Կորպորատիվ Սոցիալական Ներդրումներ

վերադարձ

Ծրագրի նպատակը`խթանել Հայաստանի մասնավոր սեկտորի մասնակցությունը երկրի սոցիալական զարգացմանը:

2006 թ-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամն անցկացրեց Հայաստանում կորպորատիվ սոցիալական ներդրումների վիճակի գնահատում: Ուսումնասիրությունն անցկացվեց Հայաստանի խոշոր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների շրջանում: Ուսումնասիրության առարկան էին կորպորատիվ սոցիալական ներդրումների ընկալումը, առկա փորձը և այն ընդլայնելու հիմնական խոչընդոտները, ինչպես նաև այն հիմնական շարժառիթները, որոնցով ընկերությունները ներգրավվում են կորպորատիվ սոցիալական ներդրումների գործում:

Համաձայն գնահատման արդյունքների, Հայաստանի գործարարների շրջանում կորպորատիվ սոցիալական ներդրումների ընկալումը շատ թույլ է: Կան փոքր թվով գործարար ընկերություններ, որոնք կանոնավոր կերպով ներգրավված են բարեգործական աշխատանքներում: Այդ ընկերությունների կողմից արված նվիրատվությունները միանգամյա վճարներ են և հանրության կարիքներին ու ընկերության նպատակներին արձագանքող երկարաժամկետ ռազմավարության մաս չեն կազմում: Հայ գործարարները դեռևս անտեսում են հասարակական կազմակերպությունների հնարավոր դերը կորպորատիվ սոցիալական ներդրումների գործընթացում: Գործարար ընկերությունների բարեգործական աշխատանքները և քաղաքացիական հասարակության ու իշխանությունների նախաձեռնությունները համակարգելու խնդիր կա:

Ծրագրով նախատեսված է`

  • զարգացնել գործարար ընկերությունների կորպորատիվ սոցիալական ներդրումների ռազմավարություն մշակելու կարողությունները,
  • ուժեղացնել բիզնեսի և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը սոցիալական ծրագրերում,
  • ստեղծել ցանց, որի միջոցով հայ գործարարները հնարավորություն կունենան համագործակցել արտասահմանյան ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ու պետական մարմինների հետ:

Ձեռներեցների կարողությունների զարգացում

2007թ. օգոստոսին Երևանում տեղի ունեցավ երկօրյա սեմինար, որը նվիրված էր կորպորատիվ սոցիալական ներդրումների փորձին: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի գործարար հատվածի ավելի քան քսան ներկայացուցիչներ: Կոկա-կոլա ընկերությունը, Էյչ-Էս-Բի-Սին, Մայքրոսոֆթը, Աշտարակ-կաթը, Սինոփսիսը, Ափորիա հանքային ջրերը և շատ այլ ընկերություններ ներկա էին սեմինարին: Գործարար հատվածի ներկայացուցիչներն ունկնդրեցին ելույթներ կորպորատիվ սոցիալական ներդրումների բնագավառում ռուսական բիզնեսի և Բրիթիշ-Արմենիա տոբակո ու Ալկո ընկերությունների փորձի մասին: ԱՄՆ-ից և Միացյալ Թագավորությունից եկած անկախ փորձագետները ներկայացրեցին ամերիկյան և բրիտանական ընկերությունների սոցիալական ներդրումների փորձի մասին ուսումնասիրության դեպքերը:

Սեմինարից հետո, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հովանավորեց Մոսկվայում վեց հայ գործարարների ու ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալի ուսուցողական այցը, որտեղ նրանց հնարավորություն ընձեռվեց այցելել ռուսական այն ընկերություններին, որոնք ակտիվ են կորպորատիվ սոցիալական ներդրումների գործում: Երկու ընկերություններ` <<Աշտարակ-կաթ>> և <<Արմսվիսբանկ>> ընկերությունները ծրագրում են շարունակել կորպորատիվ սոցիալական ներդրումների ռազմավարություններ մշակելու նպատակով իրենց համագործակցությունը հիմնադրամի հետ:

Ապագայում Եվրասիա համագործակցություն հիմնադրամն աշխատելու է իր գործակից բիզնես ընկերությունների հետ` վերջիններիս կարողությունները զարգացնելու նպատակով: Աշխատանքներն ուղղված կլինեն կորպորատիվ սոցիալական ներդրումների այնպիսի ռազմավարությունների մշակմանը և իրականացմանը, որոնք կարձագանքեն յուրաքանչյուր ընկերության առաքելությանը, բիզնես-ծրագրերին և հետաքրքրություններին: Հիմնադրամը ենթադրում է, որ ծրագրով նախատեսված միջոցառումներին ներգրավելով օտարերկրյա ընկերությունների և կորպորատիվ սոցիալական ներդրումներ խթանելու փորձ ունեցող այլ հասարակական կազմակերպությունների` հնարավոր կլինի հայկական ընկերությունների շրջանում զարգացնել միջազգային լավագույն փորձի համապարփակ ընկալում: Դրանում աջակցելու է նաև Հայաստանում առևտրի ամերիկյան պալատը: 2008 թ-ին հիմնադրամը ծրագրում է նաև ընտրել տեղական մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն, որի հետ համատեղ կմշակվի և կմեկնարկի կորպորատիվ սոցիալական ներդրումների ոլորտում հայ գործարարների մասնագիտանալու կուրս:

Օրենսդրական փոփոխություններ

Հայաստանում գործող հարկային օրենսդրությունը գործարարներին չի ապահովում բավարար պայմաններով, որպեսզի նրանք բարեգործական աշխատանքներ կատարեն: 2008 թ-ին Եվրասիա համագործակություն հիմնադրամը համեմատական վերլուծություն է անցկացնելու ոլորտում գործող հայկական և արտասահմանյան օրենսդրության միջև: Այդ հարցում հիմնադրամին աջակցելու են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը և գործարար ընկերությունները, որոնք կառաջարկեն օրենսդրական փոփոխություններ` կորպորատիվ սոցիալական ներդրումների ոլորտը կատարելագործելու ուղղությամբ:

Կորպորատիվ սոցիալական ներդրումների մասին հանրային իրազեկում

Ծրագրի գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկումն իրականացվում է զանգվածային լրատվամիջոցների ակտիվ մասնակցությամբ: Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հովանավորեց տեղական թերթի լրագրողի Մոսկվա կատարած ուսուցողական այցը: Արդեն իսկ կազմակերպվել է մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացվեցին այցի արդյունքներն ու ծրագրի գործողությունները:

Համապատասխան նյութ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը խթանում է Հայաստանի մասնավոր սեկտորի մասնակցությունը երկրի սոցիալական զարգացմանը: