Հոգաբարձուների խորհուրդ

մայր էջ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կայացնում է ֆինանսական և ռազմավարական նշանակության որոշումներ: Խորհուրդն ամբողջ կազմով գումարվում է տարին երկու անգամ՝ մայիսին և նոյեմբերին: Խորհուրդը կարող է նաև հատուկ արտահերթ հանդիպումներ անցկացնել առցանց:

Խորհրդում ընդգրկված են անդամներ Հայաստանից, Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից: Նրանք ձևավորում են ԵՀՀ-ի կառավարման համար անհրաժեշտ հմտությունների յուրահատուկ մի համակազմ: Խորհրդի անդամներն ունեն խորը գիտելիքներ Հարավային Կովկասի և քաղաքացիական հասարակության զարգացման վերաբերյալ, ինչպես նաև փորձագիտական պատրաստվածություն դիվանագիտության, բիզնեսի, ֆինանսների և իրավունքի ոլորտներում: Խորհուրդը երաշխավորում է Հիմնադրամի արհեստավարժ, հաշվետու և ֆինանսապես պատասխանատու գործունեությունը:

Խորհրդի անդամների ցանկ

Դևիդ Լորենս Լի (նախագահ)

«Aric Development», գլխավոր տնօրեն

Պրն. Լին Վրաստանում իրականացվող ամենամեծ գյուղատնտեսական ծրագրերից մեկի` «Aric Development» գլխավոր տնօրենն է։ 2014-2016 թվականներին Պրն. Լին «MagtiCom» ՍՊԸ-ի՝ Վրաստանի ամենախոշոր հեռահաղորդակցման ոլորտի կազմակերպության գլխավոր տնօրենն ու նախագահն էր։ Մինչ Վրաստանում գործունեություն ծավալելը, Դևիդ Լին եղել է գլխավոր տնօրեն մի շարք հեռահաղորդակցման ոլորտի կազմակերպություններում Սինգապուրում, Մոսկվայում, Սախալինում, ինչպես նաև 1991-1994 աշխատել է ծրագրի ղեկավար Յեմենում գործող առաջին բջջային կազմակերպությունում։ Պրն. Լին երկու տարի եղել է Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի նախագահ, ինչպես նաև 2012-2016 թվականներին եղել է ԵՄ-Վրաստան առևտրային խորհրդի փոխնախագահ։ 2009 թվականից նա նախագահում է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում գործող Եվրասիա համագործակցություն հիմնադրամների և Հայաստանում, Վրաստանում գործող Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոնների հոգաբարձուների խորհուրդը։ Դևիդ Լին հանդիսանում է որակավորված երդվյալ հաշվապահ։ Նա բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում է ստացել Ուորվիքի բիզնես դպրոցում: Նա նաև ինը տարի ծառայել է Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմում որպես սպա։ Դևիդ Լին չափազանց կարևորում է քաղաքացիական հասարակության դերը Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման և վստահության կառուցման գործում։

Աննա Օհանյան

Քաղաքական գիտությունների դոցենտ, Սթոնհիլ քոլեջ

Աննա Օհանյանն առաջինն է արժանացել Ռիչարդ Բ․Ֆիննեգանի անվան քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պատվավոր պրոֆեսորի կոչման: Նա հանդիսանում է Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հետազոտությունների ամբիոնի վարիչ։ Նրա վերջին գիրքն է 2015 թվականին Սթենֆորդ համալսարանի հրատարակչության կողմից տպագրված՝ «Ցանցային ռեգիոնալիզմը որպես կոնֆլիկտի կառավարման միջոցը»։ Նա նաև հեղինակել է 2008 թվականին Palgrave Macmillan հրատարակչության կողմից տպագրված «Հասարակական կազմակերպություններ, միջկառավարական կազմակերպություններ և միկրոֆինանսավորման հետկոնֆլիկտային գլոբալ կառավարման ցանցային մեխանիզմը» աշխատությունը։ Նրա հոդվածները տպագրվել են Wilson Quarterly, International Studies Review, Peace and Change, Conflict Resolution Quarterly, Global Society և մի շարք այլ ամսագրերում և պարբերականներում։

Պրոֆեսոր Օհանյանը Ֆուլբրայթի թոշակառու է։ Նախկինում եղել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի դոկտորանտուրայի գիտաշխատող։ Նրա հետազոտությանն աջակցել են «Այռեքսը» (Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ), Վուդրո Վիլսոնի անվան գիտաշխատողների միջազգային կենտրոնը (ԱՄՆ), Գերմանական Մարշալ հիմնադրամը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Եվրասիա հիմնադրամը և այլն։ Պրոֆեսոր Օհանյանը նաև խորհրդատվություն է տրամադրել մի շարք կազմակերպությունների, ինչպիսին են՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, Համաշխարհային բանկը, Միացյալ Նահանգների Ազգային հետախուզական խորհրդի ծրագիրը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Կարտեր կենտրոնն ու ԱՄՆ ՄԶԳ-ն։ Նա աշխատել է աշխարհի տարբեր մասերում՝ Հյուսիսային Իռլանդիայից Բալկաններ և Հարավային Կովկաս։

Նա հրավիրված զեկուցող է եղել Բրաունի համալսարանում (ԱՄՆ), Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումին (Բրյուսել), Համաշխարհային բանկում (ԱՄՆ), Միավորված ազգերի հիմնադրամում (ԱՄՆ), Հայկական բիզնեսի ցանցում (ԱՄՆ)։

Մերի Շիհան

Միգրացիայի միջազգային կազմակերպություն (պաշտոնաթող)

Տկն Շիհանն ունի ավելի քան 30 տարվա փորձ միգրացիայի ոլորտում, այդ թվում նա ութ տարի աշխատել է կովկասյան տարածաշրջանում՝ ՄՄԿ-ի կազմում: 1998-2002 թվականներին նա ղեկավարել է ՄՄԿ-ի երևանյան գրասենյակը, նույն տարիներին նա հանդես է եկել որպես կովկասյան տարածաշրջանի համակարգող և տեղակայված է եղել Թբիլիսիում: Տարածաշրջանից երեք տարի բացակայելու ընթացքում տկն Շիհանը ՄՄԿ-ի գրասենյակ է բացել Շրի Լանկայում՝ այնտեղ ցունամիից տուժածներին հրատապ օգնություն և ժամանակավոր ապրուստի միջոցներ տրամադրելու նպատակով: Այնուհետև նա վերադարձել է Թբիլիսի որպես ՄՄԿ-ի վրաստանյան գրասենյակի ղեկավար: Նա նաև զբաղեցրել է Կալիֆորնիայի նահանգապետին առընթեր Կամավորների ծրագրերի փոխտնօրենի պաշտոնը և զբաղվել է վիետնամական պատերազմից հետո Հարավարևելյան Ասիայից միգրանտների ներհոսքի խնդիրներով: Տկն Շիհանը եղել է նաև եթովպացի և էրիթրեացի փախստականների ԱՄՆ վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Միջազգային կաթոլիկական միգրացիոն հանձնաժողովի ուսումնական ծրագրի տնօրենը, ինչպես նաև ինը տարի աշխատել է իրավաբանական գրասենյակում, որտեղ նա զբաղվել է ներգաղթի հետ կապված հարցերով: Նա իր աշխատանքային ուղին սկսել է Կալիֆորնիայի և Արիզոնայի ֆերմային տնտեսությունների աշխատողների արհմիությունում՝ պայքարելով արհմիություններ ստեղծելու, գործադուլներ հայտարարելու, քաղաքական արշավներ անցկացնելու և ընտրողներին գրանցելու իրավունքների համար:

Դիտեր Բոդեն

Գերմանիայի դեսպան, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն (պաշտոնաթող)

2002-2005 թվականներին դոկտոր Բոդենը եղել է Գերմանիայի դեսպանը ԵԱՀԿ-ում՝ Վիեննայում: Նա դիվանագիտական ծառայության է անցել 1968 թվականին՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության մայրաքաղաք Բոննի Արտաքին գործերի նախարարության քաղաքական բաժնից նշանակումներ ստանալով տարբեր դիվանագիտական առաքելություններում, այդ թվում՝ Խորհրդային Միությունում և Իտալիայում, ինչպես նաև հանդես է եկել որպես քաղաքական խորհրդատու Գերմանիայի խորհրդարանում: 1989-1992 թվականներին դոկտոր Բոդենը եղել է Գերմանիան ներկայացնող Գլխավոր փոխբանակցողը «Եվրոպայում սովորական սպառազինությունների կրճատման» (ՍՍԿ) շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում: 1995 թվականին նա դարձել է Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավար, իսկ 1999-2002 թվականներին վերադարձել կովկասյան տարածաշրջան՝ որպես Վրաստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ և Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար: Ներկայումս դոկտոր Բոդենը հեռացել է դիվանագիտական ծառայությունից, սակայն շարունակում է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ պայմանագրային հիմունքներով: Բացի այդ դոկտոր Բոդենը հանդես է գալիս որպես միջազգային հարաբերությունների հրավիրյալ պրոֆեսոր Պոտսդամի համալսարանում: Նա ունի գիտությունների դոկտորի կոչում «Սլավոնական բանասիրություն» մասնագիտությամբ Համբուրգի համալսարանից, իսկ 2006 թվականին նա Թբիլիսիի քաղաքագիտության դպրոցից ստացել է պատվո դոկտորի կոչում:

Էնդրյու Քոքսշել

«KPMG» ընկերություն

Էնդրյու Քոքսշելը զբաղեցնում է Հարավային Կովկասում «KPMG» ընկերության գործադիր գործընկերոջ պաշտոնը: Էնդրյուն ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Սաուդյան Արաբիայում, Դուբայում, Հորդանանում, Լիբանանում, Եգիպտոսում, Ուգանդայում, Բոտսվանայում, Հարավային Աֆրիկայում և Միացյալ Թագավորությունում: Նա մասնագիտացած է ֆինանսների և աուդիտի, ենթակառուցվածքի, կառավարման և առողջապահության հարցերում, բացի այդ նա լրացուցիչ փորձ ունի հեռահաղորդակցման, ֆինանսական ծառայությունների, արդյունաբերական շուկաների, սպառողական շուկաների, Համաշխարհային բանկի ծրագրերի և հանքարդյունաբերության ոլորտներում: Պրն Քոքսշելը ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Հերիոթ Ուաթ համալսարանից և հանդիսանում է երդվյալ հաշվապահ:

Դանիել դել Մարմոլ

Բելգիայի դեսպան (պաշտոնաթող)

Դանիել դել Մարմոլը ծնվել է Բրյուսելում: Նրա մայրն ազգությամբ վալոնուհի էր, իսկ հայրը ներգաղթել էր Հյուսիսային Կովկասից: Նա ստացել է իրավագիտության դոկտորի կոչում Բրյուսելի համալսարանից: Փաստաբանական պրակտիկայից հետո նա աշխատանքի է անցել Տնտեսական հարցերի նախարարությունում, իսկ այնուհետև աշխատել է Բանկային հարցերով հանձնաժողովում՝ որպես կցորդ: Այնտեղ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Ֆրանսուա դել Մարմոլին, ով բելգիացի դիվանագետ էր: Նրանք միասին մեկնում են Մոսկվա, որտեղ նրա ամուսինը ստացած է լինում իր առաջին նշանակումը, իսկ այնուհետև Դանիելը որոշում է ընդունելության քննություններ հանձնել դիվանագիտական աշխատանքի անցնելու համար: Նա հաջողությամբ հանձնում է քննությունները և վերադառնում (1984-1986թթ.) Բրյուսել իր երեք երեխաների հետ դիվանագիտական կրթություն ստանալու համար՝ ժամանակ առ ժամանակ մեկնելով Ադիս Աբեբա (Եթովպիա), որտեղ աշխատում էր իր ամուսինը:
Դանիել դել Մարմոլն իր առաջին դիվանագիտական նշանակումը (1986-1990թթ.) ստացավ Եվրոպայի Միությունում Բելգիայի մշտական ներկայացուցչությունում: 1990-1994 թվականներին նա աշխատել է որպես Տնտեսական խորհրդատու Բելգիայի դեսպանատանը Հռոմում: 1993 թվականին, երբ Բելգիան նախագահում էր Եվրոպայի Միությունը, նա ժամանակավորապես աշխատել է Եվրոպայի Միությունում Բելգիայի մշտական ներկայացուցչությունում, որտեղ նա մասնակցել է Իսրայելի և Եվրոպայի Միության միջև առաջին համագործակցության համաձայնագրի պատրաստմանը:
Նա նաև եղել է Բելգիայի դեսպանը՝ Հայաստանում և Վրաստանում:

Կենեթ Ս. Յալովից

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան (պաշտոնաթող), Դարթմութի քոլեջի Դիքիի անվան միջազգային փոխըմբռնման կենտրոն

2003 թվականի հուլիսի 1-ին դեսպան Յալովիցը նշանակվել է Դարթմութի քոլեջի Ջոն Սլոան Դիքիի անվան Միջազգային փոխըմբռնման կենտրոնի ղեկավար: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և ստացել է Ռուսական ինստիտուտի վկայական, հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում և փիլիսոփայության դոկտորի կոչում Կոլումբիայի համալսարանից: 2001 թվականի սեպտեմբերի 30-ին նա թողել է ԱՄՆ պետդեպարտամենտում իր աշխատանքը և անցել թոշակի ավելի քան 36 տարի որպես կադրային դիվանագետ և ավագ դիվանագիտական ծառայության անդամ լինելուց հետո: Նա երկու անգամ նշանակվել է ԱՄՆ դեսպան՝ 1994-1997թթ. Բելառուսի Հանրապետությունում և 1998-2001թթ. Վրաստանում: 2000 թվականին նա արժանացել է դեսպան Ռոբերտ Ֆրեյզերի անվան խաղաղարարության և հակամարտության կանխարգելման համար տրվող պարգևին չեչենական պատերազմի տարածումը դեպի Վրաստան կանխելու ուղղությամբ իր տարած աշխատանքի համար: Նրա դիվանագիտական այլ նշանակումներից են՝ Մոսկվան (երկու երկարատև ծառայողական գործուղում), Հաագան և ԱՄՆ առաքելությունը ՆԱՏՕ-ի նստավայր Բրյուսելում: Նրա ներպետական նշանակումներից են՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հարաբերություններով զբաղվող բաժնի տարածաշրջանային տնօրենի, Խորհրդային Միության հարցերով զբաղվող բաժնի տնտեսական տնօրենի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի ծրագրի անդամի պաշտոնները: Դեսպան Յալովիցը նախկինում քաղաքագիտություն է դասավանդել Զինված ուժերի արդյունաբերական քոլեջում: Նա նաև զբաղեցրել է Նախկին Խորհրդային Միության տարածաշրջանային ուսումնասիրությունների բաժնի նախագահի (1993-1994թթ.) և Ավագ սեմինարների բաժնի դեկանի (1997-1998թթ.) պաշտոններն Արտասահմանյան ծառայության ինստիտուտում, որը հանդիսանում է ամերիկյան դիվանագետների և արտասահմանյան ծառայության համար այլ մասնագետների պատրաստման ԱՄՆ կառավարության ուսումնական հաստատությունը: Նա որպես հրավիրյալ դասախոս կառավարում է դասավանդել Ջորջթաունի համալսարանում, եղել է Վուդրոու Ուիլսոնի անվան հիմնադրամի այցելու անդամ, հանդես է եկել որպես Ամերիկյան համալսարանին կից խորհրդատու դիվանագետ և Դարթմութ-Հիչքոք բժշկական կենտրոնի Ինստիտուցիոնալ ուսումնասիրությունների խորհրդի անդամ:

Րաֆֆի Դուդակլյան

Թուֆենկյան հիմնադրամ

Րաֆֆի Դուդակլյանը հանդիսանում է Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրենը 2016թ․ հուլիսից։ Մինչ այդ 2008թ․-ից ի վեր նա Հայաստանում 1992 թվականից գործող «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական օգնության և զարգացման կազմակերպության տարածքային տնօրենն էր: Նա ունի ավելի քան 10 տարվա փորձ հասարակական կազմակերպությունների կարողությունների ձևավորման, միջոցների հավաքագրման, ջատագովման, հանրային քաղաքականության, ծրագրերի կառավարման, կազմակերպությունների զարգացման և հանրային կապերի ոլորտներում: Հայաստան տեղափոխվելուց առաջ Րաֆֆի Դուդակլյանը եղել է Կանադայում Հայ Օգնության Միության ցերեկային դպրոցի տնօրեն, որտեղ նրա ղեկավարությամբ դպրոցն անցել է միջնակարգից ավագ դպրոցի մակարդակի: Նա եղել է Հայ Կրթական Հիմնարկության հայաստանյան խորհրդի անդամ, ինչպես նաև «Ասպարեզ» (Լոս Անջելես) և «Ազդակ» (Բեյրութ, Լիբանան) օրաթերթերի խմբագրական խորհուրդների անդամ: Նա քաղաքագիտություն է սովորել Բեյրութի համալսարանում (Լիբանան), իսկ հետագա ուսումը շարունակել է Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանում՝ «Արևելագիտություն և հայագիտություն» մասնագիտությամբ:

Ուիլյամ Հենլոն

Ուիլյամ Հենլոնը ստացել է հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում Ջոն Հոպկինսի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային տնտեսագիտության առաջատար ուսումնասիրությունների դպրոցից, ինչպես նաև արժանացել է շրջակա միջավայրի ուսումնասիրությունների գծով բնական գիտությունների մագիստրոսի կոչման Կենտրոնական Եվրոպական Համալսարանում: Նա աշխատել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում՝ Եվրոպայում, Վրաստանում և Հայաստանում, որտեղ նա զբաղեցրել է գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Պաշտոնաթողությունից հետո էլ նա շարունակում է մնալ տարածաշրջանում: