«Բաց դռներ» ծրագիր

մայր էջ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) «Բաց դռներ» ծրագիրը հանդիսանում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Շվեդական միջազգային զարգացման գործակալության (SIDA) միջև ռազմավարական համագործակցության մաս. համագործակցության շրջանակներում SIDA-ն ԵՀՀ-ին տրամադրում է ծրագրային աջակցություն:

Ծրագրի նպատակը

Նորարար ծրագրերի իրականացման միջոցով նպաստել ժողովրդավարության զարգացմանը, եվրոպական արժեքների ներկայացմանը ու մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի և խոսքի ազատության կայացմանը, ինչպես նաև Հայաստանի և հարևան երկրների միջև վստահության կառուցմանը:

Մինչ 2011թ. փետրվարի 1-ը, ԵՀՀ ստացել էր 43 հայտ, որից 14-ն անցել էին մրցույթի վերջնական փուլ: ԵՀՀ Խորհրդատվական կոմիտեի` ս.թ. մարտի 23-ին կայացած քննարկման և հայտերի գնահատման արդյունքում 12 հայտ հաստատվել են ֆինանսավորման համար: Ստորև ներկայացնում ենք այդ նախագծերն հակիրճ:

1. «Աքիլես» վարորդների իրավունքների պաշտպան միություն. ՃՏՊ փորձագիտական նորարար մեթոդի մշակում և կիրառում

Նախագծի նպատակն է նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետաքննության հետ կապված կոռուպցիոն ռիսկերը` Հայաստանում ներդնելով բարձր տեխնոլոգիական անկախ փորձագիտություն: Սույն խնդիրը կազմակերպությունը լուծելու է ձեռք բերելով և գործարկելով տրանսպորտային միջոցների բախումը և հետագիծը վերականգնող 3D ձևաչափի սարքավորում, որը հնարավորություն է տալիս արագ և ճշգրիտ վերլուծելու բոլոր տեսակի պատահարները:

2. «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ. Քաղաքացիական մոնիտորինգ ՀՀ զինված ուժերում

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը` բարձրացնելով հանրային իրազեկությունը և վերահսկողությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների օրինակով: Նախագծի շրջանակներում կմեծանա մարզային լրագրողների ընդգրկվածությունն ու մասնակցությունը՝ զինված ուժերում մարդու իրավունքների խախտման դեպքերի բացահայտման, մոնիտորինգի և լուսաբանման ոլորտներում։

3. «Հայկական ճամբար» բարեգործական ՀԿ. Սոցիալական ձեռներեցություն, խեցեգործական արհեստանոցի հիմնում

Նախագծի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամների սոցիալական ինտեգրմանը` մշակելով նրանց համար զբաղվածության թերապիայի մոդել: Կազմակերպությունը, ստեղծելով սոցիալական ձեռնարկություն, կազմակերպելու է կավագործության դասընթացներ՝ հատուկ կարիք ունեցողների համար, որոնց կհաջորդի աշխատանքների վաճառք՝ ցուցահանդեսների միջոցով: Ստացված հասույթը կտրամադրվի հաշմանդամություն ունեցող մարդկանց սպորտային միջոցառումներ կազմակերպելուն։

4. Քաղաքական գիտությունների ակադեմիական հիմնադրամ. “Ժողովրդավարություն և անվտանգություն” թեմայով միջազգային կոնֆերանսի կազմակերպում

Նախագծի նպատակն է նպաստել անվտանգության ոլորտում ՀՀ պետական կառույցների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը` ներկայացնելով ամերիկյան և ռուսական անվտանգության և պաշտպանության ավանդույթները: Ծրագրում նախատեսվում է փորձի փոխանակում տեղական և ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ռուսաստանից շահագրգիռ մարմինների և միջազգային փորձագետների միջև, ինչպես նաև ռազմավարական և անվտանգության հարցերի վերաբերյալ եռալեզու տերմինաբանական բառարանի մշակում:

5. «Հայ գրքի կենտրոն» մշակութային ՀԿ. www.amsagir.am մշակութային քննադատական կայքէջ

Նախագծի նպատակն է խթանել քննադատական մտածողության և գրավոր խոսքի զարգացումը Հայաստանում` խրախուսելով կառուցողական հանրային քննարկումների մշակույթը սոցիալական և մշակութային թեմաներով: Նախագիծը ստեղծելու է ինտերակտիվ մշակութային հարթակ և խրախուսելու է տեղեկատվության փոխանակումն ու առողջ քննադատությունը Հայաստանի մշակութային և հասարակական խմբերի միջև՝ համացանցի միջոցով և սոցիալական կայքերի լայն ընդգրկումով:

6. «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ. Քաղաքացիական մոնիտորինգի ուժեղացում

Նախագծի նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության, արձագանքման և հանրային իրազեկման համակարգի կայացմանը ՀՀ Սյունիքի մարզում՝ երիտասարդների համախմբման և քաղաքացիական ակտիվության բարձրացման միջոցով: Նախագծի արդյունքում ակնկալվում է Սյունիքի մարզում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցների քանակի և որակի բարձրացում, որը կնպաստի հանրային իրազեկության բարձրացմանը ոլորտում գոյություն ունեցող խնդիրների շուրջ:

7. “Խաչմերուկ” բանավեճի ակումբ . Գրագողության դեմ պայքարը բարձրագույն կրթական հաստատություններում

Նախագծի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության որակը Հայաստանում` հետազոտելով գրագողության երևույթը և դրա դեմ պայքարի մեխանիզմները: Նախագծի արդյունքում ակնկալվում է բարձրացնել գրագողություն խնդրի վերաբերյալ իրազեկությունը ուսանողների, դասախոսների, բուհական և պետական պաշտոնյաների շրջանում, ինչպես նաև նոր մշակված “հակագրագողության” ռազմավարության կիրառումը մեկնարկային մեկ կամ երկու ԲՈՒՀերում:

«Գրագողությունը հայաստանյան բուհերում. ինչպե՞ս քանդել թնջուկը» 

8. Հայկ Քոչարյան, անհատ հետազոտող

Տվյալ հետազոտական նախագիծը նպատակ ունի ուսումնասիրել 1960-70-ական թվականներին Խորհրդային Հայաստանի հասարակական կյանքում ազատության դրսևորումները՝ ներառյալ ազատության համար կիրառվող դիմադրության ձևերը, ժամանակի ենթամշակույթների և շարժումների («ստիլյագներ», «հիպպիներ» և այլն) օրինակով՝ քննարկելով դրանք ժամանակակից Հայաստանի առջև կանգնած խնդիրների և դրանց լուծումների համատեքստում:

9. “Էյ Դի Էքս” ՍՊԸ. Նորացման դիսկուրսի արծարծումը www.prm.am կայքէջում

Նախագծի նպատակն է տեղեկության մշակման և տարածման այլընտրանքային միջոցով բարձրացնել աշխարհում և Հայաստանում նորացման և արդիականացման ասպարեզներում տեղի ունեցող մշակութային, քաղաքական և սոցիալական կարևոր զարգացումների մասին տեղեկությունների հոսքը: Նախագծի արդյունքում կստեղծվի նշված թեմաներով ժամանակակից տենդենցներն արտացոլող հանրային քննարկումների և վերլուծությունների վիրտուալ տարածք, որը կնպաստի նաև Հայաստանում արտահայտման ազատության դրսևորմանը:

10. “Հայ Ձմեռ Պապ” բարեգործական հիմնադրամ. www.haysanta.am -ն ընդդեմ ծայրահեղ աղքատության

Նախագծի նպատակն է մեծացնել երկրում ծայրահեղ աղքատության խնդրի հրապարակայնությունը և այդ խնդրի շուրջ հանրային երկխոսության մակարդակը: Ծրագիրը կնպաստի սոցիալական պատասխանատվության և մարդասիրության մշակույթի զարգացմանը հայ հասարակության շրջանում` մեծացնելով լրագրողների ընդգրկվածությունը սոցիալապես անապահով և խոցելի խմբերի բացահայտման և լուսաբանման գործում՝ կիրառելով մուլտիմեդիա գործիքներ։

11. “Մարտունու կանանց համայնքային խորհուրդ” ՀԿ. Տուրիզմի զարգացումը Մարտունիում

Նախագծի նպատակն է խթանել Մարտունու տարածքում զբոսաշրջությունը` բացահայտելով և Հայաստանի առավել հայտնի տուր օպերատորներին ներկայացնելով այդ վայրերին բնորոշ տեսարժան արտեֆակտերն ու կենցաղային ավանդույթները, ինչպես նաև ստեղծելով “հացուկաց” իջևանատների տեղական ցանց:

12. Գո գրուպ մեդիա. “Հարավկովկասյան ժողովուրդների միջև ինտերակտիվ երկխոսության կառուցում”

Նախագծի նպատակն է նպաստել տարածաշրջանային կոնֆլիկտների խաղաղ լուծմանը` բարձրացնելով հայ-թուրքական երկխոսության գործընթացի վերաբերյալ փորձառությունը Հարավային Կովկասում մասնագետների, լրագրողների և հանրության շրջանում: Ծրագրի շրջանակներում սստեղծվելու է վրաց-աբխազ-հարավօսական լրագրողական խումբ, որը կուսումնասիրի հայ-թուրքական երկխոսության գործընթացը և համապատասխան վերլուծություններ կկատարի զարգացումների շուրջ:

Նախագծերի հակիրճ նկարագրություն