Ինպե՞ս դիմակայել ինֆորմացիոն հոսքի տարափին. Գևորգ Տեր-Գաբրիելյան (Jam Session 2)

Գևորգ Տեր-Գաբրիելյանի դասախոսությունն ինֆորմացիոն հոսքի տարափին դիմակայելու մասին։

Տեսանյութի սղագրություն

Այս փոքրիկ զրույցի վերնագիրը կարելի է դնել հանրային դիսկուրս և քննադատական մտածողություն: Շատերը գիտեն, որ մեր կազմակերպությունը տարիներ շարունակ անում է կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի դասընթացներ, և այնտեղ մենք հատուկ iուշադրություն ենք դարձնում քննադատական մտածողությանը: Եվ այդ դասընթացներից արդեն մի քանի զրույցներ, ներկայացումներ արդեն կան տեսագրված: Ինտերնետում կարելի է հայտնաբերել: Մենք, սակայն, ունենք այժմ փոխված իրավիճակ և դրա հետ կապված ես կուզեի անդրադառնալ մի քանի տեսական դրույթների, թե ինչպես կողմնորոշվել հանրային դիսկուրսում՝ օգտագործելով քննադատական մտածողությունը: Ի՞նչն է, որ հանրային դիսկուրսում կողմնորոշվելու կարիք է ստեղծում: Նախ, ի՞նչն ենք մենք անվանում հանրային դիսկուրս: Դա այն ամբողջ ինֆորմացիայի տարափն է, որը մեզ շրջապատում է, մեզ վրա լցվում է: Այն կարող է գալ ցանկացած ալիքով՝ ինտերնետով, հեռուստատեսությամբ, մարդկանց հետ խոսակցությունով, մեր տեսածով: Ամեն ինչով՝ բոլոր ուղղություններով: Դա մենակ խոսքը չէ՝ մեր տեսածն է, մեր զգացածը, ամեն ինչը: Եվ այդ դիսկուրսը, փաստորեն, մեզ շատ իմաստներով ձևավորում է: Ես դրա մեջ երեք կառուցվածքային միավոր կհստակեցնեմ: Մեկը՝ հենց անվանենք ինֆորմացիայի տարափ: Գիտենք, որ շատերը Facebook-ից դուրս են գալիս, հեռուստացույցը անջատում են: Ինչի՞ց է դա, որովհետև նրանք չգիտեն, թե ինչպես դիմակայեն ինֆորմացիայի տարափին: Մի կողմից դա է գալիս: Մյուս մասը հանրային դիսկուրսի, ավելի խորն է, դա գուցե և ինչ-որ երկխոսության մեջ է մտնում ինֆորմացիայի տարափի հետ: Դա կրթական համակարգից ստացած մեր հաղորդագրություններ են: Տարիներ շարունակ, եթե մենք սովորել ենք Հովհաննես Թումանյան, կամ, չգիտեմ, սովորել ենք, որ ուրարտացիների ժամանակներից եղել է Տիգրան Մեծ, եղել է Հայկ և Բել, և այլն և այլն: Այդ բոլոր հաղորդագրությունները մեզ ինչ-որ չափով ձևավորել են, և դրանք այդ նույն հանրային դիսկուրսի շատ կարևոր մասն են կազմում: Երրորդ գործոնը ես անվանում եմ սոցիալական ճնշում: Մենք այդ մասին խոսել ենք իշխանության տեսակների մասին զրուցելիս, երբ որոշեցինք, որ կա քաղաքական իշխանություն և սոցիալական իշխանություն: Տեսագրություններից մեկում դա կա: Գոյություն ունի նաև սոցիալական ճնշում: Դա և՛ ընտանիքում է տեղի ունենում՝ ինչպես վարվել, ինչպես չվարվել, ի՞նչ ավանդույթ կա, ի՞նչ ադաթ կա, և՛ ավելի մեծ հասարակությունում, և՛ դպրոցում: Ասենք, ես որ փոքր էի, անժամանակ, գարնան վաղ շրջանում կարճ շալվարով գնացել էի դասի: Դասարանի տղաները իմ վրա ծիծաղում էին: Ոչ թե որովհետև կարճ շալվար չէր կարելի հագնել, դա ավելի ուշ, ավելի մեծահասակ տղաների պրոբլեմ է, բայց դեռ շուտ էր հագնել կարճ շալվար եղանակի տեսակետից: Շատ տարբեր ձևերով կարող է հանրային ճնշումը իրագործվել՝ հանրային դիսկուրսի ճնշումը, որի մեջ մարդ պիտի կողմնորոշվի, որի նկատմամբ պիտի դիրքորոշում ընդունի և որից նա շատ հաճախ ընկնում է սթրեսի մեջ, գուցե ոչ շատ ուժեղ սթրեսի մեջ, գուցե ուժեղ սթրեսի, գուցե նաև դեպրեսիայի մեջ է ընկնում: Հիմա պետք է նշել, որ այս իրադրությունը աշխատում է աշխարհի ցանկացած մասում: Այսինքն սա գլոբալ ճգնաժամ է հանրային դիսկուրսի ճնշման, որը գործում է և՛ արևելքում, և՛ արևմուտքում, և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, և՛ ամենուր: Օրինակ, արևմուտքում եթե դու տուն ունես, տան դիմաց անպայման կլինի փոքրիկ հողակտոր, որտեղ խոտը չես հնձել ժամանակին: Հարևանները կասեն՝ սա բոբո է, կամ քեզ ոստիկանություն կհայտնեն, որ դու խախտում ես հանրային կարգը: Իսկ ասենք իսլամական պետությունում կինը իրավունք չունի որևէ իրավունք ունենալ ընդհանրապես, և կարող է խոշտանգումների ենթարկվել և այլն: Այսինքն կապ չունի՝ ինչ որակի, ինչ մակարդակի, բայց այդ սոցիալական ճնշման տարատեսակները կան ամենուր: Նույնկերպ կա բնականաբար ինֆորմացիայի տարափը և նույնկերպ կա կրթական համակարգը իր առանձնահատկություններով: Բայց հասարակությունները իրարից տարբերում են ևս մի շատ կարևոր փոփոխականով: Ես դրանք անվանում եմ հաստ փոփոխական: Դա էլի անգլերեն տերմին է ՝ thick variable: Հաստ փոփոխական, որը անվանենք վստահություն՝ վստահության մակարդակ: Դա շատ լավ Ֆրանսիս Ֆուկոյաման է իր՝ Վստահություն կոչվող գործում քննարկել, մեկնաբանել: Սա շատ պարզ փոփոխական է: Այսինքն իմաստը ի՞նչն է, թե մարդիկ որքան են վստահում միմյանց և որքան են վստահում այս դիսկուրսներին, դիսկուրսների այս տարատեսակներին: Արդյոք իրենց հարմարավետ են զգում այս իրադրության մեջ, շատ առումներով որոշվում է վստահությամբ և վստահությունը հասարակություններում լինում է էլի շատ տարբեր տեսակների: Կան ցածր վստահության հասարակություններ, կան բարձր վստահության հասարակություններ: Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դու կարող ես ընդունվել համալսարան առանց ոչ մի հարցազրույցի: Զուտ թեստի հիման վրա և քո CV-ն ուղարկելով: Ոչ մի փաստաթուղթ էլ չեն պահանջում: Հետո կգաս կտեսնեն՝ ով է: Դա բարձր վստահության հասարակություն է: Նույն պատճառով առաջներում էնտեղ շատ էին տալիս վարկեր, հետո էդ մեծ փուչիկը եղավ, և հիմա վիճակը մի քիչ փոխվել է, բայց միևնույնն է: Այսինքն դու նամակ էիր գրում վարկային կազմակերպությանը և նա քեզ վարկային քարտը էր ուղարկում: Ո՛չ ստուգում էին բանկային հաշիվդ՝ կարող ես մուծել, թե չէ, ճիշտ ես գրել, թե չէ, ինչքան երեխա ունես, թե չունես, և այլն և այլն: Բարձր վստահության հասարակություն: Ինչու՞, որովհետև նրանք հաշվել էին, որ այդ շուկայում մարդիկ սովոր են ոչ միայն վստահել: Վստահությունը ինչի՞ց է գալիս, նրանք սովոր են ենթարկվել ընդունված կանոններին: Ուրեմն մեծամասնությունը մուծելու է իր պարտքերը այդ վարկից: Իսկ ով որ չի մուծելու, նրանց կարելի է ապահովագրել և ապահովագրությունից ստանալ տարբերությունը: Այսինքն, տասը-տասնհինգ տոկոսը բոլորից, ովքեր վարկ են ստանում, կարող են չմուծեն: Այդպիսին էր իրադրությունը, փաստորեն, մինչև 2007 թվականի տնտեսական ճգնաժամը, հետո մի քիչ փոխվեց, բայց էությունը չի փոխվել: Ամերիկայի Միացյալ Նահանգները մնում է բարձր վստահության երկիր: Դրա փոխարեն, ասենք շատ երկրներ կան, որոնք բարձր վստահության երկիր չեն: Ես չեմ ուզում Հայաստանի օրինակը բերեմ, բայց Հայաստանը այսօր հենց այդպիսի երկրներից մեկն է: Ուղղակի էստեղ խոտորված է պատմությունը, որովհետև մենք Խորհրդային Միության պատմության պատճառով ենք ցածր վստահության երկիր, իսկ կան երկրներ, որտեղ ավանդույթն է այդպիսին: Օրինակ Ֆրանսիան ավելի ցածր վստահության երկիր է: Էնտեղ ավելի հավանական է, որ քեզ գործի վերցնեն ծանոթի միջոցով: Այսինքն դու շրջանավարտ ես, գործ ես փնտրում: Դու պիտի ունենաս լավ հայրիկ, որը ունի լավ ընկեր, որպեսզի նա քեզ գործի վերցնի: Դիմելով, դիմումներով ավելի փոքր հնարավորություն ունես: Երբ ես Ամերիկայից գնացի մեծ Բրիտանիա, ես Ամերիկայում ունեի մի քանի վարկային քարտ և մի քանի բանկային հաշիվ: Ոչ մեծ հաշիվներով, բայց քանի որ էնտեղ էի ապրում ես ունեի այնտեղ իմ բանկային պատմությունը: Մեծ Բրիտանիայում, չնայած ես շատ ավելի կարևոր աշխատանքի էի անցել, քան Ամերիկայում էի, ու իմ աշխատանքի տեղից կար թուղթ, որ էս մարդը եկել է այստեղ աշխատելու: Բոլոր բանկերը հրաժարվում էին իմ համար բանկային հաշիվ բացել: Պարզապես հաշիվ բացել, այսինքն, որ ես այնտեղ փող տեղադրեմ: Եվ հետո իմ ընկերուհին, ում հայրը Ուելսի, Քարդիֆի բանկի ղեկավարն էր, հայրը նրա զանգահարեց Լոնդոնյան բանկի համապատասխան բաժանմունք, մենք ընկերուհու հետ միասին գնացինք, որպեսզի ինձ համար այդ հաշիվը բացեն: Դա ցածր վստահության շատ ակնառու օրինակ է: Հիմա, եթե մենք Հայաստանում ունենք վստահության բացակայություն, այս ինֆորմացիոն տարափը, բնականաբար, հատկապես, այս հանգամանքները դժվար իրավիճակի մեջ են մարդկանց գցում: Եվ հատկապես մեծ, կարևոր նշանակություն է ձեռք բերում զտելը: Այսինքն էստեղ պետք է տեղադրվի ինչ-որ մի զտիչ, որպեսզի դու ամբողջ այս ինֆորմացիան զտես և իմանաս, թե ինչպես կողմնորոշվես, ինչպես իմանաս, թե ինչ է կատարվում: Ինչպես իմանալ՝ որ բժիշկի մոտ գնալ, ինչպես իմանալ՝ ռազմաճակատում ինչ վիճակ է, ինչպես իմանալ՝ որ սննդամթերքը գնել, որ խանութից, որ գնով, և այլն, և այլն: Հազար ու մի հարցը, որը այս ընդհանուր ինֆորմացիոն հոսքից դու պիտի կարողանաս զտել ցածր վստահության հանգամանքներում: Այսինքն դու չես կարող հույս ունենալ, որ ամեն սննդամթերքի խանութ մտնելու միայն 10 տոկոսի դեպքում է, որ դու կառնես վատ որակի կաթնամթերք: Շատ հավանական է, որ այդ տոկոսը լինի շատ ավելի մեծ: Դրա համար դու պիտի հենվես այն հաղորդագրություններին, որտեղից էլ դրանք գան՝ ընդհանուր հասարակության արժեքային համակարգից, կրթական համակարգից կամ սոցիալական ճնշումից, թե ընդհանուր ինֆորմացիոն հոսքից, դու պիտի հենվես այն հաղորդագրությունների վրա, որոնց վստահում ես: Իսկ ինչի՞ն է մարդ վստահում ընդհանրապես: Հենց նախորդ Դեպոյի մասին մեր խոսակցության մեջ ես արդեն դա նշեցի և մի քանի անգամ եմ նշել: Մարդ սովորաբար վստահում է երկու երեք դեպքերի: Առաջին դեպքը դա հեղինակությունն է: Եթե ասում են, որ Հովհաննես Թումանյանն է ասել,՝ ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք, դա սովորաբար ավելի մեծ նշանակություն է թողնում, քան թե անծանոթ մեկը, ով փորձեց ինչ-որ սրամիտ կամ խորիմաստ բան ասել: Մյուս դեպքը ավանդաբար գիտությունն է, որը հանրային դիսկուրսում հաճախ փոխարինվում է տվյալներով և թվերով: Իսկ երբերմն գիտական կամ պսեվդո-գիտական բանաձևերով: Երրորդը այն է, ինչ մենք անվանում ենք evidence: Այսինքն տեսանելի, այսինքն քո աչքով տեսար դա: Եվ չորրորդը վստահության ավանդույթն է, որին ես անվանում եմ հորիզոնական վստահություն: Այսինքն եթե կա ինչ-որ մեկը, որին դու վստահում ես երկար տարիներ, ինչ-որ հաստատություն, ապա հավանական է, որ կշարունակես նրան վստահել: Էլի կան ինչ-որ այդպիսի դեպքեր էլ, բայց մենք այստեղ կանգ առնենք: Ուրեմն այս գիտութան վերաբերյալ: Ինչու՞ է ժուռնալիստիկան շատ կարևոր այն առումով, որ ասի, թե ինչ տեղի ունեցավ, ե՞րբ, ժամը քանիսի՞ն, ժամը քանիսի՞ն է դա զեկուցվել, ո՞վ, ի՞նչ էր անում, և հայտնի ինչ-որ տվյալներ, թվեր և այլն, որպեսզի այս տեսանելիությանը մոտեցնի տվյալների ու թվերի միջոցով: Շատ հաճախ նաև բանաձևեր են օգտագործվում ծպտելով դատարկությունը, օրինակ աշխարհաքաղաքական հոդվածներում: Օրինակ ասում են՝ մաթեմատիկորեն հասկանալի է, երկու անգամ երկուսի պես պարզ է, որ ասենք, Իրանը չեզոք է հայ-ադրբեջանական հակամարտությունում, օրինակի համար: Այսպիսի ձևակերպումները իրական գիտություն չեն, բայց կա իրական գիտություն, բայց իրական գիտությանն էլ վստահելու համար մարդ պիտի հատուկ սովորած լինի: Եթե մարդ սովորել է, որ աշխարհը յոթ օրվա մեջ է ստեղծվել, բնականաբար նա դժվարությամբ կհավատա, նա գուցե տհաճություն զգա, որ գիտությունը նաև ասում է, որ մարդը ի վերջո կապիկից է առաջացել, և նա դժվարությամբ կհավատա նաև գիտության այլ դրույթներին: Մի անգամ էլ կգնա բժիշկի, բժիշկը կասի՝ գիտությունը սա է ասում, իսկ դա մարդուն չի օգնի, շատ թանկ կնստի, դեղ կառնի: Դրանից հետո կգնա շամանի մոտ և գուցե շամանը նրան օգնեց և նա լիովին կհամոզվի, որ գիտությունը սուտ է: Ուրեմն գիտությանը հավատալը նույնպես որոշակի դժվարություն է իր մեջ պարունակում: Շատ ավելի հեշտ է առանց գիտությանը հավատալու, առանց ռացիոնալ արգումենտին հավատալու հավատալ հեղինակությանը, բայց մենք տեսնում ենք, որ մենք ասում ենք վստահության պակաս, մենք նախ և առաջ ի՞նչ ենք ասում: Մենք ասում ենք, որ հեղինակությունն է խնդրառված Հայաստանում: Մեր այսօրվա հայաստանյան հասարակությունում հեղինակություններ չկան: Հեղինակություններն են ճոճվում, և՛ կենդանի հեղինակությունները, և ՛ պանթեոնը այսպես ասած մեր հեղինակությունների: Եվ ամբողջ աշխարհում է դա տեղի ունենում: Այսինքն մենք բոլորս կուզենայինք, որ լիներ Շեքսպիրը՝ աշխարհի ամենածանոթ եվրոպական անունը: Մենք ուրախանում ենք, երբ ասում ենք, որ Աստվածաշունչը աշխարհում ամենաշատը հրատարապված, ամենաշատ տպաքանակով երբեևէ հրատարակված գիրքն է, բայց պարզվում է, որ ամենատարածված անունը աշխարհում, բոլորին հայտնի Եվրոպայում ծնված՝ դա Հիտլերն է, Ադոլֆ Հիտլերի անունն է: Դա առաջացնում է կոգնիտիվ դիսոնանս, և մենք հասկանում ենք, որ հեղինակությունների այն պանթեոնը, այն շարքը, որը մենք կուզենայինք, որ աշխարհում տիրապետեր, պարտադիր չի, որ աշխարհում տիրապետի: Նույն պատմությունը, երբ ասում են, որ երեխաները գիրք չեն կարդում՝ խաղեր են խաղում կոմպյուտերային կամ ամբողջ օրը ինտերնետում նստած են: Նույն պատմությունն է: Այն հեղինակությունը, այն արժեքը, որ մենք դնում էինք գիրք կարդալու մեջ խոտորված է: Եվ դա որ միայն Հայաստանում է, այլև աշխարհում, իսկ Հայաստանում խոտորված է նաև կոռուպցիայի պատճառով, նաև կուսակցությունների անկարության պատճառով և մի շարք այլ պատճառներով: Ասացի, որ մյուսը իմ աչքով տեսածն է: Դրա մասին շատ ենք խոսել, և հորիզոնական վստահությունը: Այսինքն եթե դու ինչ-որ մեկին վստահել ես, ապա հավանական է, որ նորից վստահես: Եվ շատ կարևոր է այս արժեքը չխախտել: Ցածր վստահության պայմաններում շատ կարևոր է հորիզոնական վստահության արժեքը չխախտել: Ուրեմն ընկերությունը, մանկության ընկերությունը, ծնողների ընկերների երեխաները, կոլեգաները, որոնք միմյանց հետ փորձ ունեն աշխատելու: Օրինակ ես մի անգամ գործուղման էի գնացել: Ես, որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչ մի պետական սեկտորի ներկայացուցչի հետ: Եվ ես նախապես հակված էի նրան չվստահել: Դժվար գործուղում էր: Մենք պիտի միջազգային հանրության հետ խոսեինք, բայց այդ գործուղման ընթացքում մենք հանպատրաստից միմյանց այնպես օգնեցինք, որ դրանից հետո դարձանք ընկեր և մինչև հիմա մեր համագործակցությունը, բարեկամությունը շարունակվում է: Դա արժեքավոր է: Ես դա որպես դրական արժեք եմ նշում, իմ մոտ պահում եմ և աշխատում եմ պահուստի պես կուտակել նման հարաբերություններ: Ուրեմն կուտակել հարաբերություններ և ստեղծել հորիզոնական վստահության համակարգ: Լինի դա անձեր, թե կազմակերպություններ՝ հորիզոնական վստահության հարաբերություններ: Մյուս խնդիրը ինչն է՞: Երբ շատ դժվար է իմանալ, թե գիտությունը ճիշտ է, թե ոչ, երբ հեղինակությունները հարցականի տակ են, երբ հատկապես քո աչքով չես կարող տեսնել, որովհետև բարդ հաց է, սա շատ կարևոր է դառնում: Ուրեմն ի՞նչ պետք է անես: Եթե երկուսը իրար վստահում են, իսկ այդ երկուսից մեկը և մի երրորդ անձ նույնպես իրար վստահում են, բնականաբար, որ դու քո կյանքի ապահովությունը ավելացնես, դու պիտի աշխատես այն երկուսին, որոնք իրար չգիտեն, միմյանց հետ կապել: Դա երբեմն ստացվում է, երբեմն չի ստացվում: Ասենք, հայրս ուներ հինգ ընկեր, որոնք ամբողջ կյանքում ընկերություն էին անում: Երբ ես գնացի համալսարան, պարզվեց, որ այդ ընկերներից ոմանց երեխաները նույնպես համալսարանում են, իմ տարեկիցներն են: Ես առաջարկեցի, որ մենք ընկերանանք, բայց դրանից քիչ բան ստացվեց: Որոշները ընկերացան, որոշները ոչ: Սակայն էն ժամանակ էդ խնդիրը էդքան հստակ դրված չէր: Իսկ այսօր, նույնիսկ նրանք, որոնց հետ մենք պարզապես միմյանց ճանաչել ենք, չենք ընկերակցել, մենք գիտենք, որ մենք հիմա ընգրկվում ենք այս ցանցի մեջ, որովհետև հանրային վստահությունը այնքան է ցածրացել, որ պարզ է, որ եթե դու մեկին ճանաչում ես քառասուն տարի կամ ավել և գիտես, որ այդ մարդը կեղտոտություն չի արել, քեզ լավ է տրամադրված, սերում է որոշակի ակունքներից, որոնց դու հակված ես վստահել, ավելի շուտ նրա հետ գործ կունենաս, քան մյուսի հետ: Ուրեմն սկսում է ստեղծվել, ձևավորվել վստահության այս ցանցը, որը շատ կարևոր է երկիրը ցածր վստահության այս ճգնաժամից դուրս բերելու համար: Բայց էստեղ շատ կարևոր է չսխալվել, բնականաբար: Հենց որ վստահությունդ չարդարացավ, թուլանում է իսկույն այս կապը: Ուրեմն եթե միմյանց վստահել են մարդիկ, ուրեմն դա մեծ արժեք է: Մյուսը, օրինակ, ես ունեմ մարդիկ, որոնցից խորհուրդ եմ հարցնում: Ընդ որում շատ կարևոր է իմանալ, որ ոչ մի խորհուրդ վերջնական չպիտի լինի որոշում ընդունելիս: Որոշում մարդ պիտի անհատապես ընդունի, իր ուղեղով, իր մտքով, սակայն խորհուրդ հարցնելու համար ունենալ մարդիկ շատ կարևոր է: Անգլերեն ասում են sounding base՝ հիմք, որից կարող ես արձագանք ստանալ: Դա ևս շատ կարևոր հանգամանք է: Ընդ որում, էլի եմ ասում, պետք չի հիասթափվել, երբ որ տալիս են ոչ այն խորհուրդը, որը տալիս են քեզ ոչ վերջնական որոշում ընդունելուց: Մեկ է դա օգուտ է, այդ խորհուրդը օգուտ է, որ դու ձևակերպես այդ որոշումը: Սրա հետ կապված է մարդու սեփական գործունեությունը, նրա սեփական վարվեցողությունը այս իրադրության մեջ, ցածր վստահության պայմաններում: Իսկ դու ի՞նչ պիտի անես: Դու, բնականաբար այս ցանցը պետք է կառուցես քեզ համար, մասնակցես այս ցանցի կառուցմանը, բայց նաև դու ինքդ խոսող, մտածող, զգացող արարած ես: Ուրեմն ի՞նչպես վարվել, լինի դա օնլայն ինտերնետում, թե լինի դա սովորական ամենօրյա կյանքում: Ես կասեի, որ էստեղ կա երեք իրադրություն, երբ խոսքը գնում է ոչ թե արարքների, այլ ասելիքների և կարծիքների վերաբերյալ: Երբ մարդը մի բան է ասում, կարծիք է հայտնում, դա կարող է օգուտ լինել, կարող է վնաս լինել և կարող է աղմուկ լինել: Ու շատ պարզ վարվեցողության կանոն: Մտածի՛ր, արդյոք քո ասելիքը օգուտ է լինելու, վնաս, թե աղմուկ և իհարկե շատ կարևոր է, թե ում համար է , որովհետև կարող է մեկի համար օգուտ լինի, մյուսի համար վնաս: Եթե օգուտ է, արդյոք նրանց համար է օգուտ, ում դու ուզում էիր, թե գուցե ինչ-որ մի ուրիշի: Եթե աղմուկ է, կարելի է չասել, բնականաբար: Իհարկե մենք հուզվող, զգացող մարդիկ ենք, մենք ասում ենք, հաճախ աղմուկ ենք անում, հաճախ աղմուկը մեզ հանգստացնում է: Մենք ինքներս մեր սեփական փոքրիկ աղմուկ-փոթորիկն ենք ստեղծում, որպեսզի այս տարափին այդ ձևով դիմակայենք: Աղմուկը որպես ֆիզիոլոգիական երևույթ այդքան էլ բարդ բան չէ, որ ասենք ճռվողում են կանայք նստած, ոչ միայն կանայք, տղամարդիկ էլ են շատ ճռվողում: Բայց դա ի վերջո, երբ այսպիսի ճգնաժամային իրադրություն է ստեղծվել, աղմուկը ի վերջո տենդենց ունի դառնալու վնաս: Կարող է վնաս դառնալ, կարող է խանգարել, գալ միավորվել ինֆորմացիոն տարափին և ավելացնել այն սթրեսը, որը մարդը զգում էր: Դրա համար արժի զտել, իսկ զտել ստիպված ենք վերը նշված միջոցներով, փաստորեն: Կա ևս մեկ խորհուրդ, որը էլի հարյուր տոկոսանոց չէ, իմ փորձից է գալիս, քարի մեջ փորագրած չէ: Բայց ես կասեի, խուսափել խմբերին մասնակցությունից: Մի կողմից ասում եմ , մյուս կողմից զգուշանում, որովհետև իհարկե մարդ պիտի խմբերով ու թիմերով գործ անի, առաջնորդվի, շարժվի, բայց կա խմբերի մի քանի տեսակ և տեսակներից մեկը դա այն է, որը անվանում են ամբոխ: Դա անգիտակից խումբն է: Դա խումբն է, որը չի մտածում: Իմ նշած վստահության խումբը մտածում է: Եթե ստեղծվում է այսպիսի խումբ, ապա նրա վերևում կա այսպիսի մտածման ալիք: Այստեղ յուրաքանչյուրը իր անհատականությունը պահպանում է: Բայց կան խմբեր, որոնք այդպիսի մտածման մթնոլորտ իրենց վերևում չեն ստեղծում: Կարող են աղմուկի մթնոլորտ ստեղծել և կարծել, որ դա մտածման մթնոլորտ է, բայց դա մտածման մթնոլորտ չէ: Ուրեմն խուսափել խմբայնությունից, որովհետև խմբայնության մեջ անպայման ավելանում է հավանականությունը, որ քեզ կսկսի սոցիալական ճնշումը ճնշել, ինֆորմացիայի տարափը ճնշել, գուցե սուտ հեղինակությունը ճնշել: Սա իմ խորհուրդն է: Աշխատեք ցանկացած խումբ վերածել վստահության և մտածման խմբի: Փորձել զտել, քան թե ենթարկվել ու մտնել խմբերի մեջ: Բնականաբար ես արդեն ասացի, որ եթե դու վստահում ես ինչ-որ մեկին, շատ կարևոր է, որ նա էլ քեզ վստահի և որ ձեր վստահությունը պահպանվի: Դա սովորաբար ձևակերպում են արժանապատվություն բառի միջոցով: Մարդը պիտի արժանապատիվ լինի: Շատ հեշտ է արժանապատվությունը կորցնել, հատկապես մեր հասարակարգում: Բայց արժանապատվությունը շատ մեծ արժեք է, որը տրված է մեզ ի ծնե: Երբ երեխան ծնվում է, նա արժանապատիվ է: Նա բարոյական ոչ մի սխալ արարք, ոչ մի քրեական արարք չի կատարել: Ուրեմն պետք է սեփական արժանապատվությունը բարձր պահել: Երբ մարդ սեփական արժանապատվությունը բարձր է պահում, և տարիքն անցնում է, նրան հաճախ սկսում են անվանել հասարակության սյուն: Հասարակությունը այդպիսի սյուների հիման վրա է հիմնված: Երբ մենք այսօր ասում ենք, և՛ մեծամեծներին մեր նախորդ ժամանակների, և՛ ոչ այնքան հայտնի մեծամեծներին, բայց ասենք պաշտոնական անձանց, որ Խորհրդային Միության պայմաններում, Խորհրդային Հայաստանի պայմաններում արժանապատվություն էին պահպանում: Մենք ասում էինք՝ դրանք հասարակության սյուներն էին, որոնց վրա հիմնված էր այն ամբողջ լավը, որը տեղի էր ունենում հասարակությունում: Ասենք՝ Պարույր Սևակ, Մինաս Ավետիսյան, բայց միևնույն ժամանակ ասենք, Գրիգոր Հասրաթյան՝ Երևան քաղաքի քաղաքապետը, նաև Ֆադեյ Սարգսյան, նաև շատ ու շատ այլ անուններ, որոնք լինելով խորհրդային հասարակարգի գործիչներ, միևնույն ժամանակ հստակ օգուտ էին բերում: Մերգելյան, Հենրիկ Մալյան, չգիտեմ, դա կարող էր լինել գիտնական, գործիչ: Տարբեր ասպարեզներում նրանք օգուտ էին բերում հասարակությանը և մենք հիմա նրանց հենվելով ենք այն ժամանակները նկարագրում: Շատ կարևոր է մտածել երիտասարդ տարիքից, թե ով է լինելու, ում եմ ես իմ երեխաներին, թոռներին ասելու, որ մեր ժամանակ դրանք էին հենասյուները: Եկեք հարց տանք ինքներս մեզ: Այս վերջին քսան տարվա անկախ Հայաստանի ընթացքում ովքեր են այն հենասյուները, որոնց մենք քսան, քառասուն տարի հետո դիմելու ենք:
Վերջին մասը խոսքի, որ ես ուզում էի ասեի, մի քիչ ուրիշ է: Այն շատ բնական ռեակցիան, այս հանրային դիսկուրսի հարձակման վերաբերյալ, հարձակման նկատմամբ, շատ բնական ռեակցիան դա դավադրությունների տեսության ծնունդն է՝ կոնսպիրոլոգիայի ծաղկումը: Ինչու՞ է դա տեղի ունենում: Նախ, եթե գիտությանը չես վստահում, կամ գիտական հստակ պատճառահետևանքային կապ չկա իրադարձությունների մեջ: Երկրորդը, եթե քո մոտիկ հեղինակությունները, քո հենասյուները, որոնց դու քո աչքով տեսնում, հավատում, վստահում ես, ճոճվում են կամ ընդհանրապես բացակայում: Երրորդը, եթե դու վատ կրթություն ես ստացել, եթե կրթական համակարգը էդքան էլ հաջող չէ և քեզ շատ բան չեն սովորեցրել, և այլն, և այլն: Դու ինքդ քեզ չես հավատում, որ դու գործիչ ես այս կյանքում: Հետևաբար դու չես հավատում, որ քո շրջապատն է գործիչ այս կյանքում և քեզ շատ ավելի հարմար է թվում կարծել, որ գործիչ ինչ-որ մեկ այլ գաղտնի ուժ է, որի մասին մենք շատ բան չգիտենք, բայց նա է կազմակերպում ամեն ինչ: Շատ հայտնի դասական օրինակ, երբ որ Օստապ Բենդերի Ոսկե ցլիկի այդ պիկեյե ժիլետների խմբավորումը, որոնք Սուխումիում, թե Օդեսայում ծովափին սուրճ էին խմում և ասում՝ ես մատս Բրիանի բերանը չէի դնի, ասում էր այդ պիկեյե ժիլետներից մեկը: Ինչպես ասում են հեղինակները՝ Իլֆն ու Պետրովը, բացարձակապես մտքով նրա չէր անցնում, որ երևի թե Բրիանը չէր էլ թույլ տա, որ նա իր մատը փորձի նրա բերանը դնել: Ուրեմն դավադրությունների տեսությունը շատ ուժեղ կապված է աղմուկի հետ: Ամբողջ մասը դավադրությունների տեսության, թե ով իրականում, ինչպես, ոնց և այլն, ռացիոնալ մտածողությունը գիտության և հստակ, ես ուզում եմ հայերեն բառ էստեղ գրել, որ միշտ հայերենն էլ օգտագործվի՝ տեսնվելիք, տեսնված, տեսնվող իրականություն: Եթե սրանը չի և հորիզոնական վստահության հիմնված չէ, կարելի է դեն նետել: Հաճախ հաճելի է որպես դեդեկտիվ կարդալ՝ թե ինչ մտածեց Օբաման, երբ Պուտինի հետ միասին որոշեց, որ Ալիևին ասի, որ հայկական հողերը հանձնեն: Կարելի է դրա պատճառով շատ հուզվել: Այդ ամբողջ դիսկուրսը իրականում զուտ աղմուկ է, այն կարելի է լրիվ դեն նետել: Կա գիտական մոտեցում, որը կոչվում Օկամի ածելի: Օկամը միջնադարում անգլիական, եվրոպական փիլիսոփա էր, որը ասում էր, որ այն ամենը ինչի հստակ ապացույցը կամ տեսանելիությունը չունես, դե՛ն նետիր, հաշվի մի՛ առ, դրանով մի՛ զբաղվիր, դրա վրա ժամանակ մի՛ կորցրու: Մի բան էլ ասեմ: Ի վերջո այս ամենը մարդուն դարձնում են ավելի իշխելի: Ինֆորմացիոն տարափը բթացնում է աղմուկի հետ միավորված, կրթական համակարգը, եթե վատն է, ապա սխալ բաներ է սովորեցնում: Սոցիալական ճնշումով ուզում է, որ ենթարկվի: Արդյունքը այն է, որ մարդ ավելի իշխելի է: Եթե նա սկսում է հավատալ դավադրությունները տեսությանը՝ կոնսպիրոլոգիային, ապա նա դառնում է շատ հեշտ իշխելի: Դրա համար զգուշացե՛ք կոնսպիրոլոգիայից: Եթե հիմք ունեք կասկածելու, որ ինչ-որ կոնսպիրոլոգիական հարց կա, դիմեք ձեր վստահության պլատֆորմին: Տեսե՛ք՝ նրանք ինչ կասեն: Իհարկե մեզ մոտ կոնսպիրոլոգիան ունի պատմություն, որովհետև այն սերմանվում էր Խորհրդային Միության տարիների շնորհիվ, որովհետև մարդուն ինչքան ապաիշխանավորում են, այնքան նա ավելի հակված է դեպի կոնսպիրոլոգիական: Ինչքան ինքը որոշում չի կայացնում, այնքան նրան ավելի է թվում, որ ինչ-որ այլ ուժեր են որոշումներ կայացնում: Մինչդեռ որոշում կայացնողը մնում է ինքը, ուղղակի չի գիտակցում: Նրա որոշում չկայացնելը դառնում է այն որոշումը, որը կայացավ, որի պատճառով աշխարհը դառնում է այնպիսին, ինչպիսին կա: Դրա համար մենք, տարիներ շարունակ, սերնդե սերունդ մենք դաստիարակվել ենք մի քիչ կոնսպիրոլոգիական ոճով: Մեր նախնիները, մեր հայրերը, պապերը, մայրերը, տատերը մի քիչ այն ստալինյան ժամանակներից սկսած՝ կոնսպիրոլոգիական ոճով են դաստիարակվել: Ստալինի հենց թեկուզ ֆիգուրան, որպես առասպելական ինչ-որ մի չարիք, նույնպես այդ կոնսպիրոլոգիայի արդյունքներից մեկն է: Կարծեմ Դովլաթովն է ասել՝ լավ, հասկացանք Ստալինը գազան էր, իսկ ովքե՞ր էին այն մարդիկ, ովքեր գրում էին այդ բոլոր մատնությունները, բանսարկումները: Այսինքն մարդիկ իրենք էին ստեղծում այդ իրադրությունը, այդ հասարակությունը, իսկ հետո վերագրեցին Ստալինին, կամ հենց միաժամանակ էլ վերագրում էին Ստալինին: Ուրեմն որքան ավելի իշխանությունը անարդար է, նրան ավելի շահավետ է մարդկանց կոնսպիրոլոգ դարձնել, որովհետև դա նաև նշանակում է ապաիշխանավորված մարդիկ և որքան ավելի մարդը պինդ է ու հասկացող, այնքան ավելի քիչ է նա կոնսպիրոլոգիայի ենթարկվում: Գիտեք, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, շատ-շատ էր այդ կոնսպիրոլոգիական խոսակցությունը՝ ռուսներն են կռվում այս կողմից, այն կողմից, օգնում են այս կողմից, այն կողմին: Ի վերջո ովքե՞ր փրկեցին իրադրությունը: Ովքե՞ր են այդ մարդիկ: Ֆիդայի ենք մենք անվանում: Դրանք միմյանց առանձին վստահող հասարակության սյուներն էին: Ուրիշ բան, որ նրանցից շատերի հետ ես շատ հարցերում չէի համաձայնի, որովհետև շատ հարցերում նրանք կոնսպիրոլոգ էին, բայց նրանք գիտեին, որ իրենցից բացի ուրիշ մեկը չկա: Ոչ մի Ռուսաստան, Իրան, չգիտեմ, էս, էն: Մենք ենք:
Մի բան էլ: Կոնսպիրոլոգիայի դեմ պայքարելու լավագույն ձևերից մեկը թափանցիկությունն է: Եթե ասում են ՝ այսինչ կողմը, այսինչ դավադրությունը ինչ-որ բան է անում, հարց ես տալիս՝ ու՞ր է փաստը, ու՞ր է տեսանելիքը, ու՞ր է գիտական ապացույցը, ցու՛յց տվեք: Եթե չկա, իմաստ չունի: Դա շատ հեշտ է: Եվ քո կյանքում էլ՝ և՛ արժանապատվության համար, և՛ վստահության ցանցի մեջ մտնելու համար շատ կարևոր է թափանցիկությունը: Ինչքան քիչ բան թաքցնես, այնքան լավ: Այսօր ամբողջ այդ Wikileaks-ությունը, այդ Պանամայի թղթերը, այդ ամենը ինչի՞ մասին է, որ աշխարհը հասել է զարգացման այն մակարդակի, որ տեխնոլոգիապես թափանցիկությունը դառնում է գերիշխող: Անհնար է ինչ-որ բան թաքցնել: Ուրեմն նա պիտի նաև տոլերանտ դառնա, որովհետև մարդիկ շատ հաճախ չեն ուզում , որ իրենց անձնական կյանքը բոլորի աչքի առաջ երևա, բայց եթե ինչ-որ պահ երևում է, այդ տեսնողը պիտի հանգիստ վերաբերվի դրան: Դա մի կողմից: Մյուս կողմից, մենք պիտի սովորենք, որ մենք ապրում ենք թափանցիկ աշխարհում և ո՞վ է ուզում, որ թափանցիկություն չլինի, էլի անարդար իշխող ուժը: Անարդար իշխող ուժն է սերմանում գաղտնիություն: Ոչ մի թաքցնելու բան չկա: Մենք ենք, մեր սարերը: Ոչ մի բանից, ոչ մեկից, ոչ մի տեղից, ոչ մի գաղտնիք չկա:
Եվ վերջինը էլի որպես խորհուրդ, էլի կոնսպիրոլոգիայի վերաբերյալ: Եթե ինչ-որ անհայտ լուր եք ստացել, հարցրեցիք, ասեցիք տվեք ապացույց, չեղավ, հարցրեցիք խորհուրդի ձեր պլատֆորմից, չեկավ համոզիչ պատասխան՝ նրանք էլ չգիտեն: Ինչպե՞ս վարվել դրա հետ: Դու ունես քո պատկերացումների համակարգված մասը: Այնտեղ բոլոր պատկերացումներդ իրար փոխկապակցված են, բոլոր հարաբերությունները: Սա քո աշխարհն է, որը համակարգված է, ռացիոնալիզացված է: Դու գիտես՝ ինչպես տուն գնալ, փողոցը այսպիսին է, հազիվ թե մի բան պատահի, չնայած երբեմն կարող է փլուզում լինել: Դա էլ է քո մոտ համակարգված: Էստեղ սա ավարտվում է: Էստեղ սկսում է անհամակարգված մասը, որը գալիս է այս ինֆորմացիայի տարափից հիմնականում: Նորանոր ազդակներ են գալիս և այդ ազդակներից մեկը այն է, ինչի պատասխանը դու չգիտես՝ վստահես, չվստահես, ի՞նչ անես: Ի՞նչ է անում մարդը, որը ձև է փնտրում սա հաղթահարել: Նա կախում է դա: Նա այդ ինֆորմացիան կախում է: Նա դրա վերաբերյալ ոչ մի հետևություն չի անում: Նա կախում է այդ ինֆորմացիայի կտորները օդում, անօդ տարածության մեջ, իր համակարգից դուրս: Նա միանգամից չի շտապում այն մտցնել իր համակարգի մեջ, այսինքն դրան հավաստիություն հաղորդել և նա չի հերքում, մոռանում ու դեն նետում դա նույնպես: Նա պահում է: Գիտեք, օրինակ, ֆերմայի թեորեմը: Հինգ-վեց դար կախված էր: Մարդիկ փորձում էին լուծել, չէին կարողանում: Այսինքն համակարգի մեջ մտցնել, հետ էին տանում և կախված մնում էր: Մինչև էս վերջերս եկավ մի մաթեմատիկոս, ինչպես ճիշտ հասկացա, և եթե ճիշտ եմ հիշում, լուծեց այդ թեորեմը: Ուրեմն եթե չգիտես պատասխանը, եթե ոչ մի հինք չունես ո՛չ հերքելու ամբողջությամբ, ո՛չ վստահելու, պիտի կարողանաս ուղեղումդ այդպես Մոնադի պես կախած ունենալ ՝ հիշողությանդ մեջ: Պահ կգա, երբ պարզ կդառնա: Կա՛մ այդ ինֆորմացիան պետք է և իմաստ ունի: Ուրեմն այն կապվեց, քո համակարգի մեջ ընդգրկվեց, կա՛մ հակառակը՝ պարզվեց, որ պետք չէ, իմաստ չունի, և այն կարելի է դուրս մղել և մոռանալ դրա մասին, կա՛մ հետևություններ անել, թե ով էր դա ասում և ըստ դրա որոշել արդյոք կարելի՞ է նրան վստահել, թե՞ ոչ:
Սա էլ վերջին խորհուրդը այսօրվա համար: Շնորհակալություն:

Սղագրեց Ռոբերտ Ղազինյանը
Սղագրության ավարտը՝ 24.04.2016

Print Friendly