Միջազգային քաղաքականություն և զարգացում (Jam Session 9)

Գևորգ Տեր-Գաբրիելյանի դասախոսությունը ԵՀՀ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի ժամանակ, փետրվարի 20, 2016թ․։

Տեսանյութի սղագրությունը

Դահլիճ։ Ինչպես հասկացանք, կոնֆլիկտների տրանսֆորմացիան տարբերվում է լուծումից այն առումով, որ տրանսֆորմացիայի դեպքում լուծումը այլ մակարդակում, այլ հարթակում է տեղի ունենում։ Այսինքն, երբ լուծումները փոխզիջումներով կամ երկու կողմի համար ընդունելի տարբերակներով չեն արվում, այլ ավելի փոխշահավետ մակարդակում է տեղի ունենում։ Այսինքն, երբ որ կոնֆլիկտը այլևս շահավետ չի կողմերի համար։

Գևորգ։ Շատ լավ։ Կոնֆլիկտների ուրիշ ինչ-որ հատկանիշ կարո՞ղ եք առաջարկել։ Խնդրեմ։

 Դահլիճ։ Իմ կարծիքով տրանսֆորմացիայի պարագայում մենք ճանապարհ ենք հարթում դեպի դրական խաղաղություն, որովհետև լուծման դեպքում կարող է խաղաղությունը լինել բացասական։ Կարծում եմ դա նրա հատկանիշներից մեկն է։

 Գևորգ։ Շատ լավ։ Ի միջի այլոց հենց իմ՝ առաջին օրվա ելույթից հետո մեր ամերիկյան մասնակիցների հետ մենք խոսակցություն ունեցանք այն հարցի շուրջ, որ եթե կոնֆլիկտը տարիներ շարունակ ձգձգվում է, ինչպես օրինակ ղարաբաղյան կոնֆլիկտը, արդյոք լուծում չի հանդիսանում պատերազմը, որը ի վերջո կբերի որևէ կողմի ավելի միանշանակ հաղթանակի և դրանով հարցը կփակվի։ Դա պատմականորեն բավական հայտնի մոտեցում է։ Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք նայում ենք որոշ օրինակների, ապա տեսնում ենք, որ ոչ։ Եթե մենք փիլիսոփայորեն մտածենք, կարող ենք պատկերացնել, որ ոչ, բայց դա բավական դժվար մտածողություն է։ Օրինակները, հենց բուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, կամ կոնֆլիկտը ավելի պատմականորեն վերցրած, որովհետև սկսվելով 20-րդ դարում, այն սառեցվեց Խորհրդային Միության գոյության ամբողջ ընթացքում, հետո նորից պայթեց։ Այսինքն մենք տեսանք, որ եթե դրսի ուժը կամ  ինչ-որ մի ուժ անարդար կերպով է որևէ կոնֆլիկտը լուծում, ապա այն չի լուծվում։ Նույնկերպ օրինակ է հանդիսանում Ռուսաստանի՝ կովկասյան պատերազմը, որը 1820-ականներից, մինչև 80-ականները տեղի էր ունենում, որից հետո Ռուսաստանը գրավեց Հյուսիսային Կովկասը, որից հետո 20-րդ դարի ընթացքում, ասենք չեչեններին 1944թ. արտաքսեցին Ղազախստան, հետո թույլ տվեցին հետ գալ։ Հենց որ Խորհրդային Միությունը կործանվեց, սկսվեց առաջին չեչենական պատերազմը։ Հետո սկսվեց երկրորդ պատերազմը։ Հիմա սառեցված վիճակ է, բայց եթե դուք հետևեք, թե ինչ է կատարվում Հյուսիսային Կովկասում, կտեսնեք, որ խնդիրը բացարձակապես լուծված չէ։ Մենք կրկին տեսնում ենք, որ կոնֆլիկտի լուծումը, կանգնեցումը, սառեցումը ուժի միջոցով չի հանգեցնում ինչ-որ արդյունքի։ Մյուս կողմից պատճառը կարող է լինել ուժի բավարար չափով օգտագործման բացակայությունը։ Վերցնենք Օսմանյան Կայսրությունը։ Այնտեղ հայերին և մի քանի այլ ազգերի ցեղասպանության ենթարկեցին, որից հետո այժմ մենք և նրանք ասում ենք, որ հարաբերությունների հարց կա, սակայն բացի որոշ հայերի կողմից սիրված աբստրակտ խոսակցություններից, ոչ մի հիմք չկա կարծելու, որ հայերը Թուրքիայում կկարողանային վերսկսել ինչ-որ շարժում իրենց իրավունքների համար։ Թուրքական պետությունը, սակայն, նույնիսկ դրա հնարավորությունից այնքան անհանգստացած է, որ բացասում է ցեղասպանության փաստը, որպեսզի փոխհատուցումների շարքում չառաջանա հողերի վերադարձի հարցը։ Սակայն եթե մենք նայում ենք որպես հարցի լուծում, հաճախ համարվում է, որ ցեղասպանությունը դա հարցի լուծում է ՝ կոնֆլիկտի վերացում՝ արմատախիլ անել։ Կարող ենք տեսնել ամերիկյան հնդկացիների ճակատագիրը և մի շարք այլ պատմական օրինակներ։ Եթե վերացնում ես տվյալ ամբողջը, որը քեզ խանգարում է, ի վերջո այդ հարցը այլևս այդ ձևով չի շարունակվում, բայց շարունակվում է այլ ձևով։

Ստացվում է, որ եթե մենք փիլիսոփայորեն ենք նայում և ուզում ենք աշխարհը մեկնաբանել, ապա բոլոր կոնֆլիկտները, որոնք անարդար կերպով լուծվել են ժամանակին, չեն վերացել կամ վերափոխվել են մեկ այլ կոնֆլիկտի։ Նրանք կարող են նույն սրությամբ կամ ավելի մեծ սրությամբ պայթել ինչ-որ մի պահի։ Այսինքն անարդարությունը ծնում է անարդարություն  և դա անվերջ է, կամ պիտի գտնվի այն իդեալիստական մոտեցումը, որը կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մի տարատեսակն է առաջարկում, որի մասին հենց դուք խոսեցիք։ Այսինքն պիտի գտնվի մի տարբերակ, որը բոլորի մեծամասնությունների համար կառաջարկի փոխշահավետ լուծում։ Կարելի է ասել, որ ի վերջո, երբեք ոչ մի լուծում ամենքին չի բավարարելու, բայց եթե այն գտնվի գլխավոր գործող անձանց մեծամասնությունների համար, գուցեև դա բավարար լինի, որ քիչ թե շատ կայուն խաղաղություն առաջանա։

Ինչպես ես ասացի նախորդ անգամ, այս դեպքերը, որի մասին ես խոսում էի, բացառիկ դեպքեր էին։ Պետք է ասել, որ հատկապես վերջին ժամանակներում պատերազմը ավելի քիչ է քան խաղաղությունը։ Ի վերջո պետք է ասել, որ մենք մեծ մասամբ և անընդհատ խաղաղության մեջ ենք ապրում և խաղաղություն ենք արտադրում։ Նույնիսկ եթե կա կոնֆլիկտ, եթե կա պատերազմ, դա ամբողջությամբ չի վերացնում մեր ինքնությունները։ Մենք մի մասով մնում ենք խաղաղության մեջ։ Այն բոլոր դեպքերում, երբ խաղաղությունը կա, կարելի է մեկնաբանել որպես իրադրություն , որտեղ շահերը բաշխված են այնպես, որ ընդհանուր ընդունելի ինչ-որ բալանսի իրադրություն է առաջացել։ Քանի որ մարդկությունը չի կարող սպասել աբստրակտ, իդեալիստական լուծումների, այն գնում է պրակտիկ ճանապարհով։ Օրինակ, Հարավսլավիայի հարցով Դեյտոնյան համաձայնագիրը քիչ թե շատ կիրառական ձև էր հարցը լուծելու համար։ Այստեղ մենք խոսում ենք խաղաղաություն պարտադրելու քաղաքականության մասին։ Շատ հետաքրքիր է դիտարկել, թե որտեղից է գալիս այդ քաղաքականությունը։ Մենք այսօր մի քիչ կխոսենք դրա մասին։

Այսօր ես ձեզ հետ այս մի ժամը կքննարկեմ միջազգային կազմակերպությունները շատ տարբեր տեսակետներից։ Հետո կլինի երկու ավելի խորքային քննարկում տարբեր ասպեկտների մասին, որոնք վերաբերում են միջազգային կազմակերպություններին։ Այսինքն գործունեության մի որոշ փուլի օրինակի վրա ավելի կխորանանք դրա մեջ։ Իհարկե, միջազգային կազմակերպության թեման հսկայական թեմա է։ Ձեզնից ոմանք երևի ուսումնասիրել են միջազգային կազմակերպությունը որպես առարկա։ Պիտի ասեմ, որ աշխարհի համալսարաններում դա գիտություն է։ Կա գիտական աստիճան միջազգային կազմակերպություն կոչվող մասնագիտացման մեջ։ Ավելին, կան գիտական աստիճաններ հենց մեկ միջազգային կազմակերպության ուսումնասիրության մեջ, օրինակ հենց Եվրոպական միության։ Ես չգիտեմ, կա արդյոք գիտական աստիճան ՄԱԿ-ի ասպարեզում։ Կարող է և լինել։ Համալսարանները շատ են և նրանք տարբեր մասնագիտացումներ են տալիս։ Բացի դրանից, վերջերս աշխարհի համալսարաններում ստեղծվել է և զարգանում է գիտական աստիճան միջազգային զարգացման ասպարեզում, որը այն ասպարեզն է, որտեղ մենք ենք գտնվում մեր դպրոցով, կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցմամբ և այդ ամենով։ Մեր իդենտիֆիկացիան վերաբերում է միջազգային զարգացում ասպարեզին։ Միջազգային զարգացում՝ Հայաստանի կամ ցանկացած այլ երկրի, տարածաշրջանի զարգացում, որպես միջազգային զարգացման մի մաս։ Միջազգային զարգացումը իր հերթին, առաջացել է նախ և առաջ շնորհիվ միջազգային կազմակերպության՝ ոչ միայն նրա, բայց շատ մեծ առումով։ Նրանք, ովքեր ուսումնասիրել են միջազգային կազմակերպությունը որպես առարկա, գիտեն, թե ՄԱԿ-ը ինչպես է առաջացել։ Եկեք նշենք մի քանի միջազգային կազմակերպության անուններ։ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, Արաբական պետությունների լիգա, Սևծովյան տնտեսական գործակցություն, ԱՊՀ, Իսլամական համագործակցության կազմակերպություն, ԵՏՄ, և այլն։ Իրենք շատ են։

Իհարկե, ամենակենտրոնականը և ունիվերսալը ՄԱԿ-ն է։ Նաև որպես առաջնորդ։ Այսինքն եթե մենք խոսում ենք միջազգային զարգացում կոնցեպտի մասին, ՄԱԿ-ն է, որ, որպես առաջնորդ, ժամանակին ստեղծել է գլխավոր խաղի կանոնները։ Թեև ժամանակի ընթացքում ռեգիոնալ կազմակերպությունները կարող են ավելի առաջ անցնել և բավարարեն ինչ-որ կարիքներ, որ ՄԱԿ-ը չի բավարարում։

Հիմա։ ՄԱԿ-ը ստեղծվեց 1945թ.։ Մինչև այդ կար Ազգերի լիգա։ Ինչու՞ չգործեց Ազգերի լիգան։

Դահլիճ։ Ազգերի լիգան չգործեց, որովհետև այնտեղ որոշումների ընդունման կարգն էր այլ կերպ։ Այնտեղ որոշումների ընդունման կարգը կոնսենսուսային էր։ Այսինքն եթե որոշում էր ընդունվում, պիտի բոլորը համաձայն լինեն։ Գործում էր «հիսուն պլյուս մեկ» ձևաչափը։

Գևորգ։ Շատ լավ, շնորհակալություն։ Այսինքն հարցերը քննարկվում են ասամբլեայում և որոշումները ընդունվում են պարզ մեծամասնությամբ։ Իսկ Անվտանգության խորհրդում գործում է վետոյի սկզբունքը։ Մենք էստեղ շատ լավ հասկացություններ ենք վեր հանում։ Դրանցին մեկը՝ որոշումների ընդունումն է։ Դուք հիշում եք, որ ես խոսում էի խաղերի տեսության մասին։ Դրանք իրար շատ մոտ բաներ են։ Նրանք ուսումնասիրում էին ռացիոնալիզմը, խաղերի տեսությունը և որոշումների ընդունումը։ Մենք միանգամից նշեցինք մի քանի սկզբունք՝ մեծամասնական, պարզ մեծամասնություն, վետո, կոնսենսուս։ Սրանք ունեն նաև իրենց տարբերակները, բայց իրականում էդքան էլ շատ չեն։

Ես կուզեմ նշել նաև մեկ այլ տարբերություն ՄԱԿ-ի և Ազգերի լիգայի միջև։ Դա անվտանգության խորհրդի գոյությունն է։ ՄԱԿ-ի գործունեության ընթացքում աշխարհով մեկ կար նաև մի զգացում, որ ձևավորվեց։ Դա այն էր, որ մենք այլևս նման բանի կրկնությունը թույլ չենք տա։ Խոսքը երկրորդ համաշխարհային  պատերազմի մասին էր։ Ի՞նչ էր նշանակում՝ մենք այլևս թույլ չենք տա նման բան։  Ինչը՞ թույլ չի տրվի։ Բռնություն երկրի ներսում։ Երկրի ներսում իշխանության կողմից ինքն իր բնակչության հանդեպ բռնությունը, այն չափերի, որը տեղի ունեցավ Նացիստական Գերմանիայում, այլևս թույլ չի տվի։

Եթե մինչ այդ մարդկային մտածողությունը, միջազգային և միջպետական հարաբերությունները հիմնված էին ավելի պարզ սկզբունքի վրա, որը գրեթե ամբողջությամբ տեղավորվում էր Realpolitik-ի կոնցեպտի մեջ, որի իմաստը հետևյալն էր. քանի դեռ կա ուժերի բալանս, պատերազմ չկա։ Երկիրը կարող է իր ներսում բնակվող բնակչության հետ անել այն, ինչ ուզում է։ Մեր գործը չէ։ Երբ ուժերի բալանսը խախտվում է, մենք սկսում ենք պատերազմ և այն ընթանում է այնքան ժամանակ, մինչև կրկին ուժերի բալանս հաստատվի։ Երկրները միմյանցից տարածքներ են գրավում, հետո կնքում են հաշտություն: Այդպես մնում է։ Եթե մի երկիրը խառնվեր մեկ այլ երկրի գործերին, ամեն դեպքում այդ խառնվելը անիրավ էր լինելու այն երկրի տեսանկյունից, ում գործերին որ խառնվել էին։ Այնպիսի ընդհանուր հայտարար չկար, որ արդարացներ ուրիշի ներքին գործերին միջամտելը։ Բերենք Օսմանյան Թուրքիայի օրինակը, որտեղ ցեղասպանություն էր տեղի ունենում։ Չկա այնպիսի սկզբունք, որը իրավունք տար այլ պետություններին խառնվել մեկ այլ երկրի ներքին գործերին։

ՄԱԿ-ի գոյությունը և միջազգային կազմակերպության կոնցեպտի մտածողության զարգացումը ազդարարեց մի հսկայական փոփոխություն, որը մինչ այժմ շատ հակասական է և առաջացնում է շատ քննարկումներ։ Խոսքը այստեղ գնում է այն իրավունքի մասին, որ երկրներին թույլ է տալիս լեգիտիմ կերպով միջամտել այլ երկրների  ներքին գործերին, ոչ թե որպես ագրեսիա, ոչ թե իրենց շահը հետապնդելու նպատակով, այլ հանուն հումանիստական սկզբունքների։ Մենք չենք խոսում միայն հումանիտար ինտերվենցիաների մասին, այլ նաև այլ տեսակի միջամտությունների մասին։ Եթե դիտարկենք մինչև մեր ժամանակակից միջազգային համակարգի ստեղծումը գոյություն ունցած իրադրությունը, ապա լավ օրինակ կլինի այն, թե ինչպես էին Օսմանյան Թուրքիայում վարվում այլ պետութունների դեսպանները։ Նրանք փորձում էին խոսքով ազդել Երիտթուրքերի իշխանության վրա։ Արդեն ստեղծվում էին մարդասիրական առաքելություններ, և մի հանգամանք, որ մենք բոլորս պետք է գիտակցենք, այն է, որ քաղաքացիական, ոչ կառավարական կազմակերպությունները սկսեցին հիմնադրվել հենց այդ ժամանակաշրջանում։ Առաջինը Կարմիր խաչի կազմակերպությունն էր, որ դեռ 19-րդ դարի կեսերից գոյություն ուներ, բայց նաև Նորվեգիայի փախստականների խորհուրդը, որը հիմնադրեց Ֆրիտյոֆ Նանսենը, հիմնադրվեց որպես ոչ կառավարական կազմակերպություն հենց ցեղասպանության առիթով։ Այդպիսով սկսվեց հասարակական, ոչ կառավարական կազմակերպությունների շարժումը, որը ահագնացավ 60-70-ական թվականներին, և մենք այսօր ապրում ենք հասարակական կազմակերպությունների աշխարհում։ Դուք այս պահին գտնվում եք հասարակական կազմակերպության տարածքում։

Միջամտությունները կարող են լինել հետևյալ տեսքով՝ ինչ-որ հումանիտար օգնություն, դիվանագիտական միջամտություն։ Եթե ընթանում է պատերազմ, ապա նաև պատերազմական միջամտություն, բայց դա որևէ ներքին մարդու իրավունքների խախտմանը հակադրելու համար տեղի չի ունենում, այլ զուտ Realpolitik պատճառներով՝ դաշինքներ են կազմելու և միմյանց դեմ կռվելու ձևով։ Այժմյան իրադրությունը ներառում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջամտություն, դիվանագիտական միջամտություն, միջազգային կարծիք՝ մի հասկացություն, որը շատ ավելի թույլ էր մինչ ՄԱԿ-յան աշխարհում։ Ընդհուպ մինչև միջազգային կարծիքի մի մաս կազմող ճանաչման կատեգորիան։ Պատկերացրեք, որ 19-րդ դարի կեսերին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ եղավ և Ղարաբաղը անցավ հայկական կողմին։ Եթե այդպիսի դեպք լիներ, մենք չէինք ունենա ճանաչման խնդիր։ ճանաչման խնդիրը, մի կողմից, կապված է սահմանների անձեռնմխելիության հետ, որը ՄԱԿ-ը նույնպես առաջ էր տանում։ Մյուս կողմից կապված էր միջազգային կարծիքի՝ համապետական, միջպետական կամ պետությունների միջազգային կարծիքի ինստիտուցիայի ձևավորման հետ, որը շատ տարբեր դեպքերում է ազդելու ու ազդում և ստեղծվեց արդեն շատ ավելի նոր ժամանակներում։

Ուրեմն միջազգային կարծիքի ազդեցությունը տվյալ երկրի վարվեցողության վերաբերյալ համեմատաբար նոր զարգացում է։ Այն առաջներում գոյություն չուներ, կար միայն սեփական շահից ելնելու տեսակետից կարծիք։ Այժմ կա միջազգային կարծիք, որը ձևավորվում է մի շարք տարբեր միջազգային և ոչ կառավարական ինստիտուցիաների միջոցով։ Դուք գիտեք, որ ոչ կառավարական կազմակերպությունները հրապարակում են կոռուպցիայի վարկանիշներ, մարդու իրավունքների խախտման վարկանիշներ, և այլն, և այլն։ Այդ ամենը սնուցում է միջազգային կարծիքը, որը հետո միջպետական համակարգերի ու կազմակերպությունների միջոցով  բերում է որոշակի քաղաքական ազդեցությունների։

Այդ ազդեցությունները կարող են լինել շատ ուժեղ՝ ընհուպ մինչև ռազմական միջամտություն, և կարող են լինել շատ թույլ՝ զուտ միջազգային կարծիքի հրապարակման կամ դատապարտման մակարդակով, որը իրական արդյունքի չի տանում։ Կարող է լինել ավելի միջին՝ դատապարտում միջազգային դատարանների կողմից, որոնք պարտադրում է փոխհատուցել, այդ թվում նաև դրամական ձևով։ Եթե այդ փոխհատուցումը մեծ է, ապա դա դառնում է ծանրություն տվյալ կողմի, տվյալ պետության համար։ Այսինքն տեղի ունեցավ այն, որ սուվերենության սկզբունքը, որի վրա հիմնված էր ամբողջ նախնական աշխարհի Realpolitik մոտեցումը պետությունների՝ որպես աբստրակտ, անհերքելի միավոր համարվելը (հերքվեց), որը երբեք էլ էդպես չէր։ Դա միայն մարդու ուղեղում է էդպես։ Խոսքը այդ աբստրակտ բուրգերի մասին է, որ եթե պատերազմ լինի, իրար դեմ պիտի կռվեն, և նրանցից ուժեղագույնը կհաղթի։ Իսկ իրենց ներսում իրենք անձեռնմխելի են ուրիշ պետության կողմից։

Այդ սուվերենության սկզբունքը սկսեց ջրվել ոչ թե թուլության պատճառով, այլ մարդկանց, պետությունների և ազգերի միջև առաջացած կոնսենսուսով։ Միջազգային հանրությունը սկսեց փնտրել ձևեր լեգիտիմ կերպով սուվերենության սկզբունքը փոքրացնելու, դասավորելու համար։ Դրա նպատակն էր նախևառաջ այն, որ չկատարվի Նացիստական Գերմանիայում կատարվածի նման մի բան։ Իհարկե հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, հսկայական նշանակություն ունեցավ այդ մտածողությունը ի վերջո մարդկությանը ներարկելու մեջ։ Նաև տեղի ունեցավ մեկ այլ բան, որը դուք շատ լավ պատկերացնում եք։ Հենց այն պահից, ինչ այդ մտածողությունը ստեղծվեց, շարունակվեց նաև Realpolitik մտածողությունը, և դրա տարատեսակները շատ են։ Մեկը ասում է՝ ես կօգտագործեմ հումանիտար ինտերվենցիայի, ճանաչման, հասարակական, միջազգային կարծիքի կատեգորիայի հնարավորությունը իմ շահից ելնելով։ Մյուսը ասում է՝  դու օգտագործում ես ճանաչման կատեգորիան քո շահից ելնելով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները և հիսունից ավելի երկրներ, որ ճանաչեցին Կոսովոն, ասում են, որ իրենք ստիպված էին և երկար ժամանակ չէին ուզում։ Կողքի տարածքում եղավ ցեղասպանության դեպքեր նույն մեղավորի պատճառով։ Պատրաստվում էր ցեղասպանության դեպք այդ տարածքում, հաստատված էր անմարդկային ռեժիմ։ «Մենք  ճնշեցինք այդ ռեժիմը, փորձեցինք լեզու գտնել։ Երկար ժամանակ փորձեցինք նրանց համար ինչ-որ բանակցային իրադրություն ստեղծել, չստացվեց և մենք որոշեցինք ճանաչել։ »

 Պուտինը ասում է ՝ չէ, դուք դա արեցիք այն պատճառով, որովհետև դա ձեր շահերից էր բխում։ Հումանիտար ինտերվենցիայի, ճանաչման, այս կամ այն երկրի ներքին գործերին միջամտելու սկզբունքը անընդհատ կասկածի է ենթարկվում։ Հաճախ տալիս են կասկածի տեղիք, և հենց այդ պատճառով կարևոր է համարվում, որ ՄԱԿ-ը մինչև ինտերվենցիա իրականացնելը պիտի համապատասխան որոշում ընդունի։ Եթե ՄԱԿ-ը որոշում չի ընդունում, ապա համարվում է, որ պետությունը նման քայլի գնալու իրավունք չուներ, և նրա արածը ոչ թե հումանիտար ինտերվենցիա է, ոչ թե այն սկզբունքի կիրառումն է, որ սուվերենությունը չպիտի թույլ տա մարդու իրավունքների խոշորամասշտաբ խախտումներ, այլ շահերի հետապնդում է, որը մնացած մեծ մասին ձեռնտու չէ։ Այդ պատճառով փնտրում են լեգիտիմ հարթակ, որը թույլ կտա այդ գործողությունները իրագործել։

Էստեղ շատ կարևոր հանգամանք է սուվերենության դեմ ոտնձգությունների հանգամանքը և դա շատ ուժեղ կապված է ժողովրդավարություն հասկացության հետ։ Մենք այսօր կարող ենք բավական խորանալ այս հասկացության մեջ, որովհետև հենց էս հասկացությունն է կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, որը ձևավորել է ՄԱԿ-ի մտածողությունը, ինչը թույլ է տալիս միջամտել սուվերենության մեջ, քանզի մարդու իրավունքների խախտումը ուղղակիորեն հակասում է ժողովրդարավություն հասկացությանը։ Կանտի այն մոտեցումը, որ արդար հասարակարգերը միմյանց դեմ չեն պատերազմում, աշխարհի մի խոշոր մասում դարձել է մեկ այլ բան։ Ես համոզված եմ, որ ձեզնից շատերի մոտ այն պատկերացումն է, որ աշխարհի ապագան արդար ժողովրդավարական համակարգեր ստեղծելն է։ Երևի ամեն մեկը իր յուրովի պատկերացումն ունի, թե ինչ է հասկանում արդար ժողովրդավարական համակարգ ասելով, բայց քիչ է պատահում, որ որևէ մեկը ասի, որ միապետության կողմից է (արդարություն)՝ իրական միապետության, ոչ թե խորհրդանշական։ Ավելի քիչ են պատահում, քան նրանք, ովքեր ժողովրդավարության կողմն են։

Նկատենք, որ ավտորիտար համակարգերից շատ շատերը համարում են, որ իրենք ժողովրդավարություն են կամ պաշտոնապես դա են հայտարարում։ Իրենք իրենց լեգիտիմ են համարում այն իմաստով, որ ժողովուրդը համաձայն է այդ համակարգին։ Տեսեք, թե ինչ մեծ դեր է սկսել խաղալ միջազգային կարծիքը։ Եթե ասենք 150 տարի առաջ ինչ-որ պետություն բռնապետություն է ստեղծել, էնտեղ նստած է բռնապետը։ Նա կարհամարհեր, թե իր մասին ինչ են մտածում։ Նրա գլխավոր խնդիրը կլիներ իր սահմանները պաշտպանելը։ Հիմա ոչ մեկը չի ուզում ընդունել, որ իրենք բռնապետություն են կամ շարժվում են դեպի բռնապետություն կամ կառուցում են բռնապետություն։ Բոլորը ուզում են շեշտեն, որ իրենց մոտ մարդու իրավունքները լավ վիճակում են ու ունեն ժողովրդավարություն։ Միջազգային կարծիքը շատ հետաքրքիր բան է։

Դահլիճ։ Նույնիսկ Հյուսիսային Կորեայի պաշտոնական անվանումը Կորեայի Ժողովրդավարական Հանրապետություն է։

Գևորգ։  Այո

Դահլիճ։  Պաշտոնական Հյուսիսային Կորեա գոյություն չունի։

 Գևորգ։ Դա իրենց ինքնաձևակերպումն է։ 19-րդ դարում այդպիսի հարցադրում գոյություն չէր ունենա։ Եթե ինքը կա, ապա կա։ Այժմ գոյություն ունի այդպիսի հարցադրում՝ արդյոք կա Հյուսիսային Կորեա։ Իրականության սոցիալական կառուցման շատ հետաքրքիր օրինակ է։ Մաքուր պոստմոդեռնիզմի օրինակ է։ Բոլորը ասում են, որ ես չկամ։ Կարծես դու անտեսանելի դարձար։ Ինքը կա, բայց ինչ-որ տեսակետից համարվում է, որ ինքը չկա։ Տեսե՛ք, թե ինչքան երկար կարող է դա ձգվել։ Ասենք Լեռնային Ղարաբաղի հարցը։ Կամ տեսեք, թե ինչքան ժամանակ է ձգվելու Ղրիմը։ Փաստը՝ դե ֆակտո կա, բայց դե յուրե՝ չի ճանաչվելու աշխարհի մեծամասնության կողմից։ Էդպես շարունակվելու է՝ Աստված գիտի, թե որքան։ Միջազգային հարաբերությունների որոշակի տեսակետից ընդունել ու ճանաչել, որ դա գոյություն ունի, կամ չընդունել, որ դա գոյություն ունի, շատ հետաքրքիր ու նոր զարգացում է։ Ես չեմ ասում՝ դա ճիշտ է, թե սխալ, ես դրան նայում եմ մշակութաբանական առումով։ Ես պատասխան չունեմ։ Ինձ թվում է՝ մի քիչ հիմարություն է համարել, որ այն ինչ-որ կա՝ չկա։ Մյուս կողմից ես հասկանում եմ, որ դա ճնշման ձև է, որպեսզի նա մի քիչ ավելի թույլ լինի կամ եթե հնարավոր լինի ավելի  հեշտ վերանա։ Երրորդ կողմից էլ ես զգում եմ, որ եթե նա շատ ուժեղ է, ինչպես օրինակ փորձում է դառնալ Հյուսիսային Կորեան՝ ստեղծելով միջուկային զենք, ապա շատ հավանական է, որ նրա տեսակետից էլ մնացած ոչ ոք գոյություն չունի և եթե նայես ուժի տեսակետից, ապա իրենք էլ դրա իրավունքը ունեն։ Առաջանում է այսպիսի խնդիր։

Որպես օրինակ կարող ենք վերցնել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, որը անհետացավ։ Ո՞վ կսպասեր, որ այդքան արագ կանհետանա այդ հանրապետությունը։ Դա Հյուսիսային Կորեայի պես դեպք էր՝ չնայած ճանաչված էր, որովհետև Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունք էր։ Բայց ոչ ոք չէր սպասում։ Հիմա եթե մենք նայում ենք Հյուսիսային և Հարավային Կորեաներին, մենք տեսնում ենք, որ նույն քանակով տարիներ են անցել, ինչ-որ Գերմանիայի բաժանումից, բայց մեկ է՝ կա երկու լրիվ տարբեր հասարակություն։ Եթե (սակայն) հանկարծ հնարավորություն լինի, որ նրանք միավորվեն, դա կարող է շատ արագ տեղի ունենալ։

Վերադառնանք էս կարևորագույն հարցերին։ Ուրեմն աշխարհի պետությունների համակարգը որոշեց ստեղծել անցյալում գոյություն ունեցած համակարգերից մի քիչ ավելի լեգիտիմ հնարավորություն, միջամտելու համար ուրիշ պետությունների գործերի մեջ, հանուն, ընդհանուր առմամբ, միջազգային զարգացման, որի մեջ մտնում է, օրինակ, տարերային աղետների զոհերին օգնելը,  և այլն, և այլն։ Երևի գիտեք, որ պետությունները ավելի հեշտ են ընդունում տարերային աղետների զոհերին տրվող օգնությունը։

Ամեն կերպ պտտվելուց հետո մենք գալիս ենք ժողովրդավարության հարցին, որովհետև միջամտություն ներքին գործերին ասելով՝ պետությունը նկատի չունի հետախուզական գործողությունները, որոնք պատմականորեն միշտ էլ կային։ Հիմա կարող է դրանց բնույթը փոխվի, բայց դրանք էլի կան։ Եթե պատկերացնենք, որ պետությունը գործողությունների մի տրցակ է, ապա կտեսնենք, որ այդ տրցակի որոշ մասը ժողովրդական է, իսկ որոշ մասը բռնապետական։ Միջամտություն ասելով՝  պետությունը ի նկատի ունի ուրիշի միջամտությունը բռնապետական մասի մեջ։ Հենց որ ասում են՝ մի՛ միջամտեք մեր ներքին գործերին, նշանակում է, որ պատկերացում է ստեղծվել, որ ուզում են պետական համակարգի շահին կպնել։ Ռուսաստանի ներկա պահի քաղաքականությունը կայանում է հենց դրանում։ Նա ասում է՝ մի միջամտեք իմ ներքին գործերին, ես ինչ կուզեմ, կանեմ։ Այնուհետև սկսում է օրենքներ ընդունել և արգելել շատ բաներ։ Օրինակ՝ ռուս երեխաների որդեգրումը այլ երկրների քաղաքացիների կողմից, ՀԿ-ների գործունեությունը, միջազգային կազմակերպությունների գործունեությունը, ոչ լրիվ, սակայն շատ որոշակի։ Սա անում է այն պատճառով, որ միջազգային արյունը փողի, ազդեցությունների և կապերի միջոցով չմտնի ներս։

Քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով բանեցվող ազդեցությունը կրկին շատ նոր երևույթ է։ Այսինքն կային պետություններ. և ինչ-ինչ ընդհանուր արժեքներից ելնելով՝ մարդու իրավունքների պաշտպանություն, թե ինչ, ստեղծվում է մի ցանց։ Այդ ցանցը պետությունների սահմանները չի ճանաչում, մտնում է նրանց ներքին գործերի մեջ՝ ընդ որում չունենալով ոչ մի «լեգիտիմ» իրավունք։ Ոչ մի ղեկավար, բռնապետ կամ ժողովրդական ինչ-որ պառլամենտ նրանց մանդատ չի տվել, որ նրանք իրավունք ունենան նայել, թե ինչքան զոհեր են եղել մեր բանակում։ Իրենք են որոշում։ Կապվում են միմյանց հետ, ստեղծում են համաշխարհային սոլիդարություն, ուրիշներից գումար են ստանում և սկսում են բռնապետական ռեժիմների տեսակետից քանդել նրանց իշխանությունը։ Ոչ թե պետությունը, ժողովրդավարությունը, ինչի մասին ասվում է, բայց իրական վախը գալիս է նրանից, որ քանդում են իմ իշխանությունը, ինձ են դուրս տանելու։

Իսկ իրենք ասում են՝ «Մենք համաշխարհային զարգացումների հիման վրա ենք գործում»։ Ասում են, որ պրոգրեսը հնարավոր չի կանգնեցնել։ Այստեղ կա ևս մի խնդիր։ Տեխնոլոգիական պրոգրեսը և աշխարհի ֆորմացիաները՝ պետությունների կազմակերպումների տեսքով, իրար չեն համընկնում, բայց ինչ-որ չափով իրարից կախված են, կան ինչ-որ զուգահեռներ։ Ուրեմն եթե ստեղծվել է ինտերնետ, որը ևս յուրահատուկ ցանց է իրենից ներկայացնում, ապա ստեղծվում է հանրային կապերի միասնություն, որը ազատ է, քաոտիկ է, չես կարող կառավարել։ Ուրեմն արգելելու համար պետք է կապերը կտրել, ինչպես անում են որոշ պետություններ, ներառյալ ինտերնետային կապերը, որի մասին հիմա անընդհատ խոսակցություններ են գնում Ռուսաստանում, որի վերաբերյալ, ինչպես գիտեք, Չինաստանը ունի հսկայական «չինական պատ» ստեղծած, որպեսզի մենակ ներքին ինտերնետ լինի։ Նման սահմափակումներ կան նաև Իրանում, բայց տեխնոլոգիան թույլ է տալիս դրանք շրջանցել, եթե մի քիչ քթի ծակով եղար։

Այսինքն ինտերնետը դարձել է մի փաստ, որից ընդհանրապես հրաժարվելը չափից դուրս շատ թանկ արժե։ Պետությունը չի կարող հրաժարվել ինտերնետից, եթե ուզում է իր գոյությունը պահպանել։ Նա կարող է ստեղծել ինչ-որ պատեր։ Հիմա հարց է առաջանում` արդյոք նա կարող է այնպիսի պատեր ստեղծել, որ հասնի մաքուր ավտարկիայի։ Այսինքն մնացած ամբողջ աշխարհից կտրվի այնքան, որքան ցանկանում է պետության ղեկավարությունը։ Դա տեխնոլոգիապես անհայտ հարց է։ Չգիտենք։ Ասում են, որ ոչ։ Զգացողությունը այն է, որ ոչ, բայց ես չգիտեմ։ Խորհրդային Միության տարիներին ինտերնետ չկար և մարդիկ չէին կարող այսօրվա նման ազատ ճամփորդել երկրից երկիր։ Էնտեղ ժամանակներ են եղել, երբ շատ դժվար էր՝ կախված նրանից, թե ինչ կատեգորիայի էր մարդը պատկանում։ Պետք է իմանալ, որ Խորհրդային Միությունում կոլխոզի անդամները՝ գյուղացիները, մինչև 1955-1956թթ. չունեին անձնագրեր։ Այսինքն նրանք չէին կարող տեղափոխվել ինքնաթիռով Խորհրդային Միության մի կետից մեկ այլ կետ։ Ավելին, եթե նրանք առանց անձնագրի իրենց մոտակա շրջանից շատ հեռու գնային, կրկին անձնագիր կպահանջվեր և իրենք նորից կրակը կընկնեին։ Եթե իրենք ցանկանում էին ճամփորդել, ապա պետք է գնային իրենց շրջխորհուրդը՝ համայնքի ղեկավարության մոտ, էնտեղ խնդրեին անձնագիր։

Միայն hետստալինյան շրջանում, 1955-1956թթ., սկսվեց «պասպորտիզացիան»  կոլխոզային բնակչության համար։ Այսինքն, գյուղացին դրանից առաջ իրավունք չուներ նույնիսկ ներսում շարժվելու, որը շատ տիպական է Ռուսաստանի համար։ Դուք գիտեք, որ էնտեղ ավանդապես եղել են ճորտատիրական կարգեր, որոնց մնացուկները պահպանվում էին շատ երկար։ Վաղը մենք դրա մասին ավելի շատ կխոսենք։ Կարելի է շատ ուժեղ սահմանափակել մարդու շարժումը։

Իսկ հիմա մենք իմանում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել է Հայաստանի քաղաքացիներին տրամադրել վիզաներ միանգամից տասը տարով։ Այդ վիզաները նախատեսված են ոչ թե այնտեղ ապրելու, այլ այցելությունների համար։ Դա մի կողմից վստահության հայտ է դեպի Հայաստանի ժողովուրդը, իսկ մյուս կողմից քաղաքական որոշում, որը Հայաստանի ժողովրդի ազատության քանակը հսկայականորեն մեծացնում է։ Սա նաև նոր իրավա-աշխարհաքաղաքական արտահայտություն է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերություններում։ Թեպետ Հայաստանը չմիացավ Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագրին, եթե վիզայի բանակցությունները հաջող անցնեն ԵՄ-ի հետ, ապա Եվրոպական միությունը նույնպես ինչ-որ հեշտություններ կտրամադրի վիզաների տեսանկյունից։ Արդեն որոշ չափով եղել են, սակայն անհամեմատ նրանց հետ, որոնց կարելի էր սպասել։ Այսիպիսով Հայաստանի բնակչությունը ազատ երթևեկելու առումով մեկ քայլ ավելի հնարավորություններ կստանա։

Տեսե՛ք, դա անձնական տեղաշարժն է։ Ինտերնետը նույնպես կարող է ազատ լինել, կարող է ավելի քիչ ազատ լինել։ Հայաստանի պրոբլեմներից մեկը այն էր, որ այդ հիպերօպտիկ լարերը, որոնք բերում են ինտերնետ, քիչ են, որովհետև միայն Վրաստանով ենք մենք կապվում դրսի աշխարհի հետ։ Հնարավորություն կա Թուրքիայով կապվել, իսկ մի ժամանակ լուրեր էին շրջում, որ ինչ-որ գաղտնի կապեր կային, որ Հայաստանը և Թուրքիան իրար էին կապում։

