Համայնքային զարգացման ռոսուրս կենտրոններ

վերադարձ

Ծրագրի նպատակը`համայնքահեն կազմակերպությունների կարողությունները զարգացնելու միջոցով ապահովել քաղաքացիների ակտիվ մասնակցությունը համայնքների զարգացման գործում:

Հայաստանի գյուղական համայնքների զարգացման գործում շատ կարեւոր է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Հայտնի է, որ համայնքի անդամները հիմնադրում են համայնքահեն կազմակերպություններ, որոնք նպաստում են տարբեր համայնքային հիմնախնդիրների լուծմանը եւ համայնքի զարգացման ծրագրերում` քաղաքացիների ակտիվացմանը: Չնայած այս ամենին, այնուամենայնիվ, շատ համայնքահեն կազմակերպություններ երբեմն չունեն քաղաքացիների ակտիվությունը բարձրացնելու բավարար կարողություններ:

2006 թ. մայիս ամսին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մեկնարկեց “Համայնքային զարգացման ռեսուրս-կենտրոններ” ծրագիրը, որի նպատակն է զարգացնել համայնքահեն կազմակերպությունների կարողությունները` գյուղական համայնքների զարգացման գործում ակտիվ դեր ունենալու համար: Հիմնադրամը դրամաշնորհային աջակցություն տրամադրեց թվով ինը հասարակական կազմակերպությունների, որոնք ստեղծել են ռեսուրս-կենտրոններ եւ ներկայումս աջակցում են այլ կազմակերպություններին ու համայնքային խմբերին:

Կարողությունների զարգացում

Բոլոր ռեսուրս-կենտրոններն ստեղծվել են մարզերում արդեն իսկ ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այդ կազմակերպություններն ընտրվեցին 2006 թ-ին հայտարարված մրցույթի շրջանակներում: Ընտրության ժամանակ հաշվի առնվեցին ոչ միայն նրանց` որպես ռեսուրս-կենտրոններ ծաառայելու հնարավորությունները, այլեւ համայնքահեն կազմակերպություններին ծառայություններ մատուցելու եւ ռեսուրս-կենտրոնների ցանցի բաղկացուցիչ մաս կազմելու պատրաստակամությունը: Հիմնադրամն օգնում է յուրաքանչյուր կազմակերպությանն ուսուցողական դասընթացներ կազմակերպելու, խորհրդատվություն տրամադրելու եւ այլ ծառայություններ մատուցելու հարցերում: Դրանք հիմնականում առնչվում են ծրագրեր մշակելու, ֆինանսներ հայթայթելու, մոնիտորինգ եւ գնահատում անցկացնելու, ինչպես նաեւ համայնքի բնակիչներին ակտիվացնելու հետ կապված հարցերին: Ռեսուրս-կենտրոնները նաեւ հնարավորություն են տալիս համայնքի բնակիչներին` օգտվելու ինտերնետային ծառայություններից, էլեկտրոնային եւ տպագիր նյութերից: Նմանատիպ ծառայությունները նախ կմատուցվեն անվճար, այնուհետեւ, վճարովի հիմունքներով` տեղի գործարար մարդկանց, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ դոնոր կազմակերպություններին: Ամեն ամիս այդ ռեսուրս-կենտրոններն անհատներին ու տեղական կազմակերպություններին տրամադրում են միջին ծավալով 1500 ծառայություններ: Ռեսուրս-կենտրոնների կայունությունն ապահովելու նպատակով հիմնադրամը դասընթացներ է անցկացրել ուղղված մասնակցային գնահատման, մարկետինգի եւ եկամուտների կուտակման հարցերին:

Համագործակցություն եւ կայունություն

Եվրասիա համագործակցություն հիմնադրամն ստեղծել է ռեսուրս-կենտորնների ցանց, որի միջոցով համագործակցություն է հաստատվել բոլոր ռեսուրս-կենտրոնների միջեւ եւ իրականացվում են տեղեկատվության ու փորձի փոխանակման աշխատանքներ: Այն ռեսուրս-կենտրոնները, որոնք այս ծրագրի մաս չեն կազմում, բայց գործում են այլ համայնքներում, եւս կունենան ցանցում ընդգրկվելու հնարավորություն: Ապագայում ռեսուրս-կենտրոններն ու ծրագրի շահառուները կմասնակցեն հիմնադրամի այն ծրագրերին, որոնք առնչվում են երիտասարդության հարցերին, տպագիր մամուլի զարգացմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին:

Համապատասխան նյութ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը դրամաշնորհային աջակցություն է տրամադրել թվով ինը հասարակական կազմակերպությունների, որոնք ստեղծել են ռեսուրս-կենտրոններ եւ ներկայումս աջակցում են այլ կազմակերպություններին ու համայնքային խմբերին: