Արվեստ, մշակույթ, քաղաքակրթություն, արժեք․ խնդիրների ձևակերպում (Jam Session 27)

Գևորգ Տեր-Գաբրիելյան, նոյեմբերի 7, 2017թ․ 

Տեսանյութի սղագրություն

0:09 Գևորգ Տեր-Գաբրիելյան (ԳՏԳ) – Ժողովուրդ ջան, ես ուզում եմ մի քիչ խոսենք իմաստներից, որովհետև հենց հաջորդ թեման, որ շարունակվի, լինելու է արժեքային շղթան, որտեղ որ ամեն ինչը սկսվում է իմաստից: Որովհետև երեկվա խոսակցության մեջ ինձ համար շատ հետաքրքիր էր այ էս գրաֆիկը, որ էստեղ էր ստեղծվում, երբ խոսքը գնում էր նրա մասին, թե ինչով պիտի պետությունը զբաղվի և ինչով պիտի չզբաղվի, կամ հասարակությունը զբաղվի, կամ քիչ զբաղվի: Եվ եթե հիշում եք՝ Վոլոդիմիրը ինչ-որ մի թուղթ վերցրեց, էստեղից (պետության զբաղվելու հարցերից) տեղափոխեց էստեղ (հասարակության զբաղվելու հարցերը), և ես տեսա ներկաներից ոմանց ռեակցիան, որ «Ո՞նց թե, այսինքն պետությունը չպիտի՞ սրանով զբաղվի. թուղթը պետք է էստեղ լիներ, ոչ թե էստեղ»:

Ուրեմն՝ էս վիճակը ի՞նչ էր ցույց տալիս, իմ կարծիքով: Ցույց էր տալիս… Եվ մեր ամբողջ խոսակցությունը երեկվա ընթացքում՝ էն, որ, օրինակ, մեզ մոտ բազմակարծություն է այն մասին, թե ինչն է մշակույթ, ինչը՝ չէ, ինչը պատկանում է մշակույթի ոլորտին, ինչը՝ չէ: Թե ինչ է ստեղծագործություն, ստեղծագործող անձ: Հենց հիմա էլ Ալիսը նշեց, որ ստեղծագործող անձինք առանձին են: Մեզ մոտ, և աշխարհում, կան հսկայական քանակությամբ կարծիքներ էդպիսի հարցերի վերաբերյալ:

Ես մեր խմբի հետ, ձեզնից ոմանք գիտեն երևի, որ մենք անում ենք մի բան, որը կոչվում է կրեատիվ խաղեր: Էդ կրեատիվ խաղերի ընթացքում մենք որոշ էդպիսի հարցեր քննարկել ենք, և ես ուզում եմ սկսել նրանից, որ ձեզ հետ կիսեմ, թե մենք ինչ մոտավոր մոտեցումների ենք հասել էդ ասպարեզներում:

Ուրեմն. նախ և առաջ, սա շատ բարդ թեմաներ են, դրա համար ես շատ պրիմիտիվ եմ խոսելու, ուղղակի ինտերպրիտացիայի համար, և, ավաղ, պիտի ասեմ, որ դուք կարող է շատ ժամանակ չունենաք դա քննարկելու: Բայց եթե մենք խոսում ենք մշակույթի զարգացումից, արվեստի զարգացումից, ստեղծագործության հարցերից՝ հնարավոր չի գոնե մի քիչ չանդրադառնալ էդ հարցերին, որովհետև այլապես սկիզբը դատարկ է:

Ուրեմն. ստեղծագործության կա մի շատ պրիմիտիվ ձևակերպում, և դրա վերաբերյալ մենք նույնպես ունենք որոշակի վիդեոներ, տեսանյութեր[1] արդեն վաղուց արտադրած, որոնք մենք հետո ձեզ կարող ենք հասցեները ուղարկել, որ ավելի մանրամասն նայեք: Որը ասում է հետևյալը, որ «ստեղծագործության սկիզբը, կամ առաջին ստեղծագործական քայլը, դա երկու իրարից շատ հեռու թվացող բաները միավորելն է»:

Ուրեմն էստեղ կարող եք դա անել աբսուրդի ձևով: Օրինակ, երբ ես փոքր էի՝ ուզում էի… Երբ տեսա առաջին կոմբայնները, որ ստեղծվեցին, երբ, չգիտեմ, մագնիտոֆոնը ռադիոլայի հետ էր, բան, դես-դեն, ասեցի, ծնողներիս ասեցի. «Իսկ ինչի՞ չի կարելի երևակայել կոշիկ-գրիչ»: Աբսուրդը, ծիծաղը՝ անմիավորելին միավորելու հետ է կապված շատ հաճախ: Մեր գործընկերուհու երեխան, ես շատ սիրում եմ էդ օրինակը բերել, ասել է մայրիկին, ասել է. «Մամա ջան, բացանոժկաները ե՞րբ ես հագնելու»: Միավորել է հայերենը, ռուսերենը ու ստեղծել է լրիվ տրամաբանական նույն բանը, ինչ որ ռուսերեն է՝ բոսոնոժկա – բացանոժկա: Դուք հիմա եթե ուզենաք՝ մենք կարող ենք էդպիսի շատ վարժություններ անել, ու կտեսնեք, որ դա շատ օգուտ է. անմիավորելին միավորելը: Եվ ամեն, էսպես ասած, ստեղծագործական ազդակի մեջ սկզբնական ինչ-որ պահի միշտ կարելի է գտնել մի բան, երբ անմիավորելին միավորվել է:

4:14 Դահլիճ – Աբստրակտ մտածելակերպ։  

ԳՏԳ – Դա աբստրակտ չի: Ես շատ կոնկրետ իրերի մասին էի ասում. աթոռ ու փիղ միավորեք:

4:22 Դահլիճ – Երկու տարբեր բաներ միավորելը, այսինքն՝ ստեղծարար մտքի ամենակարևոր կետերից մեկը, դա աբստրակտ մտածելակերպն է, այսինքն՝ արդեն ընդհանուր, կայացած ձևից դուրս գալը, որը նաև բերում է նոր ստեղծագործությանը, նոր մտքերին, ինչը բերում է առաջխաղացման:

4:42 ԳՏԳ – Շնորհակալություն: Ձեր ողջ ասածի հետ համաձայն եմ, բայց «աբսրակտ մտածելակերպ» հասկացությունը չեմ կարող ընդունել, որովհետև «աբստրակտ» բառը շատ բարդ բառ է: Դա, ինչպես ասում է պարոն Բագրատյանը, բառ-ինստիտուցիա է: Եվ թե ի՛նչ է աբստրակցիան՝ եկեք հիմա դրա մեջ չխորանանք:

Բայց, այո, ես ասում եմ շատ պարզ բան, որ վերցնում ես մի իր էստեղ կամ մի հասկացություն, կամ մի ինչ-որ բան, վերցնում ես մեկ այլ բան էստեղ և առաջին ակցիան, առաջին ակտը, որը մոտավորապես նշանակում է ստեղծագործության սկիզբ, դա նրանց միջև ինչ-որ ընդհանրություն գտնելը և այդ ընդհանրությունը վեր հանելն է. ոչ աբստրակցիան՝ ընդհանրությունը:

Ուրեմն. սա մարդուկն է, որը դա արեց: Հիմա. մարդուկը, որը դա արեց, ինքը կարող է կայֆ ստանալ դրանից: Ինքը կասի. «Վայ, էս ինչ լավ բան արեցի ես: Ай да Пушкин, ай да сукин сын»: Բայց սա ստանում է սոցիալական արժեք միայն այն դեպքում, եթե կա երկրորդ մարդուկը, որը սա արժեքավորում է՝ դրսից է նայում: Սա շատ կարևոր հանգամանք է:

Եթե վերցնենք ազգը, էլի նույնն է. եթե մետաֆորիկ կերպով համարենք ազգը մի մարդուկ, մի ամբողջություն, մի ինքնություն, ապա, երբ նա ինչ-որ բան է ստեղծագործում՝ քանի դեռ էն մյուս ազգը չի գնահատել դա՝ ինքը չգիտի, ինքը լա՞վ բան է ստեղծել, վա՞տ բան, հետաքրքի՞ր է դա, իրո՞ք արժեքավոր է դա, սոցիալականանո՞ւմ է դա, թե ոչ:

Եվ հասկանալի է, չէ՞, որ էստեղից է սկսվում շուկան: Էս արժեքավորողը պիտի լինի, որպեսզի էս միավորումը իմաստավոր դառնա և ամբո՜ղջ, սրա հետ եկող ամբողջ նյութը: Եվ ուրեմն էս փոքրիկ ակցիայից ծնվում է ամբողջ ստեղծագործությունը:

Եվ մենք կարող ենք հիմա, ասենք, պատկերացնել մոտավորապես էնպիսի մի դաշտ, որը երեկ էլ Վոլոդիմիրը գծեց: Ասենք թե էսպիսի մի դաշտ է սա, և այստեղ գտնվում են ամենաանփոխադրելի մշակութային ստեղծագործական գաղափարները, արժեքները և այլն, որոնք քո սեփականն են: Դու զգում ես, որ էս բնանկարը հոյակապ, գեղեցիկ է, բայց դա քո մեջի արտապատկերն է, դու չես կարող, դու նկարիչ չես, լուսանկարչական սարք չունես, սմարթֆոն էլ չունես, չես կարողանում դա ֆիքսել, որ ուրիշին հաղորդել: Քո ներսինն է դա: Ասում ես՝ դա անփոխադրելի է: Մի քիչ հետո կգա, ասենք, ավելի փոխադրելի բանը, որ քո ընտանիքը հավանեց, հետո կգա, ասենք, ինչ-որ էսպես, շարունակաբար, և էստեղ կլինի արդեն նա, ինչը մասսայակա է,  ինչը որ ֆեյսբուքում ասում են, որ… կամ յութուբում` միլիոն դիտում ունեցավ և այլն, դարձավ մասսայական:

Եվ ողջ ստեղծագործական արտադրանքը այ այսպես դասավորվում է աշխարհով մեկ:

Հիմա. իսկ ինչպե՞ս կարելի է տարբերակել արվեստը ընդհանրապես ցանկացած այլ ստեղծագործական աշխատանքից, հաշվի առնելով, որ ամեն ինչի մեջ կա ստեղծագործականություն. և՛ գիտության մեջ, և՛ պարզապես շփման մեջ, և՛ սոցիալական հարաբերությունների մեջ, և՛ հայտնագործությունների մեջ, և՛ նույնիսկ շատ պարզ քայլերի մեջ:

Ասենք՝ պիտի գնաս հաց առնելու, բայց դուրս գալիս հիշում ես, որ էսօր կիրակի է, նրանք թարմ հաց չեն ստանալու: Իսկույն քո մեջ, քո ուղեղը շատ ստեղծագործ երևույթ է: Իսկույն հիշում է, որ կա մեկ այլ հացի խանութ, որտեղ նույնիսկ կիրակի օրն են թարմ հաց ստանում. դու կգնաս էնտեղ: Էդտեղ էլ կա հեռու բաները իրար միավորելու պահ, էդտեղ էլ կա ստեղծագործականություն:

Բայց ինչպե՞ս տարբերակել արվեստը: Իմ կարծիքով, և սա ես էլի զեկուցում եմ էն քննարկումները, որ մենք ունեցել ենք, արվեստը դա այն է, որտեղ… այն բանն է, ինչի ստեղծագործականությունը իր գլխավոր հատկանիշն է՝ իր արժեքավորման գլխավոր հատկանիշն է:

Երբ մենք խոսում ենք սրա (գրչի) մասին՝ գլխավորը, որ ինքը լավ գրի: Թե իրա վրա ի՛նչ է նկարած, ինչպիսի՛ դիզայն ունի նա՝ երկրորդական է: Էլի կարևոր է, բայց երկրորդական է: Երբ մենք խոսում ենք արվեստի գործի մասին՝ մենք հենց նրա ստեղծագործականությունը դարձնում ենք իր առաջնային նշանակության արժեք. էդպես կարելի է տարբերակել:

Լա՛վ, բա հիմա մշակու՞յթը. ասեցինք արդեն, որ շատ բարդ հասկացություն է: Ուրեմն. մենք որ ասում ենք մշակույթ՝ մեր մտքում կա «կուլտուրայի մինիստրությունը»: Դա մի՛ պատկեր է մշակույթի: Այսինքն, էն, ինչ կուլտուրայի… ինչով կուլտուրայի մինիստրությունը զբաղվել է: Ընդ որում դա էլ է կոգնիտիվ դիսոնանս առաջացնում, որովհետև, ասենք, սովետական տարիներին կինովարչությունը առանձին էր: Կուլտուրայի մինիստրի տեղակալ չկար, որը կինոյով զբաղվեր: Կինովարչությունը առանձին, մինիստրությունից մի քիչ ցածր ստատուս ունեցող բան էր, որովհետև ինքը կարևոր էր համարվում: Լենինը ասել էր՝ կինոն ամենակարևորն է: Հա:

Ուրեմն ինչը որ չի մտնում կուլտուրայի մինիստրության գործունեության մեջ՝ համարվում է սենց մեր սովետական ժողովրդի, հատկապես ավագ սերնդի համար, մշակույթից դուրս: Այսինքն, թանգարանները եթե վերցնենք. իրենք պատմականորեն մեկ մտնում էին, մեկ՝ չէ: Օրինակ՝ կա թանգարան, որը տրվում է… Օրինակ՝ արխիվը կինոյի. մեկ տրվում է նախարարությանը, մեկ դուրս է բերվում նախարարությունից: Ինքը հիմա մշակութայի՞ն մաս է, թե ոչ: Էլ չեմ ասում մշակույթի է՛լ ավելի ընդլայնված հասկացությունը, ինչպես ասենք ուտելու մշակույթը, գողականության մշակույթը, քյարթուության մշակույթը, ռաբիզի մշակույթը, հարսանիքների մշակույթը, ծեսերի մշակույթը, տնտեսության մշակույթը, սովորելու մշակույթը, բանակ գնալու մշակույթը: Էդ բոլորը մշակույթներ են, որոնցով կուլտուրայի մինիստրությունը ընդհանրապես չի զբաղվում: Իրա մտքով էլ չի անցնում, որ էդ նույնպես մշակույթ է:

Ուրեմն դա բարդ հասկացություն է. մենք պիտի էդ բարդությունը գիտակցենք:

Բայց կա էլի, մեր խմբով աշխատած, մի տարբերակման ձև, որը ես ուզում եմ ձեզ առաջարկել. բնավ ոչ մի դեպքում էսպես ասած՝ ճշմարտություն չազդարարելով, այլ մտածել, որոշենք միասին մտածել, էդ ուղղությամբ մտածել առաջարկելով պարզապես:

Ուրեմն. դա մշակույթ և քաղաքակրթություն հակադրությունն է: Մի բավական հեշտ ձև եմ ես գտել ինձ համար տարբերակելու, ի՛նչն է պատկանում մշակույթին, ի՛նչը՝ քաղաքակրթությանը: Իհարկե, դա հարաբերական է ասել, որ հեշտ է:

Ուրեմն. մշակույթը ստեղծագործական արարքի, գործողության վրա հիմնված մի արդյունք է, որը ունիկալ է, որի պեսը աշխարհում, քաղաքակրթությանը, մեզ հայտնի աշխարհում, մեզ հայտնի մարդկության պատմության ընթացքում չի եղել: Այդպիսի իրը, այդպիսի արարքը, այդպիսի ստեղծագործությունը պատկանում է մշակույթին: Քաղաքակրթական է այն դառնում, այսինքն՝ համամարդկային է դառնում, երբ տիրաժավորվում է. երբ ինքը դառնում է բազում նույն բանից՝ նա մտնում է քաղաքակրթության մեջ:

Եվ սա վերաբերում է և՛ երևույթներին, և՛ իրերին, առարկաներին, և՛ ստեղծագործություններին, և՛ գործողություններին, և՛ ինստիտուցիաներին. ամեն ինչին:

Կարո՞ղ ենք էդպիսի օրինակներ բերել՝ ամենապարզից մինչև բավական բարդը: Ասենք… Ես ձեզ օգնեմ. խաչքարը, երբ կերտվում է՝ ծանր, իսկական, մեծ, և, գերադասելի է՝ ոչ տուֆից, ինքը մշակույթ է, ինքը ստեղծագործություն է և հայ, Հայաստանի, հայոց մշակույթի կարևորագույն մաս: Էն փոքրիկ խաչքարիկները, որ սուվենիրների ձևով սկսում են վաճառել՝ դրանք սուվենիր են տուրիստների համար: Աշխարհով մեկ տարածվելու համար դրանք արդեն  քաղաքակրթական երևույթ են, դրանք տեխնոլոգիա են պահանջում արտադրելու համար, ոչ թե լավ իմաստով «փինաչի» վարպետություն, որը ունի իր տեխնոլոգիաները, բայց դրանք դանդաղ ու դժվար փոխանցելի են մյուսին:

Ուրեմն. դուք կարող եք ինքներդ օրինակ բերել: Ասենք թե, շատ կոպիտ էլի օրինակ, որ լրիվ չի բռնում. «Մի՛ սպանիր» – դա քրիստոնեական մշակույթի պատվիրան է: Այն իրավական օրենքը, որը քրեական օրենսգրքերում գրված է, աշխարհով մեկ, որ սպանությունը քրեականորեն դատապարտելի է և պատժելի արարք է, այո, դա արդեն քաղաքակրթության երևույթի արտացոլանք է:

Հասկանալի՞ է էս տարբերակումը: Կարո՞ղ ենք մենք օրինակներ բերել: Մի երկու հատ օրինակ բերեք, տեսնենք՝ ստացվում է էս, թե ոչ:

15:27 Դահլիճ – Ես կարող եմ իմ անձնական օրինակից բերել՝ հայկական ձեռագործ գորգերի: Ուսուցողական ծրագիր իրականացրեցինք և իսկական չափսերով, իսկական զարդանախշերով հայկական գորգեր գործեցինք: Մեզ առաջարկեցին դրա փոքրիկ նմուշները բարակ «շոլկվի»՝ մետաքսե թելերից գործենք ու դրանք որպես սուվենիրներ, որպես արտադրանք, ու տիրաժավորվի և տարածվի: Հիմա էստեղ իսկական գորգը և փոքր նրա նմուշը, որը արդեն դառնում է քաղաքակրթության մաս։

16:06 ԳՏԳ – Այո: Եվ նաև ինքը կարող է նույնիսկ նույնությամբ տարածվել: Ասենք՝ կոկա-կոլայի առաջին բաղադրատոմսը՝ առաջին շիշը, առաջին օրինակը էդ ջրի, երբ առաջացավ, էդ խմիչքի՝ դա մշակութային արարք էր, ստեղծագործական, մշակութային արարք: Այն, որ կոկա-կոլան ողջ աշխարհով մեկ հիմա վաճառվում է՝ դա արդեն քաղաքակրթական երևույթ է, դա դարձել է քաղաքակրթության մաս:

Ուրեմն. նայած, թե որքան տարածում ունի իր արեալում որևէ մշակութային ստեղծագործությունը, այնքան նա քաղաքակրթական երևույթ է դառնում: Եվ նաև պետք է հասկանալ, որ քաղաքակրթական երևույթները մեռնում են, զարգանում, նախորդների փոխարեն նորն է գալիս: Ասենք՝ տան միջի լարով հեռախոսը կամաց-կամաց դառնում է մեռնող մշակույթ: Ընդ որում, երբ մեր երիտասարդության ժամանակ տան միջի լարով հեռախոսը կար՝ իր նկատմամբ յոթանասուն տարի առաջվա տան միջի լարով հեռախոսը արդեն մեռնող երևույթ էր, արդեն արժեք էր իրենից ներկայացնում հնոտիավաճառի մոտ վաճառվելիք կամ էդպիսի ուրեմն ինչ-որ տեղ, որովհետև էն տարբերակը հեռախոսի արդեն չէր օգտագործվում:

Դա շատ հետաքրքիր պահ է. ինչպե՞ս է մշակութային արտադրանքը, և ո՞ր մշակույթի մշակութային, ստեղծագործական արտադրանքը դառնում է համամարդկային: Ի՞նչ պատճառներով է դառնում:

Որովհետև ինչքան ինքը լայն դարձավ, էնքան ինքը շատ կլիենտ կունենա, ու իր մեջ ինքը կրում է, որովհետև իրականում չէ՞ որ իրանք (մշակույթն ու քաղաքակրթությունը) առանձին չեն: Այսինքն՝ ամեն մի սմարթֆոնի մեջ կա հեռախոսի ստեղծագործման մշակույթի կաթիլը և ամբողջ պատմությունը առաջին պահից, երբ, չգիտեմ, նախնադարյան համայնական մարդը տամ-տամներով սկսեց բան հաղորդել ավելի հեռու գտնվող մարդուն: Էդ ամբողջ պատմությունը. ո՞վ է հորինել հեռախոսի ոչ թե միայն տվյալ դեպքը, որը մենք գիտենք, որ, չգիտեմ, էնտեղ, Էդիսոնը, թե ով: Բայց այդ հաջորդականության մեջ ամեն պահին եղել է ստեղծագործական-մշակութային ինչ որ պահ, իսկ հիմա դա դարձել է սմարթֆոնության աշխարհ:

Չէ, ուրեմն էստեղ ամեն մի քաղաքակրթական երևույթի մեջ կա ստեղծագործականության երևույթը, իր մեջ պահպանած, և ինչքան էլ նա տիրաժավորվի՝ նրա մեջ դա մնում է, բայց նա կորցնում է իր այդ նշանակությունը որպես առաջնային:

Դրա համար մենք կարող ենք տեսնել նկար՝ էստեղ-արենք գտնվող, որը ինքնին արժեք է: Եվ կարող ենք տեսնել հսկայական քանակությամբ շատ գեղեցիկ նկարներ, որոնք իրենց շրջապատի մեջ գեղեցկություն են հաղորդում: Այսինքն՝ նրանք դիզայնային արժեք ունեն, բայց ինքնին իմաստ չեն ավելացնում տվյալ մշակույթին, որովհետև ի վերջո բանաձևերից մեկը այն է, որ մշակութային իմաստներ է ստեղծում արվեստը. արվեստը ստեղծում է մշակութային իմաստներ: Իմաստը կարող է լինել ողջ դիզայնը իր մեջ ընդգրկած նկարով, կարող է լինել առանձին նկարը, որը առանձնակի իմաստ իր մեջ կրում է:

Եվ էս ամբողջ ասպարեզում կա ստեղծագործականություն, և էս ասպարեզում կան ստեղծագործականության տարբեր ձևեր. մի դեպքում դա նկարն է, որի մեջ աշխատասիրությունն է, վարպետոթյունն է դրված, որը մեզ քաշում է, մյուս դեպքում դա կարող է լինել մի իր, որը դրված է սենյակի մեջտեղում՝ ցուցասրահի մեջտեղում, և դա նույնպես իմաստ է առաջացնում և այդպիսով պատկանում է արվեստի ասպարեզին:

Եվ մենք, երբ որ խոսում ենք ժամանակակից, contemporary բոլոր էդ արվեստների տարատեսակների մասին՝ մենք էդ տարբերությունն ենք զգում: Երբ մենք խոսում ենք, չգիտեմ, ժամանակակից երաժշտության, հիշում եք, որ… Լավ գիտեք, որ, ասենք, Բիթլզի ժամանակ ասում էին. «Էս ի՞նչ են անում, Մոցարտը մեռնում է, չի կարելի» և այլն, և այլն:

Այսինքն՝ այ էդ բոլո՜ր, այ էդ բոլոր վեճերը՝ միշտ մի բանով ընդհանրություն կա՝ միշտ կարելի է տարբերակել. արդյո՞ք տվյալ ստեղծագործությունը մշակութային նոր իմաստ, նոր արժեք ստեղծում է, թե ոչ:

Իսկ դա որոշվում է ի վերջո հասանելիությամբ՝ արժեքավորողին հասանելիությամբ:

Իսկ մնացածը վեճերի հարց է և ճաշակի հարց է՝ ով ինչ է գնահատում, ով ինչ է սիրում:

Բայց մենք տեսնում ենք, որ կան հուժկու մշակույթներ, ինչպես օրինակ Ամերիկայի մշակույթը, որոնք ճառագում են իրենց մշակութային ինչ-որ ստեղծագործությունը աշխարհով մեկ՝ դարձնելով դա քաղաքակրթական փաստ, ինչպես, օրինակ, հենց նույն բլյուզը, հենց նույն ռոքնռոլը, հենց նույն ռեպը, որը հիմա հանկարծ եկավ Ռուսաստանում սկսեց շուխուրներ հանել, և այլն:

Ուրեմն՝ ինչո՞վ է դա բացատրվում: Կարող է նա… Ինքը, էդ բլյուզը, ասենք, և այլն, ստեղծվեց սևամորթների ենթամշակույթից՝ ամերիկյան սևամորթների մշակույթից, կամ ջազը, և հանկարծ նա աշխարհով մեկ դառնում է անընդհատ գնահատելի, անընդհատ կլիենտ ունեցող, անընդհատ արժեքավորվող փաստ: Ինձ թվում է՝ ինչ-որ չափով «ինֆրաստրուկտուրա» ասածը հենց դա է, դրանով է դա պայմանավորված, որովհետև կա ինչ-որ մեխանիզմ, որը ուժգնացնում է, ճառագում է և նետում է աշխարհով մեկ այդ արժեքը:

Հիմա եկեք մտածենք. իսկ հայկական ի՞նչ արժեք կա, որը քաղաքակրթական փաստ է դարձել և աշխարհով մեկ նետված է:

23:29 Դահլիճ – Դուդուկը:

23:30 Դահլիճ – Լավաշը:

23:32 – Դուդուկը, որը ֆիքսվեց: Լավաշը, որը ֆիքսվեց: Արամ Խաչատրյանը, որի շատ նեղ իմաստով մշակութային հայկական լինելը վեճի է ենթարկվում խորհրդային մշակույթների կողմից և հատկապես ռուսական, ինչպես և Այվազովսկու դեպքում: Նույնը լավաշի դեպքում էլի վեճ է գնում, դուդուկի դեպքում վեճ է գնում, բայց այո՛, ուրեմն կան այդ փաստերը: Իսկ ուրի՞շ…

24:00 Դահլիճ – Գեղջկական երգերը Կոմիտասի մշակմամբ։

24:02 ԳՏԳ – Դրանք ունեն որոշակի տարածում, բայց համաշխարհային, էսպես ասած, ընդունվածության չեն հասել: Համաձայն եմ, դուդուկն էլ չունի:

24:14 Դահլիճ – Պարզապես ուզում ենք մտածել, որ…

ԳՏԳ – Ուզում ենք մտածել:

24:16 Դահլիճ – Իսկ Նարեկացի՞ն։

ԳՏԳ – Համաշխարհային չի. մասնագետների համար և սիրողների համար իհարկե շատ մեծ արժեք է:

24:23 Դահլիճ – Եկեղեցական ճարտարապետության տեսանկյունից:

ԳՏԳ – Այո, ինչ-որ չափով: Թեև էստեղ էլ պիտի ձեզ ասեմ. ես մի լավ ընկերուհի ունեմ, որ դրանով զբաղվում է. որ անընդհատ ճակատամարտեր են գնում մասնագետների մեջ համոզելու, որ սա կամ բյուզանդական եկեղեցաշինությանն է պատկանում, կամ հնադարյան Իսրայելի տարածքում գտնվողին, որ իրա մեջ բուն «հայկականություն» չկա, բայց էդ վեճերը անընդհատ էլ գնում են: Հիմա:

24:50 Դահլիճ – Ուզում եմ ձեզ հակասել։ Ուրեմն. ամբողջ նախկին ձեր խոսքի ընթացքում դուք խոսում էիք նրա մասին, որ ինչը որ չի գնահատվում մասսաների կողմից վերջին հաշվով՝ ինքը՝ էդ արժեքը, չի ներկայացնում համաշխարհային արժեք, չի ներկայացնում, ինչի հետ ես կտրականապես համաձայն չեմ: Ներողություն:

25:21 ԳՏԳ – Չէ, խնդրեմ, խնդրեմ:

Դահլիճ – Հարցը նա է, որ կան բաներ, որ մասսայական, մասսայորեն, չգիտեմ էդ բառը ո՞նց ասեմ, չի կարող հասկացվել: Բայց դա չի նշանակում, որ արժեք չի: Մի օրինակ բերեմ, որ Ռիխարդ Շտրաուս-ի «Սալոմե»-ն երբ որ ներկայացվեց հազար ինը հարյուր վեց թվականին՝ էդ ժամանակ դա… Էդ գործը բացում է ամբողջ քսաներորդ դարի երաժշտության դուռը, էսպես ասեմ: Այսինքն՝ դրանից հետո, երբ որ գալիս է «արտոնյալ» երաժշտությունը՝ Շոպեն, երբ որ գալիս է «սերիալ» երաժշտությունը, երբ որ գալիս է «էլեկտրոնային» երաժշտությունը՝ ամբողջը գալիս է նրանից:

Այսինքն՝ ինքը բացարձակապես սպանեց տոնայնություն հասկացությունը երաժշտության մեջ, ինքը դիսոնանսը դարձրեց առաջնահերթ երաժշտության մեջ: Ես մասնագիտական բաներ եմ ասում, բայց հարցը նա է, որ անմիջապես դրանից հետո Մալերը գրած ունի, որ փաստորեն ժողովրդի հասկանալը կարևորագույն բանը չի: Այսինքն՝ բառացիորեն գրում է, որ «Глаз народа не глаз божий», այսինքն՝ դա բոլորովին էլ նշան չի, որ դա արժեք չի, որովհետև ժողովուրդը կամ մասսան չի հասկանում: Բոլորովին էլ դա այդպես չի արվեստի դեպքում: Դրա համար ես երեկ էլ էի խոսում նրա մասին, որ մշակույթը մի բան է, արվեստը բոլորովին ուրիշ բան: Հիմա դուք երկուսն էլ նույն բանի մեջ եք տանում՝ շփոթելով երբեմն մշակույթ և արվեստ բառերը: Դրանք շատ տարբեր բաներ են և տարբեր աուդիտորիաներ ունեն և տարբեր թիրախային բաներ ունեն: (27:28 – Շնորհակալություն): Այսինքն, երբ որ էդ թիրախը չի հասնում՝ չի նշանակում, որ արժեք չի:

27:32 ԳՏԳ – Շատ շնորհակալություն: Ձեր ողջ ասածի հետ համաձայն եմ, և երևի մենք իրար չենք հասկացել: Ես հատուկ նշեցի, թե ինչպե՛ս կարող եմ ես տարբերակել արվեստը մշակույթից: Արվեստը դա այն ստեղծագործությունն է, որի ստեղծագործականությունը իր առաջնային արժեքն է իրենից ներկայացնում: Եվ հետո ես ասեցի, որ մշակույթը դա այն դեպքն է, իրը, երևույթը, որը ունիկալ նշանակություն ունի, չի նշանակում՝ ամեն մշակույթի երևույթ արվեստ է: Նա կարող է ունիկալ նշանակություն ունենալ, բայց ստեղծագործականությունը իր առաջնային արժեքավորման պահը չլինի: Եվ հետո ասացի, որ քաղաքակրթությունը իմ կարծիքով դա այն է մշակույթից, ինչը տիրաժավորվում, է և ասացի, որ երբ որ նա տիրաժավորվում է՝ նրա մեջ ստեղծագործականությունը մնում է:

Ինչ վերաբերում է մասսայականությանը՝ կրկին դուք հիմա ասացիք մի երաժշտական երևույթի մասին, որպես այս անձը (նկարի մարդուկը): Դուք այն արժեքավորեցիք: Եթե արժեքավորողը չլիներ, ապա այդ ստեղծագործությունը չէր իմաստավորվի: Դրա համար ես ասում եմ՝ պետք է դրսի արժեքավորող:

Իսկ նրա մասսայականությունը այս սխեմայի վրա արդեն (արժեքավորման մասսայականացման)՝ սա այլևս արվեստի գործին չի վերաբերում: Էստեղ կարող է լինել և՛ արվեստի գործ, և՛ ոչ արվեստի գործ: Սա վերաբերում է ցանկացած մշակութային երևույթին, որը դառնում է քաղաքակրթական երևույթ: Բայց, եթե կա արվեստի գործ, որը աշխարհով մեկ համարվում է արժեք… իսկ էդպիսի գործեր շատ քիչ կան… Ինձ շատ հետաքրքրում է, օրինակ, հետևյալ տվյալը, որ աշխարհում ամենաճանաչելի դեմքը մարդկության մեջ ո՞վ է, կարո՞ղ եք ասել:

29:33 Դահլիճ – Մեծ Բրիտանիայի թագուհու դեմքը (- Հը՞)

29:46 ԳՏԳ – Հիտլերը: Հիտլերը՝ Ադոլֆ Հիտլերը: Աշխարհում ամենաճանաչելի դեմքը Ադոլֆ Հիտլերն է:

29:55 Դահլիճ – Քրիստոսից էլ շատ:

ԳՏԳ – Այո, իհարկե: Քրիստոսի… Քրիստոնյաները մեծամասնություն չեն աշխարհում բնավ: Իսկ Ադոլֆ Հիտլերը աշխարհում ամենաճանաչելի դեմքն է: Դե իհարկե, ես հիմա ձեզ ասում եմ մի բան, որը ես կարդացել եմ քիչ թե շատ հարգարժան մեդիայում, բայց մենք չենք կարող հարյուր տոկոսով դրան հավատալ: Բայց համենայն դեպս ինչ-որ հետազոտություն են արել և եկել են էս եզրակացության:

Իսկ ամենաշատ տպաքանակ ունեցող գրքերից մեկը Աստվածաշունչն է: Աստվածաշունչն է, իրոք, տպաքանակը, որովհետև հնուց ի վեր տպագրվում է: Գուցե Ղուրանը գա-անցնի, բայց առայժմս Աստվածաշունչն է: Ուրեմն. էդ մասսայականությունը՝ ինքը արդեն լրիվ ուրիշ, էսպես ասած, բան (նշանակություն) ունի: Դրա համար ես ասում եմ. ես սկսում եմ արժեք ստեղծողից՝ ստեղծագործողից և մենք փորձում ենք գնալ դեպի քաղաքակրթական մասշտաբի ազդեցությունը: Եթե ուզում եք՝ չգնանք: Հերիք…

31:05 Դահլիճ – Կարելի է մի հարց: Ինձ էլ է անհանգստացնում…

31:09 ԳՏԳ – Խնդրեմ:

31:11 Դահլիճ – Իմ տեսանկյունով մեկնաբանեմ. ուղղակի ես, էստեղ մենք, մշակույթը իրոք ավելի մի գլոբալ հասկացողություն է, մի կաթսա է, որի մեջ մտնում է նաև արվեստը: Եվ մշակույթի մեջ կա (ամեն ինչ). մարդկության զարգացման, հասարակություն, համայնք ստեղծելու էդ գործիքները նորից դառնում են մշակույթ: Ուղղակի էստեղ մենք պիտի չգնանք տարանջատումների, հասկանանք, որ դա հասարակության ստեղծման մի ամբողջականություն է: Էստեղ արվեստը դա պահանջմունք է, պահանջմունքը… Այսինքն պիտի դառնա պահանջմունք, հասարակական գործունեության կացութաձևի բոլոր տարրերը, և արվեստը դառնա պահանջմունք, և պահանջմունքը դառնա մշակույթ, մշակույթն էլ դառնա կարիք, գնա դեպի քաղաքակրթություն, այսինքն դառնա ապրանք: Սա մենք պետք է այ էդ համատեքստով գանք, (32:19 – Շնորհակալություն) որ հասցնենք դրան:

32:21 ԳՏԳ – Դուք ձեր ոճով, որն ինձ համար լրիվ ընդունելի է, ձևակերպեցիք այն հասկացությունների, ուրեմն, էդ հարաբերակցությունը, որոնք ես ուզում էի ներս բերել: Եկեք, հետևելով նույնիսկ հենց ձեր ասածին, դուրս գանք արվեստ-ոչ արվեստ հարաբերակցությունից և խոսենք արժեքի մասին: Արժեք՝ մշակութային արժեք, որպես ունիկալ երևույթ, և քաղաքակրթական արժեք, որպես բազմացված երևույթ:

Եվ եկեք խոսենք նրա մասին, որովհետև դա է այն լեզուն, որով մենք աշխատել ենք էդ հարցերի շուրջ, թե ինչպե՞ս ես դու դարձնում քո մշակութային ունիկալ արժեքը համաշխարհային, տիրաժավորված, ընդունված…

Իմիջայլոց, երբ խոսում էինք հայաստանյան, հայկական, համաշխարհային դարձած ինչ-որ բանի մասին, ես մտածում էի, որ ձեզնից մեկնումեկը, որովհետև էդպիսի դեպքեր եղել են, «ցինիկաբար» կասի «ցեղասպանություն» և կամ կասի «սփյուռք»: Որովհետև այդ երկու հասկացություններն են, որոնք, ով որ հայերի մասին գոնե մի քիչ ինչ-որ բան գիտի՝ էդ երկու հասկացությունները գիտի: Հա, շատ ավելի քիչ դեպքերում նա գիտի Արամ Խաչատրյան, (33:44 – Կամ Մխիթարյան), կամ Նարեկացի, կամ դուդուկ: Կամ Մխիթարյան: Բայց Մխիթարյանը կարճատև երևույթ է, դեռ տեսնենք՝ տաս-քսան տարի հետո կմնա՞, թե ոչ, որովհետև ո՞վ է հիմա հիշում Պլատինիին: Դա անցողիկ դեպքեր են, հա: Ո՞վ է հիմա հիշում Պլատինիին կամ, հա… Դրանք հնանում են՝ այդ հասկացությունները: Նույնիսկ Երևան… Հայաստանում Տիգրան Պետրոսյանին արդեն շատերը չեն հիշում, և այլն:

Ուրեմն. հիմա, եթե վերցնում ենք որպես արժեք և փորձում ենք էդ արժեքի խնդիրներով զբաղվել՝ մենք կարող ենք տեսնել երկու իրադրություն: Ուրեմն՝ էստեղ մշակույթ մեկն է, էստեղ մշակույթ երկուսն է: Արժեքները ծանր են: Դժվար են դառնում հանրային, մանավանդ ապրանք, դեռ կարող է նա համաձայն է էդ արժեքից օգտվել, բայց առնել որպես ապրանք՝ դեռ մեծ հարց է: Ու մենք տեսնում ենք, ինչպե՞ս շատ արժեքներ, որոնք առաջ ապրանք էին, դադարում են այդպիսին լինել. գիրքը, օրինակ: Գիրքը դու կարող ես ինտերնետից քաշել խուժանաբար, կամ պարզապես ինքը ազատ դրված է, կամ շատ ու շատ այդպիսի բաներ: Ուրեմն. արժեքը, որպեսզի հանրայնանա, ինքը պիտի որոշակի պրոցեդուրայով անցնի, և մենք չգիտենք, էդ պրոցեդուրան ո՛րն է:

Ուրեմն. եթե պատկերացնում ենք՝ էստեղ մշակույթ մեկն է, էստեղ մշակույթ երկուսն է, էստեղ քաղաքակրթությունն է, որը բոլորի համար նույնն է: Եվ մենք ունենք էստեղ էսպիսի իրադրություն. այստեղից ծանր արժեքը դուրս է գալիս, անցնում է քաղաքակրթական մակարդակ՝ թեթևանալով, տեղափոխվում է մեկ այլ մշակութային դաշտ իր թեթև ձևով և հետ է գալիս այդ մշակույթի մեջ, էլի ծանրանալով: Սա մի ուղղություն է արժեքի գնալու: Դու վերցնում ես ծանր խաչքարը, որպեսզի այն տարածես՝ ստեղծում ես թեթև սուվենիր, վաճառում ես աշխարհով մեկ՝ մարդիկ իմանում են, որ Հայաստանը խաչքարների օրրանն է:

Մեկ այլ դեպք կարող է լինել, երբ իրար դեմ նստած են խոշոր, «դժվար» ինքնություն ունեցող հայը և խոշոր, «դժվար» ինքնություն ունեցող չգիտեմ ով, ամերիկացին, անգլիացին, ասորին, (36:28 – Հրեան) հրեան, և նրանք մշակութային երկխոսության մեջ են միմյանց հետ գտնվում: Նրանք փոխանակում են «ծանր» արժեքներ, պատրաստ են ընդունել և գնահատել հենց իրենց ծանրության մեջ: Բայց սա քիչ է պատահում և սա տիրաժավորում չի բերում:

Ուրեմն, եթե ուզում ես, որ քո մշակույթը հայտնի դառնա, պիտի ծանրից անցնես թեթևի: Թե ո՞նց՝ էդ արդեն հարց է քննարկման ենթակա. ծանր-թեթև, թեթև-ծանր, և հետո էստեղից ո՞նց է էստեղ վերադառնում: Կարո՞ղ եք էդպիսի օրինակներ բերել:

37:09 Դահլիճ – Օրինակ՝ ես ասեմ…

37:14 Դահլիճ – Երբ հայտնի Այվազովսկին իր ճարմանդը նվիրեց իր բարեկամուհուն՝ դա դեռ չգնահատվեց որպես արժեք: Բայց տարիներ անցնելուց հետո դարձավ նա արժեք, երբ բարեկամուհին ընդունեց, որ. «Սա ի՞նչ էր, որ ինձ նվիրեց»:

37:35 ԳՏԳ – Անցավ. թեթևից ծանր: Էս մասը ցույց տվեցիք, այո:

37:38 Դահլիճ – Եվ հետո դարձավ միլիոնների արժողությամբ…

37:40 ԳՏԳ – Այո, այո: Ուրեմն՝ ծանրը Այվազովսկին էր: Երբ նա ճարմանդը նվիրեց՝ այդ կինը չէր գնահատում իրեն, որպես համաշխարհային նշանակության նկարիչ: Դրա համար էդ ճարմանդը ընդունեց որպես մի ինչ-որ տղամարդուց ճարմանդ: Անցավ ժամանակ, հասկացվեց, թե դա ումից է նվեր, ինքը արժեքավորվեց, դարձավ Այվազովսկու սիմվոլ: Շնորհակալություն, աշխատում է օրինակը:

Էստեղ ես փաստորեն գրեթե ավարտում եմ: Ուզում էի ուղղակի ցույց տայի, որ ցանկացած, չգիտեմ, մշակույթի նախարարի, կամ միջազգային զարգացման նախարարի, կամ լուրջ մտածողի խնդիրը էն է՝ ինչպե՞ս ստեղծել էսպիսի մարդ, որը (ստեղծագործող)… Հնարավորություն տալ: Երեկ դուք խոսում էիք դրա մասին, որ պիտի լինի մթնոլորտ, կրթություն, ճաշակ, ինֆրաստրուկտուրա, որը արտադրի էս բաները, որ հետո էդ նախարարը մտածի՝ ո՞նց ուրիշների օգնությամբ, ինֆրաստրուկտուրայի օգնությամբ թեթևացնի, որ հետո քո ծանր մշակույթը աշխարհով մեկ դառնա հայտնի: Խնդրեմ՝ կոմենտար:

38:56 Դահլիճ – Լավ առաջարկ էր, երիտասարդը շատ հետաքրքիր ասաց: Ուրեմն՝ նախարարին բերեն այստեղ:

39:00 Դահլիճ – Մշակույթի նախարարին կանչե՛լ այստեղ:

39:02 ԳՏԳ – Խնդրեմ: Ասվեց ուղղակի, հա՞:

39:08 Դահլիճ – Ես ուղղակի կուզենայի մի բան էլ ավելացնեի. Այստեղ շատ կարևոր միտք հնչեցարժեմշակույթի և արվեստի արժեհամակարգ ստեղծելու դերի մասին: Այսօրվա մեր հանրապետության, մեր հասարակության համար սա շատ կարևոր հանգամանք է: Կարևորը մենք ձգտում ենք ձևավորել մի հասարակություն, որը ունենա կայուն արժեհամակարգ: Այն թերությունները, բացերը, որ այսօր կան մեր հասարակության մեջ՝ սկսած կոռուպցիայից, վերջացրած հանցագործությունների աճով, արտագաղթով և այլն, նաև իր դերն ունեն, որ դեռ մշակույթը չի կարողանում մարդկանց մեջ սերմանել, ձևավորել այնպիսի արժեհամակարգ, որ այդ մարդը ուղղակի սկսած ծամոնը նետելուց փողոցում, կամ հայհոյելուց, կամ, չգիտեմ, անպատշաճ վերաբերմունքից, վերջացրած արդեն կոռուպցիոն երևույթներով, որ գոյություն ունեն մեր հասարակության մեջ, և ցավոք շատերի համար ընդունելի են (այդպես չանի)… Պետք է սրա դեմ հանդես գա այն արժեհամակարգը, որում նաև դեր է խաղալու մեր մշակույթը, մշակույթի գործիչները:

40:41 ԳՏԳ – Շնորհակալություն: Խնդրեմ, դուք էլ օրինակ բերեք:

40:45 Դահլիճ – Երբ վերջերս քարոզարշավ էր քաղաքական առումով մեր Ճամբարակում, պատկերացրեք, մշակույթի նախարարը էնտեղ էր, ես, օրինակ, կանգնել էի կողքից, նայողի դիրքում էի, երբ ժողովուրդը՝ հասարակ ժողովուրդը, վազքով եկավ իմ մոտ ու ասեց. «Տիկին Գայանե, մշակույթի նախարարին էնքա՜ն անկապ բաներ են ասում: Արի գնանք՝ քո տիկնիկայինը ներկայացրու»: Ժողովուրդը ինձ առաջ քաշեց, բրդեց, և գնացի ու խնդիրը դրեցի ու հասա, և անմիջապես նա կարողացավ: Այսինքն ժողովուրդը ինքը գնահատեց էդ պահանջմունքը, և ես հասա ահագին (արդյունքի):

41:23 ԳՏԳ – Շնորհակալություն: Դե գիտե՞ք ինչ. մշակույթի նախարարը այսօր մեկն է, վաղը մյուսը: Եվ մշակույթի նախարարը ոչինչ միայնակ չի կարող անել. պետք է ինֆրաստրուկտուրա, պետք է մշակույթի նախարարություն, իսկ կան երկրներ, որտեղ պետք չի նախարարություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ու էնտեղ էլի (համակարգն) աշխատում է, և ուրեմն եթե կա որևէ պետական օրգան՝ ի վերջո դա պիտի ծառայի իր ժողովրդին, այսինքն ինքը պիտի ասի «Աչքիս վրա», ոչ թե դու գնաս խնդրողական տոնով-տեսքով իրան պատմես: Մինչև մեր հասարակությունը դա չհասկանա՝ շատ փոփոխություններ չի լինի:

Բայց վերադառնալով ձեր… Ես ուզում եմ մի խնդիր դնել, որը ինձ համար է խնդիր, և դրանով ավարտել: Ուրեմն. ես ասացի, որ Խորհրդային Միության ժամանակ ինչ-որ չափով կար ինֆրաստրուկտուրա: Լավ, վատ՝ այն գոյություն ուներ շնորհիվ նրա, որ Խորհրդային Միությունը սխալմամբ կարծում էր, որ արվեստներին կերակրելով ինքը կգոյատևի. պարզվեց, որ հեչ էլ չէ: Բայց իրենք ուրեմն ստեղծել էին նկարիչների միություն, գրողների միություն, էս, էն, որ մենք հիմա ժառանգել ենք, որոնք փող չունեն, որոնք շատ վատ վիճակում են, որոնք վաճառում են իրենց բաները (ունեցվածքը), որ փողները գրպանները դնեն, որոնք շատ… Որովհետև, ինչպես ասացիք, չկա ընդհանրական արժեքային համակարգ, իրենք իմաստը իրենց գոյության չեն գտնում:

Եվ սակայն Խորհրդային Միության ժամանակ ստեղծված այս համակարգի շնորհիվ և, իհարկե, որովհետև ժամանակն էր ուրիշ, ստեղծվեց հսկայական քանակությամբ արժեք, ստեղծվեց հսկայական քանակությամբ արվեստ: Հետո եկավ ետխորհրդային ժամանակը, նոր անկախ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ չկա մշակութային քաղաքականություն՝ մեծ իմաստով, քաոտիկ է եղել դա, բայց աշխարհին բացվել է: Դրա պատճառով ստեղծվել են այնպիսի երևույթներ, ինչպես, ասենք, Միրզոյան գրադարանը (ո՞վ է ձեզնից այնտեղից), կամ Թումո-ն, կամ Impact Hub-ը և այլն, և այլն, որոնք օրինակ են ամենաժամանակակից մոտեցումների՝ համաշխարհային մակարդակով, դեպի արժեքը, մշակույթը, երբեմն՝ արվեստը: Եվ կա էդ «հնոտի» գրողների միությունը, կամ նկարիչների միությունը, բայց… (43:58 – Կամ կոմպոզիտորների) Կամ կոմպոզիտորների միությունը, կինեմատոգրաֆիստների միությունը, որտեղ մի ունիկալ դեպք տեղի ունեցավ: Որքան ես հասկանում եմ՝ Հայաստանում պատմականորեն ամենաքչաքանակ դեպքերից, երբ եղավ արդար ընտրություն միության նախագահի, բայց դա փակագծերի մեջ: Ուրեմն… (44:15 – Կոմպոզիտորների՞): Չէ, կոմպոզիտորները՝ չգիտեմ: Գիտեմ, որ ընտրություն է եղել. եթե արդար էր, շատ լավ: Հոյակապ:

Բայց ես որ իմացա, որ կինոմիությունում արդար է եղել ընտրությունը՝ ես շատ զարմացա: Բայց շնորհավորում եմ էդ ընտրողներին. ոչ թե ընտրվածին, այլ ընտրողներին:

Ուրեմն, մենք հիմա ունենք հսկայական քանակությամբ մշակութային արժեք, որը արտադրվել է մինչև հազար ինը հարյուր իննսուն թիվը, և որը շատ դեպքերում «դեմոդե» է: Եթե մենք վերցնում ենք նկարիչների արտադրանքը՝ էսօրվա դիզայնի մեջ, էսօրվա գրադարան, էսօրվա կաֆեներում չեն տեղավորվում: Նույնիսկ «Ջազվեն», որը օգտագործում է ինչ-որ բաներ՝ գրքեր է դնում էնտեղ, բան, ինչ-որ, նախկին սովետական ինչ-որ դիզայն է դնում՝ էնտեղ նկար չի կախի մեծ մասից նախկին շրջանի նկարիչների:

Շատ քչերը կան նախկին շրջանի նկարիչների, որոնց նկարը ժամանակակից դիզայնով բնակարան ունեցող անձը, որը նաև փող ունի՝ կառնի և կկախի: Իսկ եթե արժեքավոր է, որոնք շատ քիչ են էլի, ասենք՝ Մինաս Ավետիսյան է, նա հատուկ իրադրություն պիտի ստեղծի իր բնակարանում, որ դա կախի: Այսինքն՝ մենք ունենք (լիքը անօգտագործելի կամ քիչ օգտագործելի արվեստ)…

Դա նույնը վերաբերում է գրականությանը, ինչ-որ չափով կինոյին, որ փառք աստծո՝ մենք ինտերնետում այդ ողջ կինոն ունենք, բայց ինքը մնում է գրեթե չօգտագործվող ու չարժեքավորվող: Գրեթե բոլոր… Երաժշտությունը, փառք աստծո, կարծես, գուցե, ես էդքան մասնագետ չեմ, էդպիսի դժվարություն չի ապրում: Բայց էլի գուցե, ես չգիտեմ, որովհետև, ասենք, գրականությունը եթե նայում ես՝ միայն Հրանտ Մաթևոսյանն է, որը որպես անուն անցել է այս կողմ, կամ Համո Սահյանը: Ամբողջ էն արտադրանքը, էն ժամանակվա՝ կիսաարժեքավորված կամ չարժեքավորված վիճակում է, և ժամանակակից սերունդները մոռանում են: Էսպես վիճակ է: Կինոն ընդհանրապես դադարեց՝ «Հայֆիլմ»-ը դադարեց լինել որպես հայոց արտադրանք:

Այսինքն՝ տեղի ունեցավ էն, ինչ Շեքսպիրն է ասել. «Խզված է կապը ժամանակների միջև»: Տեղի ունեցավ ժամանակների միջև կապի խզում: Եվ ինձ համար կոնկրետ դիզայնի կամ օգտագործման խնդիր է. ի՞նչ անել կերպարվեստի շատ կարևոր կարկառուն ներկայացուցիչների արտադրանքի հետ, որոնցից շատերին Անահիտը գիտի, որովհետև իր պատկերասրահում են դրանք կախված, որոնք համ հանդիսանում էին Բենիկ Պետրոսյանի շրջապատը և ընկերները: Ի՞նչ անել էդ արտադրանքի հետ այսօրվա օրով: Դա և՛ դիզայնի խնդիր է, և՛ կոնցեպտուալ խնդիր է, և՛ ինչ-որ մտածելու բան է, հա՞՝ ինչպե՞ս դա (օգտագործել)… Ինքը «ծանր» է դարձել այսօրվա օրով:

Ինչպե՞ս դա դարձնել «թեթև», որպեսզի այսօրվա մշակույթում, էսօրվա հայաստանյան քաղաքակրթության մեջ տեղ գտնի, իմաստավորվի, իմաստ ստանա:

Սա պարզապես իմ անձնական խնդիրներից մեկն է, որով ես ձեզ հետ կիսվեցի: Բայց ինձ թվում է՝ նաև ոմանց համար նույնպես կարևոր:

Շնորհակալություն ուշադրության համար: Ինչ որ ես ասում էի՝ ես հաստատ գիտեմ, որ ձեզ համար շատ հաճախ շատ վիճելի կամ ոչ լրիվ բացված թեզեր էին: Բայց ինձ թվում է կարևոր է, որ սրա վերաբերյալ նույնպես խնդրառվեն մեր մոտեցումները: Որովհետև, եթե մենք չենք մտածում. ի՞նչ պայմաններում է, ինչպե՞ս է, ի՞նչ պիտի լինի, որ սա (մարդուկը) ստեղծագործի, և ինչպե՞ս պիտի էս անցումը տեղի ունենա (ծանրից թեթև և հակառակը), մենք չենք լուծում ամենագլխավոր հարցերը, իմ կարծիքով:

 

Սղագրությունը` Տաթևիկ Ղահրամանյանի

Սղագրության ավարտը` նոյեմբերի 21, 2017թ

 

Այս տեսանյութը ներկայացնում է «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում (Դեկտեմբեր 2016 – Դեկտեմբեր 2019) 2017 թ. նոյեմբերի 6-8-ն իրականացված «Արվեստ և մշակույթ. ֆոնդհայթայթման ու բիզնես մոդելների նոր տարբերակներ» թեմայով դասընթացում Գևորգ Տեր-Գաբրիելյանի ելույթը։

[1] Ինովացիա և ստեղծագործական մտածողություն (Jam Session 7)

Print Friendly