Ինովացիա և ստեղծագործական մտածողություն (Jam Session 7)

Գևորգ Տեր-Գաբրիելյանի դասախոսությունը ԵՀՀ-ում Ինֆոտան հավաքի ժամանակ, փետրվարի 3, 2016թ․։

Տեսանյութի սղագրությունը

Դուք շատ ակտիվ երկու օր եք անցկացնում: Լիքը ինֆորմացիա ա գալիս: Ոմանց համար նորություն ա, ոմանց համար մասամբ նորություն չի:

Բարև ձեզ: Ով, որ ինձ չգիտի, ես Գևորգն եմ: Իսկ ես ձեզ հետ ուզում էի խոսեի ինովացիայի մասին: Ինչու՞, որովհետև տարիներ շարունակ  մենք էդպիսի մեթոդաբանություն ենք մշակել ձեր հետ միասին և նորարարական միջոցառումներ ենք կազմակերպում տարբեր անուններով, որը ինֆոտների հետ կապված կոչվում ա «Մարդամեջ» : Եվ հանձն ենք առել ներկա ծրագրերով ևս մի շարք անցկացնել, և մի մասը արդեն անցկացրել ենք, իսկ նախկին ծրագրերով, երբ որ ինֆոտների առաջին սերունդը կազմավորվեց, էլի շատ ենք անցկացրել: Դուք ինձնից լավ գիտեք, որովհետև շատերին ես չեմ մասնակցել: Էդ նորարարական մոտեցումը, որ կոչվում էր սոցիալական նորարարության ճամբար, բրիտանական մեթոդաբանությամբ մեզ մոտ զարգացնում էր Մաշան Մխիթարյան, որը հետո գնաց Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում ստեղծեց Կոլբա Լաբը: Ստեղծեց իր առանձին պրոյեկտը և իրանք հիմա էլ շարունակում են սոցիալական ինովացիաները զարգացնել, և հենց էս շաբաթ, ամեն օր անցկացնում են Կոլբա Լաբի շաբաթ-նորարարական միջոցառում: Ավաղ, մենք լավ տեղյակ չենք, չգիտենք՝ չնայած հրավերներ տեսել ենք: Facebook-ում կա ինֆորմացիան, և այլն: Թեդեքսն էլ իրա հերթին, մի մասն էր էդ ամբողջ պրոցեսի:

Ուրեմն, նորարարություն: Դուք մի անգամ արդեն էս ծրագրի սահմաններում նորարարական միջոցառումների մի շարք արդեն իրականացրել եք: Դեռ շատ պիտի իրականացվի, և ես ուզում եմ նաև հիշեցնեմ, որ նորարարությունը ստեղծագործության հետ ուժեղ կապված ա, և մեր ստեղծագործական լիցքը հատկապես տվյալ դեպքում պատմականորեն ասած՝ Մաշային վերաբերող շատ ուժեղ արտահայտվել ա էս հաջող ծրագրի մեջ, որովհետև և՛ ինֆոտուն բառակապակցությունը Մաշան ա հորինել, շատ եմ իրան գովում, բայց արժանի ա, և՛ որպեսզի նորարարական սոցիալական ճամբար հասկացությունը հեշտ արտահայտենք հայաստանյան ինչ-որ բառով՝ «Մարդամեջ» հասկացությունն ա ընտրվել: Անվանել ենք «Մարդամեջ»: Մարդամեջ-ճամբարներ ենք անցկացնում, «Մարդամեջ»-եր ենք անցկացնում: Հենց դրանից ա սկսվում էդ ամեն ինչը, որ սկսվում ա ստեղծագործություն: Ես ուզում եմ հիմա ինչ-որ ձեզ ասելու եմ նորարարության վերաբերյալ մեկ ժամվա ընթացքում, քննարկումով՝ ձեր մասնակցությամբ, հուսով եմ, ուզում եմ նախօրոք ասել, թե ինչի մասին ենք ուզում խոսել: Նպատակը այն է, որ մենք բոլորս հասկանանք, որովհետև ի վերջո նորարարությունը այդքան հեշտ բան չի: Դա պահանջում է ներդրում, լիցք, ինչպես և ցանկացած գործողություն և՛ ֆիզիկական, և՛ ռեսուրսային: Եվ որպեսզի իրական նորարարություն ստացվի, մտավոր, ինչ-որ ստեղծագործական, հոգեկան ներդրում պիտի մեջը պարունակի: Բնականաբար, արդեն մի քանի անգամ էդ բառը ասեցի, որը ես անվանում եմ ստեղծագործունեություն: Մի քիչ պիտի սրա մասին խոսենք: Հետո կխոսենք նորարարության երկու գլխավոր տարբերակների մասին: Եթե հիմա նորարարության դասագրքերը նայեք և այլն, նորարարությունը երկու ասպարեզում է դիտարկվում՝ կազմակերպչական նորարարություն և արտադրանքի՝ պրոդուկտի նորարարություն: Եվ բնականաբար երբ որ ես սա ասում եմ, ի նկատի ունեմ բիզնեսի հետ կապված նորարարությունը: Եվ երրորդ հարցը, որ պիտի քննարկենք ինչ-որ չափով դա այն նորարարությունն է, որով մենք ենք զբաղվում, որը բիզնեսի հետ էդքան էլ կապված չի, որը ընդհանուր առմամբ անվանում են սոցիալական նորարարություն: Ես կասեի, որ եթե մենք գուցե ավելի համեստ և ավելի ճշտգրիտ արտահայտվենք, կասենք ՝ համայնքային նորարարություն ենք ուզում արած լինել: Էս հաջորդականությամբ եմ ուզում խոսել: Եթե սկսենք սրանից, ապա ի վերջո նորարարություն բառի հետ կապված էսպես սեմանտիկ թեզաուրուսը, իմաստային թեզաուրուսը մի քիչ հաշվի առնենք: Երևի պիտի գրենք, կամ հիշենք, իմանանք, էն բառերը, որոնք որ բան ստեղծելուն են վերաբերում, ինչպես օրինակ հայտնագործություն և գյուտ: Ի վերջո, եթե ուզում ենք տարբերակել, ստեղծագործական գործողություն ամեն ինչի մեջ կա: Նորարարությունը փոքր բան է համեմատաբար, գյուտը մի քիչ ավելի մեծ բան է, իսկ հայտնագործությունը շատ մեծ բան է: Էդպես դասավորվում են: Լավ, հիմա ստեղծագործունեություն հասկացության վրա մի քիչ կանգ առնենք: Կա մի ձևակերպում, որը շատերդ երևի ինձնից արդեն լսել եք: Իհարկե սա շատ տարբեր հանգամանքներ, տարբեր ելևէջներ ա պարունակում իրա մեջ, բայց կա մի հեշտ բան սկսելու համար: Այսինքն ո՞նց ես դու քեզ նայում: Այ ես հիմա ինչ-որ բան արեցի, արդյոք կար դրա մեջ ստեղծագործության ինչ-որ տարր, թե՞ ոչ: Ուրեմն կա մի հեշտ ձև սկսելու: Ամենապարզունակ ձևով եթե կարելի է ասել՝ սկսել հասկանալ, թե ստեղծագործությունը ինչ ա, որտեղ ա, որտեղից ա սկսվում և որտեղից ա գալիս: Ասում են, թե ստեղծագործությունը երկու հեռու բաները իրար միավորելն է: Սկզբի համար երկու, հետո կարող ա շատ լինի։ Բայց եթե պատկերացնենք երկու բան ու իրենք միմյանցից հեռու են, ու կարող ա էլ ավելի հեռու ինչ-որ բան լինի: Ուրեմն ըստ այդ ձևակերպման՝ ասում են, որ ստեղծագործությունը սկսվում է հենց այն պահին, երբ միմյանցից որքան կարելի ա ավելի հեռու բան ենք միավորում: Այսինքն ուժգնությունը ստեղծագործության, պոտենցիալ ուժգնությունը որքան կարելի է հեռու բաները իրար միավորելն է: Եթե իրար համեմատաբար մոտիկ են, ապա էստեղ ստեղծագործական պոտենցիալը փոքր է: Ինչքան ավելի հեռու բան ես միավորում իրար, էնքան պոտենցիալը մեծանում է: Կարող ե՞նք օրինակներ մտածել:

Դահլիճ  9:06 Էդ, որ ասեցիք, առաջինը, որ ես հիշեցի «Մարդամեջ»-ի հաղթող ծրագրերից մեկը՝ թափոնների կառավարումը, երբ հին անվադողերից, կամ այլ հին իրերից պատրաստում են այգի: Նախկինում չէր կարելի պատկերացնել, որ այդ թափոններից օգտակար ինչ-որ բան կարող է լինել:

Գևորգ 9:28 Աղբից օգտակարություն: Դա իրոք, գիտեք, սոցիալական նորարարության հետ շատ կապված, մի ամբողջ տնտեսություն է զարգացել դրա հիման վրա: Գիտեք, որ ծագումով հայ մի միլիարդատեր Ամերկայում դրա շնորհիվ  իր բիզնես կայսրությունն է զարգացրել, ստեղծել: Այո, գիտեք, որ Հայաստանում դա գրեթե դեռ չի կիրառվում ինդուստրիալ մասշտաբով, ավաղ: Այո, այն ինչ-որ դեն էիր գցում, հանկարծ հետո շատ օգուտ է: Ուրի՞շ:

Դահլիճ 10:10 Այս վերջերս տեսա ապակու և մետաղի համադրությունը:

Գևորգ 10:17 Նյութ, որը թվում է, թե չի օգտագործվում, բայց հիմա ամեն էդպիսի նյութ են օգտագործում արվեստի մեջ, որը թվում էր, թե արվեստի մեջ չի օգտագործվում, սկսել է օգտագործվել արվեստի մեջ: Ուրի՞շ

Դահլիճ  10:37 Օրինակ երկու համայնքները իրար միացնելը:

Գևորգ 10:49 Նու, էդտեղ կա նորարարություն, բայց երկու գյուղ են իրար միացրել: Որակով պիտի մի քիչ ուրիշ լինի: Երկու գյուղ իրար մոտիկ ա: Գյուղն ու վանքն էլ են իրար բավական մոտիկ հասկացություններ: Էդ համաշխարհային ամենաերկար ճոպանուղին: Եթե գյուղ լիներ և մի ինչ-որ ուրիշ բան, ասենք եթե ձևակերպեիք տեխնիկական ինչ-որ լուծումը և գյուղը իրար միավորելը: Էդտեղ կլիներ նորարարությունը:

Դահլիճ 11:34 Ես շատ զարմացա, երբ պարզեցի, որ Գորիսում մի կազմակերպություն սկսել ա 3D տպիչներ արտադրել: Եթե մի քանի տարի առաջ մեզ ասեին, որ Գորիսում կլինի նման ձեռնարկություն, որը նման բաներ կարտադրի, մենք հաստատ չէինք հավատա:

Գևորգ 11:44 Այ ո՞րն է դրա նորարարությունը կամ ստեղծագործությունը:

Դահլիճ 11:46 Որ Գորիսում է:

Գևորգ 11:47 Այո, Գորիս: Որովհետև մենք թերագնահատում ենք մեր Գորիսը, որը 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում Հայաստանի ամենազարգացած ինդուստրիալ կենտրոններից մեկն էր, ամենագեղեցիկ, ամենաճիշտ կառուցված: Որովհետև մենք էնքան վատ ենք ապրել, որ ինքներս էլ սովորել ենք մեր պրովինցիան թերագնահատենք: Դրա համար եռաչափ տպիչների արտադրությունը անսովոր բան է մեզ թվում Գորիսում: Գիտեք ի՞նչ: Էդ левый գիծը, որ քաշում են, էդ էլ ա նորարարություն, դա էլ ա ստեղծագործություն: Կոռուպցիայի մեջ, խաբկանքի մեջ միշտ կա նորարարության, ստեղծագործության շատ մեծ էլեմենտ: Ես մի դեպք եմ հիշում: Մենք խուլ ու համրի շենքի դիմացն էին ապրում և էնտեղ ապրում էին նաև ֆիզիկական դժվարություններ ունեցող այլ մարդիկ: Նրանցից մեկը, որ չէր կարողանում խանութ գնալ, վերևից ներքև՝ չորրորդ հարկից ստեղծել էր էդպիսի մի սարք: Դա դեռ Խորհրդային ժամանակներում էր: Խանութից իրեն բերում էին, դնում էին իր փոքրիկ դույլիկի մեջ ու ինքը դա էլեկտրական շարժիչով բարձրացնում էր վերև: Դա իրոք նորարարություն էր:

Դահլիճ 13:37 – Ես հիշում եմ, երբ զարմացել եմ իմ կյանքում: Դա այն դեպքն էր, որ մի գյուղացի մարդ իրերը գյուղական լեռնոտ հատվածներում տեղափոխելու համար մի սարք էր հորինել, որ պնղնձե մի լար կապում էր մի լեռանը, լարի մյուս ծայրը՝ էս տարածքում:  Դնում էր մի տարայի մեջ և դա իջնում էր էստեղ: Հետո էս վերջերս, մի քանի օր առաջ, Facebook-ում մի հետաքրքիր դեպք կարդացի մի տղայի մասին, կարծեմ իրեն Էյնշտեյն անվանեցին, որ ուզում էր ռոբոտներ ստեղծել, բայց մահացած մարդկանց դեմքերով: Որ մահացած մարդը միշտ տան մեջ լինի:

Միքայել 14:55 Մի շատ հետաքրքիր նորարարության օրինակ էր, գյուղերից մեկի օրինակը, որը հետաքրքիր էր նորարարության առաջացման պատճառի տեսանկյունից: Գյուղը գազաֆիկացված չի և գյուղապետը երիտասարդ տարիքից զբաղվել էր այլընտրանքային էներգիայի հնարավորությունների ուսումնասիրմամբ: Ու մի քանի տարբեր բաներ էր ներմուծել՝ արևային էներգիայի օգտագործմամբ մանկապարտեզի շենքը ջեռուցելը, ջրահեռացման համակարգ անցկացնելը, էկոնոմ լուսավարության միջոցով փողոցները լուսավորելը: Իր օրինակից վարակված՝ համայնքի բնակիչներն էլ սկսեցին իրենց տանիքներին դնել արևային էներգիայի սարքեր:

Գևորգ 15:43 Այո, շատ կան այդպիսի օրինակներ, և դա այդքան էլ կարևոր չի արդյոք դա ուրիշ տեղեր եղե՞լ է, կրկնվե՞լ է, թե՞ ոչ: Եթե մեզ մոտ է առաջին անգամ արվում, ապա մենք իրոք, փաստորեն, դրա մասին կխոսենք, երբ որ հասնենք էս արտադրական նորարարությանը, որ Հայաստանում դեռ այն վիճակն է, որ դու շատ հաճախ կրկնում ես այն, ինչ արդեն աշխարհում կա: Բայց երբ որ դա տեղայնացնում ես, քո տեղանքում ես անում, քո ձևով ես անում, արդեն ուրիշ ա դառնում: Օրինակ, էդ մի քիչ տարօրինակ հնչող ռոբոտ-մահացած ազգականների օրինակը հայտնի ա «Սոլյարիս» ստեղծագործության մեջ, որը էնտեղ ուրվականներ ա ուղարկում էդ Սոլյարիս Օվկիանոսը: Կամ Ստրուգացկիների «Խնջույքը ճամփեզրին» ստեղծագործության մեջ, երբ հայրը գերեզմանից դուրս ա գալիս ու գալիս ա իր հետ հանդիպելու: Այսինքն որպես միտք, գաղափար, ինչ-որ երազանք: Դա անընդհատ գոյություն ունի, թե ինչպես մեր մոտիկներին, ինչ-որ ձևով վերադարձնել: Շատ չխորանանք էդ թեմայի մեջ: Երբ որ մենք երիտասարդների հետ էինք այս վարժությունը անում, և ես ուզում եմ ընդգծեմ, ընդգծեմ ու ցույց տամ էս վարժության հեշտությունը, ասում եմ՝ վերցրե՛ք իրարից ինչքան հնարավոր ա հեռու իր և միավորե՛ք: Կարո՞ղ ենք մի քանի էդպիսի օրինակ բերել: Այ ես սկսեմ, ասեմ, կհասկանաք՝ ինչ ի նկատի ունեմ: Այ ես, որ փոքր էի, կոմբայնները սկսեցին ստեղծել, որ և՛ հյութ էր քամում, և՛ չգիտեմ ՝ ինչ էր անում: Ես էլ ասեցի, որ օրինակի համար, պետք ա ստեղծել կոշիկ-գրիչ: Կոշիկը միավորել գրիչի հետ: Դա էլ ա ստեղծագործական մտածողության տարատեսակ: Ասա՛ Վարսիկ ջան:

Վարսիկ 18:05 Այ օրինակ, երբ հեռախոսները միավորում են ասենք ֆոտո ապարատի կամ վիդեո սարքերի հետ:

Գևորգ 18:09  Ահա, ու անընդհատ մտածում ես, թե ինչի հեռուստացույցը կոմպյուտերի հետ չեն միավորում, բայց հիմա արդեն սկսեցին միավորել: Ուշացումով, որովհետև ինդուստրիաները տարբեր են: Չէին ուզում միավորել: Նույն կերպ ինչպես բենզինով ավտոմեքենան չէին ուզում միավորել էլեկտրականի հետ, հետո միավորեցին: Նույն կերպ ոնց որ Հայաստանում բենզինի պակասի պատճառով ավտոմեքենաների գազաֆիկացումը տեղի ունեցավ և աշխարհում այս առումով Հայաստանը չեմպիոններից մեկն ա համարվում: Ստիպված պատճառով շատ հաճախ է նորարարություն կատարվում, և որ ձեզ մի օրինակ էլ ասեմ, դա մոբիլային հեռախոսներն են այն աշխարհներում, որտեղ հեռախոսի հաղորդալարերով կապ չկար: Ես հետո իմացա, որ Հայաստանում մինչև Խորհրդային Միության փլուզվելը, ընդամենը հիսուն հինգ տոկոսը ուներ hաղորդալարով հեռախոսակապ: Ես չէի կարծում: Կարծում էի, ութսուն տոկոսը առնվազն ունի հեռախոսակապ: Դու մի ասա՝ էդպես չէր: Իսկ էսօր բոլորը ունեն: Պատկերացրեք, որ էսօր ինչ-որ աֆրիկյան երկիր, որտեղ ընդհանրապես լարեր չեն անցկացվել, հաղորդալարեր և հեռախոս ընդհանրապես չկա: Միանգամից գալիս է մոբիլային հեռախոսների տարափը և ինչպես ասում էին Մոնղոլիայի մասին, որ ֆեոդալական կարգերից թռավ սոցիալիզմ՝ կապիտալիզմը բաց թողնելով, էդպես կարելի է ասել աֆրիկյան էդ երկրի մասին, որը ինքը միանգամից ավելի հագեցած է մոբիլային կապով, քան եվրոպական որևէ երկիր, որտեղ ավագ սերնդի շատ մարդիկ չեն էլ ուզում մոբիլային ունենալ, որովհետև իրենց հեռախոսը լավ աշխատում է: Ուրեմն հետամնացությունը, կարիքը, պրոբլեմը երբեմն օգնում է շատ արագ ստեղծագործել, արագ լրացնել: Եվ նաև հայտնագործություններ եղան, որ էլեկտրոլիդներով, հատուկ հեղուկներով տաքացուցիչներ ստեղծել, և այլն և այլն:

Ինչու՞ եմ ես ընդգծում էդ երկու հեռու բաներ իրար մոտեցնելու պրոցեսը, որովհետև ուզում եմ, որ ձեր հոտառությունը, մանավանդ երիտասարդ սերնդի՝ նորերի, երբ որ էդ «Մարդամեջերը» անեք, կամ ձեր ամենօրյա գործունեության մեջ զգաք՝ թե որտեղ կա նորարարություն և որտեղ է հնարավոր: Եվ դրա էֆեկտը ուժգնցնեք: Ես ուզում եմ օրինակ բերել նաև երեխաներին, որովհետև շատ ակնառու օրինակ է: Վերջերս մեր Մառայի տղայի գեղեցիկ խոսքերից օրինակ առաջացավ, որովհետև դա նաև կապված է բառերի հետ: Այ բառերի նորարարության առումով Ինֆոտուն հասկացությունը Մաշան հորինեց, բայց Մաշան արդեն երեխա չի: Մառայի երեխան նոր բառ է հորինել՝ բացանոշկա: Ու տեսեք՝ ինչ հետաքրքիր է, որ խորանաս, կարող ա պարզվի, որ ռուսերեն босой բառը բաց բառի հետ ինչ-որ ընդհանուր հնդեվրոպական արմատ ունի: Եվ ուրիշ օրինակ, որը էդ տղան հնարել ա՝ ասում ա՝ էսօր մանկապարտեզում դաստիարակչուհին ինձ գոհել ա: Պարզ ա չէ՞, որ գոհ ա եղել, գոհել ա՝ գովել ա: Ու էլի կարող ա գոհ ու գովել բառը նույն արմատից են ծագում: Երեխաների ստեղծագործության մեջ շատ-շատ է լինում բառային ստեղծագործություն, հետո կամաց-կամաց կորում է: Ով որ մեջը պահպանում է՝ շատ լավ է: Ես միշտ բոլորին քաջալերում եմ, որ միշտ էդ բառային ստեղծագործությունը ունենան:

Լավ, անցնենք հաջորդին, թե չէ չենք հասցնի, բայց էսպես մտածելը շատ հետաքրքիր է, և ես էլի բոլորին քաջալերում եմ, որ մտածեն, թե էդ ինչ բան է տեղի ունենում, ինչ ստեղծագործական երևույթ կա էն ամենի մեջ, ինչ ես անում եմ: Բայց մի քիչ կանգ առնենք նորարության վրա: Տեսե՛ք՝ ինչ հետաքրքիր ա: Ուրեմն թվում ա, թե գլխավորը ի վերջո արտադրանքն ա՝ մենք հիմա բառ արտադրեցինք, արտադրեցինք ինչ-որ ձև խուսափել արգելքից, արտադրեցինք հազար ու մի ինչ-որ նոր հասկացություններ՝ ասենք հեռուստացույցի և կոմպյուտերի միավորումը՝ որպես գաղափար: Բայց պարզվում է, որ աշխարհի ուշադրության յոթանասուն տոկոսը ոչ թե արտադրանքի նորարարության վրա է ֆոկուսավորված, շեշտավորված, այլ կազմակերպչական նորարարության: Էստեղ ըստ երևույթին վարկածը այն է, որ դու եթե կազմակերպչական նորարարություն ես իրագործում՝ արդյունքում արտադրանքի նորարարություն ա լինում: Նույնիսկ կարող է չգիտես, չես կարող հաշվարկել, թե ինչ նորարարություն կլինի, բայց կլինի: Ի՞նչ է նշանակում կազմակերպչական նորարարություն: Պարզ իմաստով շատ հաճախ էֆեկտիվության բարձրացման մասին է խոսքը, որը կատարվում այնպես, ինչպես Նապոլեոնի մասին էին ասում: Ասում էին, որ նա միանգամից կարողանում է չորս-հինգ գործ կատարել: Այսինքն, որ դու անում ես մի գործ, որը մի քանի նպատակների է բավարարում: Օրինակ, եթե կրճատում են: Գիտեք, հիմա Ֆինլանդիայի գլխավոր համալսարաններից մեկը կրճատումներ է անում: Մեծ աղմուկ է ընկել Ֆինլանդիայում, որովհետև մոտ հազար դասախոս պիտի կրճատեն: Դա նշանակում է, որ մնացած չորս հարյուր-հինգ հարյուրը պիտի ավել գործ կատարեն: Դրան գումարած՝ ինտերնետային դասեր պիտի ավելանան, և այլն, և այլն՝ ասենք հյուր-այցելու դասախոսներ պիտի լինեն և այլն: Կարող ես առանց կրճատելու գործի քանակը ավելացնել: Ո՞նց ա լինում, որ մարդ սկզբում քիչ գործ ա անում, հետո սկսում ա ավելի շատ անել, հետո ավելի շատ անել: Մեր Իջևանի Ինֆոտունը լավ գիտի, թե դա ոնց ա լինում: Ուրեմն էդ էֆեկտիվության մեծացումը, որ կարողանում ես մի գործ անել, որը մի քանի նպատակի է խփում, դա կազմակերպչական նորարարության գլխավոր մեթոդներից մեկն է: Ուղղակի դա հենց էնպես չես անի: Նույնիսկ եթե մարդուն բարձես, բարձես, բարձես, վերջը չի դիմանա, կընկնի: Ուրեմն, վերջը ի՞նչ ա կատարվում, ի՞նչ ա տեղի ունենում, որ էդ էֆեկտը կարողանա իրագործվել: Ուրեմն ինչ-որ հետաքրքիր բաներ են տեղի ունենում, ինչ-որ պրոցեսներ: Ես ձեր ուշադրությունը ուզում եմ սրա վրա կենտրոնացնել: Մի շատ տարածված ձևն այն է, որ մի գործը մի քանի նպատակի համար օգտագործես՝ մեկ գործողություն, մի շարք նպատակների զարգացում: Մենք էս երկու օրը ոչ միայն ուզում ենք, որ ինֆոտների համատեղ ծրագիրը և ԶԼՄ-ների ծրագիրը լավ անեն, այլ որ ձեզ ծանոթացրեցինք Դեպո-ի հետ, հուսով եմ, որ Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի հետ, սրա հետ, նրա հետ: Լիքը ձեր վրա լցրեցինք ինֆորմացիա: Այսինքին երկու օրը օգտագործեցինք տարբեր նպատակների համար: Հիմա խաղը ձեր ձեռքում ա, թե ոնց կկարողանաք դրանք կապել միմյանց, որ ձեր կազմակերպություններում էդ նույն էֆեկտը շարունակվի, որ էսինչ ծրագրի կարողությունները օգտագործեք էսինչ ասպարեզում, էսինչ ծրագրինը՝ մեկ այլ ասպարեզում: Ձեզնից շատերը արդեն հայտնի են դա անելու կարողությամբ, ուղղակի ես նշում եմ նրանց համար, որ էսքան ծանոթ չի էդ տեխնիկային, կամ դեռ չի հասկացել, որ ինքը դրանով է զբաղված: Բայց ես կուզեի ուրիշ օրինակներ տայիք, թե ինչպես է հնարավոր լինում, որ մեկ գործը մի քանի նպատակի ծառայի:

Դահլիճ 28:58 Մի օրինակ եմ ուզում բերել արդեն ստեղծված ու գործող ինտերնետ կայքերի հետ: Օրինակ, E-Agro պրոյեկտը, որ Microsoft-ն արեց, մի գուցե ինքը լավ չի աշխատում կամ այլ խնդիրներ ունի, բայց ինքը փորձեց արտադրողին ու գնորդին կապել միմյանց հետ կամ հակառակը: Այսինքն ոչ միայն վաճառել, այլև փոխանակել և այլն: Կամ City Bug-ը կամ Taxi gg-ն:  Ուրիշ հարց է, թե որքանով են նրանք արդյունավետ:

Գևորգ 29:36 Լրիվ ճիշտ եք, կարող ես ասել հետևյալը, որ լայն իմաստով ինտերնետի օգտագործումը ցանկացած գործունեություն ծավալելու համար, որ առաջ առանց ինտերնետի էր արվում, դա մի միջոցով մի շարք նպատակների հասնել ա: Ավելի նեղացնեմ քո օրինակը, որովհետև իմ մտքին կար հենց City Bug-ի օրինակը ի թիվս այլոց: Տեսեք՝ ինչ հետաքրքիր բան է ստացվում: Ցանկացած դեպք, երբ ինտերնետային քարտեզ է օգտագործվում, դա մի միջոց է, որը կարող է օգտագործվել բազում-բազում նպատակների համար: Հենց որ դնում եմ Հայաստանի քարտեզը, ու դա չսկսվել Հայաստանից, սկսվել ա էլի ինչ-որ մի աֆրիկյան երկրից: Սկզբում նշում էին ընտրությունների սխալներն ու բողոքները: Հիմա կա արդեն City Bug, որը քաղաքի կամ Հայաստանի ինչ-որ այլ վայրերն է նշում: Ցանկացած դեպք, երբ որ քարտեզն ես նշում, դա մի միջոցն է: Մի հատ քարտեզ կարող ես ստեղծել, հետո դուպլիկացի անես ու հազար ու մի ծրագիր դրա հիման վրա իրագործես: Եթե կազմակերպչական գործունեության մասին ենք խոսում, սովորաբար եթե վերցնենք միջոցը՝ մարդ. մարդը ամենաբարդ ու կատարյալ միջոցներից ա: Որ ինքը մի քանի նպատակի ծառայի: Ասենք թե, չգիտեմ, էս օրինակը հորինում եմ՝ գնում ես մասնակցում ես կոնֆերանսի, որը ըստ քո կազմակերպության ծրագրի է, բայց էնտեղ ծանոթանում ես ինչ-որ  մեկի հետ, որը հավելյալ օգուտ է տալիս, որովհետև հետո միասին ուրիշ ծրագիր եք անում: Պրիմիտիվ օրինակ բերեցի: Ուրիշ ավելի բարդ օրինակ, թե ինչպես ես իրա ժամանակը ազատում, որ ինքը կարողանա մի քանի նպատակների վրա աշխատել:

Դահլիճ  31:53 Ինչ-որ մեկը եկավ Մարտունի, ծանոթացավ Ինֆոտանը, գնաց սիպոզիումը տեսավ, գնաց խաչքարերը տեսավ, գնաց Գոթավանքը տեսավ։ Մի օրում մի քանի նպատակ իրականացրեց, եկավ Երևան։

