Մեկնարկել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը

Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մեկնարկը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։
Ծրագիրը մեկնարկում է 2014 թ.-ի հունվարին, տևողությունն է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն` երկու միլիոն Եվրո։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագիրը նախատեսում է նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն, հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։

Ծրագրի շրջանակներում անհատները և կազմակերպությունները հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով: Դրամաշնորհների մրցույթը կհայտարարվի 2014թ. ապրիլ ամսվա ընթացքում:

Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
info@armenia-turkey.net

Image

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Print Friendly