ԵՀՀ հակակոռուպցիոն գործունեությունը

2003 թվականից ի վեր ՀՀ Կառավարությունն ընդունել է երկու հակակառուպցիոն ռազմավարություն և համապատասխան միջոցառումների ծրագիր: Ազգային ժողովի կողմից ընդունվել են հակակառուպցիոն բազմաթիվ օրենքներ, ինչպես ՀՀ օրենքը Հաստատագրված վճարների մասին, ՀՀ օրենքը ՀՀ-ում Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին, ՀՀ օրենքը Գույքի և եկամուտների հայտարարագրման մասին, ինչպես նաև վավերացվել են կոռուպցիային վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, ինչպես ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան (UNCAC, 2005). Չնայած այդ քայլերին՝ Թրանսփերենսի ինթերնեշնլի 2011 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը փաստում է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի հետընթացի մասին, իսկ Կոռուպցիայի դեմ պայքայի երկրների խումբը (GRECO) իր 2010 թվականի գնահատողական զեկույցում նշում է, որ կոռուպցիան դեռևս առանցքային խնդիր է մնում Հայաստանում:

ԵՀՀ-ն վերջին տարիների ընթացքում մի քանի թիրախային ծրագրերի միջոցով անդրադարձել է կոռուպցիայի խնդրին: Ի հավելում անմիջական հակակառուպցիոն ծրագրերի՝ ԵՀՀ-ի այլ ծրագրային ուղղություններ ուղղված են եղել ժողովրդավարության կայացմանը, խոսքի և տեղեկատվության ազատությանը, բարեխիղճ կառավարմանը, Եվրամիության հետ Հայաստանի մերձեցմանը և այլն: Իրականացվող ծրագրերն ավելի արդյունավետ դարձնելու համար ԵՀՀ-ն ամբողջացրել է Հայաստանում կոռուպցիոն խնդիրների, դրանց պատճառների, պայքարի արդյունավետության և մեխանիզմների վերաբերյալ իր տեսլականն ու մոտեցումները:

Հայաստանում հակակառուպցիոն ռազմավարությունը ներառում է երկու կարևոր տարր՝ վերադաս (վերից ներքև գնացող) բարեփոխումներ, որոնք հիմնականում պետության կողմից են իրականացվում և համայնքահեն բարեփոխումներ, որոնք նախաձեռնում են հասարակական կազմակերպությունները և ակտիվ խմբերը:

Վերադաս բարեփոխումները ենթադրում են կոռուպցիայի ուղղակի կամ անուղղակի նվազում: Ուղղակի գործողություններ են, օրինակ, աղմկալի կոռուպցիոն դեպքերի հետաքննությունները, ինչպես փոխոստիկանապետի գործով քննությունը: Այսպիսի դեպքերը, սակայն, հազվադեպ են Հայաստանում: Այլ օրինակ է Հայաստանում Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը: Այնուամենայնիվ, քիչ իրատեսական է, որ որևէ նորաստեղծ պետական մարմին ի զորու կլինի լուրջ ազդեցություն ունենալ խնդրի վրա, եթե այդ մարմնի ստեղծումը չի ուղեկցվում համակարգային փոփոխություններով:

Պետական ինստիտուտների շրջանում աստիճանաբար հասունանում էր հակակոռուպցիոն մոտեցումները Կառավարության ռազմավարական ծրագրի ինտեգրալ մաս դարձնելու անհրաժեշտությունը: Այսպես Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքը եկավ լրացնելու արդեն գործող Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքին: Այս օրենքի նպատակն է մի կողմից ընդլայնել պետական ծառայող համարվող անձանց շրջանակը (ի հավելում քաղաքացիական ծառայողների), մյուս կողմից հստակեցնել գույքի հայտարարագրման պարտավորություն ունեցող 500 բարձրագույն պաշտոնյաների ցուցակը՝ այսպիսով հսկողությունն ավելի իրատեսական դարձնելով: Այս օրենքն արդարացիորեն համարվում է հակակոռուպցիոն վերջին ամենաէական քայլերից մեկը: Սրան համընթաց հակակոռուպցիոն մեկ այլ հիմնաքար է զարգացող էլեկտրոնային կառավարման համակարգը, որը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել բյուրոկրատիան և անմիջական շփումը հանրային ծառայողի և քաղաքացու միջև:

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն, այնուամենայնիվ, պահանջում է նոր և առավել կտրուկ միջոցառումների իրականացում՝ ի հավելում իրականացված բարեփոխումներին:

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերադաս բարեփոխումները չեն կարող արդյունավետ լինել, եթե դրանք իրականացվում են խնդրի խորքային պատճառներից և արմատներից մեկուսի: Իրապես, կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է կառավարչական բարեփոխումներ: Սակայն կոռուպցիան առնչվում է նաև անավարտ հակամարտության իրավիճակում ապրող հետսովետական հասարակության արժեքներին: Սովետական անցյալը բերում է նրան, որ հասարակության արժեքային համակարգում ամրագրված է պետության նկատմամբ չափազանցեցված սպասելիքների միտումը և գրեթե բացակայում է հանրային մասնակցության կամավորականությունը: Սրան ավելանում է վստահություն չվայելող և պատշաճ չկիրառվող օրենքները շրջանցելու հակումը: Հակամարտության առկայությունն իր հերթին նպաստում է անպաշտպանի և պաշարվածի հոգեբանության ամրապնդմանը, ավելացնում է անհանդուրժողականությունը, պահպանողականությունը և ժամանակակից զարգացումների նկատմամբ հետադեմ մոտեցումները:

Ավելին, աղքատության տարածումը բերում է աշխատատեղերի, հատկապես լավ վարձատրվող աշխատատեղերի սղության և կրթության վատ որակի:

Վրաստանում անցկացված հակակոռուպցիոն բարեփոխումների օրինակին հետևելու դեպքում, անհրաժեշտ կլիներ ազատել աշխատանքից նախարարությունների և վարչությունների ամբողջական աշխատակազմեր, այնուհետև սահմանել կրճատված քանակի աշխատատեղեր և աշխատանքի ընդունել նոր մասնագետների՝ հիմնվելով մասնագիտական որակի քննության արդյունքների վրա և սահմանելով պատասխանատվության և վարձատրության առավել բարձր շեմ: Սա ամբողջությամբ կհակասեր հասարակության և պետության մինչև օրս գործող ընկալումներին ու ավանդույթներին: Աշխատատեղեր կորցրած մարդկանց ստիպված կլինեին նոր հնարավորություններ տրամադրել՝ ներառյալ փոքր բիզնես սկսելու նպաստավոր պայմաններ, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն և այլն:

Կառավարությունը կարծես թե պատրաստ չէ այսպիսի համակարգային փոփոխությունների՝ մի շարք պատճառներով: Փոքր բիզնեսը հնարավորություն չունի զարգանալու երկրում, որտեղ տնտեսությունը կենտրոնացած է օլիգարխիայի ձեռքերում, ինչը մասամբ բացատրվում է նաև չկարգավորված հակամարտության, շրջափակման և մեկուսացման հանգամանքներով: Բացի այդ, Կառավարությունը հակված չէ ավելի խորքային բարեփոխումների՝ սեփական լեգիտիմության ցածր աստիճանի, ընտրությունների արդյունքների վիճարկելիության և հանրային ցածր վստահության պատճառով: Ընտրությունների որակը թույլ չի տալիս, որպեսզի հասարակությունը վստահի քաղաքական իշխանությունների բարեփոխումների անկեղծությանը:

Այսպիսով, բարեփոխումների համայնքահեն մակարդակը, այն է՝ քաղաքացիական կազմակերպությունների, մասնավորապես ՀԿ-ների, ներգրավվածությունը հակակոռուպցիոն բարեփոխումներում, առանցքային կարևորություն ունի հակակոռուպցիոն աշխատանքներում համակարգային փոփոխությունների հասնելու գործում:

Այնուամենայնիվ մինչ օրս սահմանափակ թվով հակակոռուպցիոն նախաձեռնություններ են իրականացվել մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից (Թրանսփարենսի ինթերնեշնլ, Հայաստանի տեղեկատվության ազատության ՀԿ, Աքիլես վարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ), որոնք հիմնականում ֆինանսավորվել են ԱՄՆ ՄԶԳ կամ այլ դոնորների միջոցներով:

Իրավիճակի խորքային վերլուծությունը հանգեցնում է այն ենթադրությանը, որ զանազան քաղաքացիական նախաձեռնությունների կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի տրամաբանությունը պետք է կենտրոնանա հասարակական արժեքների վրա ներգործության վրա, այլ ոչ միայն իշխանությունների վրա ճնշում գործադրելու վրա:

Իր սահմանափակ հնարավորությունների սահմաններում ԵՀՀ-ն վերջին տարիների ընթացքում իրականացրել է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են եղել հասարակական արժեքների փոփոխությանը:

  • Կոռուպցիայի գիտակցում և ընկալում
  • Հակակոռուպցիոն լավագույն փորձի քարոզում
  • Սոցիալական մեդիայի միջոցով հանրային մասնակցության խթանում
  • Քաղաքական որոշումների մակարդակում շահերի պաշտպանություն և համագործակցությունների հաստատում:

Կոռուպցիան ավելի լավ հասկանալու համար ԵՀՀ հետազոտական թևը՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները (ՀՌԿԿ ) իրականացրել է տնային տնտեսությունների երեք և ձեռնարկությունների մեկ հետազոտություն 2008-2010 թվականների ընթացքում (ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների մոբիլիզացման ծրագրի շրջանակներում, որ իրականացվում էր “Քասալս և ասոշիեյթս” կազմակերպության կողմից): Հետազոտության նպատակն էր չափել կոռուպցիայի ընկալման և վիկտիմիզացիայի աստիճանը՝ հանրային ծառայությունների մատուցման կոնտեքստում: 2008, 2009 և 2010 թվականների հետազոտությունների արդյունքները հասանելի են ՀՌԿԿ վեբ կայքում: Այս ուղղությամբ ԵՀՀ իրականացրած այլ գործողությունները ներառում են արտաքին առևտրի խոչընդոտների վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացվել էր ԵՄ-Հայաստան տնտեսական ինտեգրացիայի կոնտեքստում, ինչպես նաև բարձրագույն կրթության համակարգում գրագողության վերաբերյալ հետազոտությունը :

Չեխիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ ԵՀՀ-ի մշակած հակակառուպցիոն ուղեցույցը մեկ այլ նախաձեռնություն էր, որ ուղղված էր կոռուպցիայի տիպաբանությունը, Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում (Վրաստան և Մոլդովա) դրա տարածման պատճառները, ինչպես նաև այլ երկրներում (Չեխիա, Մոլդովա, Վրաստան) կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմները հասկանալուն: Ծրագիրը նպատակ ուներ նաև հայաստանյան հասարակությանը ներկայացնելու հակակոռուպցիոն աշխատանքի լավագույն միջազգային փորձը և հնարավորությունները:

Ծրագիրը հիմնականում անդրադառնում է շահերի բախման խնդրին, որը հազվադեպ է հայտնվում հակակոռուպցիոն նախաձեռնությունների ուշադրության կենտրոնում: Այս անուշադրության պատճառն այն է, որ Հայաստանի նման փոքր հետսովետական երկրում ընդունված չէ համարել, որ տնօրենի ազգականին աշխատանքի ընդունելը կամ ծառայողական մեքենան անձնական նպատակներով օգտագործելը շահերի բախում կարող է պարունակել:

Մեր աշխատանքի արդյունքները այնուհետ լայնորեն տարածվում են, որպեսզի ներազդեն կոռուպցիայի հանրային ընկալման վրա ևս:

ԵՀՀ-ն օգտագործում է Երկիր մեդիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր մշտական “Հոդված 27” թոք շոուի ձևաչափը որպես հանրային քննարկման ամբիոն: Վերջին տարվա ընթացքում կոռուպցիայի թեման առավել հաճախ անդրադարձ ստացածներից մեկն էր:

Տիգրան Պասկևիչյանի և Արա Շիրինյանի հեղինակած «Անհավանականության տեսություն» վավերագրական ֆիլմը (նկարահանվել է Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի «Բաց դռներով դրամաշնորհներ» ձևաչափի շրջանակներում) ներկայացնում էհակակոռուպցիոն աշխատանքի վրացական փորձը և հեռարձակվել էր թոք շոուի շրջանակներում: Թոք շոուին մասնակցում էին պետական պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, հակակոռուպցիոն ոլորտում ակտիվ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մեկ այլ թոք շոու նվիրված էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների կոնտեքստում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումներին և ուղեկցվում էր հեռուստալսարանի կենդանի հետադարձ կապի հնարավորությամբ: Այս թոք շոուի լսարանի ընդհանուր թիվը հասել էր 31,955-ի:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ (ԼԱՌ) ծրագիրը, որ ԵՀՀ-ն իրականացնում է Ինտերնյուս (ԱՄՆ), Ինտերնյուս մամուլի աջակցություն ՀԿ և Երևանի մամուլի ակումբ կազմակերպությունների հետ համատեղ, նպատակ ունի սոցիալական մեդիայի միջոցով նպաստել հանրային մասնակցության աճին: Այս ծրագրի կարևոր բաղադրիչ է կոռուպցիան տեղային մակարդակում սոցիալական մեդիայի միջոցով քննարկելը: ԼԱՌ-ի շրջանակներում իրականացվող ծրագրերից է CityBugs.am-ը, որ առցանց պլատֆորմ է՝ օգտատերերի կողմից ստեղծվող բովանդակությամբ, որի միջոցով քաղաքացիները կարողանում են վերահսկողություն իրականացնել քաղաքային իշխանությունների գործողությունների նկատմամբ: Այս առցանց հարթակը թույլ է տալիս օգտատերերին արձանագրել քաղաքի տարբեր մասերում տեղի ունեցող դեպքերը և իրավիճակը: Տեղեկատվության վերջնական հասցեատերը Երևանի քաղաքապետարանն է, որը ստանում է բողոք-արձանագրությունները և համապատասխան արձագանք տալիս դրանց: Ծրագիրը մշակվել էր Հեքաթոն Երևան միջոցառման ժամանակ և ֆինանսավորվել էր ԵՀՀ սոցիալական նորարարության ձևաչափի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել էր Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

2011 թվականի ընթացքում ՇՄԶԳ (SIDA) կողմից աջակցություն ստացած «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում իրականացվել են բանակում ապօրինությունների վերաբերյալ լրագրողական հետաքննություններ և ճանապարհատրանսպորտային վթարների վերաբերյալ 3-D մոդելավորման ծրագրեր: Վերջինս նաև միջազգային լավագույն փորձի քարոզման օրինակ է:

2011 թվականին ԵՀՀ-ն հրավիրվեց մասնակցելու ՏՀԶԿ (OECD) , ՄԱԿ-ի (UN) 7 ԵՄ/ԵԽ հակակոռուպցիոն գործընթացներին, ինչպես նաև դարձավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հակակոռուպցիոն ենթախմբի անդամ (գործընկերության նորություններին կարող եք հետևել Արևելյան գործընկերություն Հայաստան բյուլետենի միջոցով)՝ այսպիսով դառնալով կապող օղակ համայնքային կազմակերպությունների և որոշում ընդունողների միջև և կարևոր դեր կատարելով հակակոռուպցիոն աշխատանքներում համագործակցության հաստատման և շահերի պաշտպանության ոլորտում:

Բացի վերոնշյալից, ԵՀՀ-ն նաև նպաստում է սեփական կազմակերպության ներսում և հիմնական գործընկերների շրջանում հակակոռուպցիոն պրակտիկայի ամրապնդմանը՝ բազմաթիվ դասընթացների, հաճախակի ստուգումների և աշխատանքի թափանցիկության միջոցով:

2012 թվականին Թրանսփարենսի ինթերնթշնլը ներկայացրեց Հարավային կովկասում տեղեկատվության ազատությունը ձեռնարկը : Ձեռնարկը Թրանսփարենսի ինթերնեշնլի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի գրասենյակների համատեղ գործունեության արդյունքն է: Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում տեղեկատվության ազատության ընկալման հետազոտությունն իրականացվել էր ՀՌԿԿ տնային տնտեսությունների ամենամյա հետազոտության միջոցով :

ԵՀՀ ծրագրերը միտված են ոչ այնքան կարծրացած կոռուպցիոն խնդիրների լուծմանը, որքան հասարակության ներսում արժեքների փոփոխությանը, հակակոռուպցիոն արժեքների տարածմանը և կոռուպցիայի կանխմանը: ԵՀՀ-ն հավատում է, որ լավագույնս կարող է ազդել հենց արժեքների փոփոխության մակարդակում: Մենք տեսնում ենք նաև հավաստիացումն այն բանի, որ հասարակության ամենաակտիվ հատվածի՝ երիտասարդության շրջանում, կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականության աստիճանը փոխվում է. այսինքն արժեքների փոփոխությունն իսկապես հնարավոր է , պարզապես դրա համար ժամանակ է պետք՝ հատկապես եթե քաղաքական կամքի դրսևորումը դանդաղում է:

Print Friendly