Հակակոռուպցիոն ծրագիր 2011թ.-ից

մայր էջ

Ծրագրի նպատակը` մեծացնել Հայաստանի պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում: Այս նպատակին հասնելու համար կատարել հետեւյալ գործողությունները.

  • Զարգացնել պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների կարողությունները` հակակոռուպցիոն աշխատանքներում ներգրավվելու համար,
  • Խթանել պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների միջեւ համագործակցություն` պետական կառավարման մարմինների գործունեությունը թափանցիկ դարձնելու համար,
  • Առաջարկել ռազմավարական եւ ընթացակարգային փոփոխություններ` կոռուպցիայի դեմ պայքարում:

2003 թ-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումից հետո ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց մաքսային օրենսգրքում, “Հարկերի”, “Ֆինանսական համահարթեցման”, “Գնումների”, “Կրթության” եւ “Առողջապահության” մասին ՀՀ օրենքներում եւ քննարկեց “Լոբբիստական գործունեության մասին” օրինագիծը: Չնայած այս փոփոխություններին, վերջերս անցկացրած մի շարք ուսումնասիրությունների համաձայն, կոռուպցիայի դեմ պայքարում դեռեւս անկում է նկատվում: Հանրային միջոցների սխալ օգտագործումը խոչընդոտում է երկրի տնտեսական եւ քաղաքական զարգացմանը:

Հաշվի առնելով այս հանգամանքները` Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ՀՀ Ազգային ժողովի, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հետ համատեղ 2006 թ. ապրիլ ամսին կազմակերպեց համաժողով, որը համախմբեց իշխանությունների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ավելի քան 300 ներկայացուցիչների` կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերը միավորելու եւ համագործակցություն հաստատելու համար: Համաժողովի արդյունքում մշակված առաջարկներում մատնանշվեց կոռուպցիայի դեմ պայքարում նոր ու մատչելի նախաձեռնությունների մշակման անհրաժեշտությունը: Դրանք ուղղված են պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների կարողությունների զարգացմանը` եռակողմ համագործակցություն հաստատելու, պետական կառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ապահովելու եւ օրենսդրական փոփոխություններ կատարելու համար:

Այդ առաջարկների հիման վրա, 2007 թ-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մեկնարկեց ծրագիր, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների դերի մեծացմանը: Ծրագրի շրջանակներում հիմնադրամը համագործակցելու է պետական կառավարման մարմինների, լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ:

Կարողությունների զարգացում

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու լրագրողների համար նախատեսված դասընթացները հնարավորություն տվեցին խթանելու հանրային կառավարման գործընթացների թափանցիկությունը:

Այդ դասընթացներն ուղղված էին հետաքննական լրագրության զարգացմանը, պետական կառավարման մարմինների գործունեության թափանցիկության ապահովմանը, “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի ու կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային լավագույն փորձի կիրառմանը: Դասընթացներին մասնակցեցին տասներկու թերթերի քառասուն եւ հասարակական կազմակերպությունների քսաներկու ներկայացուցիչներ:

Նրանց ընտրության ժամանակ հաշվի առնվեցին երիտասարդների, կանանց եւ հասարակության խոցելի խմբերի հետ աշխատելու, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվ գործունեություն ունենալու հանգամանքները: Առավել թափանցիկ կառավարում ապահովելու եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով դասընթացներ կանցկացվեն նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար:

Վերոնշյալ հարցերի առնչությամբ դրամաշնորհային աջակցություն է տրամադրվել հասարակական կազմակերպություններին, թերթերին եւ լրագրողական ընկերություններին: Ծրագրային գործողություններում ընդգրկված են մի շարք կլոր-սեղան քննարկումներ եւ հեռուստատեսային բանավեճեր` նվիրված կոռուպցիոն հարցերին: Անցկացվելու է նաեւ քարոզարշավ` ուղղված տեղական իշխանությունների` քաղաքացիների դիմումներին արձագանքելու կարողությանը: Հանրապետության վեց մարզերում հանրային իրազեկման աշխատանքներ կիրականացվեն` նվիրված “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքին: Կանցկացվի նաեւ քաղաքացիների կողմից մոնիտորինգ` ուղղված ճանապարհային ոստիկանության, քաղաքացիական ծառայութնաբ, դպրոցների ու տեղական կառավարման աշխատանքներին:

Համագործակցություն

Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է հակակոռուպցիոն ցանց, որը բաղկացած կլինի պետական կառավարման մարմիններից, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներից` այդ երեք կառույցների կողմմից համատեղ հակակոռուպցիոն ռազմավարական գործողություններ մշակելու եւ իրագործելու նպատակով: Եվրասիա համագործակցություն հիմնադրամը համագործակցելու է ցանցի անդամների հետ` ցանցի կառուցվածքը կազմելու եւ ռազմավարությունը մշակելու համար: Ցանցի անդամները, հետագայում կստեղծեն եւ կղեկավարեն ինտերնետային հակակոռուպցիոն ռեսուրս կենտրոն, որը հնարավորություն կտա հանրությանը հասու դարձնել Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն աշխատանքների մասին տեղեկություններին, իսկ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` օգտվելու ուսուցողական նյութերից, ուղեցույցերից եւ այլ ուսումնասիրություններից: Իշխանությունների, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսվում է նաեւ կազմակերպել ուսուցողական այցեր դեպի Եվրոպա եւ ԱՊՀ երկրներ` հակակոռուպցիոն հաջողված մոդելներն ուսումնասիրելու եւ նմանատիպ կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելու նպատակով:

Ռազմավարական եւ ընթացակարգային փոփոխություններ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը նախատեսում է դրամաշնորհ տրամադրել հակակոռուպցիոն ցանցին` կոռուպցիայի դեմ պայքարում ռազմավարական եւ ընթացակարգային առաջարկություններով հանդես գալու նպատակով:

Համապատասխան նյութ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մեկնարկեց ծրագիր, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների դերի մեծացմանը: Ծրագրի շրջանակներում հիմնադրամը համագործակցելու է պետական կառավարման մարմինների, լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ: