«Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակում դասընթաց Հրազդան քաղաքում

2016 թվականի մարտի 18-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Հրազդան քաղաքում:

Դասընթացին  մասնակցում էին Հրազդանում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ, ուսանողներ, դասախոսներ և լրագրողներ` ընդհանուր առմամբ 30 մասնակից:

Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Հրազդան քաղաքում՝ մարզային համակարգող Արսեն Արսենյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների հիմնախնդրի ծագումը և զարգացումը» թեման:

Մարդու իրավունքների ծագումը, սերունդները ներկայացնելուց բացի տարբեր օրինակների միջոցով

քննարկվեցին մարդու իրավունքների խախտումների դեպքերը: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին:

«Ինձ համար մարդու իրավունքներն  ուղղակի արժեքներ չեն. իմ կարծիքով Հայաստանն ուժեղ և հզոր կլինի այն ժամանակ, երբ քաղաքացիները զգան, որ իրենց իրավունքներն իսկապես պաշտպանված են»,- նշեց Ավետիք Իշխանյանը:

Իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց «Խտրականության հասկացությունը և տեսակները» թեման:

Դեռևս 1948թ.-ին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանվել է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, և այդ իրավունքներն ու ազատությունները պետք է իրականացվեն առանց որևէ խտրականության` հիմնված ռասսայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական  համոզմունքների կամ որևէ այլ կարգավիճակի վրա:

«Յուրաքանչյուրս ինչ-որ հարցում կարող ենք հայտնվել փոքրամասնության մեջ, մենք պետք է հասկանանք, որ մարդիկ տարբեր են, կարող են տարբեր հայացքներ ու գաղափարներ ունենալ: Սա մեր բոլորի երկիրն է, և խտրական վերաբերմունք դրսևորելով` մենք փոքրացնում ենք մեր երկիրը»,- ասաց Ռոբերտ Ռևազյանը:

Դասընթացավար Ա.Իշխանյանն ու Ռ. Ռևազյանը ներկայացրեցին նաև խտրականության հասկացությունը և տեսակները՝ օրինակների վրա բացատրելով խտրականության դրսևորումները: Խտրականության արգելման վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերին և ազգային օրենսդրությանը ծանոթանալուց հետո մասնակիցները հնարավորություն ստացան իրենց հարցերն ուղղել դասընթացավարներին: Հատկապես քննարկում ծավալվեց կրոնի կամ համոզմունքի ազատության հիմքով խտրականության դրսևորումների դեպքերի վերաբերյալ:

Դասընթացի ավարտին մասնակիցները լրացրեցին գնահատման թերթիկները, որոնցում օգտակար ու արդյունավետ էին համարում անցկացված դասընթացը:

Հրազդանի Հումանիտար ինստիտուտի ուսանող, ապագա իրավաբան  Մանեն մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է նման դասընթացի մասնակցում, և սա լավ հնարավորություն էր` լրացնել մասնագիտական գիտելիքների պաշարը. «Շատ օգտակար էր  ու հասկացա, որ այլ հայացքով ու այլ տեսանկյունից կարելի է նայել  շատ երևույթների: Պետք է կարողանանք ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին որ կան, օրինակ իմ նկատմամբ էլ հաճախ խտրական վերաբերմունք է դրսևորվում, քանի որ չլինելով Հրազդանի բնակիչ, սովորում եմ  այստեղ և համարվում եմ, այսպես ասած, ոչ տեղացի»:

«Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ:

Աղբյուր՝ Հայաստանում Հելսինկյանք Կոմիտե

Print Friendly