Հայտերի ընդունում: Ընդունվում են խաղաղության ծրագրի մասնակցության հայտեր։

Click here to see the English version of this announcement

Ծրագրի նկարագիրը

Գերմանիայի Կանդիդ հիմնադրամը, Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ադրբեջանում Մարդասիրական հետազոտության միություն ՀԿ–ն համատեղ իրականացնելու են մի նախագիծ` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների մերձեցմանը։

Ծրագրի շրջանակներում երկու երկրների (ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի) երիտասարդ մասնագետները պետք է գրեն փոքր էսսե՝ ներկայացնելով իրենց գաղափարները և տեսլականը կյանքի կամ կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ  առաջիկա մի քանի տարիներին խաղաղության համաձայնագիր կնքվելու պարագայում: Այս համատեքստում հոդվածները (էսսեները) կարող են պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ինչպե՞ս խաղաղության համաձայնագիրը կանդրադառնա սահմանային գյուղերի կյանքին։
  • Ի՞նչ զգացողություններ կլինեն՝ առաջին անգամ հարևան երկիրը տեսնելով կամ երկու տասնամյակ հետո այնտեղ վերադառնալով:
  • Ի՞նչ ազդեցություն կունենա խաղաղության համաձայնագիրը  երկու երկրների զարգացման վրա։

Ծրագրի նպատակն է ստեղծել Հարավային Կովկասում համատեղ ապագայի վերաբերյալ դրական տեսլականներով մի խճանկար (պատկեր)։

Հոդվածները կտպագրվեն գրքում, ինչպես նաև կտեղադրվեն առցանց հարթակում։ Հայ և ադրբեջանցի մասնակիցները կհանդիպեն և կքննարկեն իրենց գաղափարները Վրաստանում։

Ինչ կստանան մասնակիցները

Մասնակիցները կդառնան հայկական և ադրբեջանական կողմերի մերձեցման ջանքերին ուղղված աշխատանքների մի մաս, ինչպես նաև կնպաստեն հակամարտության սրացումը մեղմացնելու գործին։ Նրանք հնարավորություն կստանան փոխանակել իրենց գաղափարները և տեսակետները Ադրբեջանի առաջադեմ երիտասարդների հետ և իրենց ստեղծագործական աշխատանքները հրապարակելու հնարավորություն կստանան։

Ծրագրի շրջանակներում մասնակիցները կստանան փոքր դրամական պարգևատրում իրենց էսսեների համար։ Կփոխհատուցվի դեպի Թբիլիսի ուղևորության բոլոր ծախսերը։

Մասնակցության պահանջները

  • տարիքը՝ 23-33
  • անգլերենի գերազանց իմացություն
  • երկխոսության մեջ մտնելու ցանկություն
  • ստեղծագործականություն, երևակայություն և գրելու տաղանդ
  • գիտական, գիտահետազոտական, լրագրության, արվեստի ոլորտներում, ինչպես նաև պետական հաստատություններում աշխատելու, քաղաքական ակտիվության փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
  • մինչև 2015 թ. հոկտեմբերի կեսը էսսե (3-5 էջ) գրելու ցանկություն

Ընտրված մասնակիցները պետք է ներկա լինեն 2015թ. օգոստոսի 14–ին կայանալիք մեկնարկային հանդիպմանը, ինչպես նաև 2015թ. սեպտեմբերի վերջին Թբիլիսիում կայանալիք 3 օրյա աշխատանքային հանդիպմանը։

Հետաքրքված անձինք պետք է անգլերեն լեզվով ուղարկեն ինքնակենսագրական, ինչպես նաև փոքր նկարագրություն այն թեմաների վերաբերյալ, որոնց կցանկանան անդրադառնալ իրենց հոդվածներում։ Դիմումները պետք է ուղարկել Անի Թովմասյանին atovmasyan@epfound.am էլ. հասցեով։

Դիմելու վերջանաժամկետն է 2015թ.  օգոստոսի 9-ը։

Հայտերի ընդունում (pdf)

Print Friendly