Դավադրության տեսություն. Մաս 1 (Jam Session 21)

Գևորգ Տեր-Գաբրիելյան, հունվարի 31, 2017թ․ 

Տեսանյութի սղագրություն

Գևորգ Տեր-Գաբրիելյան (ԳՏԳ) – Բարև ձեզ: Այսօր մենք կխոսենք մի հասկացության մասին, որն անվանվում է էսպես միջազգային տերմինով «կոնսպիրոլոգիա», իսկ հայերեն ասում են «դավադրությունների տեսություն»: Փաստորեն մենք ունենք էսպես ասած թիրախային խումբ՝ մեր մեդիագրագիտության և քննադատական մտածողության խնդիրներով զբաղվող խումբը Հայաստանի շրջաններում, և հատկապես կխոսենք նրանց համար: Չի կարելի ասել, որ սա մեդիագրագիտություն է միայն, սա ավելի շուտ մետա-մեդիագրագիտություն է, եթե այդպես կարելի է ասել: Ուրեմն նախ ես ուզում եմ ասեմ, որ դա իհարկե շատ խորապես հետազոտվող երևույթ է, սակայն կան բաներ, որոնք ըստ երևույթին ես համենայն դեպս քիչ եմ հանդիպել և հիմնականում կփորձեմ կիսել իմ իմացածը, իմ մտածածը դավադրությունների տեսությունների վերաբերյալ: Նախ ի՞նչ է դավադրությունների տեսությունը կամ ի՞նչ է կոնսպիրոլոգիան։ Ես կարճ կօգտագործեմ կոնսպիրոլոգիա բառը: Դա մի իրադրություն է՝ սոցիալական իրադրություն է, երբ որոշակի հանրային երևույթը բացատրվում է որոշակի գաղտնի խմբի արած գործողությունների հետևանք. գաղտնի խմբի կամքով իրագործված հանրային իրադրություն:

Այդ տեսակետից պետք է ասել, որ դավադրությունների տեսության հետազոտությունները հիմնականում երկու մասի են բաժանվում, և դա շատ հետաքրքիր է: Մի մասը հետազոտում է մասնակի դավադրությունների տեսությունները, մյուս մասը՝ համընդհանուր, այսպես կոչված, դավադրությունների տեսությունները: Մասնակին դա այն է, երբ մի որևէ հանրային, ոչ շատ մեծ իրադրություն մեկնաբանվում է որպես մի գաղտնի խմբի արած գործողություն: Հիմնականում սոցիոլոգիան ուսումնասիրել է վերջին ժամանակներում այդպիսինները և մենք հղում կտանք պարոն Պանչենկոյի դասախոսությանը՝ ռուսերեն, Ռուսաստանում արված անցյալ տարի, որը շատ խորապես այդ մասնակի դեպքերը դիտարկում է և քննարկում է: Ինչո՞վ է բացատրվում այն, որ մասնակիներն են նախ և առաջ հետազոտվել: Որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները այնպիսի երկիր չի, որ այնտեղ շատ ուժեղ համընդհանուր դավադրությունների տեսությունը հաղթանակի, այնտեղ եղել են սոցիալական իմաստով մասնակի դեպքեր դավադրությունների տեսությունների: Ասենք, երբ… չգիտեմ, օրինակները պիտի հիմա հորինեմ: Ասենք, երբ ինչ-որ համայնքում ինչ-որ բան է տեղի ունենում և համայնքի ժողովուրդը համոզված է, որ դա տեղի է ունեցել ինչ-որ մի գաղտնի, ուրեմն, կրոնի դավանող փոքրիկ խմբի կողմից, որը համայնքի կողքի անտառում է ապրում: Դրա համար, քանի որ այնտեղ են ուսումնասիրությունները հիմնականում տեղի ունեցել և մեթոդները ուսումնասիրությունների այնտեղից են գալիս, հիմնականում ուսումնասիրվել են մասնակի դավադրությունների տեսությունները՝ համենայն դեպս քսաներորդ դարում և քսանմեկերորդ դարում:

Սակայն մեզ, որպես Խորհրդային Միության հետնորդներ, որպես կոնտինենտալ, այսպես ասած, հասարակությունների՝ եվրոպական, եվրասիական հասարակությունների ներկայացուցիչներ, նախ և առաջ հետաքրքրում են համընդհանուր դավադրությունների տեսությունները, և դրանք ունեն շատ մեծ ավանդույթ մեր հասարակության մեջ: Միանգամից ասեմ այն ամենահեշտ ձևակերպումը, որը որ բոլորիս, ինձ թվում է, շատ բան է բացատրում. «Если в кране нет воды, значит выпили жиды»: Դա իհարկե երգիծական ասույթ է, և միանգամից մենք դրա հետազոտության հիման վրա կարող ենք տեսնել մի քանի էլեմենտ դավադրությունների տեսության: Նախ սա համընդհանուր է, այսինքն վերաբերում է և՛ բոլոր հրեաներին, և՛ մի այնպիսի հսկայական պրոցեսի, ինչպես ողջ, ասենք, Ռուսաստանում կամ Խորհրդային Միությունում ծորակից ծորող ջրի բացակայությանը: Չնայած մի հոգին է դա տեսնում, ջուրը բացեց՝ ջուրը չի գալիս, ուրեմն հրեաները ամբողջ ջուրը խմել են: Այսինքն՝ համընդհանրությունը և՛ առաջին մասում է, որ բոլոր հրեաները՝ առանց բացառության (են մեղավոր), և՛ երկրորդ մասում է, որ սոցիալական կամ ինֆրաստրուկտուրային խոշոր աղետ է տեղի ունեցել՝ ջուրը չկա: Երկրորդը՝ միանգամից արդեն պարզ է, որ հակասեմիտության հետ է առնչվում, և պատմականորեն մենք շատ հաճախ ենք տեսնում, որ հենց հակասեմիտության հետ է առնչվում դավադրությունների տեսությունը շատ հաճախ, ինչպես նաև այլ «հակայությունների» հետ, ասենք՝ քսենոֆոբիայի, ռասիզմի և մարդու իրավունքների ցանկացած խախտման, ձևակերպման մեջ, բանավորով, լեզվով, խոսքով, բոլոր այդ դրսևորումների՝ հակատոլերանտության, դիսկրիմինացիայի, բոլոր դրսևորումների:

Հաջորդ օրինակը կարելի է հիշել, որ հենց էս վերջերս, երբ Օբամայի նկատմամբ շատ բացասական վերաբերմունք ձևավորվեց Ռուսաստանում, ասացվածքը՝ նույնպես երգիծական, այն էր, որ «եթե ձեր շքամուտքը կեղտոտ է, ուրեմն մեղավորը Օբաման է» – նույն կառուցվածքն ենք մենք այստեղ տեսնում: Իհարկե այստեղ ավելի շատ մաքուր, էսպես ասած, երգիծական ռասիզմի դրսևորում է, որովհետև Օբաման հայտնի դեմք է, հա՞: Այսինքն՝ այստեղ չկա էդ դավադրությունը, որ կա ինչ-որ մի խումբ, որը իրագործել է, սակայն կան դավադրության տեսության համապատասխանող այլ կոմպոնենտներ, այն, որ նա կարողանում է այնտեղից մինչև այստեղ կեղտոտել մեր շքամուտքները: Եվ էլի եմ ասում՝ բնականաբար դա երգիծական առումով է, չէ՞, առաջացել: Դա, այդ երկու օրինակներն էլ, առաջ են տարել նրանք, ովքեր ուզում էին ասեն. տեսե՛ք, ինչ աբսուրդ է էսպես մտածելը, էսպես ասելը, էսպես խոսելը[1]:

Հիմա կարելի է շատ խորանալ, թե որտեղից է գալիս դավադրությունների տեսության հնարավորությունը մարդու ուղեղում, հասարակության մեջ: Իհարկե, դա կապված է մարդու ուղեղի, բանականության, մտածողության կառուցվածքի հետ: Արմատները և ակունքները՝ մենք քիչ դրան կանդրադառնանք, բայց բնականաբար դրանք որոշակի կապ ունեն ոչ ռացիոնալ մոտեցումների հետ մարդու ուղեղի: Եվ ուրեմն՝ և՛ կրոնի հետ, և՛ սնոտիապաշտության հետ, և՛ չարի ու բարու պայքարի հետ, և՛ միֆոլոգիաների, միֆոլոգեմների հետ, և՛ այլնի, և այլնի հետ: Բայց ի՞նչն է այստեղ կարևոր. որ այսօրվա օրով կարելի է ասել՝ դավադրությունների տեսությունները, ուրեմն՝ առաջին մասը իմ ասածի այն էր, որ անպայման և պարտադիր կերպով նրանք այս կամ այն կերպ հակադրվում են արժեքային երկու համակարգերի. մարդու իրավունքները որպես արժեքային մի համակարգ, որը դրական է ձևակերպում, թե մարդը ի՛նչ ազատություններ և իրավունքներ ունի, և, շատ կոպիտ, էստեղ ես կդնեմ պատվիրանները, որը բացասական է ձևակերպում, թե մարդը ի՞նչ պարտավորություններ ունի, հա՞։ Մի՛ սպանիր, մի՛ գողանա և այլն, և այլն: Ուրեմն (դավադրությունների տեսությունն) այս արժեքային համակարգերին ուղղակիորեն, անպայմանորեն դեմ է: Ես բոլոր հանգամանքները չեմ քննարկի այստեղ, բայց մարդու իրավունքների վերաբերյալ շատ հստակորեն պարզ կդառնա մեր խոսակցությունից, թե ինչո՞ւ է դա այդպես:

Ուրեմն՝ ինչպիսի՞ ուղեղ, մտածողություն, բանականություն պիտի լինի, որ հեշտ վարակվի կոնսպիրոլոգիայով, որ համաձայնի կամ ինքը իր մեջ ձևավորի կամ դրսից վերցնի և կոնսպիրոլոգիական տեքստ արտահայտի: Գուցե նույնիսկ հավատա իր ներսում, թեև դա մենք չենք կարող չափել. մարդը իր ներսում ինչքա՞ն է հավատում կոնսպիրոլոգիաներին: Այդպիսի ուղեղը ես անվանում եմ արխայիկ ուղեղ: Արխայիկ. ինձ թվում է՝ հասկանալի բառ է սա:

Դա նշանակում է, որ դա մի ուղեղ է, որի մեջ պահպանվել են մի շարք կոմպոնենտներ, էլեմենտներ, տարրեր, որոնք գալիս են շատ հին ժամանակներից, երբ մարդը ուներ պաշտպանական բնազդներ, պիտի ռեակցիա տար արագ. և շա՜տ խնդիրներ այսօրվա աշխարհում, ոչ միայն կոնսպիրոլոգիաների տարածումը, այլև շատ խնդիրներ բացատրվում են նրանով, որ այս արխայիկ մասը մարդու ռեակցիաների, բնազդների՝ դեռևս չի հասկացվել ամբողջությամբ հենց մարդու կողմից. որ ինքը արխայիկ է: Սա գիտական պնդում է, այսինքն սա հետազոտված է, որ մարդու բնազդների արխայիկ, ամենահին մասը, հաճախ ողնուղեղից եկող բնազդները շատ հարցերում կառավարում են մարդու վարքը այսօրվա կյանքում. և մենք որոշ օրինակներ դրա վերաբերյալ կտեսնենք:

Ի՞նչ է նշանակում արխայիկ մտածողություն, որը օգնում է, որպեսզի կոնսպիրոլոգիական աշխարհայացք ձևավորվի կամ կոնսպիրոլոգիական պնդում ձևավորվի: Առաջինը՝ մարդը համարում է, որ աշխարհը կառավարվում է մեկ լիդերի կամ մի փոքրիկ խումբ լիդերների կողմից, այսինքն՝ հիերարխիկ կառուցվածք է աշխարհը, և ցանկացած աշխարհի այլ տարր, այլ էլեմենտ: Այսինքն, որ լիդերը,՝ առաջնորդը, մեկ հոգի, թե խումբ է էն նույն սկզբունքով, ինչ որ, ասենք, գայլերի ոհմակում, և այլն: Այնտեղ կա «ալֆա որձ»: Ուրեմն, որ կա ալֆա որձ, կամ մի քանի «ալֆա որձ», որոնք որոշումներ են կայացնում՝ սա մի սկզբունք:

Մյուսը. որ այս «ալֆա որձ»-ը, կամ «ալֆա որձ»-երը որոշակի ասպարեզում ամենակարող են: Այստեղ մենք տեսնում ենք աղավաղված կրոնական, աստծո նկատմամբ վերաբերմունքի աղավաղված դեպք: Ուրեմն. ամենակարողությունը, բայց որոշակի ասպարեզում: Այսինքն հրեաները կարող են ջուրը խմել բոլոր ծորակներից, բայց, ասենք, այդտեղ պնդում չկա, որ նրանք են ստեղծել աշխարհը. նրանք ամենակարող են, բայց որոշակի ասպարեզում, դրա համար սա ետկրոնական մտածողություն է, սնոտիապաշտությանը հարիր, ավելի մոտիկ, և այլն, և այլն:

Մյուսը. շատ հետաքրքիր պնդում կա էլի մարդու ամենակարողությանը վերաբերող. որ ոչ մի արդյունք, հանրային իրադրությունների մեջ, չի հանդիսանում պատահական, բնական ինչ-որ ուժերի կամ շարժառիթների կամ սխալների արդյունք, այլ յուրաքանչյուր արդյունք, հանրային իրադրությունների մեջ, կարող է և նախագծվել է մարդկանց կողմից, մարդկանց ուղեղների կողմից, և իրագործվել է: Այսինքն, որ պատահական արդյունք կամ արդյունք, որը չէր կանխատեսվել, չի լինում հանրային իրադրությունների մեջ: Այսինքն՝ սկզբում գալիս է մարդը իր որոշումով, այս մարդը` առաջնորդը կամ խումբը՝ այդ գաղտնի խումբը, որը որ, ուրեմն, հանրային իրադրության մեջ որևէ գործողություն, նպատակադրված գործողություն կատարելով, հանրային իրադրության մեջ հասնում է որևէ արդյունքի, էֆֆեկտի, հետևանքի:

Մյուսը. արխայիկ ուղեղը դժվարություն ունի պատկերացնել բարդ պրոցեսներ: Նրա կարծիքով բարդ պրոցեսներ չկան: Ի՞նչ է նշանակում՝ բարդ պրոցեսներ:

Բարդ գործընթացը դա այն է, որտեղ կա և՛ մարդու գործունեություն, և՛ բնական ուժերի կամ ոչ մարդկային ուժերի ազդեցություն. և՛ մարդու մտածված գործողություն ու չմտածված գործողություն. և՛ արդյունք, որը կանխատեսված էր, և՛ արդյունք, որը կանխատեսված չէր. և այդ ամենը միասին է գալիս, միասին է հորդում:

Ուրեմն արխայիկ ուղեղը, որը էլի շատ կրոնական մտածողությանը հարիր մոտեցում է, համարում է, որ այդպիսի իրադրություններ չկան, որ խումբը կամ առաջնորդը թաքուն, լինելով ամենակարող որոշակի ասպարեզում՝ գծագրեց որևէ ծրագիր և իրագործեց այն առանց որևէ դժվարությունների՝ հենց հասավ հենց էն նպատակին, որին ուզում էր:

Մյուսը. բնականաբար սրանից հետևում է, որ գործողության հեշտության կանխեզրույթ կա արխայիկ ուղեղի մեջ, որ հեշտ է անել գործողությունը: Եռանդը, ռեսուրսը այդքան կարևոր չեն՝ հեշտ են, կան, հա՞:

Սա ինչի՞ եմ ես նշում: Սա փաստորեն նախորդի (հեշտ գործողության) հետևություն է: Այսինքն եթե դու չես պատկերացնում, որ կան բարդ պրոցեսներ՝ պարզ է, որ հանգում ես նրան, որ գործողությունները, ուրեմն, հեշտ են կատարվում: Բայց ինչի՞ ա կարևոր: Որովհետև սա ցույց է տալիս, որ որոշակի սոցիալական խավերին ավելի հեշտ է դարձնել կոնսպիրոլոգիական մտածողության գերի:

Ինչո՞ւ: Որովհետև, եթե դու քո կյանքում սովորաբար անում ես հեշտ, փոքր, կտրտված գործողություններ, հա՞, այսինքն դու աշխատավոր ես, դու էսպես ասած «սև (ո՞նց ա կոչվում) օձիքի» բանվոր ես, հա՞, էդպիսի կյանքով ես ապրում, հեշտ ես ապրում: Ասենք դու ավտոմեքենա ես քշում, գնում ես այստեղից այնտեղ, մարդ ես տանում-բերում և այլն: Եթե դու քո կյանքում դժվար գործողությունների չես հանդիպում՝ դու ավելի հակված ես լինելու այն թիրախային խումբը, որին ուղղված է կոնսպիրոլոգիական մեսիջը:

Եվ էլի սրանից ելնելով՝ մարդիկ, որոնք ռեֆլեքսիա քիչ ունեն, ինչո՞ւ, որովհետև նրանք էլի, բարդ պրոցեսները չհասկանալով, ուռճացնում են (պիտի լինի անտեսում են) որոշում ընդունելու և իրագործելու միջև եղած արանքը: Այսինքն՝ որոշում ընդունելուց մինչև իրագործումը դժվարություն չկա. էլի բարդ պրոցեսները բացասելու մոտեցում է. որոշում – միանգամից իրագործում:

Եվ վերջին բանը, որ ուզում էի ասեի, որ շատ կարևոր է, որպես նախաբան, որպեսզի առաջին հիմքը դնենք խոսակցության վերաբերյալ, էսպիսի շատ լավ ասացվածք կա անգլալեզու. ասում է. «Այն հանգամանքը, որ դու պարանոյիկ ես, դեռ չի նշանակում, որ քեզ չեն հետևում»:

Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ կոնսպիրոլոգիական մոտեցումը շատ խոր, լեգիտիմ արմատներ ունի մարդու մտածողության մեջ: Այսինքն, որ մարդը, և ոչ միայն իր բնազդի մակարդակով, բնության ուժերի դեմ պայքարելիս՝ նախամարդը, այլև ցանկացած ժամանակների մարդ պարտավոր է վերլուծել, փորձել համակարգել այն բոլոր տվյալները, որոնց նա հանդիպում է, և ի վերջո կարող է պատահել, իհարկե ոչ ամենակարողության առումով, բայց կարող է պատահել, կան դեպքեր, երբ իրոք լինում են դավադրություններ, որոնք հանրային իրադրությունը փոխում են: Ուղղակի՝ խոշոր դժվարությունը այն է, որ անհնարին է մեծ մասամբ, իննսուն տոկոսի դեպքում անհնարին է դրանք իրոք ապացուցել, բայց դրանց հետազոտության, հետաքննության ապացույցի վերաբերյալ անընդհատ արվում են փորձեր:

Օրինակ՝ Դոնալդ Թրամփի վերջին որոշումները, հենց այսօր առավոտյան ես կարդում էի, կարող ենք դրան էլ տալ հղում, մի շատ հետաքրքիր մտածող անձնավորություն, հրապարակախոս մեկնաբանում է որպես, որ կա դավադրության տեսություն՝ դիկտատուրա հաստատել ԱՄՆ-ում Ռուսաստանի պես՝ պուտինյան դիկտատուրայի պես: Եվ այդ նպատակով սա փորձ էր, փորձարկում էր՝ տեսնել, արդյո՞ք դատարանները կաշխատեն, թե ոչ, արդյո՞ք «Department of Homeland Security», այսինքն՝ ներքին անվտանգության գործակալությունը կհետևի դատարանի որոշմանը, թե իրենց անմիջական ղեկավարի՝ նախագահի որոշմանը՝ պրեզիդենտի որոշմանը:

Որ սա «ջուրը փորձեցին». արդյոք ինչքա՞ն կդիմանան այդ ելույթները ժողովրդի, որոնք սկսվեցին ի պաշտպանություն որոշակի երկրներից արգելված մարդկանց մուտքի: Այսինքն՝ իսկույն ստեղծվում է մի հիպոթետիկ տեսական կառույց, որը սկսում են ստուգել: Այդ մարդը այդ հարցն է դնում. արդյո՞ք սա բան չէր՝ ռեպիտիցիա չէր, որ փորձում են արդեն գնալ այդ ուղղությամբ:

Ու անկախ նրանից, որ դա իհարկե շատ բան է` քիչ հավանական իրադրություն է, սակայն այն հանգամանքները, որ նա բերում է որպես օրինակ, մենք գիտենք մեր փորձից՝ Ռուսաստանի փորձից, Հայաստանի փորձից, շատ հավանական հանգամանքներ են:

Այսինքն նա ասում է. դատարանը կարող է և կսկսի որոշումներ ընդունել, կտեսնի, որ էդ որոշումներին չի հետևում բանը՝ գործադիրը, և կդադարի, այսինքն՝ կփսկի, այսինքն՝ դատական համակարգը կքանդվի: Ժողովուրդը կսկսի ելույթներ ունենալ, կտեսնի, որ չի ենթարկվում գործադիրը, և նույնպես կփսկի, և այլն, և այլն:

Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ քանի որ օրինակները կան աշխարհում, այլ երկրներում, այնտեղ միանգամից այդ տարբերակի, ուրեմն, հիպոթեզը ձևակերպվեց:

Եվ վերջին հանգամանքը սա ավարտելու համար. ո՛ր կառույցներն են, ո՛ր հանրային ինստիտուտներն են, որոնք ամենահարմարն են, որոնց գոյությունը իսկ հեշտացնում է դավադրությունների տեսության ծաղկումը, որոնց գոյությունը և գուցե որոնց…

Իզաբելլա Սարգսյան (ԻՍ) – Անգործությունը։

ԳՏԳ – Ես ուզում էի ասեի. նշանակալիության մեծացումը համեմատած այլ ինստիտուցիաների հետ. դա ռազմական ինստիտուցիան է և անվտանգության ինստիտուցիան է:

Ինչո՞ւ. շատ հետաքրքիր է: Ռազմական ինստիտուցիան՝ որովհետև այն շատ ավելի է հիմնված հիերարխիկ այս իրադրության վրա. եթե կարելի է մարդկային հարաբերությունների մեջ տեսնել որոշումից դեպի իրագործում քիչ տարածք՝ դա, ասենք, ռազմական ինստիտուցիայի դեպքում է: Երբ հրամանը տալիս ես՝ պիտի իրագործեն որքան կարելի է առանց աղավաղելու, որքան կարելի է մեկնաբանելով այդ հրամանը ճիշտ այնպես, ինչպես հրաման տվողը նկատի ուներ: Կա մինչև հիմա «ալֆա որձ»-ի ինստիտուտը այդ համակարգում և այլն:

Այսինքն՝ որքան ավելի հստակ hերարխիկ համակարգ է, և եթե նրա նշանակությունը մեծացած է տվյալ հանրության մեջ, բնականաբար, մարդիկ, տեսնելով այդ օրինակը, սկսում են ավելի հավատալ, որ կարող է լինել և, ուրեմն, դավադրությունների տեսություն:

Նույնն է և անվտանգության համակարգի դեպքում, որը շատ սերտորեն է վերաբերվում ռազմականին, որովհետև և՛ այս տարրերը իր մեջ պարունակում է (ալֆա-որձ, հրամաններ), և՛ անվտանգությանը անմիջականորեն առնչվում է, իսկ անվտանգությունը մարդու, ինչպես ասացի, բնազդի, ողնուղեղի կարևորագույն արժեքներից մեկն է, որը նույնիսկ նրա կամքից և գիտակցությունից անկախ հաճախ ազդում է, որ նա այս կամ այն բանը անի:

Առայժմս այսքանը: Եթե կուզեք որևէ կոմենտար անել…

Միքայել Հովհաննիսյան (ՄՀ) – Ես երկու բան էի ուզում ասել. մեկը, որ մի գիծ ոնց որ բաց ա մնում էստեղ. էդ ինֆորմացիայի առկայության, պակասի հարցն է, որ այս բոլոր իրողությունները ստեղծվում են՝ երբ որ սպառողը չունի բավարար քանակությամբ տեղեկացվածություն, ու ինքը էդ տեղեկատվության բացը փորձում է լրացնել:

Ու էդտեղ ես սկսեցի մտածել: Անընդհատ մտքիս հին հունական դիցաբանությունն էր որպես համեմատություն, որովհետև էդ բոլոր հավատալիքների առաջացման պատճառը էլի ռացիոնալ բացատրության ու պատճառահետևանքային կապի, հստակ տեղեկատվության վրա հիմնված պատճառահետևանքային կապի ստեղծման անհնարինությունն է:

Այսինքն՝ դու տեսնում ես հետևանքը, չգիտես էդ հետևանքի ռացիոնալ պատճառը ո՞րն ա, ու փորձում ես քո երևակայության ու այլ տեղեկությունների, այլ գիտելիքի սահմաններում կառուցել ընդունելի պատճառահետևանքային կապ, որը կբացատրի այս կամ այն իրողությունը: Սա առաջ…

Ու էդ տեսանկյունից նաև կարելի է անդրադառնալ նույն էդ ռազմական համակարգի ու անվտանգության համակարգի բարենպաստությանը կոնսպիրոլոգիայի համար, որովհետև, բացի ձեր նշած պատճառներից, էդ երկու համակարգերը նաև գաղտնիության ու ինֆորմացիայի փակության համակարգեր են, ու շատ տեղեկատվություն նրա մասին, թե ի՞նչ ա տեղի ունենում էդ համակարգում, չի տրամադրվում:

Բնականաբար տեղեկատվական բացերը էդ համակարգի վերաբերյալ ու էդ գործընթացների վերաբերյալ ավելի շատ են, ու մարդիկ փորձում են էդ բացերը լրացնել էլի տենց երևակայական պատճառահետևանքային կապեր կառուցելու միջոցով: Երևի այսքանը:

ԳՏԳ – Մերսի: Բելլա՞:

ԻՍ – Ես էլ մի քանի բան ունեմ ասելու: Նախ ասեմ, որ ինձ թվում ա՝ միգուցե արխայիկը ես կանվանեի գծային, այսինքն գծային մտածողությունը ընդդեմ համակարգային կամ սիստեմային մտածողության:

Որ ըստ էության պատճառներից մեկը գծային կամ «линейный»՝ գծային մտածողությունն ա:

Ես էլ կուզեի ասել պատճառահետևանքային կապերի մասին: Երբ որ մարդիկ զուրկ են պատճառահետևանքային կապերը գտնելու և իրարից զատելու կարողությունից, ինչը համակարգային մտածողության հիմքերից մեկն է՝ առաջինը:

Երկրորդը. Ինձ թվում է՝ էստեղ շատ կարևոր է նաև հասկանալը, որ կոլեկտիվ, հոտային, մեծամասնությանը պատկանելու, բնազդային կարողությունը (երբ գերիշխող է), ոչ թե կարողությունը՝ էդ ինստինկտին հակադրելը ռացիոնալ մտածողության:

Դա երկրորդ պատճառն է, ինչը ևս շատ կարևոր է՝ ելնելով ձեր իսկ ասած ֆիզիոլոգիական բաներից:

Եվ երրորդը դա էն ա, որ սեփական ուղեղով մտածելու բացակայությունը:

Օրինակ, եթե հակասեմականության մասին ենք մտածում, հանրահայտ, հանրահայտագույն փաստ ա, որ «Протоколы сионских мудрецов» – դա ցարական ախրանկայի կողմից գրված փաստաթուղթ ա: Դա ոչ մեկի համար գաղտնիք չի, դրա մասին գրքեր կան գրված և այլն: Բայց մինչև այսօր այդ գրքույկը վերահրատարակվում է աշխարհի ամենատարբեր լեզուներով անգամ էն երկրներում, ասենք Ճապոնիայում, որտեղ որ ոչ հրեաներ կան, ոչ էլ երբևէ, կամ Հայաստանում, կամ նման տեղերում և դա…

Այսինքն՝ էդ հոտին բնորոշ, կոլեկտիվին բնորոշ (վարք, մոտեցում), և այլն:

Եվ մեկ այլ բան էլ կա, որ ամենաահավոր, ամենաֆանտաստիկ գաղափարները կարող են ընկալվել, թվում է, թե ռացիոնալ մարդկանց կողմից որպես նորմա:

Եվ էդտեղ, եթե էլի էդ օրինակներին գանք, ասենք՝ Բեյլիսի հայտնի գործն է, որ դեռ ցարական ժամանակներում, կամ Դրեյֆուսի գործ, և այլն, բազմաթիվ նման օրինակներ կան հենց դավադրությունների տեսության, երբ որ հասարակության լայն զանգվածները պատրաստ էին ընդունելու որպես ճշմարտություն:

Եվ այստեղ մեկ այլ կետ է առաջանում. դա փաստերը կարծիքներից, կամ փաստերը դատողություններից զատելու կարողությունն է, որ ևս բնորոշ է համակարգային մտածողությանը: Եվ պատկերացում է, որ, այո, գոյություն ունեն փաստեր, և կարծիքը և փաստը տարբեր բաներ են, հա՞:

Ինձ թվում է՝ այսօր ևս դա շատ ակտուալ է, որովհետև մարդկանց հետ խոսում ես, ասում են.  «դա իմ կարծիքն է»: Կարծիքը փաստ չի, և դա զատելու, դա հասկանալու, դա ընդունելու կարողությունը ևս էդ գծային, արխայիկ և այլն ուղեղների համար բարդ խնդիր է: Ուրիշ բաներ էլ միգուցե կասեի, բայց հետո:

ՄՀ – Քանի որ Բելլան սկսեց խոսել, ես երկու բան հիշեցի, որ ուզում էի նշել. էդ արխայիկ-գծայինին մի հատ էլ տերմին ավելացնեմ, որ կարող ա էլի նկարագրի՝ դա իրավիճակայինն ա, այսինքն դու ոչ ռեֆլեկտիվ կերպով, իրավիճակից բխած արձագանքում ես իրողությանը:

ԻՍ – Դա հոտայինին մոտ ա, էլի։

ՄՀ – Չէ, ես նկատի ունեմ, որ դու արձագանքում ես՝ ոչ թե անելով ռեֆլեքսիա ու ռեֆլեքսիայի արդյունքում, այլ արձագանքում ես ըստ քո տվյալ րոպեի իրողության: Հա՛, նու, ախր նա էլ ա կարծիք՝ ռեֆլեկտիվն էլ ա կարծիք, չէ՞: Դրանք երկուսն էլ կարծիք են, բայց տարբեր կարծիքներ են իհարկե:

Մեկ էլ հիշեցի՝ ինչի՞ էր մտքովս էդ հունական դիցաբանությունը անցնում. էս երկրորդ սյունյակը, որ գրած ա էստեղ՝ առաջնորդ, էդ բանը՝ ոլորտային ամենակարողությունը՝ մարդ, էֆֆեկտ և այլն, և այլն, լրիվ բանի՝ պոլիթեիստական պանթեոնի պատկեր ա իրանով, հա՞:

Այսինքն՝ ամբողջ պիրամիդան պոլիթեիզմը բան ա անում՝ նկարագրում ա շատ ցայտուն, ու փաստորեն նման փորձը՝ էդ բոլոր կոնսպիրոլոգիական տարբեր ակտերը, իրանք, ըստ էության, էսպիսի պանթեոնների ստեղծման մեխանիզմով են իրականացվում:

Ռոբերտ Ղազինյան (ՌՂ) – Շնորհակալություն, ես էլ մի քանի բան ավելացնեմ: Առաջինը. փաստերի հետ կապված, իմ կարծիքով, հենց կոնսպիրոլոգիայի ամենաուժեղ կողմը էն ա, բացասական առումով, որ ցանկացած փաստ կարող է դրվի կասկածի տակ, և կոնսպիրոլոգիան հենց դրանով է սնվում, որ փաստերը, իրականությունը դնում է կասկածի տակ:

Դրա վառ օրինակներից մեկը՝ էս վերջերս Միացյալ Նահանգներում արդեն առաջացած էս նոր եզրույթը՝ «alternative facts»՝ այլընտրանքային փաստեր հասկացությունը, որը ինքնին աբսուրդ ա: Դա ասվել էր Տրամպի… (-Պոստճշմարտությունը նույնպես) դա ասվել էր Տրամպի նախընտրական քարոզարշավի ղեկավարի կողմից, երբ նրան բավականին բարդ հարցեր տրվեցին. այլընտրանքային փաստեր:

ԳՏԳ  – Հիմա է ասվել:

ՌՂ  – Այո, երբ որ…

ԳՏԳ – Ձևավորվել է ինչի՞ վերաբերյալ՝ որ ժողովուրդը, որ հավաքվել էր նրա ինաուգուրացիային, Տրամպը ասում է, որ ամենաշատն է եղել երբևէ եղած: Իրականում այդպես չէ. ու երբ բռնվեց այդ սուտը՝ նրա այդ խոսնակը ասաց, որ դա այլընտրանքային փաստ էր:

ՌՂ – Իմ կարծիքով կոնսպիրոլոգիան շատ նման ա էն երևույթին, երբ հնադարյան ժամանակներում մարդիկ չէին հասկանում, թե, օրինակ, կայծակը ինչի՞ց է առաջանում, անձրևը ինչի՞ց է առաջանում, ձյունը ինչի՞ց է առաջանում, և իրենց պատկերացումներով սկսում էին բացատրություններ տալ էդ երևույթներին. շատ, շատ նման են:

Մենք կարող ենք դա հետևել նաև այս պահին աշխարհում, երբ մարդիկ չեն հասկանում ուղղակի, թե ի՞նչ է կատարվում, և իրենց պատկերացումների համաձայն բացատրում են իրադրությունները: Էստեղ Բելլայի ասած գծային մտածելակերպն ա շատ էդ առումով գործում:

Եվ վերջին բանը, որ ուզում էի ասել. դա այն է, որ կոնսպիրոլոգիան՝ դավադրության տեսությունները, սովորաբար շատ պարզ, մեկ կամ երկու քայլից մաքսիմալ, բաղկացած գործողություններ են: Դժվար է պատկերացնել տեսություն դավադրության, ինձ, համենայն դեպս, հայտնի չի, որը մի քանի քայլ ա իր մեջ պարունակում:

Այսինքն սա ևս խոսում է պարզության մասին, իսկ մենք գիտենք, որ նման համաշխարհային դավադրությունները… մենք մեր փոքր գործից գիտենք, որ ցանկացած աշխատանք, օրինակ՝ ինչ որ մի բանի՝ նյութի տպագրություն, պարզ աշխատանք, կարող է ամիսներ տևել: Իսկ նման մեծ մաշտաբով դավադրություն կազմակերպելը կարող է տևել տարիներ: Այո՛:

ՄՀ – Հարցս հետևյալն է. ի՞նչ անեն մարդիկ, ովքեր որ զուրկ են տեղեկատվությունից: Այսինքն՝ իրանք պե՞տք է ինչ-որ բանով լցնեն էդ բացը, բայց այլ բանով էդ բացը լցնելու հնարավորություն չունեն, ու դա շատ հաճախ ճարահատյալ քայլ է, որովհետև դու պետք ա էդ բացը ինչ-որ բանով լցնես, որ կարողանաս ապրես ու կողմնորոշվես էն տարածքում, էն տիրույթում, որում ապրում ես:

Ու դա էն պարարտ հողն ա նման տիպի տեսությունների և այլնի համար, որը որ… այսինքն՝ ցանկացած մարդ միշտ ունի էդ բացերը լցնելու անհրաժեշտություն, և եթե ինքը չունի բավարար տեղեկատվություն այդ բացը լցնելու՝ ինքը լցնում ա նրանով, ինչով որ կարողանում է:

ԻՍ – Չգիտեմ, ես էդքան էլ՝ երկուսի հետ էլ մասամբ համաձայն եմ, բայց մասամբ համաձայն չեմ:

Որովհետև կյանքը ցույց է տալիս, որ ամենապարզ մարդիկ, և շատ քիչ տեղեկատվություն ունեցող, Եզան գյուղում՝ սարի գլխին, կարող են շատ սթափ դատողություններ ունենալ:

Եվ շատ էրուդիցիա, պաշար և այլն ունեցող մարդիկ դառնան դավադրությունների տեսության անկեղծ կրողներ և տարածողներ, ոչ թե ճարտարապետներ, ովքեր շատ սթափ մարդիկ են, այլ անկեղծ զոհեր:

Եվ ես վստահ չեմ, որ դա միշտ տեղեկատվության պակասի կամ ավելցուկի հարց է: Ինձ համար դա մտածողության, ուղիղ, մաքուր մտածողության հարց է: Այստեղ ես կասեի, որ դա… օրինակ՝ պարզ օրինակ. Գրոսմանի գրքում, որը կոչվում է «Добро вам!»՝ «Բարև ձեզ», էդտեղ Հայաստան այցելության մասին է: Էդտեղ՝ գնում է ինչ-որ մի գյուղում, մի ծեր մարդ ասում ա. «Հա, դու հրեա ես, ես, օրինակ… Էս տրագեդիա ա» և այլն՝ այսինքն շատ սթափ, շատ նորմալ: Բայց միևնույն ժամանակ դու կարող ես ինչ-որ մի այսպես կոչված ինտիլիգենտին հյուր գնալ և ամեն տեսակի ստերիոտիպներ ու դավադրության տեսություններ լսես՝ համեմված ամենաբարդ դատողություններով: Դրա համար ես վստահ չեմ, որ դա ուղիղ կապ ունի ինֆորմացիայի հետ:

ԳՏԳ – Իհարկե ավելի բարդ է կապը, որովհետև… ես դրա համար օգտագործեցի «արխայիկ ուղեղ» հասկացությունը, քան թե՝ այլ, որովհետև արխայիկ ուղեղը հատուկ է մարդկանց, ամեն մարդուն միշտ՝ բոլոր ժամանակներում: Դա մի մասն է մարդու հոգեբանության, մտածողության և այն մեխանիզմի, որը կառավարում է մարդու վարքը:

Ես հիմա կփորձեմ… Շատ շնորհակալություն բոլոր քոմենթների համար, դրանք ինձ հնարավորություն են տալիս անցնել երկրորդ փուլին: Ձեր ասածները, փաստորեն, որոշակի ռեակցիաները, ես արդեն որպես երկրորդ փուլ էի նախատեսել, դրա համար հիմա իմ մոտեցումները, կարծիքները կասեմ:

Նախ սա ես հարցական եմ դնում, գծայի՞ն, թե՞ համակարգային, որովհետև, իհարկե, այստեղ (երբ կարծում են որ որոշումից իրագործում արանք չկա) գծայինի վառ արտահայտություն է՝ գծային մտածողության, հավատը, որ միանգամից է լինում և այլն։ Բայց ինչո՞վ է տարբերվում կոնսպիրոլոգիան, ինչո՞ւ նա հաճախ կարող է քաշող լինել՝ թեկուզ որպես արկածային ինչ-որ իրադրություն: Ինչո՞ւ, ասենք, մինչև էդ Պրոխանովը կամ Դուդինը դարձան պուտինյան համակարգի խոսափողներ, նրանց տեքստերը երբեմն պարզապես հետաքրքիր էր կարդալ, ոչ թե համաձայնելու համար, այլ մտածողությունը տեսնելու համար: Որովհետև դրանք իհարկե համակարգային են ու բարդ համակարգային են: Եվ այստեղ կարելի է շատ երկար խոսել այն մասին, թե ի՞նչ է համակարգը, ո՞րն է համակարգային մտածողությունը, վերսուս ոչ համակարգային մտածողությունը: Ես այստեղ դրա համար կնշեմ (որ հետո քննարկենք): Ես համակարգայինին հակադրում եմ մոնադայինը, հակադրում եմ, և կբացատրեմ, թե ինչո՞ւ:

Մյուս հարցը. պատճառահետևանքայինի մասին էլ շատ խոսելիք կա այստեղ:

Մյուս հարցը. տեղեկատվության պակա՞ս, թե՞ ավելցուկ, թե՞ երկուսը խառը: Ուրեմն՝ էդ առումով ասեմ: Ուրեմն՝ կան հանգամանքներ, որոնք օգնում են կոնսպիրոլոգիական մտածողության ձևավորմանը, հանրային հանգամանքներ, և անկախ նրանից, դրանք կանխամտածվա՞ծ են, թե արդյո՞ւնքն է այդպիսին, նրանք օգնում են: Ինչպես ես ասացի՝ ռազմական ինստիտուցիայի գոյությունը, անվտանգության ինստիտուցիայի գոյությունը օգնում է: Եթե նա գերաճած չէ՝ նրա նշանակությունը տվյալ հասարակության մեջ, կամ մարդկանց ուղեղների մեջ, ապա նա կարող է քիչ ազդել, հա՞, ստեղծել, ինչպես ես ասացի, մասնակի, օգնել, որ ստեղծեն մասնակի կոնսպիրոլոգիաներ:

Եթե նա գերաճած է կամ ուռճացված է պրոպագանդայի շնորհիվ, կամ իրոք ժողովուրդը ապրում է վտանգի տակ, ապա նա կարող է ստեղծել համընդհանուր կոնսպիրոլոգիայի, ավելի պարարտ հող դառնալ համընդհանուր կոնսպիրոլոգիայի համար: Ուրեմն՝ կան հանգամանքներ:

Մյուս հանգամանքը, որ ես ուզում էի նշել, դա, իհարկե, բանն է, այն, ինչ մենք անվանում ենք «շշի վզիկ»:

Երևի հիշում եք, լսել եք, որ ես շատ անգամներ ասել եմ, որ ռուսաստանյան կառավարման համակարգը Պուտինի ժամանակ վերածվել է էսպես կոչված «բոթլնեքային» (bottleneck) համակարգի, կամ շշի-վզիկային համակարգի: Դա ի՞նչ է նշանակում: Որ այստեղ (հիերրարխիայի գագաթում) կա (միայն) մեկը…

Եվ հետաքրքիրն ի՞նչն է: Որ, ըստ իմ հասկացածի, ոչ միայն սա մարդկանց ուղեղներում է տարածվել, որ այսպես է, բայց իրականու՛մ ինստիտուցիան փորձել են այսպիսին դարձնել:

Որ այստեղ կա մեկը, որը լիքը բան է տեսնում, բայց քանի որ նա ունի մասնակի հնարավորություններ, նա այդ տեսածներից միայն որոշ բաները կարող է ուղարկել ներքև իրագործման համար: Ուրեմն, եթե սա մեկն է, նրա հնարավորությունները քիչ են: Եթե սա մի հատ ալֆա որձ է, աշխարհում նրա օրիենտացիան՝ նրա կողմնորոշումը, շատ հազվադեպ դեպքերում է, որ հանգեցնելու է որոշման, որը իրագործվի:

Ուրեմն, մյուս կողմից, այստեղ կա լիքը, չգիտեմ, մարդ, ցանկություն, ազդակ, որը պիտի իրեն հասնեն, գալիս են ներքևից դեպի վերև, բայց քանի որ շիշը նեղ է՝ վզիկը նեղ է, միայն որոշներն են այստեղով անցնում:

Ուրեմն՝ այսպիսի շշի-վզիկային համակարգ ստեղծելը օգնում է, որպեսզի հեշտ լինի հարցերը մեկնաբանել որպես կոնսպիրոլոգիա: Եվ դա եղել է և՛ ստալինյան ժամանակ, դա հիմա պուտինյան է, անկախ նրանից, որ այս ժամանակը ավելի քիչ մարդ է սպանում կոնկրետով, բայց նույն համակարգն է, որ կա այդ «ալֆա որձ»-ը: Այսինքն այդ ռազմական, արխայիկ պաշտպանության ձևը՝ մարդու մարմնով, և հարձակման ձևը, դրվում է ամբողջ բարդ հասարակության վրա:

Այստեղ ի՞նչ է տեղի ունենում: Մենք արդեն ասացինք, որ ոչ մի որոշում իրագործվելու դեպքում հավասար չէ իրագործման արդյունքին: Այսինքն՝ որոշումը ինչ-որ տեսական բան է, ինչ-որ աննյութ բան է, երբ դու իրագործում ես՝ իրագործման արդյունքը իրական ինչ-որ արդյունք է, որը շատ ավելի բարդ է, շատ ավելի ունի տվյալներ:

Երբ որ շշի վզիկը գոյություն ունի՝ ի՞նչ է տեղի ունենում. կամ պիտի որոշումը աղավաղվի, կամ շատ քիչ որոշումներ ու շատ կարճ, հեշտ իրագործելի որոշումներ կարող են առանց աղավաղման տեղի ունենալ: Իսկ քանի որ շշի վզիկի դեպքում նեղ է, չի աշխատում հետադարձ կապը, բնականաբար աղավաղումը ամբողջ իրադրության սկսում է խորանալ և՛ իրականության մեջ, և՛ տեքստի մեջ:

Ինչպե՞ս է գործում նորմալ համակարգը: Նորմալ համակարգը այստեղ (որոշման և իրագործման միջև) ավելացնում է… ավելացնում է շղթաներ: Նա տեսնում է այս շղթաները: Նա չի կարծում, որ ես այսօր հրամայեցի, որ վաղը բոլոր, չգիտեմ, բաները, ասենք թե՝ մորուքավորները մորուքները խուզեն՝ և վաղը դա իրագործվեց:

Նա ընդգրկում է, ասում է. «ի՞նչ ես կարծում, էս որոշումը ընդունենք, թե՞ էն որոշումը». շղթա է ստեղծում մինչև որոշման գալը, և նա հաշվի է առնում, որ ի վերջո ողջ որոշման արդյունքը այս ողջ իրագործումն է իր բոլոր (շղթայի) անդամներով, և ինչքան շատ մարդ է ընդգրկվում այդ որոշման մեջ, այնքան տարածությունը փոքրանում է անցման, և արդյունքում ստեղծվում է մեկ այլ բան. կրկին ոչ այն, ինչ ծնվել էր մեկ որոշողի ուղեղում, սակայն այդ որոշողը դա գիտակցել էր նախօրոք, և ամբողջ արդյունքը որոշման ինչ-որ չափով երևակայում է. էլի ոչ լրիվ, բայց ինչ-որ չափով երևակայում է:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում այս (շշի վզիկի, հրամանի) դեպքում. մարդու ազատության սահմանների փոքրացում: Այսինքն՝ այս իրադրության մեջ չկան այս մարդիկ, որոնք ազատ են մեկնաբանել որոշումը, հետադարձ կապ ապահովել, բացատրել՝ իսկ ինչպե՞ս կարելի է դա փոխել, և այլն, և այլն: Ազատությունը սահմանափակվում է:

Ուրեմն՝ մի ձևը ազատության սահմանափակման սա է, որ ազատությունը փոքրանա, մյուս ձևն էլ այդ ճշմարտության և սուտի խոսակցության հետ կապված: Ուրեմն՝ պրոպագանդիստական մեքենան ստեղծում է էլի հարմար իրադրություն (ազատության սահմանափակման):

Եվ էստեղ հարց է. արդյո՞ք (լուծումը) ճշմարտությունը իմանալն է, թե՞ ոչ (այլ լուծում կա): Որովհետև Միքայելը, որ ասում էր, ես հիշում էի միշտ հաճույքով Հրանտ Մաթևոսյանի խոսքը, որ ասում էր. «Ժողո՛վուրդ է, – «Աշնան արև»-ում Աղունն է կարծեմ ասում, – ժողո՛վուրդ է. իսկու՛թյունը չգի՛տի՝ պարտա՛վոր է հորի՛նել»:

Ուրեմն՝ իրոք էդպես է դա, բայց մենք ունենք մի քիչ ուրիշ իրադրություն:

Նախ մենք ունենք ինֆորմացիայի տարափ: Եվ դրա վերաբերյալ մենք մեկ այլ հաղորդում ենք արել, քննարկել ենք այդ հարցը: Եվ էդտեղ մարդ պիտի կողմնորոշվի:

Այսինքն՝ մենք իրականում ունենք ինֆորմացիայի, եթե քանակով ես նայում, ավելի մեծ քանակ, որի մեջ կորչում է այն, որը մեզ պետք է ճիշտ որոշում կայացնելու համար, և որի մեջ գուցե չկա էլ դա: Բայց քանի որ քանակը մեծ է, իսկ դու պաշտպանական միջոցները դեռ լավ չես ստեղծել, թե ինչպես դրա հետ գործ ունենալ, դու գուցե չես էլ հասկանում, որ այ, այստեղ, եթե իսկությունը իմանայինք՝ կպարզվեր:

Դրա համար, իմ կարծիքով, այն բոլոր պրոյեկտները, որոնք անում են հետաքննող ժուռնալիստները, հակապրոպագանդիստական կայքերը, որոնք ասում են «այ սա սուտ է», մեկ սուտը բռնում և մերկացնում են՝ ցույց են տալիս, որ դա սուտ է՝ դա քիչ է:

Որովհետև ինֆորմացիայի տարափը այնքան ուժեղ է, որ պետք է հասկանալ այդ մեխանիզմը, թե այդտեղ ի՞նչ է կատարվում: Այդ առանձին կետային հակադարձումներով՝ ռեակտիվ հակադարձումներով, դու երբեք չես կարողանա ինֆորմացիայի տարափի հետևից ընկնել:

Եվ ինֆորմացիայի տարափը ունի աղավաղման երկու գործակից. մեկը՝ դա տեխնոլոգիան է, այսինքն՝ մարդու կամքից դուրս տեխնոլոգիապես է ինֆորմացիայի տարափը շատանում, մյուսը՝ դա մտածված, կարելի է ասել՝ դավադրական պրոպագանդայի օգտագործումը այդ տեխնոլոգիայի զարգացման (հետ)՝ այսինքն, որ հատուկ շեղող ինֆորմացիաներ են տարածում:

Կրկին Դոնալդ Թրամփի մասին խոսելիս, օրինակ, Լատինինան լրիվ այլ կարծիք է արտահայտում, ասելով, որ այդ կանանց ելույթը սխալ էր և շեղող էր, որովհետև գլխավոր հարցը դա այն է, որ կանանց իրավունքները խախտվում են Սաուդյան Արաբիայում և նման երկրներում, և այդ կանայք երբևէ ելույթ չեն ունեցել դրա դեմ:

Ես չեմ ասի, որ ես համաձայնում եմ Լատինինայի արգումենտին, որովհետև նա մոռանում է հեռավորությունն ու մոտիկությունը, այսինքն՝ Սաուդյան Արաբիան Ամերիկայից հեռու է։ Բայց նա ասում է. եթե այդ կանայք ելույթ չեն ունեցել ամենավատ դրսևորումների դեմ մարդու իրավունքների խախտման՝ կնոջ իրավունքների, և հանկարծ նրանք հավաքվել են, որովհետև Դոնալդ Թրամփը մեկ-երկու ինչ որ խոսք է ասել տգեղ, ոչ քաղաքականապես կոռեկտ, – ասում է, – դա ցույց է տալիս՝ ինչքա՜ն ծանծաղ է նրանց կարծիքը և ինչքան նրանք պատեհապաշտ են իրենց ռեակցիայում, և այլն, հա՞:

Էստեղ կա և ճիշտ արգումենտ, և սխալ:  Ճիշտը… Սխալը այն է, որ բնական է, մարդիկ ռեակցիա են տալիս, էն էլ մեծ քանակներով, անմիջական վտանգին: Բայց ուզում եմ ասեմ՝ ուրեմն այդ, ուրեմն շեղող… Եվ Լատինինան ասում ա, որ սա շեղող պրոպագանդա է՝ հարցի խորքից շեղող իրադրություն է. թող Թրամփի վրա հարձակվեն, փոխանակ քննեն աշխարհի գլխավոր հարցերը (ստացվում է). դա է նրա արգումենտի իմաստը:

Ուրեմն՝ ի՞նչ է տեղի ունենում պրոպագանդայի դեպքում, մտածված պրոպագանդայի դեպքում: Ճիշտը սուտացվում է, և մենք էլի խոսել ենք դրա մասին այլ քննարկումներում: Ես նշեցի «Օվերտոնի պատուհանը»[2] և այլն. ճիշտը սուտացվում է, սուտը ճշտացվում է:

Այսինքն՝ «Ստալինը մեծ առաջնորդ էր, հանճար»՝ սուտը ճշտացվեց, «Ստալինը մարդասպան չէր և նրա ժամանակ Խորհրդային Միությունը ծաղկում էր»՝ ճիշտը սուտացվեց:

Դրա ընդհանուր հայտարարը բերում է մի իրադրության, երբ կա կես ճիշտ ու կես սուտ կամ չկա ոչ ճիշտ, չկա ոչ սուտ:

Էստեղ, այ էս մասում, մեթոդաբանությունները մարդկային ռեակցիաների կաղում են. իսկ ինչպե՞ս կողմնորոշվել: Եվ էստեղից գալիս է Միքայելի այն թեզը, որ «ինչպե՞ս կողմնորոշվել», որի մասին մենք մի քիչ խոսել ենք: Դա առնչվում է համակարգայնության հետ: Իրականում մարդը իր բնազդից ելնելով, փորձելով տարափի տակ կողմնորոշվել, հակված է համակարգայնացնել այն, ինչ պետք չէր համակարգայնացնել: Ուրեմն՝ գլխավորագույն հաջողություններից մարդկային քաղաքակրթության՝ եղել է անալիտիզմի ստեղծումը:

Կար սինկրետիկ մտածողություն, որը հենց էդ միֆոլոգիական… Ասենք՝ ի՞նչն է սինկրետիկ մտածողությունը. որ դու ասում ես՝ Ֆաետոնը արևելքում դուրս եկավ, արևմուտք մտավ. արևը դու որպես Ֆաետոն աստվածություն ես մեկնաբանում, բայց այն, որ արևելքից դուրս եկավ արևմուտք մտավ, դա իրական, ստուգված, հեշտ ստուգելի տեղեկություն է։ Այսինքն՝ այստեղ կա իռացիոնալ մեկնաբանության և ռացիոնալ դիտարկման համադրում: Դա է սինկրետիկ մտածողությունը, որը հատուկ է մարդկությանը դարեր ի վեր, մինչև միջին դարերը, որի հենց հաղթահարումն էր Վերածնունդը գիտության մեջ և այլն, բայց մինչև այժմ էլ դա շատ հատուկ է՝ իռացիոնալ-ռացիոնալի համադրումը:

Ուրեմն, երբ սինկրետիկ մտածողությունը, որը արխայիկ մարդուն շատ հատուկ է, միավորվում է համակարգային մոտեցմանը, դավադրության տեսությունը էլ ավելի մեծ հնարավորություն է ստանում զարգանալու:

Իսկ ինչո՞ւ հենց համակարգային մոտեցմանը: Հիշո՞ւմ եք, որ ես սկսեցի խոսքս նրանից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում միայն մասնակի դավադրության տեսություններ եմ տեսել և քննել: Եվ երբեք որպես էդպիսի համաշխարհային վտանգ, հա՞, կամ երևույթ ընկալել, համենայն դեպս իմ գիտեցածով, (ԱՄՆ-ում արտահայտված չի եղել):

Որովհետև մոնադային մտածողությունը, անալիտիկ մտածողությունը, երբ դու մտքումդ պահում ես (կախված) մի բան առանց համակարգի մեջ մցնելու՝ դա հենց անգլո-ամերիկյան գիտության, մոտեցման, փիլիսոփայության հայտնագործումն է եղել: Իհարկե դա չի բացառում, որ եղել են որոշ նաև կոնտինենտալ մտածողներ միջին դարերից հետո՝ Վերածննդի ժամանակաշրջանում, որոնք նույնպես դա՝ անալիտիզմը զարգացրել են, բայց ընդհանուր առմամբ, որպես մշակույթ, դա իհարկե պատկանում է անգլո-ամերիկյան մտածողությանը: Ես չեմ կարող ասել՝ ինչպե՞ս է վիճակը բուդդիզմում, չգիտեմ և շատ աղոտ կարող եմ ասել՝ իսլամում, գուցե Միքայելը ասի:

Բայց ի՞նչն է այստեղ հետաքրքիր. որպես օրինակ ես միշտ բերում եմ դատավարական համակարգի օրինակը:

Անգլոամերիկյան մտածողության մեջ ինչքան էլ օրենքները ընդունված լինեն, ինչքան էլ նրանք մեկնաբանվեն, դատավորը, առանց համակարգելու իրավունքի՝ պարզապես իր հեղինակության իրավունքով՝ նրանով, որ նա նշանակվել է դատավոր՝ նա իրավունք ունի որոշում ընդունել:

Եվ կլասիկ օրինակը Ռոնալդ Դվորկինի օրինակն էր, որ ասում է. այգի է, այգու մուտքի մոտ գրված է «Ոչ մի տեղաշարժվող մարդատար սարք այգում»: Կներեք երկար թարգմանության համար, անգլերեն մի բառ է՝ vehicle: “No vehicle in the park”: Ասում է. «Ոչ մի մարդատար տեղաշարժվող սարք այգում»: Հիմա. անգլերեն՝ դրա մեջ մտնում է և՛ հեծանիվը, և՛ ավտոմեքենան: Պարզ է, որ ավտոմեքենան չպիտի այգի մտնի, բայց հեծանիվն է մտել, և մի որևէ Յառավայա, մի շատ նվիրված ռուս կին, տեսնելով դա, դատի է տալիս, ասում է, որ այստեղ արգելք կա. երեխային դատի է տալիս կամ նրա ծնողներին, որ նա հեծանիվ է քշում:

Հիմա դատավորը պիտի որոշում ընդունի:

Ինչպե՞ս որոշում կընդունի ամերիկյան դատավորը, վերսուս ինչպե՞ս որոշում կընդունի կոնտինենտալ, ոչ միայն ռուսական, որովհետև այս մոտեցումը՝ համակարգայինի գերաճածությունը, կապված է բյուզանդական մշակույթի հետ, հազարամյա բյուզանդական պետության հետ, նրա բյուրոկրատիայի հետ, որը ազդել է և՛ Ֆրանսիայի, և՛ Գերմանիայի, ամբողջ կոնտինենտի վրա, և իհարկե շատ ուժեղ Ռուսաստանի, և նույնիսկ Օսմանյան Թուրքիայի:

Ինչպե՞ս կընդունի որոշում: Պարզ է, որ շատ հավանական է, որ կոնտինենտալ դատավորը ասի «արգելված է, շտրաֆ» կամ նույնիսկ ավելի վատ՝ «գնդակահարություն»:

Հետո դիմեն, սկսեն քննարկել, ասեն, որ անարդար է, և այլն:

Ամերիկյան դատավորը միանգամից կասի. «տրամաբանորեն ես հասկանում եմ, որ սա ուղղված էր ոչ թե հեծանիվների դեմ, այլ ավտոմեքենաների դեմ, որ օդը չփչացնեն», և այլն, և այլն: Ու կասի, որ «չէ, սա իհարկե էս երեխային չի վերաբերում»: Ու նաև ռեկոմենդացիա կանի, կառաջարկի, որպեսզի ավելի ճշգրտեն, որ խոսքը գնում է ինչպիսի՛ շարժական մեքենաների վերաբերյալ, և քաղաքային կառավարումը կընդունի այդ որոշումը և կփոխի այդ ձևակերպումը:

Դա շատ կլասիկ օրինակ է, որ ցույց է տալիս, որ սեփական մոտեցումդ, սեփական խելքդ, էսպես ասած՝ «здравый смысл», հա՞, մի խոսքով, էդ ուրեմն առողջ բանականությունը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած համակարգային հիմք:

Ուրեմն դրա համար է, որ այդ մոնադային մտածողությունը (թույլ է տալիս, որ)՝ դու չես մտածում, որ «հա, ուրեմն այս օրենքներում այսպես է ասված, ուրեմն սա սա է նշանակում, ուրեմն ես պիտի…»: Դու նայում ես իրականությանը, որը անկախ է այն ամբողջ նախորդ ամբողջությունից:

Եվ նույնը մենք հիմա ենք տեսնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ դատավորները որոշում են ընդունում Թրամփի որոշման դեմ, հա՞: Նրանք որոշում են, իհարկե, հիմնավորված նախորդ փաստաթղթերով, սակայն իրենց առողջ բանականության հիման վրա: Տեսնենք, թե դա ինչով կվերջանա:

ԻՍ – Մեկին արդեն գործից հանել են:

ԳՏԳ – Ո՞ւմ: Մեկի՞ն, հա: Տեսնենք, դա պայքար է, տեսնենք, ի՞նչ է լինելու դրա վերջը:

Բայց խնդիրը այն է, որ համակարգային մոտեցումը, հին պետականությունը, որը միշտ վերևից էր քո վրա դրված, ոչ թե դու ես ստեղծել, հա՞, բոթլնեքային վզիկը… Նեղ-վզիկային պետականությունը պարարտ հող են հանդիսանում, պլյուս պրոպագանդան՝ ճշտի սուտացումը, ստի ճշտացումը, ինֆորմացիոն տարափը, այդ բոլոր հանգամանքները պարարտ հող են հանդիսանում, որպեսզի կոնսպիրոլոգիական տեսությունները ծնվեն ու ձևավորվեն:

Ուրեմն՝ սա (կոնսպիրոլոգիան) ոչ թե համակարգայինի բացակայություն է, այլ սխալ համակարգայինի ուռճացում, իմ կարծիքով:

Կա նաև շատ կարևոր դատողություն պատճառահետևանքային կապի մասին, գուցե ես դա էլ ասեմ, ավարտեմ, կոմենտարներ անենք, և մենք դրանով ավարտենք էս առաջին մասը համենայն դեպս:

Ուրեմն՝ տեսեք պատճառահետևանքայինը. ես դա ինչ-որ չափով ասեցի, բայց էդքան մանրամասն չասեցի: Էստեղ տեղի է ունենում պատճառահետևանքայինի շրջում ուղեղում: Ինչո՞ւ: Որովհետև պատկերացրեք, որ, ասենք թե, էլի ռուսական ռեֆորմներից խոսենք, բանը… նու՝ երեխաների որդեգրելն արգելելը, հիշում եք, հայտնի էդ «Закон Димы Яковлева»:

Ուրեմն՝ երեխաների որդեգրելն արգելելը կարելի է, և եղել է, ռուսական, ռուսաստանյան հրապարակախոսության մեջ մեկնաբանել որպես կոնսպիրոլոգիա: Ի՞նչ իմաստով – որ դա արել են մանկատների տնօրենների լոբիստները, որպեսզի պետությունը փողը չքչացնի մանկատների համար, որ իրանք շատ գողանալու բան ունենան, որովհետև եթե բոլոր երեխաներին սկսեին աշխարհով մեկ որդեգրել՝ մանկատների քանակը կքչանար…քանակը կքչանար, փողը կքչանար, և ուրեմն նրանք կտուժեին: Շատ այդպիսի մեկնաբանություններ կան:

Այստեղ ի՞նչ է տեղի ունենում. պատճառահետևանքային կապի խախտում: Ուրեմն՝ քանի որ մանկատները չփոքրացան՝ մեծացան, մնացին նույնը, որովհետև չի կարելի բան անել[3], նրանց եկող փողը ինչ-որ չափով պետության կողմից չքչացավ՝ մնաց նույնը: Սա (չորդեգրելը) պատճառն է, սա (մանկատներին տրվող փողի չպակասելը) հետևանքը: Կոնսպիրոլոգը ասում է. «Քանի որ սա շահեկան էր այսինչ խմբին, ուրեմն այսինչ խումբը եղել է սուբյեկտը այս գաղափարի ու այս գործողության, հաջողակ սուբյեկտը»:

Դա է մեխանիզմը նույնպես. պատճառահետևանքային կապի վերաիմաստավորումը այս սկզբունքներով, որ «կար մի գաղտնի խումբ, որը կարողացավ դա իրագործել. (քանի որ վերջում պարզվեց, որ այս զարգացումն այս խմբին շահավետ դուրս եկավ, ուրեմն նախօրոք հենց այդ խումբն էր հեղինակն այդ զարգացման)»:

Այսքանով ես իմ ասելիքի առաջին մասը ավարտում եմ և խնդրում եմ կոմենտարներ, եթե կան՝ արեք, և դրանով… Խնդրեմ:

ԻՍ – Ես Ռոբի ասածին եմ անդրադառնում, բայց միգուցե սրա նման մի բան կար: Ինձ թվում է, հարցը ոչ միայն բարդ բաների պարզեցման մեջ է, այլ նաև պարզ բաների բարդեցման: Այսինքն՝ միակողմանի ուղղություն չի, և էդ բարդեցնելու մի քանի լավ օրինակ կա: Մեր դիտողներին, օրինակ, խորհուրդ եմ տալիս Էկոյի «Маятник Фуко» գիրքը կարդալ, որ այդ բոլոր «оккульт» ու թեոսոֆիաներ, չգիտեմ ինչ՝ ամբողջը հիմնված ա պարզ բաները չընկալելու և պարզ բաները բարդացնելու տրամաբանության վրա:

Եվ, օրինակ, Հայաստանին վերաբերող կոնսպիրոլոգիական տեսություն, որ ութսունութ թվականի դեկտեմբերյան երկրաշարժը ոչ թե երկրաշարժ է եղել, այլ ադրբեջանցիները, չգիտեմ, ռումբ են պայթացրել: (– Սովետական իշխանությունը): Դե տարբեր վերսիաներ եմ լսել՝ սովետական իշխանությունը, ադրբեջանցիները, չգիտեմ ինչ: Իրականում դա պարզ երևույթ է՝ երկրաշարժ, բացատրել ամենապարզ տարբերակով՝ երկրաշարժ: Դրան ամենաբարդ և ծաղկուն… Շատ մարդիկ կան՝ թվում է թե գրագետ, կարող եք դրան հավատալ՝ ես ինքս տեսել եմ ֆեյսբուքում, նորմալ մարդիկ, վերջերս դա ասենք «share» են անում: Օրինակ, կա պարզ բան, հա՞, որ, չգիտեմ՝ երկրագունդը պտտվում ա արևի շուրջ և… կամ, չգիտեմ՝ ամենապարզ, գիտական, ապացուցված փաստ՝ դու կարող ես տեսնել դրա ամենա-, թեոսոֆա-անտրոպոսոֆա, չգիտեմ ինչ, ամենաաննորմալ բացատրությունը: Եվ դրան հավատում են ոչ թե պարզ, սովորական, չգիտեմ՝ ռամիկ մարդիկ, այլ պրետենզիաներ ունեցող, ինտելեկտուալ թվացող, ինչ-որ էդ տիպի մարդիկ, որովհետև չի կարելի, որ պարզ լինի. արևը չի կարող ծագել արևելքում և…

Այսինքն այդտեղ ոչ միայն սուտը ճիշտ դարձնելու և ճիշտը սուտ, ես նման բան կգրեմ՝ որ պարզ բաները բարդեցնեն, իսկ բարդ բաներն էլ պարզեցնելու մեխանիզմը:

ԳՏԳ – Իրոք դրա մասին էլ խոսելու բան կա, բայց երևի մյուս անգամ, իսկ Կարմենին խնդրենք, խոսք տանք նաև ասի իր կարծիքը[4]:

Կարմեն Առաքելյան (ԿԱ) – Ես հիմա շատ սուբյեկտիվ կարծիք կհայտնեմ, բայց էս ամբողջ սեսիայի ընթացքում ես մտովի Օրուելի «Անասնաֆերմա» գիրքը կարծես թե վերընթերցեի: Երբ կարծես թե նման հեղափոխությունից հետո եկավ մի ճիշտ, որը հերքեց նախկին սուտը, և ամեն ինչ լավ է գնալու, հիմա արդեն ժողովրդավար պետություն է հաստատվելու: Եվ նորից մենք ժամանակի ընթացքում իրադարձությունների հետևանքով տեսնում ենք երկրորդ ստի հաստատումը: Հիմա ինձ մոտ մի այսպիսի մտավախություն է առաջանում. այնքան երկար ինչքան կա պետություն կամ պետականություն, պետականության գաղափար, արդյո՞ք կոնսպիրոլոգիայի զարգացումը չի խրախուսվելու և չի խորանալու:

ԳՏԳ – Դե գիտեք, կարճ պատասխանը տամ երևի, որ իհարկե պետության տեսակի հետ է կապված, և, երևի, կան որոշակի օբյեկտիվ պատճառներ. ինչո՞ւ այսօրվա աշխարհը հատկապես այդ վտանգը զգում է: Եվ եթե, ասենք, իրոք, Խորհրդային Միության փլուզումից հետո մարդկանց մի խոշոր մասը, համենայն դեպս արևմուտքում և նախկին Խորհրդային Միությունում, համարում էր, որ ինչ-որ իրենք տեսնում են՝ դա դա է… Հետո սկսվեցին որոշակի իրադարձություններ, որոնք ոչ միայն նախկին Խորհրդային Միությունում, այլև արևմուտքում կոնսպիրոլոգիական մեկնաբանությունների հնարավորությունները մեծացրեցին, և պետական նույնիսկ սպոնսորություն ստեղծվեց կոնսպիրոլոգիական մեկնաբանությունների: Ի՞նչ օբյեկտիվ պատճառներ էին դա. էլի տեխնոլոգիայի զարգացումը, ինֆորմացիայի հոսքը, և մի շարք այլ օբյեկտիվ պատճառներ ես կարող եմ կարճ թվարկել, բայց դա այլ քննարկման հարց է:

Այսինքն՝ այդ, էսպես ասած, այն, ինչ-որ կոչվում է անգլերեն «ցեղայնության զարգացումը» (տրայբալիզմի), որովհետև երբ փլվեց մեծ գաղափարը՝ սոցիալիզմ, կոմունիզմ և այլն, այն տրոհվեց ցեղայնության (տրայբալիզմի), որը ավելի արխայիկ գաղափար է, և ցեղայնությունը դարձավ հիմք գաղափարախոսության նոր երկրների, որոնք սկսեցին տառապել դրանից: Ընդհանրապես գաղափարական կառույցների ժամանակաշրջանի վերջը (եկավ). գաղափարական մոտեցումները, եկավ ժամանակ, երբ կարող են փոխարինվել միայն արժեքային մոտեցումներով, իսկ դա բարդ խնդիր է, որովհետև գաղափարը մեկ բան էր, արժեքային համակարգը (պարադիգման) այլ բան է:

Մարդիկ… Արժեքը մեթոդ է, վերաբերմունքի չափիչ է, իսկ գաղափարը նպատակ է՝ դեպի ո՞ւր գնալ: Լրիվ տարբեր պարադիգմաներ են սկսվում, և մարդիկ սովոր չեն դրան, ընկնում են էլի արխայիկայի գիրկը և այլն, և այլն:

Ինչ վերաբերում է Օրուելին, ապա իհարկե նրա և «Հազար ինը հարյուր ութսունչորսը», և «Անասնաֆերման» դասական են այս ամեն ինչի հետազոտության որպես շատ կարևոր փուլ, միջին՝ քսաներորդ դարի մեջտեղում տեղի ունեցած, անհերքելի կարևոր են հետազոտելու, կարդալու, հասկանալու համար և վերամեկնաբանելու: Ես վերամեկնաբանել եմ ըստ Ռուսաստանի իրադրությունների 2014 թվականի էսսեում[5], որին նորից հղումը մենք կկցենք էս նյութում: Ես սրանով ուզում եմ ավարտել այս առաջին մասը, երևի մի հատ էլ կունենանք խոսակցություն, որպեսզի վերջացնենք և պատասխանենք, կարծեմ Միքայելի, թե Ռոբի հարցն էր. իսկ ի՞նչ անել այդ դեպքում:

Շնորհակալություն։

 

Սղագրությունը՝  Տաթևիկ Ղահրամանյանի

Սղագրության ավարտը՝  փետրվարի 9, 2017թ․

 

[1] Մեկ այլ օրինակ՝ արդեն լուրջ և տիպական, այսօրվա ռուսաստանյան (և ոչ միայն) մտայնություններից. http://econet.ru/articles/82492-olga-chetverikova-idet-totalnaya-perestroyka-cheloveka-ili-chto-kroetsya-za-globalnym-obrazovaniem (նոթ մարտի 12, 2017 թ.)

[2] Տե՛ս նաև «Ներածություն տեքստի հանդեպ քննադատական մտածողության» (Jam Session 18)

[3] Որոշ արտասահմանիցներին արգելված է որդեգրել, մասնավորաբար ԱՄՆ-ի քաղաքացիներին, որոնք ամենաշատն էին որդեգրում:

[4] Մտքի համամասնությունն այն իրականությանը, որ ներկայացվում է, կարևոր հատկանիշ է, որն արժի առանձին քննարկել. դա միշտ չէ, կարծես թե, որ կախված է ունեցած տվյալներից, նաև մարդու հոգեբանական հակումն է՝ համամասն տեսնել իրականությունը, նաև՝ նույնիսկ առանց շատ տվյալների՝ մտածելու ճիշտ ունակություն ունենալ ձևավորած: Այս համամասնության խախտումը՝ պարզը բարդացնելը կամ բարդը պարզեցնելը, ի վերջո ցույց է տալիս իրականությանը չհարմարվելու հատկանիշ, որն, իր հերթին, ցուցիչ է հոգեբանական խանգարումների, թեկուզև թեթև: Ինչ վերաբերում է պարզը չբարդացնելուն՝ դա նաև քննարկվել է «Ինչպես դիմակայել ինֆորմացիայի տարափին» ելույթում, Օկկամի ածելու մետաֆորի մասին խոսելիս: (նոթ մարտի 11-ի, 2017 թ.)

[5] 2014, կամ բուրգաստանյան դիսկուրսի և կոնսպիրոլոգիայի հատկանիշները, Կամ արդյոք ումն ու ինչն է այն իննովացիան, որ Օրուելի համեմատ ավելացրեց բուրգյան 2014 թ. դիսկուրսը:

 

Print Friendly