Դահլիճ։ Ասում են, որ հնարավոր է ինտերնետը Հայաստան բերել Իրանով։ Շատ պրովայդերներ ասում են, որ Իրանից եկող ինտերնետը շատ ավելի արագ է։

Գևորգ։ Շատ հավանական է։ Ես չգիտեմ, թե ինչքանով կազդեն Իրանում առկա սահմանափակումները Հայաստանի վրա։ Գուցե և չազդեն, որովհետև խոսքը զուտ լարի մասին է՝ նյութական տեխնոլոգիայի մասին։ Այն փաստը, սակայն, որ կապերի քանակը քիչ է, ստեղծում է այն սպառնալիքը, որ հնարավոր է այստեղ դա կտրել։ Մյուս կողմից Հայաստանը շատ միջազգայնացած է։ Եթե մենք նայում ենք այս բոլոր կազմակերպություններին, որոնք մենք նշեցինք՝ չհաշված Արաբական պետությունների լիգան և Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը, մյուս բոլորի կա՛մ անդամ է, կա՛մ ունի համագործակցության մեծ հեռանկարներ։ Հայաստանը այնքան միջազգայնացած է, որ դժվարությամբ կարելի է արմատախիլ անել նրա միջազգային կապերը և տանել դեպի ավտարկիա։

Տեսե՛ք՝ Ռուսաստանը մոտ 20 տարի՝ Պուտինի գալուց ի վեր ձևափոխվում է և տրանսֆորմացիայի է ենթարկվում, եթե չի վերացնում իր կապերը միջազգային հանրության հետ։ Չի կարողանում, որովհետև անհնարին է։ Այդ փոխկապվածությունները հիմնադրվեցին  այն պահին, երբ լուծարվեց Խորհրդային Միությունը։ Շատ դժվար է ամբողջությամբ հրաժարվել այդ փոխկապվածություններից աշխարհի հետ։ Իհարկե, եթե դու ունենայիր ալյանս մի քանի նմանատիպ երկրների հետ, կարող էիր մնացածից ավելի հեշտ ազատվել, բայց ոչ մի այդպիսի ալյանս չի կառուցվում։ Եթե նայենք մեր տարածաշրջանի քարտեզին, որտեղ Հայաստանը մեջտեղում է, մենք դեպի Արևմուտք ունենք հնարավորություններ, կապեր, մասնակցություններ ինչ-որ ալյանսների մեջ՝ ինչպես օրինակ Արևելյան գործընկերությունը։ Մենք ունենք դեպի արևելք՝ ինչպես օրինակ Եվրասիական տնտեսական միությունը, բայց դեպի հարավ ոչինչ չկա։ Չկա որևէ տարածաշրջանային կազմակերպություն, որը մեզ միավորեր, բացի գլոբալից՝ ՄԱԿ-ից։ Չկա այնպիսի մի կազմակերպություն, որը մեզ միավորեր արաբական երկրների հետ, Իրանի հետ, և այլն։ Դատարկություն է սկսվում այնտեղ։ Եթե լինեին տարբերակներ, կարող էին մեկից հրաժարվել, մյուսը ընտրել, բայց քանի որ հարավում չկա, մնում են Արևմուտքն ու Արևելքը։

Այս երկուսն էլ Հայաստանի համար պատմականորեն շատ հետաքրքիր ձևի են համադրվում։ Չէ՞ որ Հայաստանի համար Ռուսաստանը միշտ եղել է պատուհան դեպի Եվրոպա։ Այսինքն մենք չենք տեսնում այդ կոնֆլիկտը, մենք բացառում ենք, բացասում ենք դա։ Ինչպես Հյուսիսային Կորեան, այնպես էլ այդ կոնֆլիկտը, որ գոյություն ունի Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Ընդ որում մենք դա ասում ենք, ոչ թե գաղափարախոսաբար, ինչ-որ պաշտոնական տեքստերում, այլ մեր ներսում։ Մեզ համար այդ ճամփաները միասնական են՝ և՛ ԵՏՄ, և՛ Եվրամիություն։ Որպես հայաստանյան հանրություն, մենք չենք տեսնում կոնֆլիկտ, որ եթե մենք Ռուսաստանի հետ ենք մերձենում, ապա Եվրոպայի հետ չենք մերձենում։ Այդ կոնֆլիկտը մենք պատմական ճակատագրով բացառում ենք։ Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է, որը ոչ մի կողմը չի ընդունում։ Կողմերը ասում են, որ մենք պիտի կողմ ընտրենք, սակայն մենք ասում ենք, որ մեզ համար կողմ չկա։ Մեզ համար Ռուսաստանը մաս է, և եվրոպական մշակույթ ելքումուտքի ևս մեկ հնարավորություն։ Այդ խոսակցությունը շատ հետաքրքիր ձևով զարգանալու է։

Վերջին բանը, որ ես ուզում էի ձեզ հետ խոսել, վերաբերում է միջազգային կազմակերպությունների բարդությանը, և նրան, որ նրանք անընդհատ արտադրում են որոշումներ։ Միջազգային կազմակերպությունները իրենց կառուցվածքով բարդ են։ Նրանց մեջ աշխատում են շատ մարդիկ աշխարհով մեկ և նրանք արտադրում են որոշումներ և անում են գործողություններ։ Այս ցանցերի ևս մեկ հատկանիշը կլինեն այն որոշումները, որոնց մեջ ներգրավված են պետությունները։ Հայաստանը և Ադրբեջանը մտան Եվրոպայի խորհուրդ, հետո տեղի ունեցավ այն, որ ԵԽԽՎ-ն այս վերջերս ինչ-որ բանաձև ընդունեց Սարսանգ ջրամբարի մասին։ Facebook-ում շատ հետաքրքիր խոսակցություն ծավալվեց, որովհետև ինչ-որ մեկը ասաց, որ ոչ մի միջազգային ատյան իրավունք չունի խոսելու Լեռնային Ղարաբաղի մասին բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։ Ընդ որում չի կարելի նույնիսկ ասել «Մինսկի խմբից»։ Ուշադրություն դարձրե՛ք այդ փոքրիկ դետալին, որովհետև Թուրքիան Մինսկի խմբի անդամ է։ Ուրեմն բացի Մինսկի խմբի համանախագահներից։

Տեսե՛ք՝ ինչ հետաքրքիր է, որ համանախագահներին որպես առանձին ինստիտուցիա միայն Հայաստանն է դիտարկում։ Ընդհանրապես գոյություն ունի Մինսկի խումբ, որը հանձնարարել է համանախագահներին այդ հարցով զբաղվել։ Մենք կուզենայինք, որ չլիներ Մինսկի խումբ, այլ լինեին միայն համանախագահները։ Երիտասարդի կարծիքը այն էր, որ ոչ մի ատյան իրավունք չունի ոչ մի որոշում կայացնել։ Ինձ հետաքրքիր է, թե այդ երիտասարդը ինչ չափով էր զգում այդ իրավունք չունենալը։ Այսինքն իրավունք չունեն խոսե՞լ, թե՞ կարծիք հայտնել, հա՞րց բարձրացնել։ Իսկ ո՞վ ինչ իրավունք ունի: Երբ Հայաստանը և Ադրբեջանը ԵԽԽՎ-ի անդամ են, ապա ըստ նրանց կանոնակարգի՝ ցանկացած խնդիր կարող է առաջադրվել և քննարկվել։ Այլ հարց է, թե նրանց ընդունած բանաձևը ինչ ազդեցություն ունի։ Մենք դիտարկեցինք ազդեցության ձևերը՝ միջազգային կարծիքի ստեղծում, ձևավորում, փոփոխում։ Կարող է լինել տվյալ երկրի ֆինանսական կամ բիզնես ռեյտինգի վրա ազդեցություն, երբ կարծիքը շատ է վատանում։ Օրինակ Ռուսաստանի հետ դա սկսեց տեղի ունենալ, երբ որոշ պետություններ պատժամիջոցներ պարտադրեցին, այլ պետությունների բիզնեսներ, որոնք սանկցիաների մեջ չէին ընդգրկվելու, նույնպես հրաժարվեցին այնտեղ ներդրումներ անել և Ռուսաստանի կրեդիտային ռեյտինգը շատ ուժեղ ընկավ։ Դատական փոխհատուցում, ռազմական ինտերվենցիա կամ դիվանագիտական ճնշում, և այլն։

Այդ տեսակետից ի՞նչ ստատուս ունի ԵԽԽՎ-ի բանաձևը։ Շատ հետաքրքիր քննարկում է։ Սիրում են ասել, որ ոչ մի նշանակություն չունի՝ հենց այնպես թուղթ են ընդունել, բայց ինչ-որ չափով ազդելու է։

Միջազգային կազմակերպությունները ունեն բարդ կառուցվածք։ Շատ կարևոր է հետազոտել այդ կառուցվածքը։ Շատ կարևոր է իմանալ, որ միջազգային կառուցվածքը ինչ ազդեցություն ունի մեզ վրա, թե ինչ պարտավորություններ ենք մենք ստանձնել տվյալ միջազգային կազմակերպության հանդեպ։ Օրինակ, վիզայի լիբերալիզացիայի քաղաքականության հարցով Հայաստանը Եվրամիության առջև մի շարք պարտավորություններ է ստանձնել։ Ընդունել օրենք ընտանեկան բռնության վերաբերյալ, որի դեմ մեծ դիմադրություն կա Հայաստանում կառավարության կողմից, եթե հետևել եք մամուլին։ Չէին ուզում ընդունել, բայց եթե ուզում էին առաջ գնալ և ստանալ Եվրամիության ֆինանսավորումը, պիտի փորձեն ընդունել։ Ուրեմն կարևոր է, թե ինչ պարտավորություն է Հայաստանը ստանձնում և ինչ կարող են մարդիկ, անհատները կամ Հայաստանը այդ միջազգային քարտեզի մեջ, միջազգային  կազմակերպությունների գոյության պայմաններում։ Ձեզնից շատերը կամ ոմանք վաղ թե ուշ կաշխատեն միջազգային կազմակերպության հետ՝ կառավարական կամ ոչ կառավարական։

Կան աշխատանքի տարբեր մոդելներ միջազգային կառավարության մեջ։ «Ես աշխատում եմ մի միջազգային կառավարության մեջ հայաստանյան գրասենյակում, որը որոշում է կայացրել Հայաստանի կառավարության հետ իրագործել որոշ ծրագրեր։ Ես այդ որոշումից հետո եմ ընդգրկվել աշխատանքի և ես իմ գործն եմ անում։ Լավ աշխատավարձ եմ ստանում՝ գալիս եմ աշխատանքի և գնում եմ տուն։ Երբեմն պետք է դժվար գործ անել՝ խոսել, համոզել, թղթեր գրել, բայց ես իմ գործն եմ անում»։ Դա մի մոդել է։

Մյուս մոդելը այն է, որ «ես փորձում եմ ընդլայնել այն հնարավորությունները եղած կանոնների սահմաններում, որ ինձ տվել է իմ դիրքը»։ Ասենք ստեղծել նոր ծրագրեր, ճշտել եղած ծրագրերը, բացատրել որոշում ընդունողներին, որ այս ծրագիրը պիտի վերափոխվի, որպեսզի իմաստ ունենա։ Շատ ավելի դժվար, պատասխանատու և ինքնորոշող դիրքորոշում։ Ավելին, մի քանի տարի այդտեղ աշխատելով՝ ես ստանում եմ հնարավորություն դառնալ միջազգային կազմակերպության աշխատակից արտասահմանում։ Այստեղ ես ընկնում եմ մեկ այլ, լրիվ ուրիշ մի իրադրության մեջ, երբ այդ կազմակերպությունը գրեթե ոչ մի ուշադրություն չի դարձնում Հայաստանին, որովհետև Հայաստանը փոքր է, իսկ այնտեղ կան մեծ պրոբլեմներ՝ Աֆրիկա, Ասիա, Միջին և Մերձավոր Արևելք։ Ես ստիպված եմ նաև աշխատակցել ադրբեջանցիների և թուրքերի հետ։ Նույն բաժնում կամ կողքի բաժնում աշխատում են ադրբեջանցիներ և թուրքեր։ Ինչպե՞ս եմ ես ինքնորոշվում այդ իրադրության մեջ։ Նրանք կարող են լինել շատ չեզոք, բայց կարող են լինել նաև իմ աշխատանքային միջավայրում ադրբեջանական դիսկուրսի շատ ակտիվ տարածողներ։ Դա կարող է ազդել իմ կազմակերպության քաղաքականության վրա և հետևապես իմ աշխատանքի վրա, բայց կարող է և չազդել։ Իսկ ես արդյո՞ք ազդում եմ այդ կազմակերպության քաղաքականության վրա և եթե ազդում եմ, ապա ինչպե՞ս եմ ազդում։

Ավելին, պատկերացնենք, որ ես ոչ մի միջազգային կազմակերպության մեջ չեմ աշխատում։ Ես պարզապես գաղթօջախում ծնված հայ եմ՝ այն որ կոչում ենք սփյուռքահայ։ Եվ ահա ես իմ կյանքում աշխատում եմ ինչ-որ մի տեղ։ Ինձնից պահանջվածի պարզունակ տարբերակը ասում է, որ ես պիտի քարոզեմ, որ ցեղասպանությունը ճանաչվի, բայց կա ավելի բարդ տարբերակ, որովհետև եթե մարդը մի բան շատ է ասում, կարող է և ոչ մի արդյունքի չհասնի։ Այստեղ կա երկու մոտեցում։ Մի մասը համարում է, որ այն ինչ որ կա քո մտքին, պիտի շատ ասես և քո շահը առաջ տանես։ Դրա արդյունքում որոշները կհամոզվեն, իսկ որոշները՝ ոչ։ Կձևավորվեն կողմնակիցներ, և դու առաջ կգնաս։

Մյուս մոտեցումը ասում է, որ պետք է այնպիսի մոտցումներ և մտածողություն ստեղծել, որ ոչ թե կողմնակիցներ ունենաս, այլ հարցը լուծվի։ Սա ուրիշ մոտեցում է։ Այսինքն ամբողջ հայ ժողովուրդը և նույնիսկ նաև ոչ հայ, որոնք հասկանում են արդարության որոշակի սկզբունքներ և ցանկանում են օգնած լինել տարածաշրջանին տակից դուրս գալ, նրանք ունեն որոշակի խնդիրներ։ Հարցը այստեղ կայանում է նրանում, թե այդ խնդիրների ո՛ր մասը, մեզնից ովքե՛ր իրենց գործունեության ընթացքում, ի՛նչ ձևով է իրագործում և առաջ տանում։

Երբ մենք խոսում էինք ղարաբաղյան պատերազմի մասին, երկար ժամանակ բոլոր ուսումնասիրողները ասում էին, թե ով հաղթեց այնտեղ։ Հայկական բանակը սկսեց ձևավորվել շատ ուշ։ Ինչու՞ տեղի ունեցավ հայկական ռազմական հաղթանակ և ավելին՝ ինչու տեղի ունեցավ հաղթանակ Աբխազիայում, Հարավային Օսիայում, և առաջին չեչենական պատերազմի արդյունքում Չեչնիայում։ Պարտված կողմը ասում էր, որ Ռուսաստանն է օգնել՝ ուրիշը։ Իսկ հաղթած կողմը ասում էր՝ անհատը, որովհետև, երբ անհատը իր հողի, իր երկրի նկատմամբ հատուկ վտանգ է զգում, հատուկ ձևի է դրա դեմ կանգնում և պաշտպանում։ Ասում են, որ այդ անհատը փոխեց իրադրությունը։ Ազատամարտիկների բավականին խառնիճաղանչ խմբերը, որոնց սկզբնական մասը սկսեց կռվել հենց բուն Լեռնային Ղարաբաղի բնակիչների թվից։ Հետո շատ քչաքանակ եկած դրսից ու Հայաստանից։ Իրենք, ինքնակազմակերպվելով, սկսում էին կռվել։ Ասում են, որ նույնը տեղի ունեցավ Աբխազիայում։ Աբխազները և իրենց օգնած հայերը ասում են, որ ոչ մի ռուսական զորք չէր օգնի նրանց, որպեսզի նրանք այդ հաղթանակը տանեն։

Նույնը ասում էին չեչենները։ Ստացվում է այնպես, որ պատերազմի ժամանակ անհատը կարողանում է ապստամբել հսկայական, սակայն ձևական և ոչ այդպիսի խորքային շահով միավորված բանակների դեմ և իրադրությունը փոխել։ Տեռորիզմի պարագայում գործում է նույն սկզբունքը։ Ինքնազոհողությամբ դուրս են գալիս մի ամբողջ պետության դեմ։ Էլի այստեղ անհատի նշանակությունն է։ Դա շատ տխուր ու վատ դեպք է, սակայն այնուամենայնիվ խոսում է անհատի նշանակության մասին։ Նույնկերպ էլ կա անհատի նշանակությունը խաղաղարարության մեջ՝ միջազգային հարաբերությունների և մեր ամենօրյա կյանքի կոնտեքստներում։ Եթե մեկնաբանություններ կան՝ խնդրեմ։

Դահլիճ։ Ես կուզեի հասկանալ Եվրախորհրդի ու Եվրախորհրդարանի պարագայում ո՞ր մի կառույցն է ավելի բարձր կանգնած։

Գևորգ։ Այստեղ ճիշտն ասած մի քիչ դժվար, հակասական հարց կա, որը լավ կլինի քննարկել Եվրամիության մասնագետի հետ։ Բանն այն է, որ պիտի խոհրդարանը համարվի առաջնայինը, սակայն Եվրամիության դեպքում հենց այն պատճառով, որ 28 երկրներ իրենց սուվերենության որոշակի մասը հանձնում են ավելի բարձր ատյանի, Եվրոպական խորհուրդը իր վեհաժողովով առաջնային է նույնիսկ Եվրախորհրդարանի հետ համեմատած։ Ես դա այդպես եմ հասկանում։ Ես հենց դրա մասին ուզում էի ասեի:

Տեսե՛ք, թե սեփական սուվերենության հանձնման ինչ բարդ դեպք է այստեղ, որի դեմ ապստամբում են որոշ ուժեր։ Օրինակ Բրիտանիան հիմա ուզում է դուրս գալ ԵՄ-ից, սակայն նրանք խաղաղության հասնելու համար ստեղծել են շատ բարդ համակարգ։ Ես էդ պատմության մեջ չմտա, որովհետև դուք դա լավ եք պատկերացնում, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի շարք մտածողների և ամերիկյան ազդեցության շնորհիվ Ֆրանսիայի ու Գերմանիայի համաձայնությունների հիման վրա աստիճանաբար ձևավորվեց այս յուրահատուկ համակարգը, որը շատ այլ կերպ է բալանսավորում որոշումների ընդունման այս սկզբունքները։ Դա արվում է որոշակի հաշվեկշռով։

Դահլիճ։  Ես ուզում էի հասկանայի սկզբունքը, որովհետև Եվրախորհուրդը ոչ մշտական սկզբունքներով գործող քաղաքական ֆորում ա։ Նա գործառույթային մարմին չի։

Գևորգ։ Եթե խոսքը Եվրոպական խորհրդի մասին է, ապա նրա վեհաժողովը ըստ այս սխեմայի համարվում է Եվրամիության առաջնային մարմին։ Կրկնեմ, սակայն, որ ես մասնագետ չեմ, ուստի կարող են այլ մեկնաբանություններ լինել։ Իմ հասկացածով այդ է պատճառը։ Դուք անընդհատ որպես մասնագետներ հակում ունեք ընդգրկվելու իրավական լեզվի մեջ, մինչդեռ իմ ասածի մեջ անընդհատ այն միտքն էր առաջ տարվում, որ պետք է հասկանալ իմաստը, ոչ թե իրավական լեզուն, որովհետև իրավական լեզուն միշտ մեկնաբանությունների ենթական է։ Ես մի օրինակ բերեցի Facebook-ից, որ մեկը ասաց, թե բացի ԵԱՀԿ համանախագահներից ուրիշ ոչ ոք իրավունք չունի որոշումներ ընդունել Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ Դա ինչ-որ երևակայած իրավաբանական լեզվով արված սխալ, հենց բուն իրավական լեզվից էլ սխալ պնդում է, որովհետև ցանկացած օրգան, նույնիսկ որի անդամ չէ Հայաստանը՝ ասենք Արաբական պետությունների լիգան, իրավունք ունի կարծիք հայտնել։ Ոչ ոք իրավունք չունի նրան արգելել կարծիք հայտնել։ Երկրորդը այն է, որ համանախագահները իրականում իրենք իրենց ոչ մի իրավունք չեն տվել և եթե նույնիսկ տան, ոչինչ չի ստացվելու։ Նրանք ֆասիլիտացիոն դեր են կատարում՝ նրանք փորձում են կողմերը իրար մոտեցնել։ Եթե այս ասածի միտքը շարունակել, ապա կստացվի այնպես, որ ոչ ոք ոչ մի կարծիք հայտնելու իրավունք չի ունենա Լեռնային Ղարաբաղի մասին, ինչը ավաղ անհնարին է պատկերացնել։

Նույնը վերաբերում է Եվրամիությանը։ Եթե հիմա, օրինակ, անցնելով Բրյուսելի միջանցքներով՝ մտնենք առանձնասենյակներ հանձնաժողովի մասում, և ասեմ, որ «Եվրահանձնաժողովը այսպես է կարծում», ինձ կուղղեն։ Կասեն, որ «ոչ թե Եվրահանձնաժողովը, այլ Եվրամիությունը»։ Իրենք առանց այն էլ քննադատության տակ են, որ չափից շատ իշխանություն են կուտակել. գործադիրը իրենց ձեռքում է։ Իրենք ուզում են ասել, որ իրենք լեգիտիմ են և գործում են որպես Եվրամիություն, ոչ թե որպես Եվրահանձնաժողով։  Երբ իրանք ասում են, որ գործում են որպես Եվրամիություն, իրենք ի նկատի ունեն, որ 28 երկրների համերգային սինֆոնիկ միասնական կարծիքը արտահայտվեց այդ պահին, երբ մի անձնավորության կարծիք էր հնչում։ Ըստ երևույթին հենց դա ի նկատի ունեն, բայց արդյոք դա չափից դուրս  մեծ երևակայություն չի պահանջում։ Այսինքն այդ իրավաբանական լեզուն միշտ տալիս է մեկնաբանությունների տեղիք։ Երբ ես կարդում էի Պերինչեկի դատական գործը, ես մտածում էի, որ եթե լինեի նրա փաստաբանը, ապա լրիվ այլ կերպ կկառուցեի այդ գործը ու հաստատ կհաղթեի։ Իրավական լեզուն միշտ կարելի է մեկնաբանել։ Ուստի ես առաջարկում եմ էությունները նայել, ոչ թե իրավական ձևակերպումները։

Դահլիճ։ Քանի որ խոսեցինք Եվրամիության ու նրա կառույցների մասին՝ Եվրախորհուրդ, Եվրախորհրդարան, և այլն, կցանկանայի մեկ հարց ուղղեի կապված դրանց հետ։ Այժմ եվրոպական երկրներում այն դիսկուրսն է տարվում, որ ունենալով այդքան բարդ համակարգեր և քարոզելով ժողովրդավարություն՝ Եվրամիությունում ժողովրդավարության մասնակցության դեֆիցիտ է նկատվում։ Կուզենայի իմանայի ձեր կարծիքը դրա մասին։

Գևորգ։ Երկար, կարևոր, բարդ հարց է։ Եկեք մյուսներին լսենք, և եթե ժամանակ մնա, ես կանդրադառնամ դրան։

Դահլիճ։ Կուզենայի մի լրացում  անել Եվրոպական խորհրդի հետ կապված։ Այն չի հանդիսանում միայն ֆորում, այլ հստակ կարգավիճակ է ստացել և կարծում եմ, որ այն գտնվում է հիերարխիայի վերևում, քանզի այնտեղ հավաքվում են պետությունների ղեկավարները և քննարկում են ԵՄ ընդհանուր ուղղությունները և դրա հիման վրա սկսում են գործել և՛ նախարարների խորհուրդը, և՛ Եվրահանձնաժողովը։

Գևորգ։ Ես կարծում եմ, որ եթե խոսենք Եվրոխորհրդարանի որևէ անդամի հետ, նա չէր համաձայնի էս սխեմային, բայց դուք լրիվ ճիշտ եք ասում այն մոտեցման մասին, որը կա այս սխեմայում։

Դահլիճ։ Հարցս երկու  մասից է բաղկացած։ Ենթադրենք, որ փաստերով ապացուցվում է, որ ասենք Եվրախորհրդարանի ինչ-որ պատգամավոր Թուրքիայի ինչ-որ վայրում կաշառք է ստացել և օժանդակել է այդ կառույցում հակահայկական բանաձևի ընդունմանը։ Այս պարագայում կա՞ն ինչ-որ մեխանիզմենր նրան պատժելու՝ ասենք մանդատից զրկել կամ օրինակ ունեցվածքը խլել, վաճառել և փոխանցել տուժող կողմին։

Երկրորդ հարցս վերաբերում է նրան, որ վերջերս Եվրախորհուրդը անցկացրեց մի բանաձև Սարսանգի ջրամբարի հետ կապված։ Հայկական կողմը բազմիցս առաջարկել է, որ Սարսանգի ջրամբարը օգտարգործվի համատեղ, բայց Ադրբեջանի կողմը սկզբունքորեն մերժում է դա։

Գևորգ։ Դուք խառնում եք Եվրախորհրդարանը ԵԽԽՎ-ի հետ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով։ Դրանք տարբեր ինստիտուցիաներ են։ Պիտի նաև ասեմ, որ Հայաստանի բնակչության մեծ մասը այդ սխալը անում է։ Երբ հարցնում են, թե արդյոք Հայաստանը Եվրոպական միության անդամ է, հիսուն տոկոսից ավելը ասում են՝ այո։ Ըստ երևույթին ի նկատի ունեն Եվրոպայի խորհուրդը։  

Դահլիճ։ Մենք այսքան խոսեցինք միջազգային կազմակերպությունների և պետությունների քաղաքականությունների մասին։ Ես կուզենայի հարցս ուղղել տրանսնացիոնալ կորպորացիաների մասին և հարցնել արդյոք նրանց դերը այսօր միջազգային քաղաքականության մեջ չի թերագնահատվում։

Գևորգ։ Շատ ճիշտ հարց եք բարձրացնում։  Չեմ կարծում, որ կա դերի թերագնահատում։ Դեռ քսան տարի առաջ համարվում էր, որ նրանք հիմնական դերակատարներից են, որովհետև դա լիբերալ շուկայի և նեոինստիտուցիոնալ մոտեցման հաղթարշավի ժամանակն էր՝ այսպես կոչված «ռեյգանոմիկայից»  սկսած։ Երբ պարզվեց, որ ցանկացած տրանսնացիոնալ կորպորացիա շատ հեշտ կարելի է քանդել՝ բանտարկել, սպանել, ոչնչացնել ղեկավարներին, գումաները առգրավել ու բաժանել ում ցանկանան, հասկացվեց, որ պետությունն է մնում բռնության գլխավոր գործող անձը։ Տրանսնացիոնալ կորպորացիաների դերը մի քիչ փոքրացավ այդ դիսկուրսների մեջ, բայց իհարկե պահպանվում է, որպես շատ կարևոր գործոն։ Ես կասեի, սակայն, որ 30-40 տարի առաջ շատ ավելի փոքր էր համարվում քաղաքացիական հասարակության կառույցների դերը իսկ տրանսնացիոնալ կորպորացիաների դերը՝ շատ մեծ։ Իսկ հիմա դրանց տեսակարար կշիռը փոխվել է ոչ բոլոր, սակայն շատ մտածողների կողմից հենց այն տեսակետից, որ անհատը զինվոր կամ խաղաղարար է ռազմի դաշտում։ Այսինքն քաղաքացիական հասարակության փոքրիկ կազմակերպությունները ավելի ակտիվ միջամտություն կարող են ունենալ, քան տրանսնացիոնալ կորպորացիաները։ Եթե նրանք միջամտում են, ապա շատ հաճախ բացասական իմաստով են միջամտում, ոչ թե դրական իմաստով։ Եթե նայում ենք դրական դերակատարում ունեցողին, ապա քաղաքացիական հասարակության կշիռը մեծացել է։ Իհարկե դեռ չի լուծվել կորպորացիաների խնդրի, բայց նրանցից շատերի բնույթն էլ է փոխվել։ Օրինակ, Facebook-ը։ Արդյոք դա տրանսնացիոնալ կորպորացիա՞ է, թե՞ ոչ։ Google-ը,  Microsoft-ը։ Եթե մենք նայում ենք այսօրվա տեխնոլոգիական զարգացմանը, մենք տեսնում ենք, որ նրանք այնպիսի նոր պրոդուկտներ են բերում աշխարհ, օրինակ Tesla-ն, որը արտադրում է արևային էներգիայի համակարգեր, և այլն։ Մենք տեսնում ենք, որ աշխարհը այնպես է փոխվում, որ British Petroleum-ի ավանդական բացասական պատկերը սկսում է խամրել, որովհետև այլևս նրանք չեն գլխավոր դերակատարները։ Գուցե խամրում է ոչ փողով կամ այսօրվա ազդեցությամբ, բայց պոտենցիալով։  Այսինքն աշխարհը փոխվում է։

Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ես չեմ ուզում ասել, որովհետև պարզ է, որ ավաղ ադրբեջանական կողմի կառավարությունը և իշխանությունը չի ցանկանում գնալ լուրջ քայլերի հարաբերությունների զարգացման հարցում, որովհետև համարում է, որ ցանկացած  խաղաղարարական կամ վստահությունը ուժեղացնող քայլ, եթե այն չի ենթադրում ադրբեջանական կողմին ինչ-որ հողի վերադարձ, ամրապնդում է ստատուս քվոն։ Այսինքն այն հաղթանակը հողին տիրելու տեսքով, որը ստացել է հայկական կողմը։ Մենք պետք է լավ ու անսքող կերպով հասկականք ադրբեջանական կողմի մոտեցումները։ Բանակցությունների մեջ կա շատ կարևոր մի օրենք։ Այն պահին երբ դու ասում ես մի գաղափար, մի՛ կարծիր, որ դիմացինդ կխաբվի։ Եթե դու ասում ես մի գաղափար, որ քեզ է շահավետ, եթե չունես բավարար չափով ուժ, ապա այն չի անցնելու։ Ըստ պարոն Ալիևի կարծիքի՝ ցանկացած խաղաղարարական քայլ, որը չի ուղեկցվի հայկական կողմից ադրբեջանական կողմին հողի հանձնումով, կնշանակի, որ ադրբեջանական կողմը շարունակում է տանուլ տալ։ Դա է պարոն Ալիևի մտածողությունը։ Պետք է դա լավ հասկանալ։ Այդ պատճառով ցանկացած կոնստրուկտիվ քայլ, որը կամրապնդի հայկական կողմի ռազմական հաղթանակը, հանդիպելու է դիմադրության, քանի դեռ պարոն Ալիևի համակարգն է իշխանության։ Դա պետք է լավ հասկանալ։ Կարելի է թյուրիմացության մեջ գցել նորեկ արտասահմանցիներին, որոնք գալիս են և զարմանում են, որ կա Սարսանգի ջրամբարի հարց, որ կարելի էր այն բացել և օգուտ բերել երկու կողմին էլ։ Այդ արտասահմանցին ռոտացիայով գնում է, գալիս է մեկ նորը և երկու-երեք տարի հետո այդ դիսկուրսը նորից է ծնվում, հետո նորից ու նորից։ Պետք է կարողանանք լսել մեր հակառակորդին։ Պարոն Ալիևը շատ պարզ հայտարարում է, որ ոչ մի քայլ, որը չի ուղեկցվում հողի վերադարձով, չի ընդունվի իր կողմից որպես խաղաղարար քայլ։ Եկեք լսենք, հասկանանք, հետո մտածենք, թե ինչ անենք։

Այդ տեսակետից կա ևս մի շատ հետաքրքիր բանակցային պահ։ Ցանկացած գեղեցիկ գաղափար՝ լուծելու համար հակամարտությունը, որը կգա հայկական կամ ադրբեջանական կողմից, այն իսկ պահին, երբ կհնչի, կդառնա ավելորդ։ Դրա համար, միակ գաղափարները, որոնք ուժ կունենան, դրանք կլինեն նրանք, որտեղ հայկական և ադրբեջանական կողմերը միասնաբար են ծնում այդ գաղափարը։ Ոչ թե բերում են իրենց տնային աշխատանքը՝ փորձելով համոզել մյուս կողմին։ Հենց դա է տրանսֆորմացիոն պրոցեսը, որը միասին նստած մտորում են ու միասին գալիս են ինչ-որ գաղափարի։ Դրա համար այն գործը, որ մենք մեր ծրագրում անում ենք, որ հայը կամ հայաստանցին, ադրբեջանցին կամ ադրբեջանի քաղաքացին, հայկական կողմի քաղաքացին` լինի Լեռնային Ղարաբաղի, թե Հայաստանի, անեն մի փոքրիկ ծրագիր։ Կինո, մուլտֆիլմ կամ ինչ-որ հետազոտություն կամ ասենք լրագրողական հրապարակում մեկ թեմայի վերաբերյալ։ Մենք արել ենք էդպիսի ծրագրեր։ Դրանք այն ձևի էմբրիոններն են, որով մեծ կոնֆլիկտը պիտի լուծվի։

Այսինքն միասին, համահավասար սկզբունքի հիման վրա որոշում կայացնել. պատկերացնել, թե ինչ ես ուզում անել, հետո գնալ, իրագործել։ Այդ նույն սկզբունքով պիտի լուծվի մեծ կոնֆլիկտը։ Ցանակած դեպք, երբ առաջ է քաշվում միակողմանի գաղափար, կարող եք միանգամից խաչ քաշել վրան։ Դրա համար ես ավաղ չեմ էլ համարձակվում ասել, թե օրինակ իմ կարծիքով ինչպիսին պիտի լինի լուծումը, որովհետև իմաստ չունի։ Հենց որ ասեցի, միանգամից վրան խաչ կարելի է քաշել։ Ավաղ էդպիսի վիճակ է։ Եթե ես իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ նստենք ու ինչ-որ բան մտածենք, հանդես գանք երկու ստորագրությամբ՝ մի քիչ ավելի ուժ կունենա։Դա է տարբերությունը։

Էստեղ մի հետաքրքիր բան ասվեց ժողովրդավարության մասին։ Դա իհարկե շատ մեծ թեմա է։ Էլի կրկնեմ, որ մենք կարծրատիպերը քանդելու գործի մեջ ենք։ Երբ ասում են ժողովրդավարություն, մեծ մասամբ օգտագործում են կարծրատիպային իմաստով։ Շատ դժվար է օգտագործել դրա սուբստանտիվ իմաստը իր ամբողջ բարդությամբ հանդերձ։ Շատ հաճախ ժողովրդավարություն ասելով հասկանում են պոպուլիզմ, ինչը նման է ղարաբաղյան կոնֆլիկտին։ Դրա տակ հասկանում են պոպուլիզմ, որը իրենց է շահավետ։ Ասում են, որ այս հասարակարգը ժողովրդավար չէ, որովհետև ես, լինելով ուսանող, չեմ կարող անվճար ուսում ստանալ համալսարանում։ Իսկ եթե ասողը դասախոսն է, ապա կասի, որ հասարակարգը ժողովրդավար չէ, որովհետև ուսանողներից քիչ գումար է գանձվում և իր աշխատավարձը ցածր է։ Դա ժողովրդավարության կարծրատիպային մեկնաբանությունն է։

Միջազգային կառույցների և հատկապես Եվրոպական միության կառույցների զարգացման մեջ հետաքրքիրը այն է, որ նրանք փորձում են զուգակցել ժողովրդավարության տարբեր տեսակներ և դուրս գալով մեծամասնականից՝ զարգացնել կլոր սեղանային ժողովրդավարությունը։ Սա շատ հետաքրքիր ձև է խուսափելու միանձնյա, բուրգաձև կառույցներից և միևնույն ժամանակ չտրվելու պոպուլիստական ժողովրդավարությանը։ Սա ինչ-որ միջին ձև է։ Դա կատարյալ ձև չէ, բայց եթե մենք պատկերացնենք, որ որոշումների կայացումը տեղի է ունենում կլոր սեղանի շուրջ, իսկ ամեն որոշում կայացնող ունի իր էլեկտորատը, ապա սա մնում է մի քիչ ավելի ժողովրդավար տարբերակ, քան, ասենք, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որը վետոյի համակարգ ունի և եթե նկատել եք, էնտեղ կան ոչ մշտական անդամներ ու միշտ խոսակցություն է գնացել, որ պետք է մշտական անդամների քանակը ավելացնել, սակայն որոշ անդամների համար դա բացարձակապես շահավետ չի լինի, որովհետև նրանք էլ ավելի հաճախ ստիպված կլինեն իրենց վետո-ն օգտագործել։ Ուստի նրանք անընդհատ օգտագործում են իրենց վետոն, որ դա տեղի չունենա։

Այն համակարգը, որը աշխատում է կլոր սեղանի սկզբունքով, ավելի ժողովրդավարական է, քան մեծամասնական ժողովրդավարական համակարգը։ Սրա մեծ տարբերակը հանրաքվեն է, երբ ամբողջ ժողովուրդը կլոր սեղանի պես պատասխանում է մեկ հարցի։ Նրանց զուգակցումը լավ տարատեսակ է։ Վատը այն, է, որ միանձնյա որոշումներ են կայացվում։ Ինչքան քիչ կայացվի միանձնյա որոշում, այնքան լավ։ Եվրոպական միությունում ստեղծվել է մի իրադրություն, երբ փորձում են բալանսների միջոցով խուսափել միանձնյա որոշումներից որքան կարելի է շատ։ Մյուս կողմից Եվրահանձնաժողովը հսկայական դեր է կատարում, որովհետև գործադիր իշխանությունն է։ Նա հսկայական ուժ է կուտակել և հանձնաժողովի անդամները լրջագույն լիազորություններ ունեցող պաշտոնյաներ են։ Նրանցից յուրաքանչյուրը համաեվրոպական նախարարի չափ հնարավորություն ունի ազդելու քաղաքականությունների վրա՝ եթե ոչ օրենսդրական դաշտում, ապա պրակտիկ կերպով։ Այնպես, որ խոսքը բալանսի մասին է։

Տեսե՛ք, Հայաստանը հիմա ձևական կերպով անցնում է մի քիչ ավելի կլոր-սեղանային համակարգի։ Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի։ Մեզ մոտ միշտ լինում ա շատ հետաքրքիր ֆենոմեն, որ լավ գաղափարը չի կարող լավը լինել տվյալ իրադրության մեջ։ Այսինքն ավելի ժողովրդավարական համակարգը տեղական իրադրության պատճառով շատ շատերի մոտ հարցեր է առաջացնում։ Մասնավորապես հարցեր են առաջանում ընտրությունների թափանցիկության մասին և արդյոք հիմա ճիշտ ժամանակն էր այդ համակարգին անցնելու համար։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։

 

Սղագրության ավարտը ՝ 30.06.2016

Սղագրությունը կատարեց Ռոբերտ Ղազինյանը

 

         

Print Friendly