Հայաստանում առաջին անգամ անցկացվեց պատերազմի և խաղաղության մասին «Դիալոգոս» Չփառատոնը

2016 թ. փետրվարի 22-25-ը Երևանում կայացավ «Դիալոգոս» պատերազմի և խաղաղության Չփառատոնը։ Այն իրականացվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ։ Կոնֆլիկտների մասին վավերագրական ֆիլմերի Չփառատոնն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում։

12742802_840380146089881_6894636252575317362_n

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը փառատոնի բացման խոսքում նշեց, թե ինչու են ընտրել «Չփառատոն» բառը փառատոնի փոխարեն․ «Ցուցադրվող ֆիլմերի թեման մեր տարածաշրջանի հակամարտություններն են։  Դժվար է տոն անվանել մի միջոցառում, որտեղ ցուցադրվում են ֆիլմեր բավականին ծանր, տխուր և չլուծված խնդիրների շուրջ»։

«Դիալոգոս» չփառատոնի համակարգող Աննա Բարսեղյանն էլ հավելեց, որ ֆիլմերը, որոնք ցուցադրվեցին այդ օրերին, չեն ստեղծվել փառատոնների համար, և շատ հաճախ հեղինակները մասնագետներ չեն։ Այդ ֆիլմերը ստեղծվել են որպես երկխոսության գործիք, համատեղ ծրագրերի արդյունք։

10402871_843238225804073_8319289501344068722_n

Նկարը՝ «Դիալոգոս» Չփառատոնի ֆեյսբուքյան էջից

Աննայի խոսքով «Դիալոգոս» չփառատոնը ֆիլմերի դասական փառատոն չէ նաև այն պատճառով, որ այստեղ չկա ժյուրի, մրցանակներ։ Չփառատոնը կոչվում է Դիալոգոս՝ քանի որ հին հունարենից թարգմանաբար նշանակում է երկխոսություն։ «Մենք ուզում ենք, որ այս ֆիլմերի միջոցով մարդիկ այստեղ խոսեն, հաղորդակցվեն ինչ-որ կոնսենսուսի գան»։

Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին ֆիլմեր, որոնք ֆինանսավորվել են Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում։ Ցուցադրվեցին հայտնի և հասարակության համար ավելի պակաս հայտնի ռեժիսիորների, սցենարիստների ֆիլմեր։ 

«Դիալոգոս» չփառատոնի ընթացքում ներկայացվեցին նաև Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հայ-ադրբեջանական երկխոսությանն ուղղված ծրագրերի շրջանակներում նկարահանված վավերագրական և անիմացիոն ֆիլմեր։ Դրանք են 2009 թվականին Քրիստինե Վարդանյանի, Դավիթ Էնֆեջյանի, Ջավանշիր Աղամալիևի և Ֆրաման Նաբիևի կողմից նկարահանված «Ուղևոր» ֆիլմը, Վահե Ներսիսյանի և Մահերամ Զեյնալովի կողմից 2012թ. նկարահանված «Անանուն մարդը», «Մարդկության պատմության կարճ տարբերակը» անիմացիոն կարճ ֆիլմերը։ «Ուղևոր» ֆիլմի ընթացքում Երևանում և Բաքվում ֆիլմի վարորդները լսում են ադրբեջանական և հայկական երաժշտություն։ Ֆիլմի հեղինակներն էլ հետևում են ուղևորների արձագանքներին և վարորդի հետ զրույցին։ «Անանուն մարդը» անիմացիոն ֆիլմի հեղինակները ներկայացնում են հերթական անանուն միգրանտին, ով միայնակ հայտնվում է մեգապոլիսում։ Միգրանտը երազում է գտնել իր տեղն ու փող վաստակել։ Եվ, ինչպես հաճախ է պատահում, նա մնում է ոչ միայն օտար, այլև իր վրա զգում է «կովկասյան ազգության դեմք» պիտակի ճնշումը։

ԵՀՀ  ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանն ասում է․ «Այս ֆիլմերը մաս են կազմում մեր ավելի մեծ ծրագրի, որն ուղղված է հայերի և ադրբեջանցիների միջև կապեր ու փոխըմբռնում հաստատելուն։ Այս բոլոր ֆիլմերը նկարականվել են երկողմանի ջանքերի շնորհիվ, ինչը ապացուցում է, որ երկխոսությունն ու համագործակցությունը հնարավոր է»։

1545636_843299469131282_2378922905519617536_n

Նկարը՝ «Պատերազմ պատերազմից հետո» ֆիլմից

Ստեփանակերտցի Մարութ Վանյանի կարծիքով կարևոր է նման ֆիլմերի ցուցադրությունը, որովհետև մարդը մոտիկից է պատկերացնում կոնֆլիկտի էությունը, ծանոթանում խնդիրների այնպիսի նրբությունների, որ մինչ այժմ չէր պատկերացնում։ «Անգամ Ստեփանակերտում ապրողն այդքան մոտիկից չի զգում կոնֆլիկտը, որքան հենց սահմանում ապրող քաղաքացին։ Օրինակ Արա Շիրինյանի և Տիգրան Պասկևիչյանի «Պատերազմ պատերազմից հետո» ֆիլմը Տավուշի մարզի սահմանակից գյուղերի մասին է։ Ես լսել էի, բայց չէի պատկերացնում, թե ինչ է կատարվում Տավուշի սահմանամերձ գյուղերում»,- նշում է Մարութ Վանյանը, հավելելով, որ ցուցադրված ֆիլմերից յուրաքանչյուրն իր կարևորությունն ունի։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, հնարավորության դեպքում, մտադիր է շարունակելու ամենամյա Չփառատոնը՝ պարտադիր պահպանելով կոնֆլիկտների թեմատիկան։

Անուշիկ Ավետյան

Print Friendly