Գևորգ 32:05 Հա, բայց դա մի քիչ թվաբանական ավելացում էր: Այսինքն, եթե հաշվի առնենք, որ ինձ համար ձեր էդ տարատեսակը Նորատուսի պետք էր, որ ալտերնատիվ տամ տուրիստական ծրագրերում, որ ասեմ, որ անպայման չի գնաք, մնաք Նորատուս: Դա արդեն տուրիզմի կողմից չափից դուրս սվաղված, մի քիչ արհեստական շունչ ձեռք բերած տեղ ա, բայց եթե ուզում եք տեսնել, կարող եք նաև գնալ Ներքին Գետաշեն: Բայց եթե թվաբանական ա, դու դեռ չգիտես դա եղավ, թե՞ չէ: Բայց ուղղությունը դա ա: Ի՞նչ ա տեղի ունենում: Երբ մարդ գործունեություն ա սկսում, չնայած մենք գիտենք ծրագիր գրել, ծրագրով աշխատել, տրամաբանական աղյուսակ և այլն, շատ հաճախ դրա մեջ լինում են գործողություններ, որոնք կարծես քաոտիկ կծիկ լինեն: Դու չգիտես՝ որից սկսես, որն է ավելի շատ ժամանակ տանելու, որը անես սկզբում, որը վերջում: Մի քիչ սկսում մի քիչ փորձնական երկու-երեք գործ անել, հետո տեսնում ես, որ կարևոր գործերը մնացին չարված, ուշացան: Ուրեմն էս կծիկը քանդելը և բիզնես պրոցես ստեղծելը՝ առաջին պահից մինչև վերջին պահը, թե ինչ գործողություններից է կազմված տվյալ մեծ գործողությունը, ինչ փոքր գործողություններից է կազմված, դա ալգորիթմ ստեղծել՝ որպես ինչ-որ փաստաթուղթ նույնիսկ, որոնց օրինակներ մենք կարող ենք մեր գրասենյակում ցույց տալ: Դա մարդուն օգնում է, որ հետո ժամանակ չխլի, իմանա առաջնահերթությունները: Իմանա՝ ինչքան ռեսուրս է խլելու էս կամ էն գործողությունը ու սա դառնում է որպես ալգորիթմ:

Դահլիճ  34:10 Այսինքն խոսքը պլանավորման մասին է:

Գևորգ 34:11 Սա միայն պլանավորում չի: Սա փորձի ու քթի ծակի օգտագործման արդյունք է, որովհետև դու կարող ես պլանավորել ու պլանդ ջուրը գլորվի, չստացվի: Այսինքն դու պիտի լիքը բան մեջդ անցկացնես, մտածես՝ ինչ ա լինելու, ոնց ա լինում դա, ինչ պրոբլեմներ կարող են առաջանալ: Օրինակ մեր գրասենյակի պարագայում, չգիտեմ Տաթևիկը ստեղ ա, թե չէ, էս տեղանքի պատասխանատուն Տաթևիկն ա ու ունի գործողությունների մի մեծ ցուցակ, թե ինչ պիտի անի, որ միշտ լավ վիճակում լինի էս տեղանքը, որի մեջ մտնում ա նաև այն, որ էլի մեր փորձի վրա  ա հայտնաբերվել, որ ջրի գոնե մի բաժակ պիտի դրված լինի ելույթ ունեցողին հասանելի տեղում: Սկզբում մենք դա հաշվի չէինք առել, հետո հասկացանք, որ եթե Միքայելը ջուր ուզեց, պիտի ինչ-որ մեկին խնդրենք, որ ոլոր-մոլոր լինելով գնա, մի տեղից բերի: Այսինքն ամեն մանրուք մտնում ա էդ ալգորիթմի մեջ, ինչքան, որ հնարավոր է կանխագուշակել:  Եվ դա դառնում է պրոցես: Բիզնես պրոցես է կոչվում ու շատ ժամանակ է ազատում, որ մարդը ուրիշ բանով սկսի զբաղվել: Ուրեմն քաոսից բիզնես պրոցես, ալգորիթմ ստեղծելը և մեկ գործողության մի քանի նպատակների ձգտելը միջոցներ են կազմակերպչական նորարարության: Ես չեմ ուզում շատ այլ միջոցների մասին պատմել, որովհետև ուրիշ այլ դեպքեր էլ կան: Օրինակ ես միշտ ասում եմ,՝ մոտիկացնել իրարից հեռու գտնվող երկու բան, բայց չմոռանանք, որ վերլուծական մոտեցումը ևս շատ կարևոր է: Այսինքն իրարից հեռվացնել, տարբերակել: Ասել՝ սա, սա չէ: Էդ էլ ա շատ կարևոր: Բայց ի վերջո ինչ-որ ստեղծագործական լիցք  կա ի վերջո միավորման լիցք՝ վերլուծելուց հետո էլի միշտ պիտի միավորես:

Արտադրանքի նորարարություն: Էստեղ խոսքը նոր պրոդուկտ, արտադրանք, ապրանք ստեղծելու մասին է, վաճառվող բան: Եվ էստեղ հատկապես ընդգծվում է, որ եթե հեռու բաները իրար միավորելու վարժությունը եթե անում ես և եթե ոչ ոք դա չի գնահատում, ուրեմն դա պարզապես էսքպերիմենտալ գաղափար էր: Տեսեք՝ ինչ եղավ: Երբ ես ասեցի կոշիկ-գրիչ, առանձնապես ոչ ոք արձագանք չտվեց, երբ ասեցի բացանոշկա, բոլորը արձագանքեցին: Ուրեմն տեսեք՝ ինչ ա կատարվում: Էդ մոտիկացումները հսկայական խրձով գալիս են, անընդհատ գաղափարներ ես մտաբերում՝ դու, քո կազմակերպությունը, քո ծրագիրը: Բայց կա ինչ-որ մի ֆիլտր: Էդ ֆիլտրը ուրիշն ա: Ուրիշն ա որոշում, թե էդ գաղափարներից որ մեկը վերցնի, մեծացնի, մագնիֆիկացիայի ենթարկի: Եթե ինքը չկա, սա միշտ մնում ա էքսպերիմենտ կամ խաղ: Դրա համար հազար ու մի հետաքրքիր գաղափարներից մեզ մոտ շատ քչերն են, որ իրականում դառնում են նորարարություն՝ արտադրանք, որը սկսում ա ուրիշներին պետք գալ: Մեր դեպքում մենք խոսում ենք, ոչ թե շահութաբեր շուկայի մասին, այլ անշահույթ շուկայի մասին՝ սոցիալական շուկայի մասին: Եթե ինչ-որ ֆլեշ-մոբ եք կազմակերպում, երիտասարդներով հավաքվել, քննարկում եք: Հինգը-տասը գաղափար է հնչում, մեկը հաղթանակում է: Ոչ թե, որ իրան գնում են փողով, այլ գնում են գաղափարը որպես էդպիսին, դառնում են գաղափարի կողմնակից: Ուրեմն ուրիշի գոյությունը սկզբունքորեն սարսափելի կարևոր ա որպես վերջնական ֆիլտրերից մեկը, թե քո բոլոր գաղափարների տարափից որն ա իրականում պետք: Ու էդ ուրիշը կարող ա շատ տարբեր լինի՝ կարող ա լինի քո շահառուն, կարող ա լինի քո դոնորը, կարող ա լինի ուրիշ իմաստով քո հաճախորդը, կարող ա լինի քո քննադատը, կարող ա լինի մեկը, որին դու չհամաձայնես, որովհետև դու կարող ա ասում ես, որ մենք մեր երեխեքի հետ միասին ուզում ենք ֆուտբոլի դաշտ վերանորոգել, ինքը ասում ա իսկ դա ի՞նչ ա փոխելու աշխարհի փիլիսոփայության մեջ: Ասում ես ոչ մի բան, բայց լավ ա, որ էս դաշտը լինի: Ասում ա՝ չէ, դուք պիտի ընենց բան անեք, որ սաղ աշխարհով մեկ ծախվի, մի հատ կոմպյուտերային խաղ սարքե՛ք ավելի լավ ա, որ աշխարհով մեկ ծախվի: Դու ասում ես չէ, մենք չենք ուզում աշխարհով մեկ, մենք ուզում ենք փոքր, մեր համայնքում մեր համար կարևոր բան: Ես ինչի՞ էդ աշխարհով մեկ ծախվելու բաները ասեցի: Ավաղ շատ սիրելի նորարարական կազմակերպություններ, որոնք Հայաստանում կան, ոչ միայն Հայաստանում, բայց հայերին առնչվող, վաճառվում են ու ստեղծում են արտադրանք, որը վաճառվում է: Իրենք ստեղծում են բիզնես նշանակություն ունեցող արտադրանք՝ շահութաբեր: Այսինքն իրենց համար, պատկերացնենք, որ աշխարհում կա տասը միլիոն հայ, որոնցից ասենք մի միլիոնը, մեկուկես միլիոնը լավ արևելահայերեն կարդալ գիտեն, և կարելի ա պատկերացնել, որ իրենցից էլ մի երկու հարյուր հազարը երեք տարվա մեջ կգնեին Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների աուդիո դիսկը: Էդպիսի ծրագիր ոչ ոք չի ուզում ֆինանսավորել, որովհետև փոքր ա շուկան իրանց համար: Ի՞նչ են իրանք ուզում ֆինանսավորել: Ուզում են ստեղծել ևս մի կոմպյուտերային խաղ, ասենք ինչպիսին «Ջոննին հրաշքների աշխարհում» կա, հիմա էլ ստեղծենք «Մերին՝ ծուռտիկների աշխարհում», որովհետև իրանք գիտեն, որ Ջոննին վաճառվել ա մեկ միլիարդ հաճախորդի, ուրեմն Մերին կվաճառվի գոնե հինգ հարյուր միլիոնի: Զգում ե՞ք տարբերությունը: Այ էդպիսի ծրագրերը, որոնք Հայաստանի, հայության մշակույթի համար են պետք, մեծ մասամբ ոչ շահութաբեր ծրագրեր են: Տարբեր ձևերով դու փող պիտի ճարես, որ դա անես: Մենք անընդհատ հանդիպում ենք էդպիսի ծրագրերի կարիքի: Օրինակ, վիդեո նյութի տրանսկրիպտի հարցը: Այ հիմա էս նյութը որ արվեց, հետո մենք մարդ պիտի վարձենք, որ մի քիչ ստրուկի պես, լսի ու տպի, թե ես ինչ եմ ասում, որովհետև մենք ուզում են և՛ տեքստը ունենալ, և՛ վիդեո շարքը, որովհետև մեծացնում ա լսարանը: Մեկը կարող ա տեքստը կարդա, մյուսը՝ վիդեոն նայի: Իսկ կան ծրագրեր, երբ դու կոճակը սեղմում ես և դա տեքստ ա դարձնում բանավոր խոսքը: Ուղղակի հետո պիտի սխալները ուղղես: Անգլերենում կա: Նույնիսկ ռուսերենում արդեն կա: Իսկ հայերենում չկա: Դա ներդրում ա պահանջում: Էստեղ կա երկու մոտեցում՝ կամ դու վերցնում ես անգլերենինը, գնում ես այն ոչ շատ մեծ գնով և ըստ դրա փոխում ես այնպես, որ հայերեն հնչի, որովհետև հայերերնի ու անգլերենի առոգանությունները, ի վերջո, էդքան հեռու չեն: Հնարավոր է պատկերացնել: Բայց եթե նորից պիտի ստեղծես ծրագիրը, դա շատ մեծ ներդրում կպահանջի և էստեղ շատ մեծ հարցեր են առաջանում: Ավաղ, ոչ ոք, ում ես արդեն դիտել եմ, մեր հայտնի, հանրաճանաչ գործիչներից կոմպյուտերային ծրագրերի ստեղծման այդպիսի հետաքրքրություն չի արտահայտել, որովհետև ասում են՝ ով պիտի առնի, ինչքան պիտի արժենա: Մեր մեդիաները մոտ հիսուն հատ են, որոնք վիդեո նյութ են տեղադրում, ասենք թե առան: Շուկա չկա: Ասում են՝ էլ ում ա պետք լինելու դա: Էդպիսի խնդիրներ ունենք մենք: Բայց ձեր հնարավորությունները հենց դրա մեջ են, որ, իհարկե էդ մասշտաբի խնդիրը մեծ ա, ինչ-որ համայնքի մակարդակով էդպիսի հարցեր լուծել, որ ուրիշ ոչ-ոք չի ուզում լուծի:

Դահլիճ 43:19 Մի օրինակ կարելի՞ ա բերեմ: Ես մասնակցել եմ մի կոնֆերանսի, որտեղ shadowmatic խաղի ստեղծողները ներկայացրել են իրենց գաղափարը, որ տասը տարի ուզում էին մի բան ստեղծեին, որը չկա: Եվ ստեղծեցին իրոք մի բան, որը մինչև այդ պահը չկար և ըստ իրենց մոտավոր հինգ միլիոն մարդ գնող ա գնել ա էդ խաղը: Եվ ես կարծում եմ, որ էդ հինգ միլիոնից շատ չնչին տոկոս են հայեր: Մեծ մասը օտարերկրացիներ են:

Գևորգ 44:05 Բնականաբար: Եթե դու ստեղծում ես մի ապրանք, որի շուկա աշխարհն ես դիտարկում, դա ուրիշ հարց ա: Բայց ես հենց ի նկատի ունեմ էն վիճակը, երբ դա քեզ շահավետ չի: Ասենք հանրահայտ Դեվիդ Յանգի խումբը, որը ստեղծել է աշխարհով մեկ հայտնի ABBYY Lingvo բառարանները, հիմա նոր արտադրանք են ստեղծել, փնտրտուքի նոր մեխանիզմ, որը շատ ավելի լավ բնութագիրներ ունի, քան մեր սովորական փնտրտուքի մեխանիզմները ու էլի մի բան, որ ես տարիներ առաջ ասել եմ՝ ինչի չկա: Որովհետև Google-ը, Yandex-ը և այլն ինտերնետի փնտրտուքի շատ լավ մեխանիզմներ են, իրանք լավ զարգացան: Իսկ կոմպյուտերի ներսում փնտրտուքի մեխանիզմները շատ թերի էին: Իրանք նախ ստեղծել են մի մեխանիզմ, որը միավորում ա ինտերնետը և կոմպյուտերիդ ներսը և շատ ուժեղ ա փնտրում կոմպյուտերիդ ներսում: Շատ ավելի իմաստուն կերպով: Բայց դա ամբողջ աշխարհի համար է էլի։ Հիմա ես մտածում եմ, եթե Դավիդ Յանգին ասեմ էդ տրանսկրիպտի մեխանիզմը գուցե ֆինանսավորես կամ հետաքրքրվես, որ հայերեն լինի էլի տրանսկրիպտը՝ բանավոր խոսքի ծրագիրը լինի։ Տեսնես ինչ կասի։ Տեսնենք, մի հատ կարելի ա իրան դիմել, հարցնել, ուզում ա էդ բանը անի, որպես ոչ շահութաբեր բայց շատ կարևոր Հայաստանի համար հայության համար շատ կարևոր գործողություն։

Էդպես, երբ մենք նայում ենք իրադարձություններին, գլուխ գովալ չլինի, բայց քանի որ վաղուց եմ էդպիսի բաներով զբաղվում, տղայիս հետ նստում ու հնարավոր հայտնագործություններ էինք փորձում գուշակել: Օրինակ տարիներ առաջ, ես սկսեցի ներվայնանալ, որ երբ գնում ես ինքնաթիռի տոմս առնելու, վաճառողը նստած ա համակարգչի դիմաց, իսկ դու չես տեսնում: Ինքը քեզ բանավոր ասում ա, թե ինչ հնարավորություն կա, ու եթե դու շատ էլ իրան չես վստահում, կարող ա դու ավելի շատ բան հասկանայիր էդ էկրանին նայելուց, քան ինքը: Կարող ա ինքը քեզ թանկն ա ասում: Ասեցի՝ ինչի չեն անում կոմպյուտեր, որ երկու էկրան ունենա՝ դրսից ու ներսից: Հիմա եթե գնաք ՍԱՍ կամ նախկին մոսկվիչկա խանութը, էնտեղի իրանց վաճառակետերը երկու էկրանով են, դու տեսնում ես, թե էնտեղ ինչ ա տպվում: Նույնկերպ, մոբիլային հաղորդագրություն ուղարկելը ոչ մոբիլային հեռախոսից: Երկար տարիներ դա չկար բացարձակապես, հիմա կա: Դու կարող ես քո տնական հեռախոսից էլ հողարդագրություն ուղարկես, եթե իհարկե նման կարգի հեռախոս ունես: Էլի, երկար ժամանակ բացակայում էր: Ուզում եմ ասեմ, որ էն բոլոր գաղափարները, որ ինչ-որ պահի մեր գլխով անցնում են, որ մենք կարիք ենք զգում ու իմաստ ունեն, ի վերջո իրագործվում են ըստ երևույթի, բայց կարող ա շատ ուշ իրագործվի, կամ եկեք մենք իրագործենք: Եվ ինչի՞ միայն համայնքային և ոչ շահութաբեր, կարող ա շահութաբեր գաղափար էլ ծնվի էս գործունեության արդյունքում, որի համար հետո կարող ա ներդրողներ հայտնաբերեք, որոնք ցանկանում են ներդնել և դա էլ իրագործվի: Ուրիշ կոմենտար ունե՞ք:

Դահլիճ 47:57 Հիշում եմ, որ տատիկս ասում էր՝ ինչու, որ հեռախոսի զանգը գալիս աչես կարող զանգողին տեսնես: Նաև, որ հետաքրքիր հաղորդում էր լինում հեռուստացույցով և նա ուրիշ սենյակում էր, ասում էր՝ անջատեք գալիս եմ:

Գևորգ 48:16 Հիմա կա: Բայց վիդեոն շատ հետաքրքիր ա, որովհետև, ի վերջո, հեռուստացույցի գաղափարը առաջին տարբերակները առաջացել են դեռևս դրա հայտնագործումից առաջ: Եթե չեմ սխալվում արդեն Ժյուլ Վեռնի մոտ կա և հնարավոր ա ավելի շուտ, արդեն Լեոնարդո դա Վինչիի մոտ եղած լինի: Հետո ինչ տեղի ունեցավ: Հիշում եմ, որ 80-ական թվականներին Կռուպսկայայի անվան ծննդատանը՝ ներկայիս Մարգարյանի անվան, կար վիդեո, որը շատ վատ էր աշխատում և ֆոկուսի մեջ չէր երևում, հսկայական սարք էր: Հայրը գալիս էր ու երեխային մայրիկի հետ տեսնում էր: Ամբողջ ֆանտաստիկան լի էր էդ վիդեոյով, բայց միշտ պատկերացնում էին, որ մի մեծ էկրան ա լինելու: Հետո պարզվեց, որ էդ փոքրիկ Skype-ն ա էստոնացիների ստեղծած: Սկզբունքով լրիվ ուրիշ ձևի իրագործվեց, քան թե սպասվում էր: Պարզվեց, որ շատ թեթև պիտի լինի, ոչ թե մեծ սարքավորում, և այլն: Վերջնական իրագործումը, որը հաղթող ա դառնում, իրոք շատ ստեղծագործ դեպք ա լինում սովորաբար:

Դահլիճ 49:36  Օրինակ վաթնունական թվականներին Սյունիքում հեռուստացույց չի եղել։ Միակ հեռուսացույցը ֆիզիկայի ուսուցիչի սենյակում է եղել։ Ու երբ որ մենք գնում էինք դպրոցում նայելու, ես միշտ մտածում էի ինչի չկա էնտեղ գրած ինչ կարող ենք նայել։ Անընդհատ ինձ տանջում էր, մինչև չեկա Երևան ու տեսա, որ ծրագրեր էլ կա ու կարոս ես կարդալ ու իմանալ, որ ժամին ինչ են ցույց տալու։

Գևորգ 50:19 Եթե մի հատ տրամաբանական բան կա։ Օրինակ էլի մեր ասպարեզից: Ես էլի էս վերջերս ստիպված էի գնայի անձնագրային բաժին: Իմ հարաբերությունները, ինչպես նաև ամբողջ հայության, անձնագրային բաժնի հետ ինչպիսին են եղել վերջին քառասուն տարվա ընթացքում: Ոնց ա դա փոխվել վայրիվերումներով՝ բռնելով, մաքրելով, պրոցեդուրա ստեղծելով, կաշառքից հրաժարվելով, հետո նորից կաշառքը վերականգնելով, հետո ՕՎԻՐԻ ղեկավարուհուն հանելով և կարծեմ դատելով և նորից կարգավորելով: Մի խոսքով համարվում ա, որ դա պատմություն ա, վերջին երկու տարին շատ լավն ա, մի պատուհանի սկզբունք ա, և այլն, և այլն: Բայց էդ մի պատուհանի սկզբունքը երկար չդիմացավ: Պիտի կնոջս գրանցեի ինձ մոտ Հայաստանում: Ինքը Ռուսաստանի քաղաքացի ա: Գնացինք, ասեցին ՝ գիտեք ինչ, պիտի գնաք նոտարի մոտ, որ անձնագիրը հայերեն թարգմանի: Ես հիշեցի, որ Ռուսաստանում տասը տարի առաջ դա պահանջվում էր և մեծ բիզնես էր դարձել, հետո ես հիշեցի, որ էս վերջերս նոտարների հեղափոխություն են արել Հայաստանում, էլի մաքրում են էդ համակարգը: Հետո հասկացա, որ նոտարները անգործ են մնացել, պայմանավորվել են սրանց հետ, մի քիչ էլ հայրենասիրություն են մեջը մտցրել, որ դուք մերը թարգմանում եք, մենք էլ ձերը կթարգմանենք: Ինչի՞ պետք ա ռուսերեն անձնագիրը թարգմանենք, եթե մեջը անգլերեն տառերով էլ ա գրած: Բայց իրանք ոչ միայն ռուսականն են թարգմանում, այլև հիմա շատ են գալիս սիրական, իրանական անձնագրերով մարդիկ: Նրանց էլ են թարգմանում: Բոլորին ուղարկում են նոտար: Նոտարը, պարզ ա, էնտեղ չի, ու պարզ ա նոտարի մոտ հերթ ա: Այսինքն էդ մի պատուհանի հասկացությունը հօդս ա ցնդել: Դրան գումարած՝ էնտեղ գրած չի, թե դու ինչին պիտի սպասես, ինչ ա տեղի ունենալու: Պրոցեդուրա չկա՝ ո՛չ ինտերնետում կա, ո՛չ էլ պատին փակցված: Այսինքն իրանք շատ բարձրակարգ աշխատակցուհիներ են: Իրանց վրա գրված ա, չգիտեմ, էս ինչ մակարդակի ավագ մասնագետ, առաջատար, ու իրանք շատ բարեհամբյուր ամեն ինչ բացատրում են, բայց ոչ մի տեղ ծայից ծայր հարցերիդ պատասխանը չես տեսնի: Այսինքն, օրինակ: Գրանցման համար հարկավոր է բերել այսինչ, այսինչ փաստաթուղթը, պատճենահանել սա, նոտարի  մոտ վավերացնել սա, դա կտևի այսքան օր այսքան գումարով, այսքան օր այսքան գումարով և կստանաք այսքան ժամկետում: Չկա ոչ մի տեղ: Ես գիտեմ, որ ձեզնից շատերը, օրինակ Նաիրան, հատուկ այդ գործընթացով զբաղվել ա Արմավիրում:

Գևորգ 53:19 Ես ի վերջո կողմ եմ, որ կողմ եմ էդ թարգմանելուն, որպես հայոց լեզվի պահպանման մի տարօրինակ ձև, բայց նոտարին նստացրեք նույն շենքում՝ կողքներդ: Թող կողքներդ աշխատի, թող ձեր ծանոթ նոտարը լինի, բայց մի ստիպեք, որ ամբողջ քաղաքը կտրես, որովհետև մոտակա երեք-չորս թաղամասերում ոչ մի նոտար չկա: Պիտի գնաս, հասնես հեռավոր վայրեր:

53:51 Ուրեմն էդ բյուրոկտարատիայի անընդհատ հետ զարգանալը, մանավանդ մեր իրադրության մեջ, անընդհատ դեգրադացիայի ենթարկվելը, անվերջանալի պրոցես ա: Վերջին բառը, որ ուզում էի ձեզ ասել, վերաբերում ինֆոտների համակարգին: Ուրեմն կա ինֆոտների համակարգ: Ստեղծվում են հիմա հավելյալ ինֆոտներ: Շատ հեշտ եւ պարզ միջոցով մենք ձեզնից ուզում ենք, որ դուք լինեք ինֆորմացիայի ագրեգատոր, ուժգնացնող, ուժգնացուցիչ: Ուրեմն, կարող ա լինեք արտադրանքի, ինչ-որ նյութական բանի, ինչ-որ կազմակերպչական բանի, բայց գլխավորներից մեկը էն ա, որ եթե դու մարդու կարծիք ու ուշադրություն ես հավաքում ինչ-որ կենտրոնի շուրջ, էդ ուշադրությունը կարելի ա օգտագործել: Եթե ինչ-որ մեկը գալիս ա Մարտունի և անում ա ինչ-որ միջոցառում, ասենք միջազգային ինչ-որ լավ կազմակերպություն, ասենք Գերմանիայի մի փոքրիկ ֆոնդ ՝ անունը Պլատոն: Եկան Մարտունի, ինչ-որ հյուրանոցում մի ծանոթ երիտասարդ ունեին, ասեցին քո ընկերներին բեր, հավաքվեցին ու ինչ-որ մի փոքրիկ քննարկում արեցին: Դա մի մասշտաբ ա: Եթե էդ մարդը նայեր Մարտունիում՝ ինչ կազմակերպություններ կային, դիմեր ինֆոտանը՝ գումարով, թե անվճար՝ դա ուրիշ հարց, կազմեկերպել՝ մենք ուզում ենք էսինչ արդյունքին հասնել, էսինչ մարդկանց հրավիրել: Արդյունքը բնականաբար լրիվ ուրիշ կլիներ: Կարող էր ասել, ամբողջ Գեղարքունիքից ենք ուզում մարդ հավաքել, և այլն, և այլն: Ուրեմն դուք հնարավորությունների, գործողությունների, մարդկանց կազմակերպելու և ինֆորմացիայի ագրեգտորներ եք: Ուրեմն՝ ինչ խորհուրդ կարող եմ տալ: Մեծ մասը դուք պիտի անեք, մենք ձեզ խորհուրդ տալ չենք կարող՝ ինչ անել, ինչ հայտնագործություն, ինչ նորարարություն, բայց դուք էլ ուրիշներից եք դա խնդրելու որպես ինֆորմացիայի ագրեգատոր էդ «Մարդամեջը» անելու համար դուք գաղափարներ եք հավաքելու: Ես խորհուրդ եմ տալիս, որ եթե գաղափարները հավաքելու ժամանակ հանդիպումներ ունենաք դիմողների հետ, գաղափար տվողների հետ, էս վարժությունը իրանց առաջարկեք անել: Թող մի քիչ տենց մտածեն հեռու բաները իրար մոտիկացնել: Շատ օգնում ա ուղեղը բացելուն: Բայց բացի դրանից, եթե մեկը մի բան ա անում, մյուսները կարող են ուժգնացնել դրա էֆեկտը: Օրինակ ես անընդհատ զբաղված ենք նրանով, որ հենց որ Վարսիկը Իջևանի ինֆոտան կայքում ինչ-որ բան ա դնում կամ Facebook-ում, վերցնում, դնում ենք մեր կայքում կամ Facebook-ի էջում, որովհետև Իջևանի ինֆոտունը մեր մասնաճյուղն ա: Բայց ինքը պիտի իմանա, որ մեր Facebook-ի էջը երեք հազար հինգ հարյուր հոգի ա մտնում, իրանց մոտ Աստված տա չորս հարյուրը մտնի, Վարսիկի շնորհիվ մի երկու տարի հետո վեց հարյուրը մտնի: Թող ուժգնացնի: Ժողովու՛րդ ջան, ուժգնացրեք, մեզ իմաց տվեք, ձեզ իմաց տվեք: Էդ Գորիսի եռաչափ տպիչը: Հենց որ կարևոր իրադարձություն ա լինում, ոչ միայն դրեք ձեր կայքում, այլ ձեր կոլեգաների կայքերում: Իսկ եթե տեսնում եք, որ կոլեգաների մոտ է դրած, վերցրե՛ք, գողացե՛ք: Ուժգնացրե՛ք Էֆեկտը, էդ լավ գողություն ա: Մենք ուզում ենք էֆեկտը ուժգնացնել էս բաների: Մի ուրիշ գաղափար, որ հենց նոր Մառան ինձ հետ կիսեց և վաղը մեր ԴեՊո-ի քննարկման ժամանակ էլ կկիսի: Ժողովուրդ ջան, եթե ունեք սոցիալական ձեռնարկություն, իրարից գնեք ապրանքները սոցիալական ձեռնարկության: Էդ էլ ա մի տարբերակ օգտագործելու ցանցը: Այսինքն մտածեք, թե ինչպես էս ցանցը կիրառել: Ամեն մեկը հինգ հարյուր-հինգ հարյուր բաժանորդով արդեն դառնում երեք հազար: Իսկ երբ որ տեսնում են, որ երեք հազար ա, կամ հինգ հազար, արդեն սկսում են հետաքրքրվել ու դառնում ա տասը հազար: Սկսում ա մեծանալ: Տերմինաբանորեն դա կոչվում ա economies of scale՝մասշտաբի տնտեսություններ, որը էն ա, որ մի գործը երեք-չորս գործի համար անում ես ու էդ երեք-չորս գործը արդյունք են տալիս ու հարյուր տոկոս օգուտի փոխարեն ունենում ես չորս հարյուր տոկոս օգուտ: Մենք ուզում ենք, որ ի վերջո, որ առաջիկա երեք տարվա մեջ էս տեղի ունենա, ու սա դառնա մասշտաբի տնտեսություն, որ մասշտաբը մեծանա, ոչ շահութաբեր ասպարեզում իհարկե, բայց մարդկանց ուշադրության, հարցերի քննարկման, և այլն, որովհետև ես ձեզ ասեմ՝ մեր  City Bug-ի վնասը ինչն ա: Օգուտը՝ հոյակապ ծրագիր ա: Ushahidi, City Bug-ը, երբ քարտեզներ ենք ստեղծում ու գրում ենք՝ ինչ պակաս բան կա: Վնասը էն ա, որ էն մարդը, ում ուղղված ա սա, չկա, ինքը անտարբեր ա սրան: Ինքը՝ քաղաքապետարանն ա, թե ով ա, որ պիտի ազդվեր ու էդ բացը վերացներ, իրանք չկան: Դրա համար եթե մենք ուժգնացնենք էֆեկտը, կարող ա մի քիչ դրա ուշադրությունը գրավենք: Մի թեթև, մի ձևի տեսնեն՝ մի պաշտոնյա ավելի լավ ա արձագանքում, մտածեն ամոթ ա՝ մենք էլ արձագանքենք, որովհետև կա տեղական պատվի հարցերը: Մտածեն՝ Գյումրիում լավ արձագանքեցին, մենք էլ Մարտունիում լավ արձագանքենք, և այլն: Այսինքն էդ ուժգնացումը նրա համար ա, որ փոխվի էս մարդու վերաբերմունքը դեպի իրադրությունը: Շնորհակալություն:

 

Սղագրությունը՝ Ռոբերտ Ղազինյանի

Սղագրության ավարտը՝ 30. 04. 2016

 

 

 

Print Friendly