ԵՀՀ-ի աջակցությունը բարձրագույն կրթության բարեփոխմանը 2009-2010

մայր էջ

2009 թվականին ԵՀՀ-ն վերլուծեց Հայաստանում առկա կարիքները, ինչպես նաեւ կազմակերպության ռազմավարություններն ու կարողությունները: ԵՀՀ-ի կողմից ընդունված նոր ռազմավարությունը էական ուշադրություն էր հատկացնում Եվրոպական միություն (ԵՄ) – Հայաստան հարաբերություններին եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: Այս ուշադրությունը պայմանավորված էր այն գիտակցությամբ, որ ԵՄ չափանիշներին մոտարկումը Հայաստանի համար առավել ակնառու աշխարհաքաղաքական հնարավորություններից մեկն է՝ լուծելու իր բարեկեցության հիմնական խնդիրները, այդ թվում՝ կապված զարգացման, ժողովրդավարության խորացման, անվտանգության եւ մարդկային կապիտալի հետ: Հետեւաբար, իր «Եվրոպա» ծրագրի շրջանակներում ԵՀՀ-ն, սահմանափակ կերպով, ներգրավվեց Բոլոնիայի գործընթացի լույսի ներքո բարձրագույն կրթության բարեփոխման գործընթացում: Բոլոնիայի գործընթացը մասնակից պետություններին եւ համալսարաններին հնարավորություն է ընձեռում առաջ ընթանալ դեպի միացյալ եւ մրցունակ կրթական շուկա՝ կրթական եւ ակադեմիական չափանիշների մոտարկման միջոցով: Իր գործունեության այս ենթաոլորտում ԵՀՀ-ն նկատի է առել մի շարք գործոններ. 
ա) Հայաստանի խոշոր համալսարանների բավարար ակադեմիական անկախության բացակայություն

բ) Հայաստանի բնակչության զգալի շուկայական հետաքրքրվածություն բարձրագույն կրթության նկատմամբ, զուգորդված խոչընդոտող գործոնի հետ՝ բարձրագույն կրթության հաստատությունների առաջարկի եւ շուկայական պահանջարկի անհամապատասխանություն եւ դրանց միջեւ համակարգվածության բացակայություն

գ) օրենսդրական բացեր, օրինակ՝ փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճանի (PhD) վերաբերյալ հայեցակարգի բացակայություն:

Իր համեստ հնարավորությունների շրջանակներում ԵՀՀ-ն միջոցառումներ ձեռնարկեց շուկայական անհամապատասխանության խնդրի կարգավորման ուղղությամբ՝ աջակցելով Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում փորձնակության մեխանիզմի ներդրմանը: «Բաց դռների» մեխանիզմով այս դրամաշնորհը 2009 թվականին շնորհվեց ԵՊԼՀ-ին՝ համալսարանի կողմից սեփական նախաձեռնությամբ ներկայացված հայտի հիման վրա, որն ուղղված էր համալսարանի եւ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածից հնարավոր գործատուների միջեւ կապերի հաստատմանը: Ծրագիրը ֆինանսավորվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից՝ ԵՀՀ-ի միջոցով: Ծրագրի իրականացման արդյունքը եղան ուսանողների համար փորձնակության հնարավորությունների զգալի աճը, այլ ձեռնարկությունների եւ համալսարանների հետաքրքրվածությունը փորձնակության հնարավորությունների տրամադրման հարցում եւ ԵՊԼՀ շրջանավարտներին աշխատանք տրամադրելու դեպքերի ավելացումը: Այդուհանդերձ, դեռեւս պահպանվում է «փորձնակներ» իրավական հասկացության բացակայության խնդիրը:

ԵՊԼՀ-ի հետ հաջող համագործակցության մեկնարկը հանգեցրեց համատեղ ուժերով գործելու որոշման եւ ԵՊԼՀ-ի վճռական դիրքորոշման՝ իրականացնելու ներքին բարեփոխում՝ հիմնվելով կրթության որակի բարելավման, կրթության արդիականացման, ակադեմիական անկախության մեծացման եւ կառավարման վերափոխման վրա: ԵՀՀ-ն եւ ԵՊԼՀ-ն 2010 թվականին ստորագրեցին Համագործակցության հուշագիր: ԵՊԼՀ-ի ընտրությունն իբրեւ ռազմավարական գործընկեր հիմնված էր մի շարք նկատառումների վրա եւ իրականացվել էր համակողմանի հետազոտության արդյունքում եւ բարձրագույն կրթության այլ հաստատությունների հետ նույնպես ռազմավարական հարաբերություններ հաստատելու փորձերից հետո: ԵՊԼՀ-ն որպես ռազմավարական գործընկեր ընտրելու որոշիչ գործոնները ներառում էին հետեւյալը.

ա) փորձնակների վերաբերյալ առաջին՝ «Բաց դռների» մեխանիզմով դրամաշնորհի շրջանակներում սեփական նախաձեռնությամբ ներկայացված ծրագրի հաջող իրականացումը

բ) Բարեփոխման իրականացման հավանականությունը բարձրացնող ԵՊԼՀ միջին չափի համալսարան լինելու հանգամանքի և դրա հետ մեկտեղ բարեփոխման շարունակականությունն ու վերարտադրելիությունն ապահովող համալսարանի առաջատար լինելու համբավի հարաբերակցությունը

գ) առանձին դիտարկումներն առ այն, որ համալսարանում չկան լայն տարածում ունեցող մանր կոռուպցիոն դրսեւորումներ

դ) համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանի բացառիկ կողմնորոշվածությունը դեպի բարեփոխումներ եւ մեծ ձեռքբերումները ակադեմիական, հետազոտական, ուսանողների իրավազորման եւ կրթական կառավարման ասպարեզներում:

Գիտակցելով, որ իր համեստ կարողությունները հնարավորություն չեն տալիս զբաղվել բարձրագույն կրթության լայն հատվածով՝ ԵՀՀ-ն ռազմավարական որոշում կայացրեց աջակցել ԵՊԼՀ-ի բարեփոխման որոշ տարրերին, որոնք այնուհետեւ կարող էին կրկնօրինակվել բարձրագույն ուսումնական այլ հաստատությունների կողմից:

2010-ին ԵՀՀ-ն եւ ԵՊԼՀ-ն համատեղ կազմակերպեցին երկու ռազմավարական արտագնա հավաք՝ կազմակերպչագործունեական սեմինարի ձեւաչափով, որոնք ուղղված էին Հայաստանի համալսարանների, մասնավորապես՝ հումանիտար գիտությունների գծով մասնագիտացած, հիմնական մարտահրավերների եւ հնարավորությունների հստակեցմանը եւ բարեփոխման ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մշակմանը: Այս երկու միջոցառումները զգալիորեն նպաստեցին ԵՊԼՀ-ի 2010-2015 թվականների զարգացման ռազմավարության վերջնական մշակմանը, ինչպես նաեւ համալսարանի աշխատակազմի, ուսանողների եւ համալսարանի պատերից դուրս գտնվող շահառուների շրջանում բարելավեցին բարեփոխման գործընթացի ընկալումը: Ավելին, արտագնա հավաքները ԵՊԼՀ-ի կողմից ընդունվեցին որպես իր ամենամյա աշխատաժողովների օրինակելի ձեւաչափ, եւ 2011-ին այն հաջորդ հավաքն իրականացրեց ինքուրույն: Արտագնա առաջին երկու հավաքները ֆինանսավորվել էին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:

ԵՀՀ-ի եւ ԵՊԼՀ-ի կողմից համատեղ մշակված ստեղծագործական առաջարկություններն ու հեռանկարային գործողությունների ծրագիրը անդրադառնում են բարեփոխման համար կարեւոր այնպիսի խոշոր ոլորտների, ինչպիսիք են ինստիտուցիոնալ զարգացումը, որակի ապահովումը, մասնագիտական զարգացումը, ինչպես նաեւ ուսպլանային եւ ակադեմիական բարեփոխումները:

