Քաղաքացիական Հասարակության Կազմապերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացման ոլորտում փորձագետների հետաքրքրության նամակների հրավեր։

USAID arm   DEPO logo  epf-arm

«ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր» 

12 օգոստոսի 2014թ.

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կուտակել է 18 և ավելի տարվա փորձ ծրագրերի իրագործման, դրամաշնորհների տրամադրման և Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ոլորտներում: ԵՀՀ-ն ձևավորել է ծառայությունների եզակի մի փաթեթ, որը նրան թույլ է տալիս որոշակի դիրք զբաղեցնել որպես մտահաղացումներ առաջարկող և դրանք իրականացնող կազմակերպություն: ԵՀՀ փորձն ու գիտելիքները կենտրոնացած են ծրագրերի մշակման և կառավարման, ցանցերի կառուցման և կոնսորցիումների առաջնորդության, քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման, քաղաքականությունների հետազոտման և ջատագովման, այլընտրանքային բովանդակության մշակման, ինչպես նաև խաղաղարարության ասպարեզներում: ԵՀՀ-ի վերջերս ձեռք բերված փորձն ընդգրկում է երիտասարդների ներգրավում և կարողությունների զարգացում, հիմնարար ազատությունների, օրինակ՝ ազատ արտահայտվելու իրավունքի և տեղեկատվություն ստանալու ազատության խթանում, անկախ լրատվամիջոցների և լրատու նոր դերակատարների աջակցություն, եվրոպական ինտեգրման և կրոնական հանդուրժողականության խրախուսում, անդրադարձ կոռուպցիայի և շահերի բախման խնդիրներին, հայ-ադրբեջանական և Հայաստան-Թուրքիա երկխոսությունների միջոցով վստահության կառուցում, ինչպես նաև ապացույցների վրա հիմնված հետազոտությունների և քաղաքականությունների ջատագովման համար կարողությունների զարգացում:
Ամփոփ նկարագիր

Ներկայումս ԵՀՀ-ն, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» (ՀՌԿԿ), «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (ՄՆԿ), «Գորիսի մամուլի ակումբ» (ԳՄԱ), «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ (ԱՆ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպությունների հետ ձևավորված կոնսորցիումի շրջանակներում որպես ԱՄՆ ՄԶԳ «Զարգացման դրամաշնորհների ծրագրի» (ԶԴԾ) մաս իրագործում է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունիսին և իրականացվելու է մինչև 2019 թվականի մայիսի վերջ:


«ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» խթանում է քաղաքացիական հասարակության կայուն զարգացումը և բարձրացնում ՔՀԿ-ների՝ որպես բարեփոխումներն առաջ մղող և վերահսկող դերակատարների կարողությունները, բարելավում է ծառայությունները և նպաստում առավել արդյունավետ կառավարմանը տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական ոլորտներում:


 Ծրագրի նպատակն է ընդլայնել տեղական հզոր ՔՀԿ-ների ցանկը` մատուցելով նրանց կարողությունների բարձրացմանն ուղղված ծառայություններ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան դառնալ՝ ա) հաջողակ դերակատարներ «առավել ներգրավված, բարգավաճ և լավ կառավարվող հայ հասարակություն» կառուցելու գործում, ինչպես նաև բ) հաջողակ հնարավոր գործընկերներ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի համար: Խնդիրները հետևյալն են. ա) դարձնել ՔՀԿ-ներն առավել կայուն, և բ) մեծացնել ներգրավված ՔՀԿ-ների կարողությունները՝ ավելի լավ ծառայություններ մատուցելու, ինչպես նաև կառավարման, տնտեսության և հանրային առողջապահության ոլորտներում բարեփոխումներ ջատագովելու և մշտադիտարկելու նկատառումով: Արդյունքում, ուղղակի մասնակիցները կդառնան գործնական կողմնորոշում ունեցող, կայուն ծառայություններ մատուցող և կարողություններ զարգացնող միջանկյալ միավորներ, շահառուների առնվազն 70 տոկոսի մոտ կարձանագրվի կազմակերպչական կարողությունների կայուն բարելավում, ՔՀԿ-ների կայունության առնվազն երկու մոդել կապացուցեն իրենց հաջողությունը, իսկ քաղաքացիական հասարակության աջակից դերակատարները պատրաստ և ընդունակ կլինեն սատարել ՔՀԿ-ներին:

Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից: Նախ և առաջ, կոնսորցիումը մշակում է հատուկ Հայաստանի համար հարմարեցված ՔՀԿ-ների կարողությունների չափագրման գործիք: Այնուհետև կոնսորցիումն անցնում է իր սեփական կարողությունների ձևավորմանը և անցկացնում ՔՀԿ-ների համալիր շուկայական գնահատում, որի արդյունքում մշակվում են շահառու ՔՀԿ-ներին առաջարկվելիք մի քանի ՔՀԿ-ների կայուն աճի մոդելներ: Հետագա փուլերում, կոնսորցիումը կհիմնադրի ՔՀԿ-ների կառավարման դպրոց, որը կդառնա քաղաքացիական հասարակության աջակցության կենտրոն: Այս դպրոցում կառաջարկվեն վերապատրաստման դասընթացներ ծրագրերի կառավարման, կազմակերպությունների զարգացման, բիզնես պլանավորման, ջատագովման, գենդերային հավասարության շեշտավորման խնդրին համալիր մոտեցման և ծառայությունների մատուցման թեմաներով, ինչպես նաև կփոխանցվեն այլ հմտություններ: Դպրոցը կհզորացվի Քաղաքացիական հասարակության պորտալով (ՔՀԿ պորտալ), որի միջոցով կառաջարկվեն արդի գործիքներ, ինչպես նաև կներկայացվեն տեղեկություններ ՔՀԿ-ների զարգացման և ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ: ՔՀԿ պորտալին զուգահեռ՝ դպրոցում կստեղծվեն ՔՀԿ մուլտիմեդիա լուծումների հնարավորություններ՝ ՔՀԿ-ների միջև, ինչպես նաև այլ շահառուների հետ արդյունավետ հաղորդակցումը դյուրացնելու նպատակով: Կոնսորցիումի ակնկալիքներով՝ հինգ տարվա ընթացքում անմիջականորեն կամ առցանց ուսուցում կստանան մինչև 160 ՔՀԿ-ներ: Հաջորդ փուլում կանցկացվեն դասընթացներ վերապատրաստողների համար, և այսպիսով` դպրոցը կավարտեն վերապատրաստողների նոր սերունդներ: Առավել առաջատար ՔՀԿ-ները իրենց կարողությունների զարգացմանը սատարող՝ ուղեկցվող դրամաշնորհների դիմելու հրավեր կստանան:

ՔՀԿ-ների փորձագետների ցանկում ընդգրկվելու հնարավորություն

ԵՀՀ-ն հրավիրում է ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ոլորտում մասնագիտացած վերապատրաստողներին և խորհրդատուներին ընդգրկվել ծրագրի Փորձագետների ցանկում: Ընտրված մասնագետները կներգրավվեն ՔՀԿ կառավարման դպրոցի աշխատանքներում որպես վերապատրաստողներ և վերապատրաստողների վերապատրաստողներ, խորհրդատուներ և ուղղորդողներ՝ ծրագրի ողջ ընթացքում:

Փորձագետներն իրենց աշխատանքը կիրականացնեն Երևանում և Հայաստանի տարածաշրջաններում:

Ծրագիրը հարում է հանրության համար արդյունքների հրապարակայնության սկզբունքին: Այդ սկզբունքին հետևելու նպատակով՝ ընտրված փորձագետներից կակնկալվի. ա) տրամադրել համապատասխան նյութերը, օրինակ` ուսուցողական մոդուլները շահառու ՔՀԿ-ների հետագա օգտագործման համար, ինչպես նաև բ) թույլ տալ ԵՀՀ-ին տեսա- կամ ձայնագրել իրենց դասերը՝ ՔՀԿ մուլտիմեդիա լուծումների միջոցով տրամադրելով դրանք շահառու ՔՀԿ-ներին անսահմանափակ օգտագործման համար՝ ծրագրի տևողության ընթացքում և դրանից հետո:

Փորձագետների ցանկը, որտեղ բերված կլինեն յուրաքանչյուր առանձին փորձագետի կոնտակտային տվյալները, վերջինիս փաթեթի հետ մեկտեղ ներկայացվելու է ՔՀԿ պորտալում, որպեսզի ՔՀԿ-ների զարգացման գործընթացի այլ դերակատարները հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում դիմել ներգրավված մասնագետներին:

Թեկնածուները պիտի փորձ ունենան ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ոլորտում և ներկայացնեն դասընթացների վարման/խորհրդատվության/ուղղորդման ապացուցելի փորձ հետևյալ կատեգորիաներից մեկում.
   –   Ընդհանուր. դրամական միջոցների հավաքագրում, ռազմավարությունների մշակում, ծրագրերի մշակում, կազմակերպչական զարգացում, ՔՀԿ հաղորդակցում, ծառայությունների մատուցում, քաղաքականությունների գրավոր ձևակերպում (իրավական փաստաթղթերի նախագծում), մոնիթորինգ, ջատագովում, քաղաքացիների մոբիլիզացում, հանրության մասնակցություն, կառուցողական աշխատանք կառավարության հետ, աջակիցների խմբերի ձևավորում և այլն:
   –   Մասնագիտացված. գենդերային խնդիրներ, շրջակա միջավայր, պայքար կոռուպցիայի դեմ, բիզնես զարգացում, պետական և մասնավոր մարմինների գործընկերություն և այլն:

Դիմորդները խրախուսվում են լրացնել թեմաների այս ցանկն իրենց հավելյալ կարողություններից, ինչպես նաև Հայաստանում ՔՀԿ-ների կարիքների վերաբերյալ իրենց գիտելիքներից ելնելով:

Դիմորդների ընտրության պայմաններ

ԵՀՀ-ն տեղյակ է, որ մի շարք շահույթ չհետապնդող և ոչ պետական հաստատություններ ունեն արժեքավոր կազմակերպչական փորձ ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ոլորտում, ուստի և սույն հրավերը բաց է ինչպես անհատ, այնպես էլ ինստիտուցիոնալ դիմորդների համար, որոնք գտնվում են Հայաստանում և Հայաստանից դուրս:

Անհատ դիմորդների պարագայում՝ կարող են դիմել ինչպես անկախ արտահաստիքային փորձագետները, այնպես էլ որևէ հաստատության կցված փորձագետները:

Ինստիտուցիոնալ դիմորդների պարագայում՝ կարող են դիմել ինչպես շահույթ չհետապնդող, ոչ պետական հաստատությունները, այնպես էլ շահույթ հետապնդող այն կազմակերպությունները, որոնք մասնագիտացած են համապատասխան ոլորտներում:

Անհատ դիմումատուն պետք է բավարարի հետևյալ չափանիշները.

  • հետբուհական աստիճան հետևյալ ասպարեզներից մեկում. բիզնես կառավարում, քաղաքագիտություն, հանրային կառավարում, գենդերային ուսումնասիրություններ, միջազգային զարգացում կամ սոցիալական զարգացում, հաղորդակցություն, և կամ ցանկացած այլ համապատասխան ոլորտ, 
  • ՔՀԿ-ների կարողությունների զարգացման և (կամ) դրան առնչվող դասընթացների իրագործման փորձ,
  • ճկունություն, ինչպես նաև ուսումնական ծրագրերում նորարար մոտեցումներ ընդգրկելու և ըստ շահառուների կարիքների՝ փոփոխություններ մտցնելու պատրաստակամություն,
  • Հայաստանի իրավական համակարգի, քաղաքականությունների և զարգացման ռազմավարությունների, ինչպես նաև Հայաստանում ՀԿ հատվածում առկա խնդիրների և մարտահրավերների գիտելիք, 
  • նախկինում նմանատիպ առաջադրանքներ կատարած լինելու ապացույց,
  • հայերեն և (կամ) անգլերեն և (կամ) ռուսերեն գրավոր և բանավոր գերազանց հմտություններ, 
  • հակվածություն դեպի նորարարություն, 
  • ՔՀԿ զարգացման ռազմավարական տեսլական,
  • հայերեն և անգլերեն կամ ռուսերեն և անգլերեն աշխատելու կարողություն:

Այն դեպքում, երբ դիմորդը հաստատություն է, կա՛մ թիմի ղեկավարը պիտի բավարարի նշված պահանջները, կա՛մ հաստատությունը պիտի ներկայացնի այս չափանիշների ապացուցված պատմություն:

Դիմումի փաթեթ

Դիմորդները պետք է ներկայացնեն.

   –   հետաքրքրության նամակ (հայերեն կամ անգլերեն լեզվով)՝ ՔՀԿ կարողությունների զարգացման և վերապատրաստման
       մեթոդաբանությունների ոլորտում ունեցած փորձի նկարագրով, 

   –   ուսումնական փաթեթ. ուսուցողական մոդուլների նմուշ(ներ) և (կամ) դիմորդի կողմից մատուցված ուսուցման/
խորհրդատվության/ուղղորդման նմուշ(ներ) (հայերեն, անգլերեն կամ ռուսերեն):

   –   կեսնագրական(ներ) (հայերեն կամ անգլերեն)

Դիմումների ուսումնասիրման գործընթաց և ընտրություն

Դիմումներն ընդունվում են 2014թ. օգոստոսի 20-ից մինչև դեկտեմբերի 20-ը: Դիմումները պիտի ուղարկվեն հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին. csodepo-applications@epfound.am (թեմայի տողում նշելով՝ «CSO DePo Pool of Experts»):

Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Ընտրված դիմորդները կծանուցվեն և կստանան առաջադրանքներ և բանակցային սկզբունքով ըստ կարիքի կներգրավվեն առանձին աշխատանքների մեջ՝ 2015-ի սկզբից մինչև 2019-ի գարուն ժամանակահատվածում:


Սույն հրավերը թողարկվել է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Նյութի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:


 

Print Friendly