Բացասական ընտրություն և մշակույթ (Jam Session 8)

Գևորգ Տեր-Գաբրիելյանի դասախոսությունը ԵՀՀ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի ժամանակ, փետրվարի 21, 2016թ․։

Սխեմայի հղումը՝ http://goo.gl/neMabJ։

Տեսանյութի սղագրությունը

(ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ՕՐԵՆՔԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՔԸ ԵՎ ՌԵԱԼՊՈԼԻՏԻԿԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՔԻ՝ ՈՐՊԵՍ ԹՈՒՅԼ ՕՐԵՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ)

Գևորգ։ Շատերը՝ հատկապես ռեալպոլիտիկին հետևողները, ասում են, որ միջազգային օրենքն օրենք չէ։ Սկզբունքային, նույնիսկ կարելի է ասել ռադիկալ ռեալպոլիտիկի տեսակետից միջազգային ասպարեզում օրենք չկա։ Կա քաոս, կա պետությունների բախում, կա անընդհատ պատերազմ։ Այդ պատկերացման համաձայն՝ միջազգային ասպարեզում խաղաղություն չկա. խաղաղությունը պատահական իրադրություն է պատերազմների միջև։ Նրանք նայում են իրադրությանը պատերազմի տեսակետից։  Այդ պարագայում միջազգային օրենքը զենք է ուժեղ պետությունների, իսկ երբեմն նույնիսկ թույլ պետությունների ձեռքում պատերազմի մեջ։ Դա այն հարցն էր, որ ըստ ինձ՝ ռեալպոլիտիկի ներկայացուցիչները հերքում են այն, որ միջազգային կառույցների նշանակությունը, միջազգային ինստիտուցիաների զարգացումը ազդում է աշխարհի փոփոխության և զարգացման վրա։

Նրանք ասում են, որ միջազգային օրենքը գործիք է։ Նրանք տարբերություն են դնում օրենք հասկացության և միջազգային օրենք հասկացության միջև, որովհետև ասում են, որ միջազգային օրենքը, ի տարբերություն ընդհանրապես օրենքի՝ մարդկանց կամ պետությունների, միավորների ձեռքում է այն առումով, որ արդյոք պետք է հետևել այդ օրենքներին, թե ոչ։ Օրենք հասկացությունն ընդհանրապես ինքնին սխալ է (ընկալվում)։ Ես գրականության ցուցակում մի քանի տեքստ եմ ձեզ առաջարկել, որ ժամանակին և վերջերս գրել եմ օրենք հասկացության վերաբերյալ։

Կա բնական օրենք, որն աշխատում է մեր կամքից անկախ։ Դրանից զատ կան մարդկանց կողմից ստեղծված օրենքներ։ Եթե մենք վերցնենք պետությունը, ապա համարվում է, որ դա այն օրգանն է, որը ստիպում է, որ օրենքները պահպանվեն։ Մարդիկ էլ այն օրգանն են, որոնք պետությունը ստեղծելով՝ ստեղծում են օրենքների համակարգը, որ հետո պետությունն այդ օրենքները պահպանի։ Պետության ներսում էլ են օրենքներն անընդհատ խախտվում, օրինակ քրեական գործոնների կողմից։ Ընդ որում այստեղ կա շատ հետաքրքիր մի հանգամանք։ Անկախ այն հանգամանքից, թե օրենքն արդար է կամ անարդար, կամ ում համար է արդար, անկախ նրանից, թե դու գիտես օրենքը, թե ոչ, օրենքը քեզ վրա ազդում է։ Այսինքն օրենքը դա պետության գործիքն է մարդուն կառավարել, ստիպել և, ինչպես ասում են, լեգիտիմ բռնություն կիրառել մարդու նկատմամբ կամ ինչ-որ բան թույլ տալ, քանզի նա ունի ինչպես թույլատրող, այնպես էլ բռնի կողմեր։

Եթե մենք տեսնում ենք, որ պետության մեջ օրենքներն ավելի ու ավելի են խախտվում, ինչը կարող է տարբեր պատճառներ ունենալ, քրեական տարրը մեծանում է։ Պետությունը «լավն» է, բայց քրեական տարրը մեծանում է։ Կամ պետությունն իբր թե «լավն» էր, բայց կա մարդկանց ինչ-որ խումբ, որ շատ չբավարարված են, և նրանք սկսում են աստիճանաբար ավելի ուժգին ապստամբել և այլևս այդ պետության օրենքին չեն հետևում։ Ես հիմա աբստրակտ եմ խոսում, բայց կարող եք տեսնել, որ այս մոդելը կիրառելի է և՛ Լեռնային Ղարաբաղի դեպքում, և՛ Սիրիայի դեպքում, և՛ ռուսական սովետական սոցիալիստական հեղափոխության դեպքում, որի մասին կխոսենք։

Օրենքները կարող են լինել վատը, և մարդիկ կապստամբեն, կամ զանազան պատճառներով՝ ասենք պատերազմի, մարդիկ այլևս չեն կարողանում պետության ներսում հետևել օրենքներին, ինչպես նաև պետությունը չի կարողանում հետևել, որ դրանք կատարվեն։ Տարբեր պատճառներով օրենքները պետության մեջ կարող են թուլանալ։ Կան պետություններ, որոնց մեջ կա իրական հարաբերությունների մեծ անջրպետ, որոնք նույնպես օրենքի օրինաչափության վրա կարող են հիմնված լինել. չգրված օրենքի՝ իրական հարաբերությունների և գրված օրենքի միջև։ Օրինակ կովկասյան ժողովուրդների ավանդույթներում կա այսպես կոչված ընդհանուր օրենք հասկացությունը, որը նրանց ավանդական, մշակութային օրենքին է վերաբերվում։

Ասենք Ռուսաստանի Դաշնությունում գործող այսօրվա օրենքով բազմակնությունն արգելված է, սակայն Չեչնիայում կամ Դաղստանում բազմակնությունը տարածված է։ Այսինքն նրանց ներքին ավանդական օրենքը հակասում է պետության ներսի օրենքին։ Նույնը՝ արյան վրեժը։ Օրինակ եթե նորմալ հասարակությունում տեղի է ունենում ինչ-որ մեկի սպանություն, պետությունը սկսում է փնտրել հանցագործին, գտնում է, դատապարտում է, և տուժած կողմը դա է համարում բավարարվածություն։ Հյուսիսային Կովկասյան կամ մի շարք այլ մշակույթներում, սպանության դեպքում, անկախ նրանից, թե պետությունն ինչ է անում (պետական օրգանները կարող են ոչինչ էլ չանեն), սպանված կողմի ազգականները պիտի անպայման սպանեն մեղավորի կողմից ինչ-որ մեկին։ Դա կոչվում է արյան վրեժի ավանդույթ, որը գոյություն ունի շատ հնուց։ Այն երբեմն մարում է, իսկ երբեմն՝ ծաղկում՝ կախված նրանից, թե պետության օրենքի գործվածքն ինչպիսի հարաբերության մեջ է գտնվում մարդկանց կյանքի հետ։ Եթե դրանք իրար մոտիկ են, ու պետության համակարգն օգնում է մարդկանց ապրել, ապա ոչ պետական մոտեցումները թուլանում են։ Եթե պետության համակարգի և մարդկանց իրական կյանքի միջև անջրպետը մեծ է, ապա ոչ պետական մոտեցումները դառնում են գերակշիռ։

Դա՝ ներքինում։ Այսինքն ներքինում օրենքը նույնպես կարող է քայքայվել։ Քանի որ ռեալպոլիտիկը ստեղծվել էր այն մարդկանց կողմից, որոնք ապրում էին ամենազարգացած արևմտյան երկրներում թեկուզ և մի քանի դար առաջ, և այնտեղ արդեն պետական օրենքի գերակայությունն արժեք էր, և նրանք համարում էին, որ պետության օրենքը հիմնականում աշխատում է, թեև դա այդքան էլ այդպես չէր, նրանք ասում էին, որ ընդհանրապես օրենքը նույնը չէ ներսում և միջպետական հարաբերություններում։

Ես այդ տարբերակումը մտցրեցի՝ ասելով, որ եկե՛ք պատկերացնենք, թե կա մարդկանց մի խումբ, որը համաձայն չէ այս պետության օրենքների հետ։ Նրանք սկսում են կռվել պետության հետ։ Շատ կոպիտ ասած՝ այսպես կարելի է մոդելավորել այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում։ Այստեղ ստացվում է ռեալպոլիտիկի իրադրություն։ Տեսե՛ք, եթե նայենք ռեալպոլիտիկի տեսակետից, ապա կա երկու կողմ, և նրանք գտնվում են քաոտիկ պատերազմի մեջ։ Եթե վերցնում ենք միջազգային իրադրությունը, ապա տեսնում ենք, որ մեծ դժվարությամբ մարդկանց և պետությունների խմբեր հավաքվում են իրենց ներկայացուցիչներով և որոշումներ են կայացնում, օրենքներ են գրում, պայմանագիր են ստեղծում։ Եթե դա երկկողմանի է, ապա դա օրենքի սկիզբն է։ Երբ այն դառնում է բազմակողմանի, ապա օրենքն ավելի է ամրապնդվում։

Երբ մի քանի հոգի է ստորագրում պայմանագիրը, ապա նրանք փորձում են պայմանագրում ներգրավել նորանոր մարդկանց։ Հետո տեղի է ունենում այն, որ ինչ-որ մեկը, ում դուր չի գալիս այդ օրենքը, որոշում է այն խախտել՝ ըստ ռեալպոլիտիկի ներկայացուցչի։ Մյուսները կարող են միայն պատերազմական բռնի միջոցներով՝ սանկցիաներով՝ ստիպողաբար ազդել։ Ազդելու գործիքները շատ են։ Պարտադիր չի, որ միանգամից արշավես այդ երկրի վրա։ Օրենք խախտելը, այնունամենայնիվ, մնում է շատ հեշտ։ Այսինքն ռեալպոլիտիկի ներկայացուցիչներն ասում են, որ, ի տարբերություն ներպետական օրենքի, որը գոյություն ունի այնքան, ինչքան որ պետությունը՝ միջպետական օրենքը հեշտ է խախտել։ Նա գոյություն ունի այնքան, որքան կա համաձայնությունը։

Եթե նայենք այս կամ այն մաքուր ներպետական իրադրությանը, կարելի է ասել, որ հեղափոխությունը տեղի է ունենում հենց այդ ժամանակ, երբ չգրված պայմանագիրը կամ համաձայնությունը գոյություն չունի մարդկանց մեծամասնության մեջ։ Անհամաձայնները կազմում են փոքր մաս։ Հենց որ մեծացավ նրանց քանակը, ապա կքանդվի ներպետական օրենքը։ Ըստ ռեալպոլիտիկի՝ դա շատ հազվադեպ ու քիչ է տեղի ունենում։ Քանակական առումով մի քիչ դժվար է հասկանալ, թե ո՛րն է ավելի հազվադեպ (միջազգայինի՞, թե՞ ներպետականի խոշոր խախտումը)։ Ամեն դեպքում միջպետական օրենքներ ավելի քիչ կան։ Դրանց քանակը հիմա աստիճանաբար աճում է, և աշխարհն այդ իմաստով գլոբալանում է։

Ըստ ռեալպոլիտիկի՝ դրանք (միջազգային օրենքները) միջպետական հարաբերություններում  ավելի թույլ և ոչ հիմնական դեր ունեն։

Սրան հաջորդում է ռեալպոլիտիկի այլ մի թեզ, ըստ որի՝ քանի որ օրենքը հեշտ է խախտել, այն դառնում է ուժ և պատերազմի միջոց, ուժեղի ձեռքում է հայտնվում, ուստի  իրական օրենք չէ։ Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ որպես ուժեղ պետություն, խախտեցին օրենքը՝ չխնդրելով համաձայնություն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդից այլ պետության վրա հարձակվելուց առաջ։ Եվ ի՞նչ եղավ, ոչինչ։ Ոչ ոք չկարողացավ ոչինչ անել։ (Կամ՝ նրանք Կոսովոն ճանաչեցին, խախտելով միջազգային օրենքը, սակայն պնդելով, թե չեն խախտում, ընդհակառակը, դրա վրա են հիմնվում: Նույնն էլ արեց Ռուսաստանը՝ Ղրիմի հարցում:)

Մեկ այլ օրինակ։ Մինչ ՄԱԿ-ի գոյությունը, Ազգերի լիգայի դեպքում, կամ նույնիսկ ՄԱԿ-ի գոյությունից հետո, Գլխավոր Ասամբլեան ընդունում է ինչ-որ որոշում։ Այդ որոշումը մնաց թղթի վրա և ոչինչ տեղի չունեցավ։ Բոլորը քվեարկեցին և վարվեցին ինչպես ցանկացան։ Ի միջի այլոց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը նմանատիպ մի բան են։ Դրանց ընդունելու ժամանակ մեր հայաստանյան դիվանագետներն ասում են, թե ինչ արած, էնտեղ տասնյակ պետություններ կան, որոնք, բանից տեղյակ չլինելով, համակրում են Ադրբեջանին զուտ այն պատճառով, որ այնտեղ էլ է բնակչության մեծ մասը իսլամ դավանում։ Իրենք ասում էին, որ ոչինչ չէին կարող անել, բայց դա մնում էր միայն թղթի վրա։

Ուրեմն համարվում է, որ նման տիպի օրենքները թույլ են կամ գործիք են։ Ամենավտանգավորն այն է, որ ասում են, թե դա գործիք է։ Ռուսաստանն այսօր ասում է, որ քանի որ Կոսովոն ճանաչվեց, իրենք նույն կերպ՝ ըստ միջազգային իրավունքի, ճանաչեցին կամ իրենց կազմի մեջ ընդունեցին Ղրիմը։ Դրանք իհարկե բացարձակապես տարբեր դեպքեր են։ Եթե էդպես լիներ, ապա Լեռնային Ղարաբաղն արդեն ճանաչված պետություն կլիներ: Որովհետև ըստ միջազգային օրենքի՝ ինչ-որ մասի ազատման համար հանրաքվեն պիտի անցնի ամբողջ տարածքում, որ համաձայնությունը լինի։ Միայն եթե այդ տարածքը համաձայնելու է, որ այդ (ամբողջ) տարածքում չի կատարվելու, այդ դեպքում կարող է փոքր տարածքում կատարվել։ Այսինքն ըստ տրամաբանության՝ սկզբում ողջ Ուկրաինան պետք է հանրաքվե անցկացներ, կամ պետք է ասեր, որ Ղրիմի բնակչությունը կարող է առանձին հանրաքվե անցկացնել։ Հենց այդ պատճառով չի համապատասխանում Ղրիմի դեպքը միջազգային օրենքի հասկացությանը։ Նույնը կարելի է ասել Լեռնային Ղարաբաղի դեպքում։ Եթե ամբողջ Ադրբեջանը, ինչպես ասենք Քվեբեկի կամ Շոտլանդիայի դեպքում, ասեր, որ իրենք համաձայն էին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը քվեարկեր, ապա հանրաքվեն լրիվ ուրիշ նշանակություն կունենար։ Բայց դա չի եղել։

Ես սա ուզում էի որպես նախաբան ձեզ պատմել, կապելու համար մեր հաջորդ խոսակցության հետ։ Ուրեմն համարվում է, որ միջազգային օրենքն ավելի թույլ է տիրապետում։ Զարգացումն այն է, որ սկսում է ավելի մեծ դեր կատարել, և դա է պատճառը, որ միջազգային կարծիքը, ոչ թե միջազգային օրենքը սկսում է ավելի մեծ նշանակություն ձեռք բերել։ Միջազգային կարծիքն ասում է, որ նույնիսկ եթե որևէ միջազգային բանաձև չեն ճանաչում կամ նույնիսկ եթե դրանք մնում են անհետևանք, ապա դրանց կուտակելը դիսկուրս է հիմնում։ Դրանց կուտակելն ազդում է կարծիքների վրա և ի վերջո ազդում է ընդհանուր իրադրության վրա։ Այդ ազդեցությունները կարող են շատ տարբեր լինել։

Կարող է բուն այս կոնֆլիկտի վրա չազդի, բայց ազդեցություն ունենա կոնֆլիկտի վրա մեկ այլ դեպքում։ Այսինքն հաշվի առնեն, որ ինչ-որ ռեակցիաներ կային, ու այդպես չվարվեն։ Այսինքն ուզում են խոսքի, միջազգային կարծիքի դերը մեծացնել: Իսկ ռեալպոլիտիկն ասում է՝ խոսքը թող մնա խոսք դա թուղթ է, թղթի կտոր, թղթե շերեփ։ Խոսքը չի հետաքրքրում ռեալպոլիտիկի ներկայացուցիչներին։ Նրանց հետաքրքրում է նյութական, ռազմական ուժը, որի շնորհիվ կանեն այն, ինչ ուզեն, ինչքան կարող են։ Եթե չեն կարողանա, ապա լուռ կմնան։ Աշխարհում այդ հարաբերությունն է տեղի ունենում։

Ես աստիճանաբար ուզում եմ մոտենալ այսօրվա մեր թեմային։ Անընդհատ դրվում են հարցականներ և անընդհատ ուզում են քանդել (միջազգային օրենքը)։ Անընդհատ ասում են, որ որոշ իմաստներով անարդար է։ Անընդհատ ասում են, որ դուք վերից իրավունք չունեք մեր (այլ երկրի) գործերին խառնվել։ Մենք հիմա այդ ընթացքի մեջ ենք գտնվում։ Մենք ձեզ հետ այս քանի օրը չխոսեցինք այդքան շատ այն փոփոխությունների մասին, որոնք աշխարհում տեղի են ունենում։ Այն վիճակը, որը կար մինչև Ղրիմի գրավումը կամ մինչև Սիրիայի դեպքերի՝ նոր մակարդակի դուրս գալը, լրիվ ուրիշ վիճակ էր, քան այսօր։ Սակայն այսօրվա այդ հանգամանքները պահում ենք մտքում, բայց իմաստ չունի քննարկել, քանի որ դրանք զուտ դեպքերի ընթացքներ են։ Մենք դեռ բավականին նյութ չունենք կուտակելու, որպեսզի որոշակի հետևություններ անենք այդ հարցի մասին, թե արդյոք միջազգային համակարգը քայքայվում և փլվում է, թե ոչ։

Եթե լսես շատ տարբեր կարծիքներ, կասեն, որ Եվրամիությունը փախստականների պատճառով փլվելու է։ Ես շատ մեծ կասկածներ ունեմ դրա վերաբերյալ, որովհետև Եվրոպական Միությունը հսկայական և շատ ուժեղ մեխանիզմ է,  բայց տեսնենք, թե ինչ կլինի։ Այս պահին չարժե մտածել ՝ փլվելու՞ է, թե՞ ոչ, որովհետև մեկ է, չենք կարողանալու կանխագուշակել։  Եթե փլվեց, ապա դա կլինի ինչ-որ չափով համաշխարհային իրադրության շատ կտրուկ փոփոխություն։ Ես, իհարկե, չեմ կարծում, որ նման բան կլինի։

Ուրեմն այս հարաբերակցությունը, երբ ռեալպոլիտիկն ուզում է իդեալպոլիտիկն օգտագործել, ունի նաև մեկ այլ հետաքրքիր հանգամանք։ Դա այն է, որ այստեղ չի դիտարկվում պատմության և մշակույթի դերը։ Ե՛վ ռեալպոլիտիկը, և՛ իդեալպոլիտիկը ելնում են նրանից, որ մարդն անփոփոխ է։ Ռեալպոլիտիկն ասում է, որ մարդկային խումբն ուզում է միշտ պատերազմի մտնել, ոչ թե նույնիսկ ուզում է, այլ դա ինքն իրեն տեղի է ունենում։  Իդեալպոլիտիկն ասում է, որ ոչ, մարդը լավն է, և նա ուզում է անընդհատ խաղաղություն կերտել։ Նույնիսկ քննադատական մոտեցման պոստմոդեռնիստական տարբերակը, որն ասում է, որ այդ ամենն իշխանությունների խաղեր են, նույնպես ասում է, որ դա միշտ եղել է այդպես։

Կան հոյակապ աշխատություններ պոստմոդեռնիզմը ստեղծողների կողմից, ինչպես օրինակ Ֆուկոյի աշխատանքները, որը պատմականորեն դիտարկել է, թե ինչպես է ստեղծվել խելագարության հիվանդությունն արևմտյան քաղաքակրթության մեջ։ Ինչպես են որոշել, որ, ասենք, մի մարդը նորմալ է, իսկ ինչ-որ պահից սկսած՝ խելագար։ Կամ, ասենք, ինչպես է ձևավորվել բանտային մշակույթը։  Չնայած այդ պատմական մոտեցմանը՝ նրանք համարում են, որ իշխանության հարցը միշտ կար, և միշտ պետք է փնտրել, թե որտեղ է շահը՝ լինի դա միջպետական օրենքի, թե ռեալպոլիտիկի ընդհարման մեջ։ Այս առումով նրանք որոշ չափով իհարկե իրավացի են։

Միջպետական օրենքի ու ասենք ՄԱԿ-ի վերաբերյալ ասում են շատ տհաճ ու տգեղ արտահայտություններ։ Օրինակ, որ եթե չլիներ նացիստական Գերմանիայի պարտվելը Երկրորդ համաշխարհային պատերազմում, հետնացիստական Գերմանիան երբևէ իր մեղքը չէր գիտակցի։ Որպեսզի նա իր մեղքը գիտակցի, պետք էր նրան ուժով ջարդել։ Եթե չլիներ նրան ուժով ջարդելը, նա իր մեղքը չէր գիտակցի։ Այստեղ կա շատ մեծ տրամաբանություն, որովհետև մենք տեսնում ենք, որ այլ դեպքերում, ինչպես ասենք Թուրքիայի, պետական մակարդակով մեղքի գիտակցում տեղի չի ունենում՝ ուսուցողական համարկարգերի փոփոխությամբ, մշակույթի փոփոխությամբ, ինչը տեղի ունեցավ Գերմանիայի դեպքում։ Ուրեմն ասում են, որ ռեալպոլիտիկն է ճիշտ, և ասում են, որ ՄԱԿ-ը ստեղծվեց այն պատճառով, որ Ստալինն ուզում էր իր դերն ունենալ աշխարհի կառավարման մեջ և դրա համար Անվտանգության Խորհրդում նա վետոյի իրավունք ձեռք բերեց, և նույնիսկ ՄԱԿ-ում ընդգրկեց խորհրդային երկու հանրապետություն, որոնք այդ ժամանակ պետության կարգավիճակ չունեին՝ Ուկրաինան և Բելառուսը։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը միշտ խանգարելու է լավագույն որոշումներն ընդունելուն, որովհետև (այդ «լավագույն» որոշումն անդամներից) որևէ մեկին չի բավարարելու։ Այսինքն այդ համակարգը ռեալպոլիտիկի համակարգ է, և ոչ թե իդեալպոլիտիկի համակարգ։

Այդ բոլոր հանգամանքներում մենք տեսնում ենք, որ ռեալպոլիտիկը չի հավատում պրոգրեսին, իսկ իդեալպոլիտիկը հավատում է, որ մարդը միատեսակ է, աբստրակտ և (գործում է) ոչ պատմական աշխարհում։ Մենք տեսնում ենք պատմական, մշակութային տարրի բացակայությունը։ Մինչդեռ պատմամշակութային տարրը կարևորագույն դեր է կատարում որոշելու համար, թե ինչքան պատերազմ է այստեղ եղել, լինելու, և ինչքան խաղաղություն է հնարավոր։

Այլ կերպ ասած (պատմամշակութային տարրը) որոշում է պատերազմի ու խաղաղության չափսը մեկ երկրի ներսում և՛ իր տարածքներում բնակվող փոքրամասնությունների նկատմամբ, և՛ պետության ու հասարակության հարաբերություններում, և՛ միջպետական հարաբերություններում։ Եթե մենք մշակութային տարրն այն սխեմայի մեջ մտցնեինք, մենք երևի թե պիտի ունենայինք ևս մեկ միջին տեսությունների գիծ, որը երևի կարող էինք անվանել «անտրոպոլոգիա, մարդաբանություն, մշակութային մարդաբանություն, էթնոմարդաբանություն», և այլն, և այլն։ Սա կօգներ մեզ տեսնել, թե ինչպես է մշակույթն ազդում այն հարցի վրա, թե արդյոք պետությունն ավելի հակված է մյուսի հետ պատերազմել և իր ներսում ավելի խաղաղ ու ավելի արդար լինել, թե՞ ոչ։

Վերջերս ես Facebook-ում տեսա մի հերթական խոսակցություն՝ մի հոդված Ֆինլանդիայի մասին։ Այնտեղ կային թեզեր, որոնք փորձում էին պատասխանել այն հարցին, թե ինչու է Ֆինլանդիան այդքան լավ երկիր։ Բոլոր թեզերը մշակույթի մասին էին, և ոչ մեկը չէր ասում, որ այնտեղ լավ օրենքներ են, որ այնտեղ ուժեղ պետություն է, որը կարողանում է մարդկանց ստիպել, որ իրենք ճիշտ վարվեն։  Թեզերից մեկն ասում էր, որ մարդիկ այնտեղ կոռումպացված չեն, որովհետև գիտեն, որ եթե կաշառք վերցնեն, իրենց հասարակության հաջորդ սերնդի վիճակը ծանրացնելու են։ Մեկնաբանություններում ասում էին, որ դա այդպես չէ, և բոլոր մարդիկ ներքուստ պատրաստ են քրեական արարքի, իսկ դա թույլ չտալու համար պետք է լավ և ուժեղ պետություն։ Դա նման է Կանտի ասած օրինակին գող վաճառականի մասին, որը ես հիշատակեցի (այլ ելույթում)։ Այսինքն այս մեկնաբանությունը բացառում է մշակույթի նշանակությունը, իսկ բուն հոդվածը չափազանցնում էր մշակույթի նշանակությունը՝ չքննարկելով պետության և ստիպելու նշանակությունը։

(ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՍԵԼԵԿՑԻԱ ՈՐՊԵՍ ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ՝ ԺԱՌԱՆԳԱԾ ԵՎ ԱԶԴՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ)

Պրեզենտացիան տե՛ս այստեղ:

Սա որպես առաջաբան։ Անցնենք առաջ։

Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ դուք՝ նոր սերունդները, ինչպես հայաստանյան, այնպես էլ ռուսաստանյան, կտրված եք ձեր պատմությունից։ Այսինքն Խորհրդային Միության 70 տարիները, երբ Հայաստանը Խորհրդային Միության մաս էր, հօդս են ցնդել, ներկայացվում են շատ միակողմանի՝ որպես զուտ Խորհրդային Հայաստանի պատմություն, և կապը Հայաստանի ու Ռուսաստանի միջև կտրվում է։ Իսկ դա միայն Խորհրդային Միության պատմությունը չէ, նաև 19-րդ դարի պատմությունն է և պատմանական հարաբերությունը։ Մի կողմից ստացվում է, որ ազգային մշակույթն ու պատմությունը վերակերտելիս, սոցիալապես կառուցելիս, դասագրքերով կառուցելիս մենք Հայաստանում ստանում ենք շատ միակողմանի պատմություն, որովետև, ասենք, իմաստ չունի 19-րդ դարի հայության պատմությունն ուսումնասիրել առանց Օսմանյան Թուրքիայի պատմությունն ուսումնասիրելու և նույն կերպ էլ առանց ռուսական կայսրության պատմությունն ուսումնասիրելու։ Եվ էդպես մի շարք դարեր։

Մյուս կողմից ռուսաստանյան այսօրվա իրադարձությունները՝ Ռուսաստան-Հայաստան չափազանց քաղաքականացված այսօրվա իրադարձությունները, բնական ինչ-որ դիմադրողականություն են ծավալում Ռուսաստանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ դա ուղեկցվում է նրանով, որ մեզանից շատ-շատերն ապրում են Ռուսաստանում, կամ ունեն կապեր նրա հետ, սնվում են Ռուսաստանից։ Նշածս դիմադրողականության հակառակ երեսն էլ այն չափազանցված ռուսաստանամետ հայրենասիրությունն է, որն էլի իր մեջ հայ-ռուսական իրական պատմության, մշակութային հարաբերության մասնեմասը չունի, որը գոյություն է ունեցել։

Այսինքն մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր աչքի առաջ ինչ-որ կերպ նույնիսկ ոչ թե կառուցվում, այլ սոցիալապես թխվում պատմությունն ու մեր հասկացությունները, իսկ այն, թե ինչպես էինք մենք ընկալում այդ ամբողջ վիճակը Խորհրդային Միության տարիներին, դուրս է գալիս հաշվից։ Մինչդեռ լավ կլինի դա գոնե մի քիչ վերականգնել։

Ինձ մոտ, իհարկե, չի ստացվի ամբողջ 20-րդ դարը 30 րոպեում ձեզ ներկայացնել։ Սա փորձ է, որը դատապարված է պարտության, բայց գոնե համը կփորձեմ ինչ-որ չափով ցույց տալ։ Նույնիսկ Ռուսաստանում դա գրեթե չի արվում։ Դա արվում է քաղաքականացված ձևով։

Նախ, ինչու՞ եմ ես ընտրել Սովետական Միության սիմվոլները որպես օրինակ։ Ես ուզում եմ կիսվել իմ մտածմունքով և դրդել ձեզ հասկանալ և մտածել, թե ինչու հանկարծ 1917թ. փետրվարյան հեղափոխությունը, այնուհետև բոլշևիկների իշխանության գալը տեղի ունեցավ, որից հետո ստեղծվեց աշխարհի ամենամեծ պետությունը՝ ՍՍՀՄ-ը, որը միայն 1980-ականներին դարձավ ԽՍՀՄ՝ սովետականը փոխարինեցին խորհրդային բառով (հայերենում)։ Ինչու՞ ստեղծվեց այս էսթետիկան, գեղագիտությունը, որը ևս նշան է հանդիսանում։

Եթե ուշադրություն դարձնեք, ապա երբեմն համեմատում են նացիստական և սոցիալիստական գեղագիտությունը, բայց իհարկե նացիստականն իր մեջ շատ ուժեղ մահվան և սատանայական տարրեր է պարունակում։ Իսկ սոցիալիստականը որոշակի գեղագիտություն է, որը կարող է մեկին դուր գալ, իսկ մյուսին՝ ոչ, բայց այն արտառոց է։  Եթե նայեք աշխարհի զարգացումը 20-րդ դարի սկզբում, ապա այն ժամանակների համար էլ էր արտառոց գեղագիտություն։ Որոշ գեղագիտական ընթացքներում նա իր հիմքերն ուներ, աշխարհի 1/6 տարածքը զբաղեցնող և ամենամեծ պետության սիմվոլիկան։

Ես ուզում եմ ասել, որ սա վերևից ներքև չէր պարտադրվում։ Ինչ-որ տաղանդավոր նկարիչներ գալիս էին ծառայելու այդ գաղափարին, ուստի ստեղծում էին այդ սիմվոլները, որոնք հետո ընդունվում էին պետության կողմից և տարածվում։ Դրանք հաճախ տարածվում էին կամավոր կերպով։ Սա հենց այնպես պատմություն չէր։ Նման մասշտաբի պարադիգմի փոփոխություն աշխարհը դեռևս իմ կարծիքով չէր ապրել։ Եթե հիշում եք, երբ տեղի ունեցավ ֆրանսիական հեղափոխությունը, այնտեղ նույնիսկ ամիսների անունները փոխեցին։ Աթաթուրքի հեղափոխությունից հետո հսկայական բաներ փոխվեցին՝ այբուբենը արաբատառից փոխվեց լատինատառի, և այլն։ Սակայն ցարական Ռուասաստանի ապրած փոփոխությունը, որը տեղի ունեցավ Խորհրդային Միության առաջացումից հետո, իհարկե իր մասշտաբով, իր ամեն ասպարեզով, իմ կարծիքով, աննախադեպ էր, որովհետև փոխվեց կառավարման ամբողջ կառուցվածքը, համենայն դեպս անուններով։ Բոլոր հասկացությունները փոխվեցին. «ռայկոմի քարտուղար»… Դա վերջում էր արդեն, բայց եթե սկզբից նայենք՝ «ժողկոմիսարներ», և այլն… Այն, որ ոստիկանությունը վերանվանվեց միլիցիայի, որը իհարկե եվրոպական ավանդույթ էր, որը նշանակում էր ժողովրդական խումբ, ոչ թե պետության ոստիկանություն… Այդ ողջ բառապաշարն ու մտածողությունը ներխուժեց։

Այլ բան, որ մարդիկ այդքան էլ չէին փոխվում։ Կա հայտնի աշխատություն, որ երկաթուղային  ծառայությունում 1905-1907թթ. աշխատող մարդիկ (գրեթե) նույն մարդիկ էին, ինչ որ 1924թ.։ Տարիներ շարունակ, այդ բոլոր պատերազմներից ու հեղափոխություններից հետո հիմնականում նույն մարդիկ էին աշխատում։ Ամբողջ տեսքը, ձևը, մոտեցումը, սակայն, փոխվել էր, բայց մարդիկ մնացել էին նույնը։

Տեսե՛ք, թե ինչ հետաքրքիր պահ կար այստեղ։ Ես իհարկե չեմ կարող ձեզ ամբողջ 20-րդ դարը ներկայացնել, բայց ես ուզում եմ ասել, որ ռուսական մշակույթի մեջ հսկայական նշանակություն ունի գրականությունը, նույնիսկ առանձնահատուկ նշանակություն։ Մենք ևս դա ժառանգել ենք։ Մեր հայկական մոտեցումը դեպի գրականություն «ռուսական» է։ Ես ավելի շատ նկատի ունեմ այն սերնդի մոտեցումը, որը դպրոց է գնացել դեռ խորհրդային ժամանակներում։ Այժմյան սերնդի պարագայում գրականությունն այլևս այդ դերը չի կատարում։ Դա (այդ մոտեցումը) ֆրանսիական չէ, անգլիական չէ, գերմանական չէ, այլ ռուսական։

Ես հիմա շատ կոպիտ բան եմ ուզում ասել, շատ սխեմատիկ, որ եթե մենք նայում ենք գրականության նկատմամբ մոտեցմանն իրեն տրված պատմական նշանակության տեսակետից, կարող ենք տարանջատում անել։ Օրինակ, եթե օգտագործելու լինեինք կրոնական բառապաշար, ապա կարելի է ասել, որ անգլոսաքսոնական աշխարհում գրականությունն աշխարհիկացված է` սեկուլյարիզացված։ Այն լրիվ անջատված է ցանկացած այլ խնդրից։ Կա գրականություն, կա գիտություն, կա արվեստ, կա բիզնես, որը շատ կարևոր բան է, կան տեխնոլոգիաներ, կա փիլիսոփայություն և ընդհանուր առմամբ ամեն ինչ։  Գրականությունը կատարում է ինչոր հավասարազոր դեր նրանց բոլորի նկատմամբ։

Ռուսաստանի պարագայում այդպես չէ։ Այնտեղ կհամարվեր, որ աշխարհի ամենակարևոր բանը գրականությունն է։ Դա այնուամենայնիվ առասպել է, անկախ նրանից, թե մենք համաձայն ենք նրա հետ, թե ոչ։ Գրականության առասպելը ստեղծվեց տարիների, դարերի ընթացքում. 19-րդ դարից՝ Պուշկինից սկսած, համալսարանների, разночин-ների, ինտելիգենցիայի, ինստիտուցիաների զարգացման շնորհիվ։ Այն բնականաբար հենց այնպես չստեղծվեց, ինչպես օրինակ հենց այն սոցիալիստական պարաֆեռնալիան՝ սիմվոլիկան, որը ես քիչ առաջ ցույց տվեցի։ Կային մարդիկ, որոնք դա ասում էին, այդպես զգում և այդպես վարվում։ Եթե նայենք, թե ինչպես կարելի է դա դասավորել, ապա մենք կտեսնենք, որ բոլոր այն երկրները, որոնք տեխնոլոգիապես շատ առաջ չեն գնում, շատ հարուստ չեն ու գիտությանը շատ մեծ զարկ չեն տալիս, ավելի հակված են գրականությունը համարել շատ կարևոր բան։

Օրինակ 20-րդ դարի Թուրքիան, ոչ թե 19-րդ դարի, որովհետև գրագիտությունը այդ ժամանակ ցածր մակարդակի վրա էր։ 20-րդ դարում գրականությունը Թուրքիայում հսկայական զարգացում ապրեց։  Այս մոդելի մեջ կտեղավորվեն Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ։ Երևի գիտեք, թե ինչ մեծ նշանակություն է այստեղ տրվում գրականությանը։ Ի տարբերություն անգլոսաքսոնական աշխարհի՝ գրականության դերը շատ բարձր է եղել Գերմանիայում և Ֆրանսիայում։ Եվ իհարկե գրականությունը շատ մեծ դեր է կատարում այն երկրների համար, որոնք այսօր կազմում են Կենտրոնական Եվրոպան։ Առաջ դրանք կոչվում էին Արևելյան Եվրոպա՝ Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և այլն։ Աֆրիկյան երկրներն էլ են գտնվում այս մակարդակում։ Ես չգիտեմ, բայց երևի թե «բուդդիստական» մշակույթները, որը իհարկե շատ կոպիտ անվանում է, ասենք չինական, ճապոնական և այլն, մի քիչ ուրիշ մոտեցում ունեն։ Էնտեղ էլ երևի գրականությունն այնքան էլ մեծ դեր չի կատարում, բայց դա ուրիշ հարց է, ես չեմ ուզում հիմա դա քննարկել։

Ի՞նչ է նշանակում, որ գրականությունն ամենակարևորն է։ Պատասխանը կարող է լինել տեխնոլոգիական. որովհետև պետությունն էր հետամնաց և այլ ոլորտները զարգացած չէին։ Կարող է լինել հայեցողական. որովհետև գրականությունը հնարավորություն է տալիս տեսնել մարդուն ամբողջության մեջ, ոչ թե մասնատված։

Եթե դու ոչ գրական տեքստի հետ գործ ունես, ասենք դատական որոշման, ապա դա դատավորի մասն է ցույց տալիս։ Դա ցույց չի տալիս, թե արդյոք այդ դատավորը հայր է, մայր է, քույր է, եղբայր է, և այլն։ Եթե դու ստեղծագործության մեջ ես հանդիպում դատավորին, դու նրան տեսնում ես ամբողջությամբ, քիչ թե շատ։ Նույն կերպ՝ գիտնականը։ Նա անում է հայտնագործությունը, և դու օգտագործում ես նրա հայտնագործությունը։ Եթե մասնագետ չես, նրա կերպարը քեզ շատ չի հետաքրքրում։ Եթե դա գրականության մեջ գործող անձ է, ապա դու նրան տեսնում ես ամբողջությամբ։ Ուրեմն մարդու ամբողջական ներկայացնելն իր անջատված մասերից՝ հայեցողական պատասխան է, թե ինչու է գրականությունն այդքան մեծ դեր կատարում։

Կարող ենք մեկ այլ բան ասել. որ սոցիալական գիտությունները՝ այն, որ ես գրատախտակին ցույց էի տալիս՝  ռեալպոլիտիկ, իդեալպոլիտիկ, մարքսիզմ, և այլն, դրանցից ոչ մեկը սկիզբ չի առել Ռուսաստանում։ Փիլիսոփայությունն այնտեղ այդքան ուժգին զարգացում չէր ապրել, ինչքան որ Արևմտյան Եվրոպայում էր՝ տեղ գրավելով և գրականությունից ինչ-որ մասեր վերցնելով։ Փաստորեն գրականությունը սինկրետիկ, խառնիճաղանչ կերպով իր մեջ է կուտակել բոլոր հնարավորությունները աշխարհի մասին բան ասելու, այն նկարագրելու, ասելու, թե քեզ հետ ինչ է կատարվում, և պատմությունը հասկանալու։ Այն տվել է կողմնորոշվելու՝ օրիենտացիայի հնարավորություն։ Գուցե հենց դա է պատասխանը։

Ինչպես էլ լինի, գրականությունը հսկայական դեր էր կատարում, և եթե պատկերացնենք, որ տեղի ունեցավ սոցիալիստական հեղափոխությունը, որը հակակրոնական հեղափոխություն էր, միանգամից առաջ է գալիս երկու հասկացություն` բռնություն և սեկուլյար, ոչ կրոնական կյանքի իմաստի փնտրտուք։ Դա պաշտոնական դրսևորմամբ մարքսիզմն էր։ Այսինքն այն էր, որ պիտի հասնել կոմունիզմի։ Պետք է ասել, որ հակակրոնականությունն ամբողջ ինտելիգենցիային բավականին հատուկ էր։ Այնպես չէր, որ եկան և վերևից պարտադրեցին։ Դրա հիմքերը կային, որ եկան ու սկսեցին եկեղեցիները քանդել, ինչպես ժողովուրդը՝ ոչ գրագետ մասսաները, բայց նաև գրագետ մասսաները որոշ չափով դրան կողմնակից էին։ Ուրեմն պետք է որ բացի սոցիալիստական գաղափարախոսությունից մեկ այլ բան այնտեղ եղած լիներ, եթե գրականության դերը այդ աշխարհում այդքան մեծ էր։

Այդ ինչ-որ բանը մոտավորապես այնպիսի մի գաղափարախոսություն էր, որը քարոզում էր «բարոյական պետություն»։ Այսինքն նա, ով երկրպագում է գրականությանը, համարում էր, որ պրոգրեսը կայանում է նրանում, որ քաղաքականությունը միավորվի բարոյականության հետ առանց կրոնի միջամտության։ Իսկ մենք գիտենք, որ քաղաքականությունը սարսափելի անբարոյական բան է համարվում։ Կարելի է ասել, որ (սա) նույնքան ուժեղ և նույնքան անիրագործելի գաղափար է, որքան մարքսիզմը։

Երկու խոսք կուզեմ սրա (բռնության) մասին ասել։ Պատկերացրեք, թե ինչ վիճակում պետք է ապրած լինի ժողովուրդը, ինչքան պիտի մեջը բռնություն կուտակված լինի, որ բռնությունների այդ ալիքը սկսվի ու շարունակվի։ Բնականաբար, մինչև 19-րդ դարի կեսերը կար ճորտատիրական կարգը։ Ուրեմն արդեն այնտեղ կուտակվում էր բռնության այդ լիցքը։ Կար մարդու նկատմամբ հարգանքի բացակայությունը։ Եթե ճորտ է, դու ո՛չ իրեն ես հարգում, ո՛չ ինքդ քեզ։

Այն, ինչ անգլոսաքսոնական երկրներում, Նիդեռլանդներում կամ իտալական քաղաք- պետություններում շատ ուժեղ  զգացվում է։ Մարդը, որպես բիզնեսմեն, որպես կարող անձնավորություն, դառնում է ամենամեծ արժեքը։ Այդ պատճառով էլ սկսում են զարգանալ մարդու իրավունքները։ Ռեալիզմի (չափազանցված տարբերակի) պարագայում մարդը կեղտ է, աղբ է։ Ինչ կուզես, նրա հետ կանես։ Մարդու արժանապատվության գաղափարը հազիվ պահպանվում էր այդ փոքր, շատ քիչ քանակությամբ կրթված խմբի՝ ինտելիգենցիայի կողմից, որը գրականությունը համարում էր իր կուռքը։ Ընդ որում ես չեմ ասում արվեստ, որովհետև արվեստը Ռուսաստանում էլ այդքան կուռք չի համարվել։ Զուտ և միայն գրականությունը, թեև դժվար է գրականությունն ու արվեստը այդպես միանշանակ իրարից բաժանել։ Իհարկե կար գիտություն։ Կային առաձին հսկա դեմքեր գիտության ասպարեզում, բայց մեկ է, գրականությունն ուրիշ էր իր թափով, իր նկատմամբ վերաբերմունքով, իր մաշտաբով։

Ուրեմն այդ բռնության ալիքը զարգանում է դեռևս շնորհիվ 19-րդ դարի անարդար համակարգի, որտեղ մի շարք ռեֆորմներ ի վերջո արվում են, բայց ըստ երևույթին չեն օգնում։ Բռնության ալիքը գալիս է և 20-րդ դարի սկզբից՝ 1905թ. սկսած` սկսում են խփել ջարդել գյուղացիությունը։ Ժողովուրդը գնում է ջարդելու, հետո ցարական կազակներն ու զորքերն են գալիս։ Այնուհետև Առաջին համաշխարհային պատերազմ ու կրկին ջարդը շարունակվում է։ Մարդու արժեքի բացակայությունն արդեն մշակութորեն ժառանգված էր 1917թ. իշխանության եկած բոլշևիկների կողմից։ Դա է իմ թեզը։ Դա շարունակվեց ամբողջ 20-րդ դարի ընթացքում, և մենք այսօր ժառանգներն ենք այդ հասարակությունում մարդու արժեքի։

Ես հիմա ուզում եմ ձեզ մի փոքրիկ ցույց տալ, թե ի՛նչ տեղի ունեցավ։ Փորձել եմ ստեղծել ժամանակային գիծ՝ timeline՝ 1917թ., քաղաքացիական պատերազմի ավարտ, Լենինի մահ, 1928թ., երբ արդեն պարզ դարձավ, որ Ստալինն ամբողջությամբ իշխանության գլուխ է, 1933թ. Կիրովի սպանությունը և Գրողների միության ստեղծումը, 1937թ.՝ որպես տեռորի սիմվոլ, 1939թ.՝ առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը և Խորհրդային Միության՝ խաղի մեջ մտնելը, 1944թ.՝ Խորհրդային Միության զորքի ներխուժումը Եվրոպա։

Եթե նկատել եք, ապա այժմ ամբողջ աշխարհով մեկ մշակութային շարժում է տեղի ունենում, որը ուզում է ցույց տալ, թե ինչպես էին խորհրդային զորքերը բռնաբարում կանանց Եվրոպայում։ Նկարահանվում են ֆիլմեր, պատրաստվում են նյութեր ու պատմական հետազոտություններ։ Դա մի հսկայական ալիք է, որը բացարձակապես հերքված է և՛ այսօրվա Ռուսաստանի դիսկուրսում,  և ՛ հերքված է եղել մեր ողջ պատմության մեջ (ինչպես այն մեզ ուսուցանվել է)։

Ես իմ ժամանակային այս գծում նշել եմ նաև ՄԱԿ-ի ստեղծումը։ Նշել եմ 1946թ. Ժդանովի՝ գրականության վերաբերյալ տեքստը, ինչպես նաև Ստալինի մահը 1953թ., որին հաջորդում է 20-րդ համագումարը (1956), երբ Խռուշչովը Ստալինին քննադատեց, և այլն, և այլն։ Սա այսպես կոչված «ձնհալի» տարիներն են։

Իմ այս ներկայացման մեջ ներառել եմ գրողների դիմանկարներ։

Ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, ապա շատ կարևոր է 1948թ. հայրենադարձությունը, մինչ այդ մեր խոշոր գործիչների գալը և նրանց մահանալը կամ կործանվելը։ Ես ներառել եմ նաև հայկական հետքը, որը մենք կարող ենք տեսնել Խորհրդային Հայաստանի պատմությունն ուսումնասիրելիս։ Սահմանազատել, հասկանալ ու բացատրել միայն հայկական տարրն առանձին՝ հնարավոր չէ, եթե մենք չհասկանանք ավելի մեծ խորհրդային պատմությունը։ Մենք հիմա կտրված ենք ռուսական մշակույթից, և մեզ համար այն օտար է։ Ինձ համար այն օտար չէր, որովհետև կար հայկական մշակույթ և կար ռուսական, համախորհրդային մշակույթը. ո՛չ ղազախականը, ո՛չ մոլդովականը, ո՛չ բելառուսականը օտար չէին։ Այդ ամենը համարվում էր մի երկիր։

Ձեզ համար շատ օտար մշակույթ է։ Դուք ավելի քիչ առիթներ եք ունենալու թաղվել այս մշակույթի մեջ և ունեք հազար ու մի այլ հնարավորություն ուսումնասիրելու տարբեր մշակութային արտադրանքներ։ Պետք է, սակայն, իմանալ և հասկանալ։

Իմ ներկայացման մեջ ես ներառեցի նշանավոր մարդկանց անուններ, որ ցույց տամ, որ այս մարդիկ ռուս գրականության դասական ժամանակներից՝ այսպես կոչված «ոսկե դարից» եկան 20-րդ դար։ 20-րդ դարի հետ միասին սկսվեց (գրականության) «արծաթե դարը»։ Կային այնպիսի անուններ, ինչպիսիք էին Վելեմիր Խլեբնիկով, Ալեքսանդր Բլոկ, Նիկոլայ Գումիլյով։ Ընդ որում էստեղ պետք է լավ պատկերացնել մի բան, որը գրեթե ոչ ոք չգիտի, որ Խլեբնիկովը, օրինակ, ծագումով հայ էր՝ Հացագործյան։ Բայց դա այդքան կարևոր էլ չէ։ Շարունակելով անունների ցուցակը, նշեմ՝ Անդրեյ Բելի, Լեոնիդ Անդրեև։ Բոլորը մինչև 1917թ. արդեն իսկ կայացած անուններ էին։

1928թ. ավարտվեց նոր տնտեսական քաղաքականությունը։ Արդեն պարզ դարձավ, որ չի լինելու վերադարձ դեպի նորմալ կյանք։ Թեև այս թվականներին շատ բաներ (մշակույթի ասպարեզում, ձեզ կարող է թվալ) տեղի չեն ունենում, բայց կան գրողներ, որոնք, ասենք, Ալեքսանդր Բլոկի հաջորդ սերունդն են։ Նրանք ստեղծագործում և դառնում են հայտնի 1920-30-ական թվականներին։ Որոշները սկսում են դեռ 1910-ական թվականներին և տալիս են որակ։ Այդ ստեղծագործողների թվում են Օսիպ Մանդելշտամը, Բորիս Պաստեռնակը, Սերգեյ Եսենինը, Միխայիլ Բուլգակովը, Անդրեյ Պլատոնովը, Մարինա Ցվետայևան, և այլն։ Սա հսկայական արժեք է։

Էստեղ՝ պատահական ընտրված ցուցակի մեծ մասը համաշխարհային հանճարներ են։ Այդպիսի պլեադա չկար նույնիսկ 19-րդ դարում, որովհետև լավագույն դեպքում եղել է 3-5 միաժամանակ ստեղծագործող հանճար, ասենք, Պուշկին, Լեռմոնտով, Գոգոլ։ Կարող ենք նաև ինչ-որ իմաստով ասել Բելինսկի որպես գրականագետ։ Կամ ասենք, Տոլստոյ, Դոստոևսկի, Տուռգենև։ Համաշխարհային այդ անհերքելի մեծությունների սերունդն ավարտվեց, իսկ այստեղ մենք ունենք Պլատոնով, Բուլգակով, Մայակովսկի, Ցվետաևա, Ախմատովա, Պաստեռնակ, Մանդելշտամ. անասելի, մեծագույն հանճարներ։

Գրականության մեջ հանճարը նշանակում է, որ գրական զարգացման այնքան խորք է եղել, այնքան են այս մարդիկ իրենց մշակույթի մեջ գենետիկորեն, իրենց տաղանդով, իրենց մտածելով զարգացել, որ դարձել են ստեղծագործություն արտադրելու շատ նուրբ գործիք։ Պատկերացրեք ջութակը, թավջութակը կամ դաշնամուրը։ Դրանք չէ՞ որ մեկ օրվա մեջ չեն առաջացել։ Ինչքան է աշխատել մարդկությունը, մինչև ձևավորել է դաշնամուրի պես բարդ գործիքը։ Այդպես էլ այս մարդիկ։ (Նրանց ակունքներից էին) 19-րդ դարի ընթացքում գործող ինտելիգենցիայի սերունդը, ինչպես նաև սոցիալիստական գեղեցիկ էսթետիական՝ այն լավը, որ կար սոցիալիստական գաղափարախոսության մեջ՝ արդարության այն պոռթկումը, որ ապրում էր ժողովրդի մի մասը՝ հավատալով սոցիալիզմին։ Նրանք ձևավորեցին այս խումբը, որոնցից ոմանք, իհարկե, սոցիալիզմի շատ ուժեղ երգիչներ էին, և մահացան։ Իսկ ոմանք՝ հակառակը, և կրկին մահացան մեծ մասամբ անարդար կերպով։

Դահլիճ։ Ոչ ինքնուրույն։

Գևորգ։ Այո։ Տեսե՛ք, մենք այստեղ ունենք երեք հսկա տաղանդների համակցություն՝ Գորկի, Շոլոխով և Զոշչենկո, որոնցից երկուսը տարբեր ուղիներով եկան ծառայելու ստալինիզմին, իսկ երրորդը դարձավ նրա զոհը։ Սա գնացածներն էին՝ էմիգրանտները (Իվանով, Օդոևցևա, Զամյատին), (նույն կադրում են Տինյանով, Իլֆ, Պետրով, Ալեքսեյ Տոլստոյ)։ Արտասահմանում ձևավորվում է մի հսկայական պլեադա։ Սա ևս անունների խառը միավորում է, որոնց ես միավորել եմ՝ ըստ (իմ կարծիքով) նրանց տաղանդի ու շնորհքի, և որոնք կրկին ունեցան տարբեր ճակատագրեր։ Զամյատինը թողեց-գնաց, Տոլստոյը վերադարձավ և դարձավ սոցիալիզմի ու Ստալինի միֆն ամրապնդող։

Դանիիլ Խարմս՝ ևս մի հաճար, որն ինչպես ռուսական իրակության մեջ, այնպես էլ աշխարհով մեկ աբսուրդի ժանրի սկզբնավորողներից մեկն էր։ Սա պետք է շատ լավ հիշել, հասկանալ ու պատկերացնել։ Հսկայական դեր են կատարել 1937թ., և ոչ միայն այդ թվականի իրադարձությունները։ Այստեղ ես իրականում չեմ տալիս բռնությունների այն ընթացքը, ինչպես տրվում է պատմական գրականության մեջ։ Եթե վերարտադրենք մեր ժամանակային գիծը, ապա բռնությունների ընթացքն անկանգ էր։ (Նրա նոր փուլը) սկսվեց 1914թ. Առաջին համաշխարհային պատերազմով, հետո շարունակվեց քաղաքացիական պատերազմով, հետո սկսվեց բոլշևիկյան տեռորը։ Իսկ տեռոր նշանակում էր առանց դատի գնդակահարություն, առանց դատի ոչնչացում ՝ դու իմ թշնամին ես, ես քեզ ոչնչացնում եմ սկզբունքով։

ՆԷՊ-ը՝ նոր տնտեսական քաղաքականությունը ներառել էի այն պատճառով, որ դրա ընթացքում իրավիճակը մի փոքր խաղաղվեց։ Այնուհետև սկսվեց կոլեկտիվիզացիան, որի պատճառով եղավ голодомор-ը` սովասպանդը։ Այն ոչնչացրեց միլիոնավոր գյուղացիների։ Հետո եղավ էլիտաների ոչնչացումը, որը մենք նշում ենք 1937 թվականով, սակայն կարևորը բացարձակապես այդ թվականը չէ այդ ամբողջ պատմության մեջ։ Այն համարվում է գլխավոր, որովհետև մեր նշած մարդիկ՝ գրողները, էլիտաները, հայտնի, քաղաքական դեմք ունեցող անձնավորությունները (շատերը) հենց այդ պահին են տուժել։ Իրենք իրենց մասին ավելի շատ էին պատմել։ Երբ 1956 թվականից սկսած՝ Խռուշչովը փորձում էր ստալինյան հարցերը վերհանել իր ուժն ամրապնդելու համար, նա օգտագործում էր հենց 1937 թվականը։ Նա չէր ուզում հիշել, որ հենց ինքը՝ Խռուշչովը, առաջին օրվանից մինչև Ստալինի մահվան օրը մասնակցել է այդ սպանդին։  1937 թվականը զուտ մի բշտիկ է եղել այդ ամբողջ պատմության մեջ մարդկանց քանակի տեսակետից։

Մարդկանց որակի տեսակետից, իհարկե, հանրային դեմք ունեցող մարդիկ ոչնչացվել են հատուկ նպատակադրմամբ։ Հենց այդ պատճառով ես սա անվանում եմ բացասական սելեկցիա։

(Հենց սկզբից սկսած) նրանք ոչնչացվել են հատուկ նպատակադրմամբ։ Ես սպանդի պատմությունը չեմ տալիս: Բայց լենինգրադրյան շրջափակումը և ամբողջ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մի շարք դեպքեր, գրեթե ողջ պատերազմը, կրկին ստալինյան բռնարարք էր։ Պատմական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջափակման կարիք չկար։ Շրջապատման ժամանակ կար ուտելիք, որը հատուկ չէին բերում։ Այն մեկ միլիոն մարդը, որ այնտեղ սովամահ եղան կամ դարձան մարդ ուտողներ, իրենք զոհ էին ստալինյան համակարգի, ոչ թե պարզապես հերոս նացիստական Գերմանիայի դեմ պայքարող։

Պետք է հասկանալ այդ տեռորի դիվային խորքը, որը տեղի էր ունենում։ Սա կարևոր է նաև նրանով, որ եթե մենք ուզում ենք  հասկանալ նաև հայոց ցեղասպանությունը, հայոց ճակատագիրը, պիտի հասկանանք բռնության էությունը լավ, հասանելի, պատմական տվյալներով օրինակի վրա։ Մենք պիտի խորանանք ու հասկանանք բռնության էությունը, որպեսզի հետո հասկանանք, թե մեզ հետ ինչ է եղել և ինչից պետք է խուսափել և ինչի պետք է ձգտել։

Արդեն ասացի Եվրոպայի մասին։ 1948 թվական. Ժդանովը՝ Լենինգրադի Կենտկոմի ղեկավարը, ելույթ է ունենում, որտեղ պախարակում է Աննա Ախմատովային և Զոշչենկոյին։ (Հետո) տեղի է ունենում մի շատ հետաքրքիր բան։ 1953 թ. Ստալինը մահանում է, և սկսվում են ռեհաբիլիտացիաները։ Այսինքն անիրավ ձևով դատապարպված մարդկանց գործերի վերանայում է տեղի ունենում։ Եթե կենդանի էին, ապա երբեմն բաց էին թողնում։ Եթե մահացած էին, ապա ազգականներին թուղթ էին տալիս, որ նա մեղավոր չէր։

Իսկ ժդանովյան ելույթը, որը մարդ չէր սպանում ուղղակիորեն (բայց Զոշչենկոն դրանից մահացավ), մնում է ուժի մեջ։ Էնտեղ (խոսքի համար) ռեհաբիլիտացիայի իրավական կարգ չկար։ Ախմատովային ու Զոշչենկոյին պահում են (հրապարակումից հեռու) այնքան մինչև վերջինս մահանում է։ (Նրանց) Ամբողջ գրականությունը պահում են չթույլատրված վիճակում դեռ շատ ու շատ երկար տարիներ։ Նույնիսկ 60-ականների սկզբում, երբ «ձնհալի» տարիներ էին, կաթիլ-կաթիլ էին թույլ տալիս, որ (նրանց գրածը) դուրս գա։ Նոր դեմքին շատ ավելի հեշտ էր հանդես գալ, քան հնում արգելվածին։ Ասենք, Սոլժենիցինը տպագրվեց Տվարդովսկու Новый Мир-ում, իսկ Ախմատովայի պոեզիան հրապարակվում էր աղճատումներով։ Ախմատովան հսկայական էություն է։

Մարինա Ցվետաևան ինքնասպան եղավ 1942թ.՝ լինելով էվակուացիայի մեջ Ելաբուգայում, նա կախվեց։ Ընդ որում նա վերադարձել էր Եվրոպայից։ Տեսեք, ինչ հետաքրքիր ճակատագիր է։ Հանճարեղ պոետ։ Աշխարհում այդպիսի մակարդակի չկա։ Հին ժամանակներում Սաֆոն էր նմանատիպ (գուցե)։ Ուրեմն հեղափոխության տարիների սովից մահանում է մի երեխան։ Նա գաղթում է Եվրոպա։ Ամուսինը դառնում է Եվրոպայում բնակվող էմիգրանտների սովետականությանը հակվածների թվին պատկանող և ի վերջո սկսում է ծառայել ՉԵԿԱ-յին։ Սկսում է կազմակերպել  մարդասպանությունների գործեր։ Օրինակ մասնակցում է Տրոցկու սպանության նախապատրաստական աշխատանքներին։ Ցվետաևան աղքատության մեջ մեծացնում էր իր երկու երեխաներին։ Այդ իրադրության մեջ նա ստեղծագործում է, որից հետո, քանի որ ամուսինը և աղջիկն ուզում են վերադառնալ, համաձայնում է և վերադառնում է։ Վերադառնալուց հետո ամուսնուն սպանում են, իսկ աղջկան՝ աքսորում։ Ինքը մնաց էվակուացիայի մեջ տղայի հետ։ Տղան մեղադրում է նրան, որ նա վերադարձած «սպիտակ» է, և եթե նա չլիներ, ապա ինքը լավ կապրեր։ Դրանից հետո Ցվետաևան ինքնասպան է լինում։

Ախմատովայի պատմությունն էլ է շատ հետաքրքիր։ Նա համարվել է լուռ։ Մինչև 1917թ. երիտասարդ, պատանի աղջիկը մի քանի բանաստեղծություն է գրել և իսկույն ձեռք է բերել հանճարի աուրա։ 20-ականների կեսերից նա լուռ է։ Ոչինչ չի հրապարակում։ Արտասահմանում  60-ականներին, 70-ականներին և մինչև այսօր լույս են տեսնում աշխատություններ Ախմատովայի ֆենոմենի և նրա 20-ամյա լռության ֆենոմենի մասին, մինչև Ժդանովի ելույթը։ Այդ լռությունը համարում են մինչև պատերազմական թվականներ, քանի որ պատերազմական տարիներին նրա մի քանի հայրենասիրական գործեր՝ բանաստեղծություններ հրապարակվեցին։ Արտասահմանյան և ռուս գրականագետները, ինչպես օրինակ Ստրուվեն՝ Ռուսաստանից գաղթած գրականագետը,  նույնիսկ հատուկ տերմին են հորինում, որը կոչվում է ագրաֆիա։ Այսինքն գրելու անունակությունը որպես հիվանդություն։ Ստեղծվում է նույնիսկ Ախմատովայի ֆենոմեն, թե ինչպես բռնաճնշումների տարափի տակ հանգում է գրողի ստեղծագործական ջիղը։

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ կինը մի պահ անգամ չի դադարել գրել։ Նա ստեղծագործել է ամեն օր, ամեն պահ, այդ տարիներից յուրաքանչյուրում, բայց մարդիկ այնքան կույր էին, որ չէին կարողանում մեկը երկուսին գումարել։ Կարծում էին, որ եթե չի հրապարակվում, ուրեմն մարդը չի գրում։ Իրենք գիտեին, որ բռնություներ էին տեղի ունենում, բայց չէին կարող հասկանալ այդ բռնությունների էությունը, չէին կարող հասկանալ այն համակարգը, որը ստեղծվել էր ստալինիզմի օրոք ԽՍՀՄ-ում։ Ես դրա համար եմ ձեզ այս ամենը պատմում, որ եկե՛ք կույր չլինենք։ Այդ էության մասին ես ձեզ ասեմ և կանգ առնեմ, որովհետև շատ խոսեցի։

Ինչը որ կարող էր (հրապարակվել Ախմատովայից), հնարավոր էր, (հրապարակվել է) մեծ աղավաղումներով, ժառանգների կռիվներով, դատական պրոցեսներով, որոնք մինչև այսօր չեն ավարտվել, չհավատալով նրա իրական ընկերների, իրական գրականագետների աշխատություններին, որոնք իր կողքն են եղել, ինչպես օրինակ Լիդիա Չուկովսկայային։ Մինչև այժմ դա պայքար է։ Այս հանճարների գործն աղավաղելը պատմականորեն միշտ մնում է ստորերի դերը։ Հիմա ուղղակի դրա ակտուալությունն է վերացել։

Ո՞րն է այս բացասական սելեկցիայի էությունը։ Ախմատովան ինչպե՞ս վերապրեց, որ իր ամուսնուն՝ հանճարեղ պոետին վերացրեցին։ Տղային (աքսորեցին) և (մինչ այդ) Գումիլյովին (ամուսնուն գնդակահարեցին)։ Տղան հետագայում դարձավ շատ խոշոր գիտնական, փիլիսոփա, նույնիսկ  մի քիչ արկածախնդրային։ Նա մեծ դեր կատարեց թուրքագիտության մեջ, ստեղծեց էթնոգենեզի տեսությունը (և այլն)։ Նրան երկար տարիներ աքսորեցին Ղազախստան, և հենց դրա շնորհիվ նա ուսումնասիրում էր թյուրքական մշակույթի հետքերը։

Ախմատովային լռեցրին։ Նրա ամբողջ շրջապատը ջնջվում էր։ Դա պետք է հասկանալ։

Տեղի էր ունենում այն, որ մարդիկ վերածվում էին մի քանի կատեգորիայի։ Այդ հասարակության մեջ կար ընդամենը մի քանի կատեգորիայի մարդ։

Զոհ, որը կարող է լինել ոչնչացված կամ աքսորված, կարող է լինել ո՛չ ոչնչացված, ո՛չ էլ աքսորված, այլ այսպես ներքին կառուցվածքային բռնության զոհ։

(Ես ձեզ թվեր չեմ տալիս։ Չզարմանաք, որովհետև թվերը մինչև այսօր հսկայական վեճի առարկա են։ Ես համարում եմ, որ Խորհրդային Միության ամբողջ զոհերի քանակը ներառյալ Երկրորդ համախարհային պատերազմը հասնում է 70 միլիոնի։ Գիտնականների մեջ վեճը, սակայն, գնում է 30-ից մինչև 100 միլիոն։ Ես հիմա կբացատրեմ, թե ինչի չեն համաձայնում։)

Դավաճան գլխավոր դերակատարներից մեկը, գործ տվող

Հսկիչ մյուս ամենագլխավոր դերակատարը։

Դահլիճ։ Անբարեհույս տարր։

Գևորգ։ Անբարեհույս տարրը զոհն է։

Եվ չորրորդը, որը այս կառուցվածքային բռնության զոհի պես բան է, լրիվ ապաիշխանավորված, կողքի քաշված մեկն է։

Մեր այսօրվա Հայաստանի գյուղի բնակչության մի մասն այդպիսին է։ Քանի որ նրանք շատ ծայրամասային վիճակում էին գտնվում, կարող է անմիջականորեն չէին առնչվում սրա հետ, բայց մի բան են շատ լավ հասկացել, որ չունենալ ոչ մի հարաբերություն պետության հետ և պահել լրիվ ապաիշխանավորված վիճակ (միակ ելքն է)։

Գլխավոր երեք կատեգորիաները նշածներս էին։ Ընդ որում ամենակարևորն այն էր, որ սրանք փոփոխական կատեգորիաներ են։ Այսինքն դու կարող էիր մի պահ լինել մեկը, հետո՝ մյուսը, հետո՝ երրորդը, հետո՝ չորրորդը։ Մի պահ դու զոհ ես, սակայն հայտնվելով ճամբարում՝ գործ ես տալիս, որպեսզի չմեռնես։ Թող առաջինը մեռնի ուրիշը։ Դա ճամբարի սկզբունքներից մեկն է։ Դու մահացիր առաջինը, իսկ ես՝ հաջորդը։ Դու գործ ես տալիս, որից հետո քեզ առաջ են քաշում ու դու դառնում ես հսկիչ։ Կամ հակառակը։ Դու դավաճան ես կամ դու հսկիչ ես, հետո դառնում ես զոհ և քեզ գնդակահարում են։

Դա տեղի էր ունենում ալիք առ ալիք։

Հիմա նայեք։ Ես չգիտեմ, թե այս տերմինը (հանճար) ինչքանով է վերաբերում մարդկությանը, որովհետև մենք չենք կարող ասել, թե մարդկության գենետիկան ինչպես է առաջնորդվում։ Այսինքն մենք չէինք կարող ասել, որ եթե չոչնչացնեին Օսիպ Մանդելշտամին, նրա երեխաները կլինեին նույնքան հանճարեղ, որքան նա։ Հաստատ վատ չէր լինի, թեկուզ եթե երեխաները լինեին անհաջող։ Մեկ է, սխալ է ոչնչացնելը։ Կամ, ասենք, փոխարինելի՞ է մեկ Օսիպ Մանդելշտամը հազար գյուղացու հետ, որոնք կոլեկտիվիզացիայի, голодомор-ի ժամանակ մահացան։ Հնարավոր չէ էդպիսի համեմատություններ անել։ Մենք չենք կարող ասել, որ այդ գյուղացիների երեխաներն ավելի պակաս հանճարեղ կլինեին, քան Օսիպ Մանդելշտամն էր։ Սակայն այն, որ այս բռնության ամբողջ պատմության մեջ հատուկ թիրախավորվում էր լավ, նորմալ մարդը, և, բնականաբար, նրանց մեջ նաև հանճարները, դա փաստ է։

Մարդու առաջին արժեքներից մեկն անվտանգությունն է։ Եթե դու զգում ես, որ քո կյանքը վտանգված է, դու սկսում ես գործ անել։ Այդ գործը հաճախ ենթադրում է, որ դու կարող ես որակվել որպես դավաճան։

Արդյոք դու ընկեր ունես, որի հետ կգնաս հետախուզական աշխատանքի։ Ես անկեղծ, որոշ առումով նաև ցինիկաբար պատասխանում եմ, որ աստված չանի, որ այդպիսի փորձի անհրաժեշտություն լինի։ Ես իմ ընկերներին չեմ ուզում այդպիսի փորձի մեջ դնել։ Վառլամ Շալամովը, որը հայտնի գրող էր և եկել էր ճամբարներից, ասում էր, որ աշխարհում կա բացասական փորձ։  Կա փորձ, որը ոչ մի օգուտ չի տալիս։ Ավելի լավ է դրանից խուսափել։ Դրա մեջ պետք չէ ընկնել։

Ուրեմն, եթե դու կարող ես լինել Քրիստոս՝ անմեղ զոհ, ապա քո բախտը բերել է, բայց նույնիսկ ամենաանմեղ զոհերը, ամենաՔրիստոսները, ինչպես, օրինակ, Օսիպ Մանդելշտամը կամ Աննա Ախմատովան, գոնե մի հատ ձոն Ստալինին գրել են՝ փորձելով մի բան անել։ Օրինակ, Ախմատովան փորձում էր իր տղայի վիճակը ճամբարում թեթևացնել։ Նրան ասել էին, որ եթե չգրի, տղային կոչնչացնեն։  Մանդելշտամը փորձում էր իր կյանքը փրկել: Բայց նա նաև գրել է այն հակաստալինյան ստեղծագործությունը, որի պատճառով նրան ոչնչացրեցին։

Շատ տաղանդներ, շնորհքներ, որոնց մեջ հիմա չեմ ուզում խորանալ, ստիպված են եղել այս վիճակում հայտնվել՝ ստորագրել, ձեռք բարձրացնել, երբ պախարակում էին, երբ հետո պիտի ոչնչացնեին իրենց ընկերներին։ Շատերը չեն իմացել, ճիշտ ինչպես Ստրուվեն չի իմացել, որ Ախմատովան ոչ թե չի գրում, այլ չի հրապարակվում.  լինելով (ինչպես) արտասահմանում, այդպես էլ Մոսկվայում, Լենիգրադում կամ թեկուզ Երևանում ապրող՝ մտավորականը չի իմացել ու լավ չի պատկերացրել, թե ինչ է կատարվում ճամբարներում։ Մեծ մասը չի իմացել, որ եթե դատապարտվում էին 10 տարվա առանց նամակագրության իրավունքի, ապա դա նշանակում էր ոչնչացում։ (Կամ ձև էին թափում, թե չգիտեին՝ վախից կամ չխելագարվելու ցանկությունից, անելանելիությունից…)

Ընդ որում շատ կարևոր է հաշվի առնել, որ նույնիսկ ձևական դատարանի գոյությունը լավ բան էր։ Ավելի քաղաքակիրթ դեպք էր։ Շատշատերը եղել են արտադատարանական ոչնչացումներ։ Դա ինքնադատաստան չէ (ասենք, Լինչի դատաստան), այլ հատուկ համակարգ, երբ պետության կողմից նշանակվում են երեք հոգի, այսպես կոչված тройка, որոնք որոշում են, թե ինչքան ոչնչացնել և ում ոչնչացնել։ Նրանք ուղարկում էին ցուցակներ ամեն տարածաշրջանից, որտեղ տրվում էր ոչնչացման պլան։

Ուրեմն մենք ժառանգներն ենք այս չորս կատեգորիայի մարդկանց. ուղղակիորեն, գենետիկորեն և ուղղակի հասարակայնորեն։ Դա պետք է լավ հասկանալ։

Իսկ ի՞նչ եք կարծում, սրանցից ո՞վ է ավելի շատ վերապրել։

Դահլիճ։ Հսկիչներն ու գործ տվողները։

Գևորգ։ Այո։ Ուստի զարմանալի չէ, որ մինչև հիմա այս մասշտաբի ցեղասպանությունը միանշանակորեն ճանաչված չէ մեր մշակույթների կողմից, որովհետև էդ մարդիկ ու իրենց հետնորդները չեն ուզում դա ճանաչել ու ընդունել։ Ամեն ինչ։ Մեր կողմից չէ, մեր նախնիների կողմից (արվածը)։ Մենք չենք ճանաչում голодомор-ը և մենք չենք ճանաչում մեր սեփական կաշվին արված հանցանքները։ Ո՞վ է հիմա վեր կենում և ներողություն խնդրում իր պապի գործած արարքների համար, որովհետև նա մասնակցում էր 1948 թ. հայրենադարձների աքսորին և աշխատելով МГБ-ում՝ անձամբ աքսորել է 1000 հոգի։

Դա է, որ ես նկատի ունեմ։ Մենք չենք ճանաչում անցյալը, որովհետև ավելի ուժեղներն են վերապրել, իսկ ավելի ուժեղները նրանք էին, ովքեր մասնակցում էին դրան, որովհետև ով գնում էր աքսոր և հետո վերադառնում էր, չէր կարողանում երկար ապրել։ Վերապրողները նրանք են, ովքեր բացառում են ապաշխարանքը, որովհետև իրենց նախնիները կամ իրենց հասարակությունը կամ իրենց տեսակի մարդիկ մասնակցել են այդ պրոցեսներին։

Ես էստեղ սա զուտ որպես ողբերգություն եմ դիտարկում, այլ ոչ թե որպես մեղադրանք, որովհետև սա ողբերգություն է։  

Կրկնեմ, որ պետք է հասկանալ, թե դա ինչպես էր տեղի ունենում։ Բերեմ Վիկտոր Շկլովսկու օրինակը։ Մի շնորհալի ու տաղանդավոր գրականագետ և գրող, ով ներմուծեց իր սեփական փորձը։ Նա դեռ 20-ական թվականներին հանդիսանում էր ֆորմալիստների դպրոցի առաջնորդ, որը մի շարք հոյակապ գրողներ ու գրականագետներ էր միավորում։ Այդ դպրոցը նաև առաջին պահերին պաշտպան էր հանդես գալիս այն գրողների համար, որոնց սկսում էին թիրախավորել։ Ավաղ, հետագայում ինքն էլ է ստիպված սկսում մասնակցել, և այս բոլոր անձերը։

Ֆադեևը 1956թ. ինքնասպան է լինում։ Նա Գրողների միության նախագահ էր։ Եթե կարդաք ինքնասպանությունից առաջ նրա թողած նամակը, շատ հետաքրքիր տեքստ է և շատ դժվար մեկնաբանելի։ Նա ասում է մի բան, որը կարելի է կարդալ երկու իմաստով։ Մեկի իմաստն այն է, որ այս պետությունն ու հասարակարգը գրողներին այնպես ոչնչացրեց և անպատվեց, որ նա այլևս չի կարող այստեղ ապրել։ Թվում է, թե խոսքը ստալինյան էպոխայի մասին է։ Մյուս ընթերցումն այդ խոսքի այն է, որ դա խռուշչովյան ակցիաների մասին է, և դրանով նա ուզում էր ասեր, որ իրեն անպատվում են իր գործած նախկին (լեգիտիմ) արարքների համար (որ նա արեց հանուն կուսակցական գծի)։

Քննադատական մտածողության հանելուկներից մեկը հենց այդ տեքստերը կարդալն է։

Այս մարդկանցից յուրաքանչյուրը, մեկը՝ ավելի շատ, մյուսը՝ ավելի քիչ, բացասական դեր է կատարել այս կամ այն հարցում։ Ուստի նրանց ստեղծագործությունները կարող է թեև շատ հետաքրքիր լինեն, սակայն միանշանակ չես կարող դա մոռանալ, եթե դա գիտես, իսկ եթե չգիտես, դու խաբված ես։

Էդպիսի բաներ։

Նշեմ նաև հրեաների հետապնդումը 1951թ., որն ավարտվեց Ստալինի մահով և դրա շնորհիվ չշարունակվեց։

Մի քանի խոսք Լեոնիդ Լեոնովի մասին, որը ևս համաշխարհային մակարդակի գրող էր և ստեղծագործում էր՝ մի կողմ քաշված ամբողջ ընթացքում՝ 20-ական թվականներից սկսած։ Նա աշխատում էր ամենաքիչը մասնակցել այս իրադարձություններին։ Բոլորը պիտի կողմնորոշվեին, եթե դու ուղղակիորոն դեպի զոհը չէիր գնում,  ինչպես Չարենցը։

Դահլիճ։ Բակունցը։

Գևորգ։ Բակունցը դեպի զոհը չէր գնում, նա կնախընտրեր չգնալ այդ ճանապարհով։ Չարենցն էր, որ գիտեր, որ այդ ուղով է գնում։ Եթե դու ուղղակիորեն այդ ճանապարհով չէիր գնում, ապա պարզ է, որ պիտի փորձեիր խուսափել։ Նորմալ ուղեղով մարդը չի ուզում լինել հսկիչ։ Պիտի շատ հիմար հավատացյալ լինես, որ դառնաս հսկիչ կամ՝ շահադիտական նպատակներով։ Չէին ուզում դառնալ դավաճան, բայց ի՞նչ անել։ Փնտրում էին տարբեր ձևեր, օրինակ ինքնամեկուսացում, ինչպես հենց Ախմատովայի դեպքը, երբ համարում էին, որ նա չի գրում։ Լեոնովը փորձում էր հարմարվել և շատ տգեղ արարքներ չանել։ Նա ապրեց մինչև 1970-ական թվականները և գրեց մի շարք շատ հետաքրքիր ստեղծագործություներ, որոնք այսօր գրեթե անընթեռնելի են, սակայն շատ հետաքրքիր են ու շատ խորը։ Սա շատ քչաքանակ չմիավորված դեպքերից մեկն է, որ կարելի է ասել, որ գրեթե խուսափեց։

Այնուհետև գալիս է նոր սերունդը՝ Սոլժենիցին, Բրոդսկի, Շալամով։ Տեսե՛ք, թե ինչ հետաքրքիր է։ Բրոդսկին, որը 20 տարեկանում Լենինգրադում լավ բանաստեղծություններ է գրում։ Կենդանի մեծերի սերուցքը, նույն Ախմատովան, հավանեցին այս տղային։ Նրան, սակայն,  ձերբակալում են ու դատում են «անբանության համար»։ Նա դեռ ոչ մի հակասովետական բանաստեղծություն  չէր գրել, այլ զուտ լիրիկական գործեր։ Այստեղ ևս գործ ունենք բացասական սելեկցիայի հետ։ Հենց որ զգում են տաղանդ, հարձակվում են։ Դա պատմականորեն է էդպես բոլոր հասարակարգերում։

Մեկ այլ օրինակ է Տվարդովսկին, որը, լինելով շատ հակասական կերպար, շատ մեծ մշակութային դեր կատարեց, բայց նա էլ լրիվ չի խուսափել սև բծեր ստանալուց։ Գրոսմանը, որը նստել է, Դոմբրովսկին, որը նստել է, և Ռիբակովը։ Երեքն էլ գրեցին վեպեր, որոնք չէին կարող հրապարակվել 60-ականներին, 70-ականներին, բայց հետո հրապարակվեցին և հսկայական դեր կատարեցին հասկանալու համար, թե ինչ է եղել այն տարիներին։

Գրոսմանի դեպքը շատ հետաքրքիր է, որովհետև նրա վեպը կոնֆիսկացրել էր КГБ-ն և հետո հենց КГБ-ն լույս աշխարհ բերեց այն։ Ուրիշ օրինակ այդ վեպից ուղղակի չէր մնացել։ Սինյավսկի, Դանիել, որոնք նունպես դատվել են 60-ականներին։ Նրանց դատեցին և բանտարկեցին Բրոդսկու և Պաստերնակի՝ Նոբելյան մրցանակի պատմությունից հետո։ 

Շեֆնեռ և Տիխոնով, որոնք քիչ թե շատ միջին մակարդակում են գտնվում։ Կարող ես ավելի շատ կամ քիչ հավանել։

Վիսոցկին՝  հանճար, որի ներսից եկող ամբողջ էներգիան չէր լինի, եթե այս ամբողջ բռնությունը չլիներ։

Վաթսունականների սերուցքը, որոնք համարվում էին հարմարվողականների թևին պատկանող։

Ահա նրանք, ովքեր համարվում էին քիչ հարմարվող կամ ընդհանրապես չհարմարվող, ովքեր խորհրդային ժամանակներից հասան մեր օրերը. Ֆազիլ Իսկանդեր, Ստրուգացկի եղբայրներ, Չինգիզ Այթմատով, Վլադիմիր Մականին, որը մինչև հիմա ստեղծագործում է։

Վենեդիկտ Երոֆեևը չանցավ։ Նա այն հարճարներից էր, որը մահացավ։ Մեր օրերը հասավ Վիկտոր Երոֆեևը։ Անդրեյ Բիտովը: Սերգեյ Դովլատովն ավաղ քիչ ապրեց և 1987թ. մահացավ ԱՄՆ-ում, էլի կիսով չափ հայ։

Էդուարդ Լիմոնով, որը մինչև հիմա կա և շատ տաղանդավոր գրող է, բայց նացիստ իր հայացքներով։ Պետք է հասկանալ, որ ռուս մշակույթին շատ հատուկ են ծայրահեղ ազգայնական, ազգայնամոլ մոտեցումները։ Այս մոտեցումները շատ հաճախ տաղանդի հետ միասին հանդիպում են մեկ մարդու մեջ։ Ի վերջո նույնը կարելի է ասել նաև մեծն Սոլժենիցինի մասին, որը նույնպես ծայրահեղ ազգայնական ռուսամետ հայացքների տեր մարդ էր: Եվ անընդհատ զրույց է գնում նրա մասին, որ եթե քո հայացքները հասնում են արդեն ազգայնամոլական նացիզմին, պահպանվու՞մ է արդյոք քո տաղանդը, թե՞ ոչ։

Լիմոնովն արդեն գրեթե 20 տարի իր այդպիսի հայացքներով է հայտնի։ Նա շատ արտառոց երևույթ է, հոյակապ ոճի տեր։ Վերջերս նոր գիրք է գրել, որը ես դեռ չեմ կարդացել։ Հանրայնորեն նա Ղրիմի իրադարձությունների հետ կապված շատ տհաճ ու տգեղ բաներ էր ասել։ Հետաքրքիր է, արդյոք դա ազդել է իր գրականության վրա, թե ոչ։ Դա շատ հետաքրքիր ֆենոմեն է, թե արդյոք կարող է գրականությունը մնալ լավը, եթե իր հեղինակն արտառոց հայացքների տեր է կամ արտառոց կեղտոտ արարքներ է արել։ (դասական տեսությունը համարում է՝ որ ոչ. հանճարն ու չարագործությունն անհամատեղելի են, ասել է Պուշկինը)

Սվետլանա Ալեքսիևիչ. նոբելյան վերջին մրցանակակիրը գրականության ասպարեզում։ Նրա վերաբերյալ տեղի է ունենում հսկայական ինտերնետային պատերազմ, որովհետև մի հսկայական (ռուսաստանյան) բազմություն ասում է, որ նա գրող չէ և նրան չէր կարելի մրցանակ տալ, և այլն, և այլն։ Դա ասում են միայն կա՛մ հիմարները, կա՛մ «գործ տվողներ» ու «հսկիչ» կատեգորիաներին պատկանողները, որովհետև «զոհ» կատեգորիայի ներկայացուցիչները երբեք նման բան չեն ասի, քանի որ այն ամենը, ինչ Ալեքսիևիչն արել է, նրանց համար է և նրանց է ձայն տալիս։

Շնորհակալություն։

Սղագրության ավարտը՝ 27.07.2016

Սղագրությունը կատարեց՝ Ռոբերտ Ղազինյանը

 

Print Friendly