2010-ից 2012-ն ընկած երկամյա ժամանակահատվածում ԵՀՀ-ի եւ այլ կազմակերպությունների աջակցությամբ ԵՊԼՀ-ն որդեգրեց ավելի համարձակ բարեփոխումների ծրագիր, քան որոշվել էր ավելի վաղ: ԵՊԼՀ-ն իրականացրեց մի շարք նախագծեր եւ միջոցառումներ, որոնք դարձան համալսարանի բարեփոխման գործընթացի կարեւոր բաղադրիչները: Այդ գործընթացի շրջանակներում, օրինակ, ԵՊԼՀ-ն հիմնեց Եվրոպական հետազոտությունների կենտրոնը, Արեւելյան լեզուների ամբիոնը եւ Թարգմանչական լաբորատորիան: Վերջինը հիմնադրվել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) կողմից ԵՀՀ-ի միջոցով տրամադրված ֆինանսական աջակցությամբ: Վերափոխվեցին համալսարանի Մասնագիտական զարգացման կենտրոնը եւ Որակի ապահովման կենտրոնը, ուժեղացվեց Գիտական մասը: Փոփոխություններ կատարվեցին նաեւ կառավարման համակարգում:

2011 թվականի դեկտեմբերին ԵՀՀ-ն ԵՊԼՀ-ում կազմակերպեց աշխատաժողովների շարք՝ ուղղված համալսարանի նոր ՏՏ համակարգի նախագծմանը, որը թույլ կտար միավորել վեց առանձին ներքին ցանցերը եւ խուսափել աշխատանքի կրկնորդումից ու նվազեցնել համալսարանի տվյալների հետ աշխատելիս ծագող տեխնիկական խնդիրները:

Որակի ապահովման եւ մասնագիտական զարգացման ոլորտներում ԵՊԼՀ-ն մշակել է կրթական գործընթացի մոնիտորինգի եւ գնահատման նոր ծրագիր, իրականացրել աշխատաշուկայի պահանջարկի շուկայական հետազոտություն եւ վերլուծություն եւ մասնավոր ու պետական հատվածներում կապեր ստեղծել հնարավոր գործատուների եւ փորձնակների տեղակայման հնարավորություններ տրամադրողների հետ:

Ուսումնական պլանների բարեփոխման ոլորտում ԵՊԼՀ-ն վերափոխել է «թարգմանչական գործ» մասնագիտացման ուսումնական պլանը՝ Թարգմանչական լաբորատորիայի տրամադրած տեխնիկական նոր հնարավորությունների հիման վրա:

ԵՀՀ-ն ԵՊԼՀ-ին տրամադրել է Միացյալ Թագավորության աջակցությամբ իր «Արտահայտման ազատություն» ծրագրի արդյունքում ստեղծված նյութերը: Այս նյութերի հիման վրա, որոնց թվում՝ հետազոտություն, վավերագրական վեց ֆիլմ եւ «Հոդված 27» հաղորդաշարի հաղորդումները, ԵՊԼՀ-ն մշակեց եւ ընդունեց արտահայտման ազատության վերաբերյալ նոր դասընթաց: ԵՀՀ ծրագրի նյութերին ծանոթանալու համար կարող եք հետեւել այս հղմանը:

Հումանիտար գիտությունների դաշտում գիտական աշխատողների որակն ու հեղինակությունը բարելավելու նպատակով ԵՊԼՀ-ն ստեղծեց «Լեզու, հասարակություն, հաղորդակցություն» եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) գիտական պարբերական հանդեսը, ինչը եզակի եւ հավակնոտ փորձ է՝ ստեղծելու հումանիտար ոլորտում Հայաստանում հրատարակվող միջազգային որակի գիտական պարբերական, որի նյութերը փոխադարձաբար վերանայվում են գործընկեր գիտաշխատողների կողմից, եւ որն ունի միջազգային խմբագրական խորհուրդ:

2011 թվականին ԵՀՀ-ն SIDA-ի կողմից ֆինանսավորված «Բաց դռների» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում աջակցեց բարձրագույն կրթության ոլորտում գրագողության վերաբերյալ հետազոտության իրականացմանը Խաչմերուկ բանավիճային ակումբ ՀԿ կողմից: Հետազոտությունը ցույց տվեց, որ ինչպես ուսանողները, այնպես էլ համալսարանի դասախոսական կազմը զուրկ են գիտական գրագողության վերաբերյալ հիմնական պատկերացումից. գրագողությունը մոլեգնում է, եւ այս երեւույթի արմատները գտնվում են միջնակարգ կրթության համակարգում: Հետազոտության արդյունքները ներկայացվեցին ԵՊԼՀ-ում եւ նպաստեցին համալսարանի որակի ապահովման ռազմավարությունների բարելավմանը: Հետազոտությանը ծանոթանալու համար կարող եք հետեւել այս հղմանը:

2012-ի ապրիլի 25-ին ԵՀՀ-ն ԵՊԼՀ-ի հետ համատեղ կազմակերպեց լայն հանրությանը հասցեագրված «Հոդված 27» հաղորդում՝ նվիրված բարձրագույն կրթության ոլորտում գրագողության թեմային, որտեղ խնդիրը քննարկվեց փորձագետների կողմից: Հաղորդումն ունեցել է շուրջ 16 հազար դիտում: «Հոդված 27» հաղորդաշարի 2011թ.–ի հունիսի 1–ի «Հայաստան–ԵՄ հարաբերություններ» և 2012թ.–ի ապրիլի 25–ի «Կրթական բարեփոփումները Հայաստանում» թողարկումները կարող եք ներբեռնել այստեղից։
Ներկայումս ԵՀՀ-ն վերջնական տեսքի է բերում բարձրագույն կրթության կառավարմանը վերաբերող օրենսդրության թեմայով հետազոտությունը, որը հանրությանը կներկայացնի 2012 թվականի հուլիսին:

ԵՊԼՀ-ում բարեփոխման գործընթացն առանց խութերի չէր. փոփոխության համար պահանջվում է կամք եւ վճռականություն, իսկ երբեմն՝ դժվար որոշումներ: Ակնկալվում էր, որ պրակտիկայի, գործառույթների եւ կառուցվածքների համակարգային փոփոխությունը կհանգեցնի փոխադարձ կապի եւ առաջընթացի կայունության, փոփոխության քանակը կհանգեցնի որակի եւ անշրջելի կդարձնի փոփոխության գործընթացը:

Որպես աշխատանքի այս փուլի միջանկյալ եզրահանգում՝ բարձրագույն կրթության բարեփոխմանն ուղղված ԵՀՀ-ի ռազմավարությունը, որի առանցքում ԵՊԼՀ-ի հետ համատեղ աշխատանքն էր, կարեւոր արդյունքներ արձանագրեց, թեպետ ԵՀՀ-ի տրամադրության տակ եղած միջոցները համեստ էին: ԵՀՀ-ն հույս ունի, որ այս արդյունքները հիմք կդառնան հետագա զարգացումների, եւ պատրաստակամ է շարունակել աշխատանքը բարձրագույն կրթության բարեփոխման ուղղությամբ՝ պայմանով, եթե առկա լինեն միջոցներ եւ գործընկերներ, ինչպես նաեւ՝ որոշումների կայացման կամք՝ Հայաստանում ձեռնարկել որոշումների կայացման ներկա մթնոլորտի համարձակ, էական եւ խոր բարեփոխում, այլ ոչ թե սահմանափակվել մակերեսային, կոսմետիկ միջոցառումներով:

ԵՀՀ-ն անկեղծորեն երախտապարտ է հովանավորներին, որոնք օգնեցին համագործակցել ԵՊԼՀ-ի հետ, մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ-ին, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությանը եւ Միացյալ Թագավորության կառավարությանը: Այն նաեւ իր հատուկ երախտիքն է հայտնում անձնապես պրոֆեսոր Սուրեն Զոլյանին, ով ԵՊԼՀ-ի ռեկտորի պաշտոնում աջակցեց երեք տարի շարունակված այս համագործակցությանը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությունը բարձրագույն կրթության բարեփոխմանը (278.04 KBytes)