետք: Այդտեղ հասարակություններն այժմվանից ի՞նչ կարող են ներդնել, ի՞նչ պայմաններ են երկուսիս համար էլ շահավետ: Դա հենց այն թեման է, որի մասին շատ չի խոսվում կամ շատ չի կառուցվում, բայց, ըստ իս, դա այն ոլորտն է, որի մասին հենց պետք է ավելի խոսել և ավելի կառուցել:

Գևորգ 24։22 Շատ լավ: Ես չեմ ուզում հնչել շատ հոռետես, բայց ինձ համար այդ տեքստը, որ դու ասացիր, մոտավորապես այն էր, որ Աստված գոյություն ունի: Այսինքն` ես այդպիսի ոչ մի փաստաթուղթ չեմ տեսել, ինչ-որ ես տեսել եմ կամ լսել եմ, քննարկել եմ որևէ պետական ներկայացուցչի հետ, երբևէ այդ գաղափարներն իր մեջ չի ընդգրկել, ես նկատի չունեմ միջազգային հանրության ներկայացուցիչներին: Որովհետև մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Այն, որ կոչվում է կառուցողական երկիմաստություն, բոլոր կոնցեպտներին է վերաբերում: Եվ վերջապես, եթե նույնիսկ այդպիսի փաստաթուղթ եղած լիներ և մանրամասն գրանցված լիներ (պրոցեսը), նշանակություն չէր ունենա, որովհետև դա արդեն ընդունում է խաղի կանոնները: Որ սկզբից իրենք են պայմանավորվում, հետո սկսում են պարտադրել կոմպրոմիս, մինչդեռ, ինչպես ես ասացի, հենց դա չի աշխատելու ոչ մի դեպքում:

Իհարկե, դու լրիվ ճիշտ ես, որ եկեք մենք կենտրոնանանք դրա վրա որպես քաղաքացիական հասարակություն, մինչ այդ հենց դա էլ փորձում էինք անել, բայց քանի դեռ կա այս ապակյա տանիքը (գագաթի ու մնացածի միջև), դա հնարավոր չէ: Այսինքն` դա դառնում է ցիկլ:

Ասեմ նաև, որ այդ կառուցողական երկիմաստության վերաբերյալ ցանկացած գաղափար, որը ես լսել եմ որևէ տեղացի պաշտոնական անձի կողմից, երբևէ, ինչ վերաբերում է երկկողմանի վստահության հաստատման միջոցներին, վերաբերել է զուտ շատ տեխնիկական և պատերազմին առնչվող հարցերին: Այսինքն` վստահության միջոց, օրինակ, Մեդվեդևի հետ հարաբերություններում և այն, ինչ հիմա էլ Վիեննայում վերահաստատվեց կրկին, լավագույն դեպքում նշանակում է սնայպերների մի քիչ այն կողմ քաշելը, մոնիտորինգ հաստատելը, մահացածներին փոխանակելը, գերի ընկածներին փոխանակելը և նմանատիպ քայլեր: Միջազգային հանրությունները, որոշ պրոյեկտներ, մեր կողմից արված պրոյեկտներն ընդգրկել են նաև այլ քննարկման տարբերակներ: Օրինակ, ինչպես ապրել միասին, երբ Լեռնային Ղարաբաղ վերադառնան ադրբեջանցիները, եթե դա երբևէ հնարավոր լինի: Այդպիսի քննարկումներ եղել են, բայց կրկնեմ, որ այդ ամենն ունի այն ենթադրությունը, որ սկզբում կնքվում է, հետո սկսվում է, իսկ մինչ այդ մենք ունենք այն իրադրությունը, որ, ընդհակառակը, երկու կողմերն ավելի ու ավելի, մորեխի պարսի պես, միագույն են դառնում և միմյանց սկսում են չընդունել սկզբունքորեն:

Հաջորդ փուլը: Հիմա ես խոսեմ դիրքորոշումները կոնֆլիկտում կոչված հարցի վերաբերյալ: Դա կարող է լինել շատ բազում: Ցանկացած դիրքորոշում կարող է լինել կոնֆլիկտին վերաբերող կամ մեկնաբանվել կոնֆլիկտի վերաբերյալ իր հարաբերությունից: Օրինակ, «կոռուպցիոներ», կամ՝ «սուրբ»:

Բայց մենք ունենք բառերի մի տեսակ, որն առավել համապատասխանում է կոնֆլիկտի նկատմամբ վերաբերմունքին: Այստեղ կան այնպիսի բառեր, ինչպես, օրինակ, «պարտվողական», «պացիֆիստ», «նացիոնալիստ», «էքստրեմիստ», եթե դա ադրբեջանական կողմն է, դա կարող է լինել «պանթյուրքիստ»: Դրանք բոլորը, իհարկե, պիտակներ են: Բայց կարող է մարդ անկեղծորեն այս կամ այն դիրքորոշմանը պատկանել: «Կեղծավոր», «նեյտրալ», «փախչողական», «դավաճան», «կոսմոպոլիտ»: Կա «մարտիկ», «զինվոր», հոգեբանորեն կամ ֆիզիկապես: Կա այն, ինչ Վանո Սիրադեղյանն անվանում էր «շեֆի բութ մատ», օրինակ, մեր դիվանագետները շատ սիրում են, Վանոն ասում էր` «քարտուղարուհին իր շեֆի՝ վերմակի տակից դուրս մնացած ոտքի բութ մատն է, որն օդի սառնությունն է ստուգում, որ շեֆին իմաց տա», նույն կերպ մեր դիվանագետները սիրում են լինել «շեֆի բութ մատ»: Եվ վերջապես կա «հայրենասեր», որը շատ կարևոր կատեգորիա է: Կա «հայրենասեր չակերտներով» և կա «խաղարարար»: Այստեղ մի քանի ձևի են այս բոլոր հասկացությունները միմյանց հետ հարաբերվում: Նախ խաղաղարարն իր կյանքի տարբեր պահերի կարող է լինել սրանցից որոշները: Կամ միաժամանակ և´ մեկը, և´ մյուսը: Երկրորդը` խաղաղարարը կարող է լինել մի բան, որը տարբերվում է մյուսներից: Փորձում ենք հասկանալ` սա ի՞նչ է, ես պատասխան չունեմ, սա մտածելու ընթացք է:

Հաջորդը, ինչ ես սկսեցի մտածել՝ հետևյալն էր, թե որո՞նք են վտանգների հիմնական դրոշակային կետերը: Այդ զգացման պատճառը, որ հարցը պիտի լուծվի, թե չէ շատերն ասում էին, հատկապես Լեռնային Ղարաբաղում, մինչև հիմա էլ երևի ասում են, որ հարցը լուծված է, հարցը փակված է: Ինչու՞ մենք չենք զգում, որ հարցը լուծված է, հարցը փակված է: Նրանք դա ասում են շատ իդեալիստական, անդրդվելի նացիոնալիզմի դիրքորոշումն իր մեջ իդեալիստական լիցք է պարունակում: «Եթե հայ ազգը բոլորով միասին այնպես վարվեր, ինչպես իմ առասպելաբանության մեջ, ես կարծում եմ, որ Նժդեհի քարոզն էր՝ ապա կոնֆլիկտը լուծված կլիներ». Դա՛ են նրանք ասում: Մինչդեռ այն լուծված չէ:

Ուրեմն, ինչի՞ց ենք մենք վտանգ զգում: Շատ պարզ պատճառներով. երեխաների կորուստը, մարդկանց քանակի նվազումը՝ և´ մեր կողմի, և´ մյուս կողմի: Իհարկե, կարելի է ասել հատկապես մեր կողմի, որովհետև հայերը քանակով ավելի քիչ են: Երբ սկսում ես մարդու մսի, կենսաբանության հարցերը կշեռքի նժարներին դնել, իսկույն ընկնում ես ամենախոր ֆաշիզմի, ռասիզմի, նացիոնալիզմի և այլնի գիրկը:

Բայց փաստը մնում է փաստ, որ, եթե հիշում եք, երբ 2008 թ. մարտի մեկը տեղի ունեցավ, տասը հոգի զոհվեց, մենք միջազգային հանրությանն ասում էինք, դա նույն բանն է, եթե Վաշինգտոնում հազար հոգի զոհվեր: Իսկ մենք մեկ օրվա կամ մեկ ամսվա ընթացքում ունեցանք անհայտ քանակով զոհեր, հիմա արդեն խոսքը գնում է մինչև 130 հոգու մասին, որը սարսափելի թիվ է. երբ առաջին օրերը քսանն էին ասում, էլի սարսափելի էր: Անհամեմատելիությունը՝ հարյուր է, թե մեկ է, մի կողմից համեմատելի է, որ հազար չէ, մյուս կողմից անհամեմատելի է, նույնիսկ մեկ հոգին էլ ափսոս է:

Պետական կառուցման անհաջողությունը մեզ հուզում է հատկապես հայկական կողմի (ես համոզված եմ, որ ադրբեջանական կողմի մոտ նույնպես, ես գիտեմ ինձ ասած մարդկանցից, որոնց քիչ թե շատ կարելի է վստահել, կա այդ զգացումը), ինչպես երևի աշխարհի մի շարք երկրներում և հատկապես հետխորհրդային երկրներում, կա զգացում, որ եղել է պետական կառուցման ավելի շատ անհաջողություն, քան հաջողություն:

Եղել են շատ անհաջողություններ, որոնք կարելի էր չունենալ: Դրանք որակապես ազդում են իրադրության վրա: Դրանք ստեղծում են մի իրադրություն, երբ հաջողության կայունությունը շատ մեծ հարցականի տակ է:

Եղել է ռազմական հաղթանակը կայուն խաղաղության վերածելու անհաջողությունը: Սա շատ լավ կարող էր ասել ազգայնականը, որ այս կառավարությունը կամ բոլոր կառավարությունները ֆեյլ եղան մեր հաղթանակը կայուն խաղաղության վերածելու: Հարցն այն է, որ հայկական կողմը ռազմական հաղթանակ տարավ, ինչը քիչ թե շատ անխուսափելի փաստ է: Որից հետո նա այդ հաղթանակը ոչ մի բան չարեց, ոչ միայն չհասավ կայուն խաղաղության, այլև չօգտագործեց թեկուզ այն իմաստով, որ հող կա: Հիմա ասում են, որ հող ենք կորցրել, բացի մարդկանցից. ի՞նչ հող ենք կորցրել: Ջաբրայիլի չոլե՞րը: Դա հո՞ղ էր: Իրե՞նց հողն էր: Եթե հող եք կորցրել, գնացեք Սևանի ճանապարհին լիքը կիսաքանդ հողեր կան: Չոլ եք դարձնում, ավազի հանք եք դարձնում: Այսինքն` այդ ամբողջ միֆոլոգիան: Մենք զգում ենք, որ ինչ-որ բանում ֆեյլ ենք եղել բոլորս միասին:

Եվ, իհարկե, անհանգստացնում են Ադրբեջան-Թուրքիա միավորման միտումները, որոնք առաջներում շատ միֆոլոգիական էին հնչում, բայց մենք տեսնում ենք նորմալ ֆիզիկական պրոցեսներն ինչպես են զարգանում, երբ շատ ադրբեջանցիներ տեղափոխվում են Թուրքիա: Թուրքիայից ով ուզի, կարող է գալ Ադրբեջան: Նույնիսկ այդ մակարդակի վրա որոշակի տենդեցներ տեղի են ունենում, և իհարկե նաև գաղափարախոսական մակարդակի վրա:

Մենք այդ ամեն ինչից շատ վախենում ենք: Նաև մենք անհանգստանում և վախենում ենք (ո՛չ թե վախկոտի իմաստով, այլ վախենում և´ որպես քաղաքացի, և´ որպես մարդ), Ադրբեջանում անմարդկայնորեն տարածվող հակահայ քարոզչությունից, որը, իհարկե, ինչքան որ մենք ենք լսում, մի քիչ ավելի է, քան Հայաստանում տարածված հակաադրբեջանական կամ հակաթուրքական քարոզչությունը: Որովհետև նրանց մարդկային էությունը հիմնականում չի հերքվում (մեզանում), համենայն դեպս, գաղափարախոսական մակարդակով, իսկ այնտեղ (մեր մարդկային էությունը) գաղափարախոսական մակարդակով հերքվում է:

Իհարկե դա ազդում է ցեղասպանության հիշողության գետենիկ կոդի վրա: Դա հաստատվում է բազում ոտնձգություններով, որոնք տեղի են ունենում այլ տարածքներում, ինչպես, օրինակ, Լվովի դեպքերը, երբ ադրբեջանցիները փայտերով հարձակվում են հայերի և հայ մարզիկների վրա, որովհետև հայ մարզիկները հաղթեցին:

Ընդհանրապես, ինձ թվում է, միջազգային հանրությունը ճիշտ կաներ՝ քսան-երեսուն տարով արգելեր հայերին և ադրբեջանցիներին որևէ սպորտի մեջ իրար գալ, որովհետև դա դառնում է ամենակեղտոտ իրադրությունը (նաև ինտերնետի մեկնաբանությունների տեսակետից), ցանկացած մրցույթում: Հաճախ աշխարհը մղվում է հակառակ ուղղությամբ, քան իր տրամաբանությունը պիտի հուշեր:

Նրանք իբր թե դա ողջունում են, որպես խաղաղարարական զարգացում` չհասկանալով, որ այս իրադրության մեջ, երբ այստեղ կառուցվում են հակակոմպրոմիսային դիսկուրսներ՝ այդ ամենը դառնում է հայ-ադրբեջանական ընդհարման պատճառ: Դա ավելի վատ տպավորություն է թողնում, իսկ հայերն ու ադրբեջանցիները դա ողջունում են հենց գաղափարախոսական մակարդակով, ա՛յ, մենք կգնանք, կհաղթենք: Եթե պարտվում են, շատ տհաճ զգացողություններ են ունենում:

Այս բանակցությունների ու այդ դիսկուրսները կառուցելու ամբողջ ընթացքը բերեց նրան, ինչը մենք մեր ֆինանսավորած մուլտֆիլմում տեսանք. երբ երկու հոգի խփում են մեխին իրենց մուրճերով, և մեխը կամաց-կամաց ամբողջ երկրագունդն է ճաքեցնում: Հիմնական ռազմավարությունը կոնֆլիկտը լուծելու՝ ուղղված է նրան, թե արդյոք ո՛ր կողմը կգրավի աշխարհի ամենամեծ կեսը: Թե ո՞ր կողմը կարող է բաժանել աշխարհը և դա դարձնել համաշխարհային պատերազմ և ընդհարում:

Ինչքան էլ մենք ասենք, որ մենք էլ ենք շատ պարտություններ ստացել և այլն… Ռազմական պարտության ցավը, մանավանդ գաղափարախոսությամբ ուժգնացող… Հիմա ես ցեղասպանություն չեմ ապրել, նույնիսկ ոչ էլ իմ պապերն են ապրել, հիմա իմ ցավն իսկակա՞ն է, թե՞ սոցիալապես կառուցված: Նույնն էլ այնտեղ, ռազմական պարտության ցավը կարող է բնակչության որոշ մասն է միայն ապրել, բայց սոցիալապես կառուցվել է, որ ռազմական պարտության ցավը պատկանում է ամբողջ ադրբեջանական ժողովրդին, և նրանք լեգիտիմ իրավունք ունեն տառապելու այդ ցավից: Ուրեմն, նրանք ռևանշիզմի զգացման մեջ են լինելու անխուսափելիորեն որոշակի իմաստով, որոշակի ժամանակ: Այդ տեսակետից ես ասեմ մի բան, գուցե արժեր այդ 700 քառակուսի մետր տարածքը տալ, որը ռազմական պարտության ցավը որոշ չափով հանում է:

Իհարկե, խորքային շատ պատճառներից է. տնտեսական բարգավաճման կեղևայնությունը, որն այնտեղ տեղի էր ունենում… Բարգավաճումը տվյալ պահին ավարտվել է:

Եվ իհարկե, մի շատ կարևոր գործոն, որը հայ նացիոնալիստները շատ սիրում են ընդգծել, բայց այդ գործոնն ունի նաև իր գիտական մասը, անկախ նրանից դու նացիոնալիստ ես թե ոչ. կա էլիտայի կողմից կառուցվող ազգային գաղափարախոսություն ստեղծելու կարիքը՝ կեղեքիչ համակարգ պահպանելու նպատակով` օգտագործելով հակահայկականությունը որպես հիմնապնդում, որպես հիմնասյուն: Այսինքն` պետք է զարգացնել հայերի նկատմամբ ատելությունը, որպեսզի այս համակարգը պահպանվի:

Հիմա անցնենք հայկական, և ոչ միայն հայկական, խաղաղարարների դիլեմաներին: Խաղաղարարին ես անվանում եմ «մասնակի կամ կանխակալ» խաղաղարար: Համարվում է, որ կա աբսոլյուտ խաղաղարար, ես չեմ համարում, որ կա: Կամ կա նեյտրալ խաղաղարար, որը փողի համար է գործ անում, կա նեյտրալ խաղաղարար, որն էնտուզիաստ է, բայց վաղ թե ուշ այդպիսի նեյտրալ խաղաղարարը սկսում է գերադասել մի կողմը կամ մյուս կողմը, որովհետև այստեղ կան համակրանքի հարցեր: Կապ չունի նույնիսկ ռացիոնալ արգումենտացիան. այն, ինչ կոչվում է chemistry, մեկը գալիս է, ապրում այս տարածաշրջանում` լինելով անկախ, նեյտրալ անձնավորություն, և ի վերջո սեր է տածում դեպի հայկական կողմը կամ դեպի ադրբեջանական կողմը: Շատ քիչ է լինում, որ հավասարազոր երկուսի նկատմամբ էլ սեր տածի, բայց այդ դեպքում նա կգերադասի վրացական կողմը (ծիծաղ): Դրա համար չկան աբստրակտ, նեյտրալ խաղաղարարներ, բոլորն ինչ-որ չափով կանխակալ են կամ ինչ-որ չափով մասնակի: Եվ մենք բոլորս լինելով հայ` ուզում ենք խաղաղարարությամբ զբաղվել, կամ Հայաստանում գտնվող եզդի կամ ռուս, կամ հայկական կողմից գտնվելով` մենք բոլորս մասնակի խաղաղարար ենք:

Ինչպե՞ս ընտրել: Կամ ի՞նչ հարաբերակցության մեջ դնել հակառակորդի կամ «գործընկերոջ» հետ հարաբերությունների կարևորությունը՝ և սեփական կողմի պաշտպանության կամ ընդհանրապես այդ (նոր, «նորմալ», ռեֆորմացված) քաղաքամշակույթի զարգացումը, որի կարևոր մաս է նաև պաշտպանության ամրապնդումը:

Այստեղ կան պարադոքսներ: Հիմա այժմեական խնդիր է պաշտպանության զինվոր լինելը, իսկ եթե դու պաշտպանության զինվոր չես, ապա արդյո՞ք դու ինչ-որ բան անում ես պաշտպանության զարգացման համար և ի՞նչ ես անում:

Կա խաղաղարարի գործունեության երրորդ ասպարեզը: Վերջինս միջազգային հանրության հետ հարաբերություններն են: Եթե (ինչպես ասացի) ինքն իր երկրի «զինվոր խաղաղարար է», ապա ինքն աշխատում է հենց երկիրը (երկրագունդը) բաժանելու վրա:

Ամենակարևորներից մեկն էլ հակառակորդի հետ հարաբերության նպատակն է: Ի՞նչ նպատակ կարող է ունենալ կոմունիկացիան ադրբեջանցիների հետ: Արձանագրել և հնարավորինս ուժգնացնել բազմակարծության դրսևորումները հակառակորդի մոտ: Մենք վախենում ենք, որ այս բոլոր տարբեր եռանկյունիները մի հատ դառնան, որ այս պատերը կարծրանան, որ անթափանց դառնա ընդհանրապես: Եթե հակառակորդի մոտ դու տեսնում ես այս մյուս ֆիգուրները, սահմաններից դուրս գալը, այս տարբեր դիսկուրսները, նախ դա ուրախացնում է, որ գուցե հույս կա, որ նոր պատերազմ չի լինի կամ եթե լինի էլ այնտեղ դեմ լինողներ կլինեն: Եվ դու զգում ես, որ ինչքան դա շատանա, այնքան (իրավիճակը) պատրաստ կլինի նոր հարաբերություններ զարգացնելու համար:

Եթե դու կարող ես դրա մասին տեղեկությունն ուժգնացնել առանց վնասելու դրան, դու օգնում ես, որ դա ուժգնանա: Այսպիսի շրջան է տեղի ունենում, դու տեսնում ես, որ Ադրբեջանում կան մարդիկ, որոնք շատ քննադատաբար են տրամադրված դեպի ադրբեջանական ժողովրդավարության անհաջողությունները: Եթե դու չես վախենում նրանց դնել սպառնալիքի տակ, ապա դու նրանց այդ գործունեության մասին հաճույքով սկսում ես հայտարարել: Եթե դու պատասխանատու անձ ես, դու մտածում ես մինչ այդ` արդյոք չե՞ս դնում նրանց սպառնալիքի տակ: Եթե դու զինվոր ես՝ պրոպագանդիստ, ապա դու դա անում ես հենց նրա համար, որ նրանց դնես սպառնալիքի տակ, որովհետև ելնում ես այն թեզից, որ որքան վատ լինի այնտեղ, այնքան լավ մեզ համար, որը հակախաղաղարարական թեզ է:

Օրինակ, այդ պրոցեսի մեջ շատ կարևոր է բաժանել Թուրքիա-Ադրբեջան միասնությունը, եթե հիմքեր կան դրա համար: Եվ դա, իհարկե, շատ կարևոր է ներսում, կարծրատիպերը քանդելու համար, որովհետև այդ տենդենցն անընդհատ կա՝ միավորելու Թուրքիան և Ադրբեջանը մեկ պատկերի մեջ: Բայց պետք է դրա համար հիմքեր լինեն, իսկական խաղաղարարը դա չի հորինում: Մենք ապրում ենք անվստահության մթնոլորտում, բայց երբ մենք կոնկրետ տեսանք Էմել Քուրմային, երբ նա ապրիլի 24-ին Ստամբուլում` Դանիել Վարուժանի լուսանկարն իր ձեռքում, այդ սգո միջոցառմանն էր, դա մենք իրավամբ և´ տարածեցինք, և´ ուրախացանք: Պետք է նշել հատիկ առ հատիկ այդ դեպքերը:

Ես արդեն ասացի վստահության մասին, դա շատ մեծ խնդիր է: Այս իրադրության մեջ սա ամենադժվար խաղերից է, ռուսերեն կամ մարքսիստերեն կոչվում էին «անտագոնիստական խաղեր», «անտագոնիստական կոնֆլիկտ», իսկ անգլո-ամերիկյան խաղերի տեսության մեջ կոչվում է «զրոյական գումարով» կոնֆլիկտ:

Վստահության խնդիրը շատ մեծ է: Երբեք չես կարող համոզված լինել, որ դիմացինդ քեզ չի «քցի»: Ընդ որում կա երկու «դիմացին», մի կողմից դու խաղի մեջ ես քո հասարակության հետ, մյուս կողմից դիմացի հասարակության հետ: Այստեղ կա երկու մակարդակ, երկուսն էլ կարող են քեզ «քցել»: Երբ մի մարդու հանձնարարվեց սկսել ասել, որ Ադրբեջանի հետ կոմպրոմիս է անհրաժեշտ տարիներ առաջ, նրա շուրջ սկսվեց մի կամպանիա, որի արդյունքում նա նույնիսկ բանտ ընկավ:

Վստահության խնդիրը նորից դիլեմա է (նաև ուղղակի իմաստով). ինչպե՞ս կարող ես դու փոխվստահություն ստեղծել և միասնական գործողությունների շարքեր իրագործել հաջողությամբ մեկի հետ, որն ամեն պահի կարող է քեզ «քցել»: Ու նա էլ նույն ձևի է մտածում: Շատ հետաքրքիր դիլեմա է. ինչպե՞ս գտնվել այդ իրադրության մեջ, ինչպե՞ս հաղթական դուրս գալ այդ իրադրությունից:

Իրականն ավելի վատ է, որովհետև տեսականը, մաթեմատիկական խնդիրը լուծում ունի: Իսկ դու գտնվում ես է՛լ ավելի վատ իրադրության մեջ, որովհետև դու գտնվում ես մի իրադրության մեջ, որում դիմացինիդ հանդեպ անվստահությունը (և նրա՝ քո հանդեպ) քարոզվում է և «ինդոկտրինացվում» է այս մեխանիզմների (եռանկյունիների գագաթների) կողմից: Ամեն պահի մակընթացության դեմ ես դու գնում:

«Ռազմիկ/զինվոր-խաղաղարար» դիլեմայում շատ կարևոր է լեզուն: Եթե դու խաղաղարար ես, եկար հանդիպեցիր հակառակորդիդ հետ, դու կարող ես ասել «Ղարաբաղը մերն է», որից դիսկուրսն իսկույն փակվում է: Դրա համար ենք մենք մեր կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցն ամբողջությամբ նվիրել կարծրատիպերը քանդելուն: Որովհետև եթե դու եկել ես ադրբեջանական կողմի հետ հանդիպում ես ու ասում ես «Ղարաբաղը մերն է», այլապես խոսելու բան չկա, նա էլ ասում է «մերն է»: Կարծրատիպերն այսպիսի կոնֆլիկտի դեպքում ունեն շատ հետաքրքիր հատկություն, իրենք զույգ են, կամ նույն կարծրատիպը երկուսն էլ ունեն կամ 180 աստիճան հակադիր: Տարածքային ամբողջականություն վերսուս ինքնորոշման իրավունք: Եվ եթե մեկն ասեց ինքնորոշման իրավունք, իսկ մյուսն ասեց տարածքային ամբողջականություն, այլևս քննարկելու բան չկա, չնայած քսան տարի է արդեն քննարկվում է և դեռ կքննարկվի: Բայց դա փակուղային իրադրություն է: Իմաստ չունի ցանկացած կարծրատիպի մեջ ընդգրկվել: Ես ինչ ձևեր եմ փնտրել այդ կարծրատիպից՝ «Ղարաբաղը մերն է», խուսափելու համար: Ես չեմ ասի, որ դա ամենահաջողն է, դա գուցեև պարտվողական է: «Փաստորեն 94 թ. պատերազմից հետո հայկական կողմը տարավ ռազմական հաղթանակ. և ամբողջ հայությունը, հայոց բոլոր գիտնականները համարում են, որ հայերը պատմականորեն, դարեր շարունակ ապրել են Արցախում և այնտեղ նրանց մշակույթի շատ օրինակներ կան, թեև դա չի նշանակում, որ ադրբեջանցիները չպետք է ապրեն Արցախում, եթե խաղաղություն կնքվի»: Գլխավորը չդառնալ զինվոր, այդ դեպքում իմաստ չունի բանակցելու:

Մենք օգտագործում ենք խաղաղարարի մոդուսը: Փաստորեն, մեր կողմի ամբողջ կազմն այդպես է կարծում, անընդհատ այդպիսի բարդ կոնստրուկցիաներ ենք ստեղծում երեք պատճառով:

Մեկը հարմարվողականությունն է. մյուսը՝ որպեսզի ճշմարտությանն ընդդեմ չգնանք, դա լավ պատճառ է, երրորդը՝ որպեսզի հակառակորդի հետ կապերը չխզենք, հնարավորությունը երկխոսության, դա էլ է լավ պատճառ: Հարմարվողականությունը, որպեսզի մեզ չվտարեն այն խմբից, որի մեծամասնությունն այդպես է կարծում՝ դժվար պատճառ է:

Օրինակ, ես գիտեմ զինվորներ, որոնք ծառայել են սահմանագծին, դուք կարող եք պատկերացնել, թե նրանք ի՛նչ լեզու են օգտագործում բնորոշելու համար հակառակորդին, հիմա նրանք վերադարձել են խաղաղ կյանքի, և դուք կարող եք պատկերացնել, որ նրանք շատ ավելի խաղաղասեր լեզու են օգտագործում: Բայց այն միջավայրում գտնվելիս… հատկապես, որ նրանք երիտասարդ են և միջավայրին հակադրվելու շատ մեծ հմտություններ չունեն… Եթե նույնիսկ սովորում են միջավայրին հակադրվելու հմտություններ, դրանք այն հմտություններն են, որոնք մեկ այլ միջավայրի տեսակետից «հարմարվել» են նշանակում…

Վստահության ստեղծման կարևորությունն ինչու՞մն է կայանում: Մանավանդ ապրիլի չորսից հետո հակառակորդին վստահության ոլորտ ետ վերադարձնելու կարիքը կա: Ես անընդհատ ասում եմ «հակառակորդ», չնայած դա սխալ է: Այնտեղ տարբեր որակի, կատեգորիաների մարդիկ են ապրում:

Հակառակորդի ճամբարում հայտնված մարդիկ, որոնց հետ ես կապի մեջ եմ գտնվել մինչև ապրիլի 1-4-ը, ես կուզենայի վերադառնալ նրանց հետ վստահության ոլորտի մեջ: Բայց ամեն անգամ, երբ դու գործ ես ունենում նրա հետ, ում մասին  քեզ միշտ ասել են, որ նա թշնամի է, դու հավատում ես, որ նրանց կողմն իրոք թշնամական է տրամադրված, որը երևի նույն ձևով է քո մասին մտածում, և դու անընդհատ այդ խնդիրն ունես, ինչպես նրան վերադարձնել վստահության ոլորտ, քեզ էլ նրա հետ: Եվ եթե ձեր միջև տեղի է ունեցել ընդհարում, իհարկե պատասխանը գիտությունից` խաղերի տեսությունից եկող, այն է, ինչը Հին Կտակարանում կոչվում է ակն ընդ ական: Իսկ խաղերի տեսության մեջ կոչվում է tit for tat:

Ցանկացած տեղում, եթե դիմացինդ կատարեց քո հանդեպ տհաճ արարք, դու պետք է մտածես կամ նույնպիսի տհաճ արարք իրեն անես, կամ մի քիչ ավելին: Վերջինս կոչվում է ասիմետրիկ պատասխան: Եթե դու ուժեղ ես, կարող ես մի քանի անգամ թույլ տալ, որ քեզ «քցեն», հասկացնես, բայց եթե տեսնում ես, որ տենդենց կա, դու կամ նույն ձևով, կամ ասիմետրիկ պատասխանում ես: Դա համարվում է ամենաշահեկան ռազմավարությունը նման իրադրությունների մեջ: Խաղն այսպես է ընթանում. եթե հաջորդ անգամ նա քեզ «չքցեց», դու էլ նրան չես «քցում» և այլն: Ժամանակի ընթացքում նա սովորում է «չքցել», նա տեսնում է, որ ավելի շահեկան է «չքցելը»: Խաղերի տեսության մեջ այդպես է վստահությունը կառուցվում այն միավորների միջև, որոնք իրար չեն վստահում:

Այստեղ կա մի շատ հետաքրքիր հանգամանք, որովհետև ակն ընդ ականը կամ tit for tat -ը «քցելն» է: Վրեժը «քցե՞լ» է, թե՞ ոչ: Հետաքրքիր է, որ սկսած հենց այդ պահից, որ առաջին կարիքը եղավ tit for tat անելու, դա այլևս «քցել» չէ: Վրեժ է, ռևանշ է, բալանսը վերականգնել է, բայց այլևս «քցել» չէ, որովհետև դիմացինդ ոչ մի պատճառ չուներ մտածելու, որ դու չես պատասխանելու:

Միակ ձևը պատրաստ լինելն է ակն ընդ ական ստրատեգիայի անցնելու: Դուք կարող եք պայմանավորվել կանոնների մասին, շրջանակ գծեք, որի սահմաններում դուք աշխատում եք: Բայց դու պիտի պատրաստ լինես, եթե դու պատրաստ ես՝ դիմացի կողմը չի փորձում քո պատրաստվածությունը:

(Մյուսը.) Ոչ մի դեպք միանման չէ, պետք է կշռադատել ամեն դեպքն առանձին: Ինֆորմացիան կուտակել է պետք, դիտարկել, կարծրատիպերից խուսափել և ամեն իրադրություն առանձին-առանձին դիտարկել: Փորձենք մի օրինակ բերել, գուցե փոքր-ինչ առասպելացված: Արևելյան գործընկերության (Քաղաքացիական հասարակության ֆորումի) վերջին իրադարձություններից: Երբ ապրիլյան իրադարձությունները տեղի ունեցան, և՛ հայկական և՛ ադրբեջանական կողմում հարց առաջացավ` արդյո՞ք հանդես գալ որևէ տեքստով, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ տեքստով: Ե´վ հայկական, և´ ադրբեջանական կողմերը միջազգային ֆորումում քննարկեցին դա. որոշումը հանգում էր նրան, որ քանի որ համատեղ կոչով հանդես չեն կարող գալ, ո՛չ մի կոչով հանդես չգալ: Հայկական կողմը որոշեց ո՛չ մի կոչով հանդես չգալ՝ և հենց այդ պահին ադրբեջանական կողմը հանդես եկավ կոչով: Դա հենց «քցելու» պահն էր:

Հաջորդ փուլն իմ դիտարկմամբ: Հայկական կողմի ներկայացուցիչներից մեկը հանդիպման ժամանակ առաջադրում է ցեղասպանության վերաբերյալ բանաձև: Դա մաքուր ասիմետրիկ քայլ է, որովհետև դա պատասխան չէ ադրբեջանական կողմին: Շատ կարևոր գործոն կա, կոնֆլիկտի ժամանակ հաճախ հարձակվող կողմը շահում է: Մեծամասնությունը ներկաների՝ կողմ քվեարկեց ցեղասպանության բանաձևին: Դրանից հետո ադրբեջանական կողմը, ի դեմս Ավազի, ասաց, որ «մեր պլատֆորմը կարող է դուրս գալ, եթե այդ կոչը հրապարակվի»:

Այդպես չեղավ (դուրս չեկան), կոչն էլ իհարկե չհրապարակվեց, բայց դրա մի տարբերակը հրապարակվեց: Այդ ասիմետրիկ քայլով հարցը պիտի ավարտվի (ցանկալի է) և տարվի ավելի կոնստրոիկտիվ իրադրություններ: Գուցեև ոչ: Գուցե Ավազը պետք է շարունակի առաջարկել, որպեսզի հրապարակված կոչի այդ տարբերակն է՛լ հանվի, չնայած այդքան ժամանակ եղել է ինտերնետում, էլ ինչ իմաստ ունի հանելը: Փաստորեն, այդ փոքրիկ շախմատային պարտիայի մեջ, անկախ նրանից, թե ով ինչ ինտենցիաներ ուներ դրա մեջ մտնելու, ես կասեի ինչ- որ բալանս հաստատվեց, և պետք է վերադառնալ նախորդ պահի: Եվ եթե հնարավոր է՝ քաղել բենեֆիտներ այդ իրադրությունից, այսինքն` տրամադրել, որպեսզի այդ ֆորումի այլ անդամներ ավելի մտածեն, թե ինչ անել այս անհնարին անտագոնիստական իրադրության վերաբերյալ:

-Խնդրեմ, Միքայե´լ:

Միքայել 1։06։06 Ես մի դիտարկում ունեմ ասիմետրիկ քայլի հետ կապված: Ասիմետրիկ է միայն այն քայլը, որն անսպասելիորեն ա՞յն կողմն է (դեպի «հաղթելը»), թե՞ ասիմետրիկ կարող է համարվել նաև այն քայլը, որն անսպասելիորեն այս կողմում է (դեպի «խաղաղությունը»): Այն դեպքում, երբ դու բոլոր կոնֆլիկտային իրադրություններին արձագանքում ես խաղաղարարական նախաձեռնությամբ, դա կարո՞ղ է դիտարկվել որպես ասիմետրիկ քայլ, թե՞ ոչ:

Գևորգ 1։06։43 Եթե հասկացան, ապա այո, շատ սիրուն ասիմետրիկ քայլ է: Խնդիրն այն է, որ ինչպես ՀԿ բառը չեն հասկանում, ինչպես քաղաքացիական հասարակություն ասվածը չեն հասկանում, այնպես էլ խաղաղարարությունը:

Միքայել 1։06։58 Ցեղասպանության բանաձևին զուգահեռ (ֆորումում) կար նաև մարդու իրավունքների մոնիտորինգ իրականացնելը, իմ կարծիքով, հակառակ տրամաբանությամբ. դա ասիմետրիկ քայլի օրինակ կարող է դիտարկվել:

Գևորգ 01։07։10 Լրիվ համաձայն եմ, բայց ես (այդ մոնիտորինգի) դրական մասը տեսնում էի ոչ թե նրանում, որ հայկական կամ ադրբեջանական կողմերը ինֆորմացիա կստանային, այլ այն, որ միջազգային հանրությունն ավելի կզգայունացվեր դեպի այս դրությունը: Ես դա որպես վերջին փաստարկ նշեցի, որ ավելի կարևոր է իրադրությունը տանել դեպի կոնստրուկտիվ զարգացում միջազգային հանրության հետ աշխատանքի վերաբերյալ:

Քանի որ խոսում ենք միջազգային հանրության մասին, անդրադառնամ վերջինիս հետ հարաբերվելու որոշ սկզբունքների: Կայուն և համապարփակ խաղաղություն հասկացության մասին մի քանի խոսք ասեմ: Խնդիրն այն է, որ դա շատ աբստրակտ բան է և անիրագործելի է թվում: Բայց այս իրադրության մեջ, և´ միջազգային իրադրության պատճառով, և´ կոնկրետ այս կոնֆլիկտի պատճառով, այնպիսի տպավորություն է, որ եթե դու չես աշխատում այդ համապարփակ խաղաղության համար, ժամանակավոր կոմպրոմիսային խաղաղությունները չեն իրագործվել մինչև հիմա, և ես շատ քիչ հնարավորություն եմ տեսնում (դրանց) իրականացվելու, իմ ասած այն պատճառով, որ եռանկյունիների գագաթներն ինքնամեկուսացած են:

Դրա համար մենք ստիպված ենք աշխատել այն մեծի վրա (համապարփակ խաղաղության), որովհետև այն այս եռանկյունիներն էլ է վերափոխում, և ի վերջո գուցե այնքան կապեր ստեղծվեն, այնքան իրադրությունը փոխվի (որ փակուղին հաղթահարվի)…

Դրա համար ես չեմ ուզում նկարագրել, թե ինչպիսին պիտի լինի լուծումը: Կոմպրոմիսային տարբերակն անլուծելի է թվում իրական մենեջմենթի տեսակետից, իսկ այն համապարփակ տարբերակը մեր կյանքի ընթացքում անհասանելի է: Ի՞նչ անել դրա վերաբերյալ (էլի դրոշակ):

Բայց մի բան հասկանալի է` լուծողը մենք ենք, ոչ թե Ռուսաստանը, ոչ թե ԱՄՆ-ն։ Նրանք կարող են ազդել, բայց լուծողը, կամքը, (ռազմավարական) ենթական լուծման պիտի լինեն այս հասկացությունները (Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ «եռանկյունիները»), և մնացած հասկացությունները գալիս են սրանց այս կամ այն չափով առնչվելու:

Մյուս սկզբունքը միջազգային հանրության հետ աշխատելու: Հավաքագրել անձերի, որոնք քիչ թե շատ այդ խաղաղարարության սկզբունքներին ու արժեքներին համաձայն են: Հավաքագրել միջազգային հանրության միջից հասկացող, համակրելի մարդկանց, «խաղաղության ռազմիկներ»: Հակառակ սկզբունքով նրան, ինչ անում են այս երկու ընկերները («գագաթները»), նրանք հավաքագրում են իրենց կողմնակիցներին: Իսկ մենք հավաքագրում ենք խաղաղարարներ իրենց բնույթով, որը պարտադիր չէ մասնագետ լինի կամ հենց այդ գործով զբաղվելիս լինի: Ամրապնդել ցանցային կապերը նրանց միջև:

Դա շատ կարևոր է մեր ներքին կառուցվածքն ամրապնդելու համար, բայց հաճախ մենք մոռանում ենք: Օրինակ, մարդիկ ասում են այսինչ մարդը, կամ այսինչ կազմակերպությունն ունի ցանց կազմված հազար հոգուց, բայց նրանք հաշվի չեն առնում, որ նրանք (այդ հազար հոգին) կապված չեն միմյանց հետ: Ամենակարևոր բանը, որ ցանցը կարող է անել՝ եթե փոխօգնության օրինակներ կան (նրա անդամների կողմից դրսևորված)՝ ռեալ կյանքի մեջ: Ցանցը լավ է աշխատում, եթե փոխօգնություն է տեղի ունենում ցանցի անդամների միջև: Ոչ թե դու նրան ես օգնում, նա` քեզ: Այլ ցանցի մեկ անդամին կապել ես մեկ այլ անդամի, ովքեր միմյանց օգնում են կամ երեքով օգնում եք մեկին: Եվ կոնկրետ իրադրություններում, լինի դա փոքր աշխատանք, թե՝ մեծ: Ցանցի ամրությունը ստուգվում է փոխօգնության միջոցով: Մնացածը ցանցեր չեն, այլ պրոտո-ցանցեր են։

Միջազգային հանրության հետ խոսելը նույնպես պիտի լինի հակառակորդին հասկանալի լեզվով: Այսինքն` այնպիսի լեզու պիտի ընտրես, որ ամոթ չլինի կամ հետապնդման չենթարկվես ոչ այս կողմից, ոչ մյուս: Ես նկատի ունեմ նորմալ իրադրությունները: Անարդար հետապնդումները նույնպես ի վերջո միշտ էլ հնարավոր է պատկերացնել, բայց նորմալ իրադրություններում (չարդարացված ռիսկի չենթարկես քո դիրքը քո հանրությունում): Բայց նաև (ռիսկի չենթարկես) այս կողմին («հակառակորդի» մեջ եղած քո պոտենցիալ համախոհներին): Երբ որ խոսում ես միջազգային հանրության հետ խաղաղարարական գաղափարներից կամ լուրջ լուծումներ առաջարկելու մասին, տեքստը պետք է լինի այնքան զուրկ կարծրատիպերից, որ ընդունելի լինի և՛ միջազգային հանրության, և՛ ներքին հասարակության ռացիոնալ մասին, և՛ հակառակորդի:

Եվ, վերջապես, միջազգային հանրությանը պետք է օգնել, որ նա հասնի այս վիճակին (համապարփակ խաղաղությանը), նրա ժողովրդավարության թերությունները վերանան, նրա ներքին ամրապնդումը տեղի ունենա, որովհետև նա էլ անընդհատ զարգացման մեջ է, գրոհների վիճակում է: Այսինքն` պաշտպանել, օգնել, որ միջազգային հանրության քաղաքամշակույթը նույնպես ամրապնդվի՝ շատ կարևոր է: Չգիտեմ, Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու կամ չգալու հանրաքվեին ես ի՛նչ խորհուրդ կտայի այս մարդկանց, ի՛նչ դիրքորոշում ընդունել: Ինձ զարմացնում է դրա նմանությունը ղարաբաղյան հարցին: Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնն ասում էր գրեթե նույն տեքստը, ինչ ասում էր Գեորգի Պետրոսյանը քսան տարի առաջ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պիտի անկախ լինի Ադրբեջանից: Ասում էր՝ Լոնդոնը, Բրիտանիան պիտի անկախ լինի ԵՄ-ից, պետք է վերականգնի իր սուվերենությունը, որպեսզի կառուցի ժողովրդավարություն և այլն: Շատ հետաքրքիր, ունիկալ զուգահեռ էր:

Ես ուզում եմ մի դեպք էլ ասել «քցելու», և դրանով ավարտել: Ամենատգեղ բանը, որ լինում է, եթե դու «վառում ես» այս (երեք) կողմերից որևէ մեկին: Դու հանդիպեցիր «հակառակորդիդ» հետ, ինչ-որ բան քննարկեցիք, հետո դու տուն ես վերադառնում ու հրապարակում ես, թե նա ինչեր էր ասում: Սկսում է գործել «ինչքան իրեն վատ, այնքան ինձ լավ» սկզբունքը: Այս դեպքում դու դադարում ես լինել խաղարարար, դու դառնում ես ռազմիկ:

Միքայել 1։18։06 Ես ուզում եմ ասել, որ ես այս սխեման փոքր-ինչ այլ կերպ կպատկերեի, քանի որ կոնֆլիկտ չի, կոնֆլիկտներ են, և այս կոնֆլիկտը մյուս կոնֆլիկտներից («գագաթի» ու «մնացածի» միջև) անջատ դիտարկելն ինչ-որ չափով խնդիր է ստեղծում (պատկերում է չորս կոնֆլիկտ): Քանի որ մի կոնֆլիկտը մյուս կոնֆլիկտների հետ անմիջականորեն կապված է: Այն փուլերում, որտեղ մի կոնֆլիկտում խնդիր է առաջանում, պետք լուծել մյուս կոնֆլիկտները: Մի կոնֆլիկտում էսկալացիա եղավ, կապը կտրվեց, ակտիվացավ մյուս կոնֆլիկտը լուծելու անհրաժետությունը: Այսինքն` կոռուպցիա, ժողովրդավարություն, ընտրություններ և այլն:

Ճիշտ նույն կերպ էլ այս կոնֆլիկտը, ակտուալացման պարագայում, ազդում է մյուսի վրա, ինչը, մի քիչ ուրիշ օրինակով, տեղի է ունենում, երբ Հայաստանում ընտրություններ են, միանգամից սահմանին լարվածություն է ստեղծվում, դա էլ կոնֆլիկտի հակառակն է: Բացի ամեն ինչից, այստեղ այս սլաքն էլ այլ կերպ կնկարեի, առանձին, քանի որ սա մի՛ կանալ է, սա՝ ուրի՛շ: Իրենք ֆունկցիոնալ առումով տարբեր են, բայց բովանդակության տեսանկյունից այս կանալի մեջ դու կարող ես և՛ կոնֆլիկտի բովանդակություն լցնել, և՛ ռեֆորմի բովանդակություն լցնես:

Այսօր, ինֆորմացիայի հասանելիության պայմաններում, այս ազդեցություններն էլ բավականին հստակ կան, այսինքն` քո բուրգի գագաթը և մյուսի բուրգի ստորոտը և հակառակը: Հետաքրքիր կլինի նաև դիտարկել այս էսկալացիոն իրադրությունում այս սլաքների ի՞նչ լինելն ու ի՞նչ տեղի ունենալը:

Գևորգ 1։21։01 Շատ շնորհակալություն, Միքայե´լ։ Պիտիասեմ, որ այն կետերը, որոնք ես չասացի, հենց դրան էին վերաբերում: Սա նշանակում է, որ մեր եռանկյունու գագաթն ազդում է Ադրբեջանի ցածր շերտի վրա և հակառակը: Օգուտ կա՞:

Միքայել 1։21։42 Օգուտ էլ կա, վնաս էլ կա, նայած՝ ոնց է ազդում։

Գևորգ 1։21։43 Որ ազդում է, ազդում է, ես ուզում եմ ասել որպես ռազմավարական «ով», կարևո՞ր է այս ու այս ազդեցությունը։

Միքայել 1։21։55 Գյուլնարայի նամակը կամ ադրբեջանական վերնախավի ուղերձը հայկական հասարակությանը, դա էլ:

Գևորգ 1։22։19 Եթե գիտեք, խաղաղարար մասնագետների մեջ շատ կարևոր սկզբունքներից մեկն է` «վնաս մի բեր»: Ավելին, ասացինք, երբ առաջարկ ես անում, պետք է այնպիսի առաջարկ ընտրես, որ երեք մակարդակի հարմարեցում լինի առաջարկիդ կամ խոսքիդ, տեքստիդ, գործունեությանդ: Բայց կա և՛ս մեկ մակարդակ, այսպես ասած ֆուլ փրուֆ լինելը: Պետք է այնպիսի առաջարկ լինի, որ եթե «քցեն», վնաս չլինի:

Միքայել 1։23։10 Բայց լավագույն դեպքը, եթե «քցեն»՝ օգուտ լինի:

Գևորգ 1։23։15 Դա արդեն բարձրագույն մաթեմատիկա է:

Կոմունիկացիոն, դիալոգային (պրոցես է սա): Ինչու՞ է շատ կարևոր` քեզ դիր մյուսի կողմը: Տատյանա Չերնիգովսկայան ասում է, որ մարդը կենդանիներից տարբերվում է նրանով, որ մարդն ունի նեյրոնների մեջ հայելային կարողություն: Ուզում է ասել, որ ռեֆլեքսիա ունի: Մարդը միակ կենդանին է, որը կարող է մտածել ուրիշ մարդու տեսակետից: Երբ դու սկսում ես փնտրել մարդկանց ու կենդանիների միջև տարբերությունները, տեսնում ես, որ այնքան նմանություններ կան, որ շատ դժվար է հասկանալ` որն է ի վերջո տարբերությունը: Ագռավը, չնայած փոքրիկ ուղեղին և ուղեղային ծալքերի բացակայությանը, այնքան խելոք է, այնքան ունի հոգեբանական նույն կարողությունները: Տարբերությունը, ըստ նրա, ռեֆլեքսիայի կարողությունն է:

Ես միշտ կողմնակից եմ նրան, որ առաջարկները լինեն ոչ թե աբստրակտ, «եկեք դիմենք Ամերիկային, որ մեզ լավ ապրեցնի», այլ այն, ինչ դու կարող ես անել, ռազմավարական ովը:

Հաճախ դա հանգեցնում է պրոցեսի առաջարկի, երբ մարդիկ ուրիշ ձև չեն գտնում: Շատ տիպական է մադրիդյան առաջարկը: Երբ կար առաջարկ խաղաղություն հաստատելու, այն անընդունելի էր, հարցրեցին` ինչու՞ է անընդունելի, պարզվեց, որովհետև մի շարք կարևոր առաջարկներ մեջը չկան: Փոխանակ խաղաղության նոր սցենարի սևագիր արտադրեն, արտադրեցին սկզբունքներ, որոնք բոլոր կետերին քիչ թե շատ անդրադառնում են: Այսինքն` framework, շրջանակային մակարդակի վրա սկսել խոսել: Դա պրոցես է ավելի շուտ, այս հարաբերությունները հանգեցնում են պրոցեսի:

Դրոշակներից մեկն է` արդյո՞ք պրոցեսը դառնում է արդյունք, թե` ոչ:

Որովհետև մի քննադատությունը, որ մենք հաճախ լսում ենք մեր քաղաքացիական հասարակության երկխոսության մասին, այն է, որ «ինչքան էլ խոսեք, դրանից բան չի փոխվում»: Նույնն էլ Մինսկի խմբին են ասում: Այսինքն` արդյո՞ք պրոցեսն ի վերջո դառնում է արդյունք, թե ոչ: Հաճախ այս անտագոնիստական իրադրությունների մեջ պրոցեսային առաջարկն է միակ կոնստրուկտիվ բանը: Օրինակ, հանդիպեցինք, խոսեցինք, համաձայնության չեկանք, բայց պայմանավորվեցինք, որ նորից ենք հանդիպելու: Այսինքն` սկսվում է հանդիպումների պրոցես: Իսկ թե ինչ է լինելու, արդյունքը մնում է անհայտ: Դա կոնստրուկտիվ է համարվում ամենածանր իրադրության մեջ:

Միքայել 1։27։32 Ես ուզում էի խոսել խաղաղարարի տեղի ու ռեֆլեքսիայի մասին: Փաստորեն, խաղաղարարը գտնվում է նույն տեղը, որտեղ կռվարարը: Բայց ի տարբերություն կռվարարի կամ զինվորի, խաղաղարարն ունակ է ռեֆլեքսիայի, այսինքն` երբ խաղաղարարը ռեֆլեքսիա է անում, ինքը շարունակում է իր խաղաղարարությունը, իսկ զինվորը երբ ռեֆլեքսիա է անում, ինքը դադարում է կռիվը: Այս իրավիճակում նաև շատ կարևոր է այս իրավիճակում պոզիցիաների միավորումը ռեֆլեկտիվ դիրքում, որպեսզի դու սրա տրամաբանությունը ու սրա տրամաբանությունը, կախված իրավիճակի փոփոխությունից, կարողանաս ավելի ճիշտ գնահատես ու իրենց փոխլրացնելիությունն ավելի էֆեկտիվ դարձնես: Երկրորդն այն է, որ խաղաղարարի ֆունկցիան կռվարարին նաև ռեֆլեկտիվ դիրք հանելն է էսկալացիայի ժամանակ, որպեսզի ինքը դադարի կռիվ անել, որովհետև այլ կերպ ինքը չի դադարում կռիվ անելը:

Իզաբելլա 1։29։05 Ճիշտն ասած ես մի քիչ այլ կերպ եմ տեսնում: Որ դուք ասացիք կան այդպիսի գիբրիդային խաղեր, օրինակ էդ տեսակն ինձ համար ընդունելի տեսակ չէ: Ես չեմ կարծում, որ խաղաղարարը կարող է լինել «վարորդը նաև հսկիչ է»: Իսկական խաղաղարարը ոչ այս բուրգի մեջ է, ոչ մյուս, ինքը մի քիչ դուրս է: Ու այս դրությունում փորձում է մի քիչ կողքից նայել: Իր նպատակն այն չէ, որ սա հաղթի կամ մյուս կողմը, իրականում իր նպատակն այն է, որ լինի համապարփակ խաղաղություն նենց, ոնց ինքն է դա տեսնում:

Օրինակ, եթե ես ինքս ինձ դնեի այս խաղաղարարի դիրքում ու եթե կարողանայի գտնել այս խաղաղարարին… ինչպես մենք հաճախ խոսում ենք, որտեղո՞վ է անցնում գիծը «լրագրող-քաղաքացու» միջև: Խաղաղարարը մի կողմից իր երկրի քաղաքացին է և մի ոտքով այս բուրգի մեջ է, բայց մյուս ոտքով դուրս է: Ու դու այդ աշխատանքն անում ես ոչ թե որովհետև դու համարում ես, որ քո բուրգն ավելի լավ բուրգ է: Խաղաղարարի ներքին խորը համոզմունքն է, որ բոլոր հասարակությունների զարգանալու, ավելի լավ ապրելու և տնտեսական այլ հնարավորություններ ունենալու համար խաղաղությունն անհրաժեշտ պայման է: Ինձ համար այս բոլոր բուրգերը շատ աբստրակտ բաներ են: Ինձ համար այնքան էական չէ, թե ո՛ր բուրգն է, որքան անհատի ազատ ապրելու, զարգանալու, իր երեխայի ապագան տեսնելու, առաջ գնալու հնարավորությունն է:

Միքայել 1։32։08 Այստեղ շատ կարևոր հարց կա: Ի՞նչ է խաղաղարարը:  Եթե դու իրեն ընկալում ես որպես ֆունկցիա, կարող է ինքը լինել խաղաղարար, հետո կռվարար: Եթե դու իրեն ընկալում ես որպես գաղափարախոսություն, ինքը չի կարող լինել այդպիսին: Այսինքն` խաղաղարարի գործը խաղաղություն անելն է, կամ, հակառակը` ինքը խաղաղություն չի անում, կռիվ է անում (տվյալ պահին): Կռիվ է անում ինչի՞ համար, միգուցե կռիվ անելով` վերջակետ է դնում, ասիմետրիկ քայլի տրամաբանությամբ, որպեսզի հասնի խաղաղության:

«Կռիվ» ասելով ես նկատի չունեմ իրար վրա կրակելը: Ես նկատի ունեմ կոնֆլիկտի մեջ մտնելը: Շատ կարևոր է հասկանալ, կամ ամեն մեկն իր համար որոշի, թե որպես ի՛նչ է ընկալում (խաղաղարար լինելը), որպես գաղափարախոսություն, արժեհամակարգ թե զուտ գործառույթ, որ «ես կանալ եմ, որի միջոցով կապվում են երկու հակամարտող կողմերն իրար հետ, ու որի միջոցով ես փորձում եմ այնպես անել, որ երկու հակամարտող կողմերը գան ընդհանուր հայտարարի»: Այդ դեպքում շատ տարբեր ընկալումներ են: Քո ասածի պարագայում ավելի շատ գաղափարախոսության տրամաբանության մեջ է, իմ ասածի պարագայում ավելի շատ ֆունկցիայի տրամաբանության մեջ է:

Իզաբելլա 1։33։46 Ինձ թվում է, որ դա մի ֆունկցիա է, որը, իհարկե, կարող է կյանքի ընթացքում փոխվել, դու կարող ես ասել, որ «չեմ ուզում սրանով զբաղվել, չեմ կարող կամ փոխել եմ հայացքներս»: Բայց, ըստ էության, եթե դու այդ խաղաղարարի (դիրքի) մեջ ես, իմ տեսած խաղաղարարի, Հայաստանում, մանավանդ Ադրբեջանում, պարզվեց, որ այդ մարդիկ զինվոր են, քաղաքական գործիչ են, քաղաքագետ են երևի, «էքսպերտ են», լրագրող են, ինչ ասես:

Միքայել 1։34։40 Բայց արդյո՞ք դա չի նշանակում, որ նրանք մինչ այդ խաղաղարար չեն եղել:

Իզաբելլա 1։34։45 Ես չգիտեմ ինչ են եղել: Հիմա ինձ հետաքրքիր է, ցանկացած մարդ, ով պատրաստ է գալ ու քեզ հետ խոսել, խաղաղարա՞ր է, թե՞ ոչ: Այդպես մեկը կար, որ եկավ մեզ հետ ինտերվյու վերցրեց Գևորգից, հետո դրեց ամբողջ ինտերվյուն խեղաթյուրեց, «քցելու» տրամաբանության մեջ, բայց մարդը եկավ, դա խաղաղարարությու՞ն է: Ինձ թվում է, որ խաղաղարար մարդը, այնուամենայնիվ, չի կարող չունենալ ինչ-որ սկզբունքային մոտեցում, մի քիչ էլ մարդասիրական, մի քիչ էլ ավելի լայն կամ գաղափարական, եթե ուզում եք: Կարող է դա շատ իդեալիստական կարծիք է, կարող է:

Գևորգ 1։35։ 51 Ես չեմ հիշում, որ ասած լինեմ «խաղաղարարը նաև մարտիկ է», եթե ասած լինեմ, ուրեմն, մետաֆորիկ իմաստով: Բայց ներքին աշխատանքի վերաբերյալ ես ուզում եմ հիշեցնել, որ խաղաղարարը եռանկյունային աշխատանքով է զբաղված: Այսինքն` նա խոսում է հակառակորդի հետ և միջազգային հանրության հետ: Եթե մարդու բազմանալու համար բավական է երկու անձի միավորում, ապա խաղաղության բազմանալու համար պետք է երեք անձի միավորում:

Ընդգծվեց ռեֆորմի կարիքը (ապրիլի չորսից հետո, դրա պատճառով): Բայց ինձ համար ցավալին այն է, որ  բոլորը գիտեին, որ ռեֆորմի կարիք կա: Ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս ընդգծվեց, ո՞ր պահին, ու՞մ համար ընդգծվեց: Այստեղ կա պրոպագանդային, դիսկուրսիոն շերտ, և կա իրականը հասկանալու, ռեֆլեքսիա անելու շերտ: Միշտ էլ դա կար, ի՞նչն ընդգծվեց: Որոշակի սկզբունքներ` չանել այն, ինչ քո գործը չէ, ինձ թվում է սա շատ կարևոր սկզբունք է: Օգնել որքան կարող ես, չտրվել սադրանքների: Եվ սկզբունք, որը շատ լավ ընդգծվեց, հայտնի է եղել հենց Խորհրդային Միության փլուզման տարիներից, բայց տարբեր ձևակերպումներ է ունեցել, մինչև վերջ չի իրագործվել, մինչև այսօր, շատերը դրա մասին խոսում են ապրիլյան դեպքերից հետո, որն իսլամում կոչվում է զաքյաթ:

Այն պարտադիր հարկն է հավատացյալի կողմից՝ համայնքին, որպեսզի օգնեն տնտեսապես ավելի դժբախտ մասին, ինչպես նաև գաղափարախոսական նպատակներով: Հիմա մենք այս հիանալի գաղափարը պետք է օպերացիոնալիզացնենք հիմիկվա իրադրության համար:

Եվ այդ առումով, որ Միքայելն ու Իզաբելան խոսում էին, ո՞վ է խաղաղարար, ո՞վ՝ չէ, ինչքանո՞վ, ո՞ր ժամանակ կարող է դադարել լինել (ես ուզում եմ ասել, որ)՝ մենք դրված ենք այնպիսի իրադրության մեջ, որ ուզած-չուզած խաղաղարար ենք: Նույնիսկ եթե դու Հայաստանից գաղթել ես Կանադա, ուզած-չուզած դու պիտի մնաս այդ գործի հաշվի մեջ:

Ու այդ տեսակետից այլ կոնֆլիկտների վրա աշխատելիս, երբ Միքայելը սա գծեց, ինձ թվաց, կարող է խոսքը գնալ (ասենք) Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների մասին: Կամ Թուրքիա-Սիրիա հարաբերությունների մասին: Բայց դա նույնպես (խաղաղարարի) շատ կարևոր ֆունկցիաներից մեկն է (մտնելն այլ կոնֆլիտկների դաշտ, այնտե՛ղ աշխատել խաղաղության համար, ո՛չ սեփական «նեղ» կոնֆլիկտում միայն): Մտնում է միջազգային հարաբերությունների եռանկյան մեջ:

Ստացվում է, որ նա պիտի անի ամեն ինչ, նրա գործն անվերջ է, որ նրա հաջողությունը հարցական է:

Միքայել 1։40։01 Այսպիսի աբսուրդային բան է մտքովս անցնում, որ այս համակարգի մեջ այս կետերից որից էլ սկսես, դու կարող ես հաջորդ կոնֆլիկտը բացատրել մյուս կոնֆլիկտի դիրքից: Այսինքն` հայ հասարակություն, Ադրբեջանի իշխանություն կոնֆլիկտ ես ուզում կապես, այդ կոնֆլիկտով կարող ես բացատրել, որ Հայաստանի պետական կայունությունը պրոբլեմ ունի: Եթե դու հայ-ադրբեջանական հասարակությունների կոնֆլիկտն ես դիտարկում, էլի գալիս ես պետություն-հասարակություն հարաբերությունների:

Ինչ վերաբերում է նրան, որ ասացիք ռեֆորմի հետ կապված (որ պիտի որ արդեն վաղուց իմանային կարիքի մասին, ապրիլյան դեպքերը չպիտի լինեին պատճառը՝ որ հանկարծ հասկանային): Ես մի քիչ ուրիշ բան էի ուզում ասել: Թե ինչպես է մի կետի էսկալացիան ձևավորում մյուս կետում ակտիվանալու անհրաժեշտությունը: Այդ տեսանկյունից կրկին այս օրինակը, որ հորիզանական կապերն ակտիվացան, որովհետև ուղղահայացը չի աշխատում, էլի դրա նշան է, լրացուցիչ է:  Այն, որ հիմա փորձում են Հայաստանի ներքին դիսկուրսն ավելի առողջ դարձնել, ավելի կոնստրուկտիվ ու ավելի որակյալ դարձնել, էլի էս մակարդակում էսկալացիայի արդյունքում մյուսի քննարկման առկայությունն է, որովհետև մինչև այդ քննարկումը շարունակաբար անորականում էր, երբ որ էսկալացիան եղավ, դու ոչ թե եկար դրան գիտակցաբար, այլ դու եկար ռեֆլեքսիայի, որ այստեղ այս մակարդակում դիսկուրսը շատ անորակ է, պետք է իրեն դարձնել ավելի որակյալ, որ ինչ-որ արդյունք սկսի տալ:

Գևորգ 1։42։34 Այն ամենը, ինչ դու ասում ես, ինձ թվում է ավելի շատ հռետորաբանական մակարդակի վրա է գտնվում, քան իրական գործունեության, և ավաղ դա մարդուն հարիր է, և ինձ թվում է դա շատ հետաքրքիր է։ Էլի դրոշակային պահ է, որովհետև խաղաղությունը մարդու բնական կյանքի վիճակն է, նա չի ուզում կոնֆլիկտի մեջ լինել, կոնֆլիկտի մասին մտածել, կոնֆլիկտի համար զաքյաթ տալ կամ արտակարգ իրադրության համար նախապատրաստվել և այլն: Նա ուզում է իր համար, իրեն համար հանգիստ ձևերով ապրել, մինչև չի սկսում ձանձրանալ: Ձանձրանալն ավելի մեծ պատճառ է դրական փոփոխության, քան ծանր կյանքը: Այո, մարդն ուժից է զարգացում իր միջից մակաբերել, ոչ թե կեղեքումից կամ ճնշումից:  

Ի՞նչ մեկնաբանություններ կան:

Արտակ 1:44։02 Գևորգը սկզբում ասեց` չսկսենք այն թեմայից, թե ի՞նչ է խաղաղությունը, բայց երևի պետք էր դրանից սկսել: Այս թեմայի մասին պետք է խսսել, որովհետև, եթե այս մասին չես խոսում, այս մնացածն աբստրակտ է հնչում: Մենք ասում ենք, որ այս պատերազմն իրականում ոչ մի բան չփոխեց, մենք դեռ ոչինչ չենք անում: Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք պիտի վերանայենք անցածը: Հետևաբար երևի ինչ որ բան փոխել է, այնպես չէ՞, եթե մենք մտածում ենք՝ ԵՀՀ-ն շարունակու՞մ է նույն ձևով peace-building անել, թե ոչ: Փոփոխությունը որտե՞ղ պիտի տեղի ունենա: Արդյո՞ք դա կախված է այս պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակի հետ, նացիոնալիզմի բումինգի՝ և´ այս կողմում, և´ այն կողմում, թե՞ ուրիշ բաների հետ է կապված լինելու:

Խաղաղարարությունը մասնագիտություն չէ. դու կարող ես լրագրող լինել, բայց խաղաղարար լինել կամ չլինել: Մենք հաճախ խառնում ենք պացիֆիստը peace-builder-ի հետ: Եթե այս տեսանկյունից վերցնենք, peace-building-ը շատ լայն հասկացություն է, միայն դիալոգ չէ, դրա մեջ մտնում է և՛ կառավարումը, և՛ տնտեսությունը, և՛ անվտանգությունը: Ցանկացած ոլորտում կարող ես peace-building անել: Կարևոր է նաև այն, թե peace-building-ը դարձել է քո գործի մի մա՞սը, թե՞ դու գործն ավարտում ես ու դրանից դուրս էլ զբաղվում peace-building-ով: Մենք պիտի հասկանանք, վաղը մենք զբաղվելու՞ ենք այս նացիոնալիստական հասարակությունում peace-building-ով: Թե՞ մենք այս պատերազմն ընկալելու ենք որպես մի միջանկյալ փուլ, քանի որ բոլորս էլ գիտեինք, որ պատերազմ կարող էր լինել, և շարունակում էինք նույն ձևով, ուշադրություն չէինք դարձնում… Պարզապես շեշտադրումնե՞րն ենք փոխում:

Գևորգ 1։47։12 Ես մի երկու նկատառում ասեմ` շարունակելով, ոչ թե պատասխանելով: Ես միշտ մտածել եմ, որ համեմատաբար փոքր երկիր, փոքր ժողովուրդ լինելն ազդում է այս իրադրության վրա, որովհետև Ռուսաստանում դու կարող ես լինել peace-builder տեսականորեն, օրինակ, կոնֆլիտոլոգիայի պրոֆեսոր, և Գերմանիայի միջազգային կոնֆերանսում նստած խոսել peace-building-ի մասին և Չեչնիայի հետ ինչ-որ հարաբերություններ զարգացնելու կարիքի մասին: Մինչդեռ Չեչնիայում այդ պահին սպանում են Մասխադովին, կռիվ է գնում: Այստեղ դու խղճի խայթ չես զգա, լեգիտիմության պակաս չես զգա: Ռուսաստանը մեծ է, հարյուր քառասուն միլիոն է, մի տեղ պատերազմ է, մյուս տեղերում խաղաղություն է կամ ուրիշ խնդիրներ են, մետաֆորիկ պատերազմներ են:

Մեզ մոտ այդպես չէ, դրա համար, ինձ թվում է, վերաիմաստավորելու կարիքն առաջացավ ոչ միայն սպեկուլյատիվ ճնշումներից, որ սկսեցին ասել «դուք բոլորդ պացիֆիստ եք», որքան մեր սեփական զգացումից: «Արդյո՞ք դուք ճիշտ եք անում, որ ժամանակ ու փող եք վատնում, եթե մարդիկ են մահանում»: Այսինքն, այդ զաքյաթի կարիքը՝ որպես սեփական նվիրում, ավելի գծագրվեց:

Ավելի գծագրվեց մեկ այլ հարց` մտածե՞լ, թե գործե՞լ: Մենք միշտ ասում ենք, որ մտածել կարողանալը գործողություն է, բայց դրանով մենք նկատի ունենք հենց այն մտածելը, որն իրոք գործողություն է մակաբերում, ոչ թե ռեֆլեքսիան վատ իմաստով: Այս խնդիրը կա: Ես ձևակերպում եմ դա հետևյալ կերպ: Զինվորը, հայրենասերը, նացիոնալիստը և այլն միշտ ունի հետևյալ արգումենտը, որ «մեզ հիմա պետք է այսքան զինվոր և զենք: Հիմա՛ է պետք, հիմա՛ մենք պիտի պաշտպանություն իրագործենք, հիմա՛ է արտակարգ իրավիճակ: Իսկ դու՝ խաղաղարար, խոսում ես աբստրակտ, ապագա բաներից, որոնք չափազանց բարդ են, գեղեցիկ և անիրագործելի»:

Կարճատեսության և հեռատեսության այս կոնֆլիկտը, բայց միևնույն ժամանակ ակտուալ վտանգի, ակտուալ արգումենտի, մեծ պրոյեկտներ իրագործման անկարողության: Պարադոքսներից մեկը դա է: Այս հարցի կողքն էլ է պետք դրոշակ դնել:

Իզաբելլա 1։50։42 Քանի որ ավարտում ենք արդեն ու դրոշակներ ենք դնում, մեկ ուրիշ դրոշակ էլ ես կուզեի դնել, որն ինչ-որ չափով վերաբերում է այս թեմային: Դա միլիտարիզմն է և միլիտարիզացիան: Այսինքն` որտե՞ղ է այն սահմանը, երբ միլիտարիզացիան մտնում է մարդկանց մտածողության մեջ, գենդերային դերերն են փոխվում, հասարակության մեջ շատ խորքային բաներ են փոփոխվում, որովհետև, ըստ իս, այս քառօրյա պատերազմը, բացի մակերեսային փոփոխություններից, մակերեսային դիսկուրսներից, որոնք մենք տեսնում ենք, որ վեր հանեց, դեռ շատ խորքային խնդիրներ կարող է դուրս հանել:

Ընդհանրապես ավելի լայն շրջանակներին է պետք անդրադառնալ, բանակի հարցերին, զինակոչի, զենք ունենալու և առհասարակ այլ երկրներում ինչի՛ է դա հանգեցրել, ինչի՛ կարող է հանգեցնել (միլիտարիզմը): Միգուցե մեկ այլ քննարկմանը սրան անդրադառնանք:

Գևորգ 1։51։59 Ես առաջարկում եմ մեր հաջորդ քննարկումը, որը և արդեն պլանավորել ենք, կոչվի «Միլիտարիզմը և միլիտարիզացիան»:

Շնորհակալություն, կա՞ այլ կոմենտար: Անուշին է խոսք տրվում:

Անուշ 1։52։36 Ես ուղղակի կարճ դիտարկում անեմ` չլինելով կոնֆլիկտոլոգ: Ես մարդու իրավունքների ոլորտի մասնագետ եմ: Ընդհանուր պատկերացմամբ, որպեսզի խաղաղարարությունն արդյունավետ լինի, պիտի լինեն ներքին նախադրյալներ: Այսինքն` մինչև այդ արտաքին հակառակորդի հետ բանակցությունը խաղաղության հասնելու նպատակով, պիտի խաղաղարարության կոնցեպտը հասցվի պետական քաղաքականության մակարդակ: Չեմ ասում ամբողջապես փոխարինի միլիտարիզմին, որովհետև դա անխուսափելի է լինելու, թեկուզ ոչ տոտալ միլիտարիզացիան: Բայց պիտի լինի քաղաքականության ճյուղերից մեկը, որը մասնագետների կողմից դառնա ստաբիլ քննարկման առարկա, զարգացվի, վերարտադրվի ու ճնշի այդ միլիտարիզացիայի միտումները: Այսինքն, ես կարծում եմ, որ մենք, արտաքին ֆրոնտներում արդյունքի հասնելու համար, պիտի ներքին այդ հակասությունները հաղթահարենք պետական կառույցների ներգրավմամբ, որպես կայուն քաղաքականության շատ կարևոր մաս:

Գևորգ 1։54։06 Շնորհակալություն բոլորիդ:

Print Friendly