Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման «բաց դռների» դրամաշնորհային սխեմայով տրամադրված դրամաշնորհներ 2010-2012

մայր էջ

«Բաց դռների» մեխանիզմն իրենից ներկայացնում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի մի մաս, որը համատեղ իրականացվում է կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Թուրք-հայկական բիզնես զարգացման խորհուրդը: Մեխանիզմը կաջակցի նորարար և (կամ) պիլոտային գաղափարներին, որոնք կոչված են աջակցել Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, մեծացնել այդ երկխոսությունում մասնակցող կազմակերպությունների թիվը, ինչպես նաև արծարծել հարցեր, որոնք մինչ այդ դուրս էին մնացել ծրագրի շրջանակից:

2011 թվականի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը ստացվել են ընդհանուր թվով 27 հայտեր, որոնցից 11-ը ներառվել են կարճ ցանկում: 2011թ. մարտի 12-ին, ապրիլի 29-ին և հունիսի 22-ին Հայաստան-Թուրքիա «բաց դռներով» դրամաշնորհների ծրագրի մրցութային հանձնաժողովի գումարած նիստերում ֆինանսավորման համար հաստատվել են 9 հայտեր: Մի շարք հայտեր դեռևս քննարկման փուլում են:

Ստորև ներկայացվում են հաստատված ծրագրերը և դրանց համառոտ նկարագիրը:

«Հայաստան-Թուրքիա համագործակցությանն աջակցող գործարար կանայք»

«Կանանց ֆորում» ՀԿ-ն, «DOGUNKAD» ասոցիացիայի հետ համատեղ
2012 թ. մայիսի 1-ից օգոստոսի 31-ը (4 ամիս)

Նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի զարգացմանը` սատարելով անդրսահմանային համագործակցությունը երկու երկրներում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների միջև: Որպես դրամաշնորհ ստացող կազմակերպություն հանդես եկող «Կանանց ֆորում» ՀԿ-ն, Թուրքիայում իր գործընկեր «DOGUNKAD» ասոցիացիայի հետ համատեղ, պատրաստվում է հարթակ ստեղծել հարևան երկրի հետ համագործակցությամբ հետաքրքրված կին գործարարների, ինչպես նաև Հայաստանում և Թուրքիայում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների համար: 2012 թվականի հուլիսին տասներկու հայ և թուրք գործարար կանայք կմասնակցեն Թուրքիայում կայանալիք միջձեռնարկատիրական եռօրյա հանդիպմանը` համագործակցության իրատեսական հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Ակնկալվում է, որ միջձեռնարտկատիրական այս միջոցառման արդյունքում կկնքվի առնվազն երկու բիզնես համաձայնագիր: Հայաստանում և Թուրքիայում ծրագրի թիմերի կողմից հավաքագրված տեղեկությունները կմուտքագրվեն Հայ և թուրք գործարարների տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի կողմից պահպանվող բիզնես կապերի տվյալների բազայում: Ծրագրի արդյունք կդառնա գործարար կանանց համար նախատեսված տարածաշրջանային ոչ պաշտոնական ցանցի ստեղծումը, ինչպես նաև հիմքերի ձևավորումը Հայաստանում և Թուրքիայում կանանց ղեկավարությամբ գործող ձեռնարկությունների միջև համատեղ բիզնես ծրագրերի զարգացման համար:

«Կայուն լուծումներ. սեմինար հայ և թուրք երիտասարդ բնապահպանների համար»

«21-րդ դարի առաջնորդների ֆորում» ՀԿ-ն, «Երկիր մոլորակ ասոցիացիա»-ի հետ համատեղ 
2012 թ. մայիսի 1-ից հուլիսի 31-ը (3 ամիս)

Նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև ընդհանուր բնապահպանական խնդիրների լուծման շուրջ ավելի ակտիվ երկխոսությանը` համապատասխան դաշտի ստեղծման միջոցով ընդլայնելով համագործակցությունը երկու երկրների երիտասարդ բնապահպանների և բնապահպանական հարցերով զբաղվող ՀԿ-ների միջև: Գիտակցելով տարածաշրջանում բնապահպանական սպառնալիքների աճով պայմանավորված ընդհանուր ռիսկերը` Հայաստանում գործող «21-րդ դարի առաջնորդների ֆորում» ՀԿ-ն, Թուրքիայում իր գործընկեր «Երկիր մոլորակ ասոցիացիա»-ի հետ համատեղ, 2012 թվականի մայիսին կկազմակերպի Երևանում եռօրյա սեմինար, որին կմասնակցեն Թուրքիայում և Հայաստանում գործող յոթ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ և կազմակերպություններ ներկայացնող 14 երիտասարդ բնապահպաններ: Մասնակիցները կքննարկեն ընդհանուր բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված կայուն հաղորդակցության և համագործակցության հեռանկարները և կմշակեն համատեղ քաղաքականության ամփոփագիր, որը կներկայացվի և կտարածվի ազգային և միջազգային մակարդակներով` հիմնական շեշտը դնելով Ռիո+20-ի, ասել է թե` 2012 թ. հունիսի 20-ից 22-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված համաժողովի վրա: Սեմինարը կբարձրացնի Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ բնապահպանների` ընդհանուր բնապահպանական խնդիրներին և սպառնալիքներին արձագանքելու համար անհրաժեշտ կարողությունները, ինչպես նաև կնպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման գործընթացին` հաստատելով բնապահպանական գործունեության ոլորտում երկարաժամկետ համագործակցություն:

Հայախոս Համշեն մահմեդականներ

«Ինքնագիր» գրական ակումբը, «Մեկ կյանք» մշակութային և բնապահպանական միության («Biryaşam Kültür ve Ekoloji Derneği») հետ համատեղ 
2011թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2012թ. մարտի 31 (6 ամիս)

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև մշակութային օտարացման աստիճանի մեղմացմանը` Թուրքիայում բնակվող մահմեդական Համշեն հայերի ինքնության և մշակույթի հարցերը երկու երկրների լայն հանրությանը ներկայացնելու միջոցով` որպես եզակի էթնիկ միավորի օրինակ, որը պահպանելով հայկական ավանդույթներն ու լեզուն` դավանում է մահմեդականություն: Շնորհառուն` «Ինքնագիր» գրական ակումբը, համագործակցելով իր թուրք գործընկերոջ հետ` «Biryaşam Kültür ve Ekoloji Derneği» («Մեկ կյանք» մշակութային և բնապահպանական միությունը), կկազմակերպի հետազոտական արշավ դեպի Հոպա բնակավայրի 2-3 գյուղեր, որտեղ հիմնականում բնակվում են Համշեն հայերը` այնտեղ Համշենների հետ հարցազրույցներ վերցնելու, նրանց սովորույթների, առօրյա կյանքի, լեզվի, թուրք հասարակությանն ինտեգրված լինելու աստիճանի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների մասին ֆոտո- և տեսանյութեր հավաքելու նպատակով: Որպես ծրագրի մաս` հավաքված տեղեկատվության հիման վրա կգրեն հոդվածներ` հայերեն և թուրքերեն լեզուներով, որոնք կհրապարակվեն Հայաստանի «tert.am» առցանց օրական և «168 zham» շաբաթական կայքերում: Շնորհառուն և նրա թուրք գործընկերը կմշակեն նաև թուրքական լրատվամիջոցներով ծրագրի նյութերի հաղորդումն ապահովելու ռազմավարություն: Նաև, հետազոտական արշավի արդյունքները կներկայացվեն Երևանի «Պեչա-քուչա» ձևաչափի երեկոին (PechaKucha Night): Ի վերջո` նյութերը կհրապարակվեն հատուկ վեբ կայքում և կոմպակտ սկավառակներով (CD) կբաժանվեն ավելի լայն հանրությանը: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի բնակչության շրջանում կբարձրանա Թուրքիայում բնակվող Համշեն հայերի համայնքի կենսակերպի և մտահոգությունների մասին իրազեկվածության մակարդակը:

Հայ և թուրք ձեռնարկատերերի տեղեկատվական և աջակցության կենտրոն

«Նարեկավանք Տուր» ՍՊԸ
2011թ. օգոստոսի 1 – 2012թ. մարտի 31 (8 ամիս)

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի և արևելյան Թուրքիայի միջև առևտրի և բիզնեսի զարգացմանը` երկու երկրների նախապես ընտրված ոլորտներում գործարար հնարավորությունների ներուժի մասին հայ և թուրք գործարարների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հայ և թուրք գործարարների միջև բիզնես համագործակցության տնտեսապես իրագործելի մոդելները խթանելու միջոցով: Որպես ծրագրի մաս` շնորհառուն` «Նարեկավանք Տուր» ՍՊԸ-ը, Երևանում կստեղծի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոն, որը «մեկ պատուհանի» սկզբունքով տեղեկատվություն կտրամադրի միմյանց հետ համագործակցելու գործում հետաքրքրված հայ և թուրք ձեռնարկատերերին: Կենտրոնը կտրամադրի հաճախորդների (ձեռնարկատերեր և ընկերություններ) կարիքներին համապատասխանեցված աջակցություն` երկու երկրների բիզնես համայնքների միջև գործարար համագործակցությունների հնարավորություններն ուսումնասիրելու միջոցով, ինչպես նաև կիրականացնի Հայաստանի և արևելյան Թուրքիայի թիրախային շրջանների (օրինակ` Կարս, Վան, Մուշ, Ադանա, Անթակիա, Էրզրում, Դիարբեքիր, ինչպես նաև Ստամբուլ) միջև տնտեսական հնարավորությունների նպատակային ուսումնասիրություն: Կենտրոնը կունենա նաև վեբ կայք, որտեղ կներկայացվեն տեղեկություններ ընկերությունների գործունեության, հայ և թուրք բիզնեսների միջև գործարար համագործացկության իրավական ասպեկտների մասին: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կբարձրանա հայ և թուրք գործարաների միջև բիզնես հնարավորությունների մասին իրազեկվածության մակարդակը, որը կնպաստի անվստահության առկա մակարդակների կրճատմանը և կխթանի հարևան երկրի հետ բիզնես գործընկերություններ ստեղծելու երկու երկրների շահագրգիռ կողմերի պատրաստակամությունը:

Շրջակա միջավայրի կայուն զարգացմանը նվիրված սեմինար ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառների թուրք և հայ երիտասարդ ուսանողների / մասնագետների համար

«Քաղաքացիական ֆորում» ՀԿ-ն, «Յիլդիզ» տեխնիկական համալսարանի հետ համատեղ 
2011թ. դեկտեմբերի 1 –2012թ. փետրվարի 29 (3 ամիս)

Նպաստել Հայաստանի և Թուրքիայի ակադեմիական և մասնագիտական շրջանակներում հաղորդակցման, ցանցային աշխատանքների և փորձի փոխանակման խթանմանը` շրջակա միջավայրի կայուն զարգացմանը նպաստող ճարտարապետական և քաղաքաշինության լուծումներով և նախագծերով հետաքրքրված երկու երկրների ուսանողների, երիտասարդ մասնագետների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների միջև ցանցերի ստեղծման միջոցով: Շնորհառուն` «Քաղաքացիական ֆորում» ՀԿ-ն` Թուրքիայի «Յիլդիզ» տեխնիկական համալսարանի հետ համատեղ, կկազմակերպեն կառուցապատվող տարածքներում շրջակա միջավայրի կայուն պահպանության հետ կապված մարտահրավերները թեմայով սեմինար: Ստաբուլում նախատեսվող հնգօրյա սեմինարին կմասնակցեն էներգիայի օգտագործման արդյունավետության ոլորտի 20 երիտասարդ մասնագետներ: Էներգաարդյունավետ ճարտարապետության հարցերի շուրջ ելույթներով հանդես կգան հրավիրված փորձագետներ Հայաստանից և Թուրքիայից: Սեմինարը կնպաստի երիտասարդ մասնագետների միջև ցանցային աշխատանքների, գիտելիքների և փորձի փոխանակմանը, ինչպես նաև նրանց միջև համագործակցության խթանմանը` համատեղ ծրագրերի մշակման միջոցով: Մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու ընկերություններ և էներգետիկ խնդիրներով զբաղվող գիտահետազոտական կենտրոններ` համատեղ ծրագրերին առնչվող խնդիրներ և գաղափարներ բացահայտելու նպատակով: Որպես սեմինարի մի մաս` նախատեսվում է նաև հրապարակել համահեղինակային հոդվածներ և էլեկտրոնային բյուլետեններ, ինչպես նաև կազմակերպել հրապարակային շնորհանդեսներ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան ԲՈՒՀ-երում և ճարտարապետների մասնագիտական միություններում: Մասնակիցների միջև ստեղծված կապերը և հաղորդակցությունն այնուհետև կընդլայնվի առցանց ֆորում ձևաչափով, որի խնդիրը կլինի պահպանել, զարգացնել և ընդլայնել սեմինարի ընթացքում նախաձեռնված քննարկման շրջանակը: Անկալվում է, որ ծրագրի արդյունքում կստեղծվի շրջակա միջավայրի կայուն զարգացման և կառուցապատվող տարածքներում բնական միջավայրի պահպանության հարցերով հետաքրքրված երկու երկրների մասնագետների համագործակցության ոչ պաշտոնական ցանց:

Շիրակ ԷՔՍՊՈ 2011. Կանայք որպես տնտեսական զարգացման առաջատարներ

Շիրակի մրցունակության կենտրոն հիմնադրամ 
2011թ. նոյեմբերի 15 – 2012թ. փետրվարի 29 (3 ամիս)

Նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի զարգացմանը` երկու երկրներում կանանց կողմից ղեկավարող բիզնեսների միջև համագործակցությանն աջակցելու միջոցով: Շնորհառուն` Շիրակի մրցունակության կենտրոն հիմնադրամը, կկազմակերպի տարեկան անցկացվող Շիրակ ԷՔՍՊՈ ցուցահանդեսը, որը կհյուրընկալի Թուրքիայի գործարար կանանց մի խումբ և կկենտրոնանա տնտեսական զարգացման գործում կանանց դերի վրա: 2011թ. նոյեմբերի 24-ից 25-ը Գյումրիում անցկացվող ԷՔՍՊՈ ցուցահանդեսին կմասնակցեն մոտ 50 հայ և 10 թուրք գործարար կանայք: Առաջին օրվա օրակարգը կներառի սննդամթերքի, շինանյութերի, տեքստիլ արդյունաբերության արտադրանքների և ծառայությունների ցուցահանդես: Միջոցառման երկրորդ օրվա ընթացքում մասնակիցները ֆորումի ձևաչափում կքննարկեն թեմաների լայն շրջանակ` ներառյալ Հայաստանի և Թուրքիայի տնտեսության ընդհանուր նկարագիրը, կանանց դերը և ներգրավվածությունը բիզնեսում, ինչպես նաև Հայաստանում և Թուրքիայում արտադրության և ծառայությունների հատվածներում առկա ներդրումային ռիսկերն ու հնարավորությունները: Անկնալվում է, որ ծրագրի արդյունքում կստեղծվի գործարար կանանց ոչ պաշտոնական տարածաշրջանային ցանց, ինչպես նաև հիմք կդրվի երկու երկրներում կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների միջև համատեղ գործարար ծրագրերի մշակման համար:

Գյումրի-Կարս տնտեսական համաժողով

«Գյումրու զարգացման հիմնադրամ» ՀԿ-ն, «Միջազգային տագնապ»-ի հետ համատեղ
2011թ. օգոստոսի 1 – նոյեմբերի 30 (4 ամիս)

Ծրագրի նպատակն է տարածաշրջանային գործարար համաժողովի ստեղծման միջոցով աջակցել Հայաստանի և Արևելյան Թուրքիայի միջև առևտրի և բիզնեսի զարգացմանը` ստեղծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման, պայմանագրերի կնքման և գործարար համագործակցությունների հաստատման հնարավորություններ:

Որպես ծրագրի մաս` շնորհառուն` «Գյումրու զարգացման հիմնադրամ» ՀԿ-ը, կզարգացնի նախկինում ձեռք բերված փորձը և 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կկազմակերպի Գյումրի-Կարս տնտեսական երկրորդ համաժողովը Կարսում (Թուրքիա): Համաժողովին կմասնակցեն մոտավորապես 40 հայ և թուրք գործարարներ, տարածաշրջանային փորձագետներ, որոնք կքննարկեն համատեղ գործարար ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները, մասանավորապես` Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների շրջանակում: Համաժողովը կտևի 3 օր, որի ընթացքում կքննարկվի հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են, օրինակ` Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը և տնտեսական օգուտները տարածաշրջանի համար, Հարավային Կովկասի ընդհանուր տնտեսական շուկան, կովկասյան ապրանքանշանները` որպես խաղաղության կառուցման գործիքներ, ինչպես նաև մի շարք հատուկ թեմաներ` ներառյալ կաթի վերամշակման, մեղվաբուծության, մեղրի արտադրության, բուժական խոտաբույսերի, կովկասյան թեյատեսակների և համատեղ այլ արտադրությունների ստեղծման հեռանկարներ: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կընդլայնվեն սննդի արտադրության և վերամշակման ոլորտում ներգրավված Հայաստանի և Թուրքիայի ձեռնարկատերերի ու ընկերությունների միջև համագործակցության և համատեղ գործարար ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային ֆառատոն

«Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար» հիմնադրամը, «Անադոլու Քյուլթուր»-ի հետ համատեղ
2011թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31 (3 ամիս)

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև մշակութային երկխոսությունը` հայ և թուրք պատանիների ու երիտասարդների, ինչպես նաև կինոարտադրողների միջև մասնագիտական փորձի փոխանակումների և երկկողմ ծրագրերի իրականացման միջոցով: 2011թ-ի հոկտեմբերին Երևանում կայանալիք մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային ֆառատոնի շրջանակում, շնորհառուն` Ռոլան Բիկովի անվան «Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար» հիմնադրամը` «Անադոլու Քյուլթուր» թուրքական գործընկերոջ համագործակցությամբ, մոտավորապես 10 հայ և թուրք երիտասարդներ ընդգրկող ընտրված խմբի համար կկազմակերպի անիմացիոն արտադրության տեխնիկան և մշակույթը թեմայով սեմինար-դասընթաց: Որպես սեմինար-դասընթացի մի մաս` մասնակիցները համատեղ կնկարահանեն կարճամետրաժ ֆիլմ, որի առաջին ցուցադրությունը կկայանա Հայաստանում` փառատոնի փակման արարողության ընթացքում: Կազմակերպվի նաև «կլոր սեղան» ձևաչափով քննարկում, որը կկենտրոնանա փառատոնի մասնակիցների միջև փորձի փոխանակման հարցերի շուրջ և կներկայացնի փառատոնի շրջանակներում Թուրքիայում իրականացված արվեստի և մշակույթի վերջին նախաձեռնությունները: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաև թուրքական արտադրության 4-5 ֆիլմեր` երեխաներին և երիտասարդներին առնչվող թեմատիկայով: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում փոխադարձ կապեր կստեղծվեն Հայաստանի և Թուրքիայի պատանիների, երիտասարդների, ինչպես նաև կինոարտադրողների միջև` նպաստելով անկախ ֆիլմերի նկարահանման նրանց հմտությունների բարելավմանը: Ծրագիրը և դրա հետագա գործունեությունը Թուրքիայում նույնպես կնպաստեն Հայաստանի և Թուրքիայի ներգրավված համայնքների շրջանում մյուս կողմի հումանիստական իմիջի ամրապնդմանը:

«ԱՎՏՈԲՈՒՍ» | Շարժական լրատվության ծրագիր

«Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն, «IMC» հեռուստաընկերության հետ համատեղ
2011թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31 (3 ամիս)

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միմյանց մասին իրազեկ լինելու մակարդակի բարձրացմանը` փակ սահմանի արդյունքում ծագող սոցիալական բարդությունների ցուցադրման միջոցով: Որպես ծրագրի մի մաս` շնորհառուն` «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ը, կարձանագրի Երևան-Ստանբուլ 36-ժամյա ճամփորդության ընթացքում հայ միգրանտներին դիմակայող խնդիրները: Շնորհառու կազմակերպությունը կստեղծի բլոգ, որտեղ կներկայացվեն հետազոտվող հայ միգրանտների տեսակետները, տպավորություններն ու փորձը: Բլոգում տեղադրված նյութերը կհրապարակվեն նաև Ստամբուլում լույս տեսնող ԱԳՈՍ թերթում: Առավել լայն հանրային իրազեկում ապահովելու նպատակով` հավաքված նյութերի հիման վրա կնկարահանվի նաև վավերագրական ֆիլմ: Ֆիլմը կհեռարձակվի Թուրքիայի «IMC» և Հայաստանի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների ալիքներով: Հայաստանում և Թուրքիայում շնորհառուն կկազմակերպի նաև խմբային կինոդիտումներ փոքր դահլիճներում` քաղաքացիական հասարակության, պետական ոլորտի, լրատվամիջոցների և փորձագետների համայքները ներկայացնող շահագրգիռ փոքր խմբերի համար: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կբարձրանա իրազեկվածության մակարդակը հասարակ մարդկանց և երկու երկրների շահագրգիռ խմբերի շրջանում` նրանց տեղեկացնելով այն դժվարությունների և մարտահրավերների մասին, որոնք դիմակայում են հայ միգրանտներին Թուրքիա կատարած ճամփորդության ընթացքում, ինչպես նաև կխթանի փակված սահմանի արդյունքում ծագող բարդությունների շուրջ հետագա հանրային քննարկումները:

Խաչատուր Դադայան «Հայկակական առևտրային և տնտեսական ներկայությունը 15–րդ դարից մինչև 1915թ.։ Փաստերի գիրք» 
2012 թ. ապրիլի 1-ից օգոստոսի 1-ը (3 ամիս)

Հայախոս և թուրքախոս լսարանին ներկայացնել հայերի և թուրքերի տնտեսական համագործակցության ընդհանուր պատմությունը։ Գրող Խաչատուր Դադայանը առաջարկեց հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրել մի գիրք «Հայկակական առևտրային և տնտեսական ներկայությունը 15–րդ դարից մինչև 1915թ.։ Փաստերի գիրք» վերնագրով։ Գիքը կանդրադառնա ժամանակակից Թուրքիայի տարածքում հայերի առևտրային և տնտեսական ներկայությանը 15–րդ դարից մինչ 1915թ. ընկած ժամանակահատվածում։ Գիրքը հիմնված կլինի Հայաստանի և Թուրքիայի արխիվներից, Մատենադարանից և այլ աղբյուրներից հավաքագրված փաստերի հիման վրա։ Գրքում կներկայացվի այն հսկայական ներդրումը, որը հայերն ունեցել են Թուքիայի տնտեսական զարգացման մեջ։

Հասմիկ Ստեփանյան «Հայերի դերը Օսմանյան Կայսրությունում»
2011 թ. սեպտեմբերի 15-ից 2012թ. սեպտեմբերի 15-ը (12 ամիս)

Հայախոս և թուրքախոս լսարանին ներկայացնել ընդհանուր պատմությունը և հայերի դերը Օսմանյան կայսրությունում։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնական Հասմիկ Ստեփանյանը առաջարկեց թուրքերեն թարգմանել իր՝ «Հայերի դերը Օսմանյան Կայսրությունում» գիրքը, որը նվիրված էր Ստամբուլի հայոց պատրիարքարանի 50–ամյակին։ Որպես ծրագրի արդյունք՝ դոկտոր Ստեփանյանը կներկայացնի գրքի թուրքերեն թարգմանությունը։ Միևնույն ժամանակ հեղինակը Հայաստանի և Թուրքիայի տպագրական ընկերությունների հետ կքննարկի գրքի տպագրման հնարավորությունը։

Տրամադրված դրամաշնորհների մասին ամփոփ զեկույց (164.26 KBytes)